Հոդված 11. Ընդունելությունը արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում
Հոդված 11. Ընդունելությունը արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում
1. Արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական կրթական հաստատություններում ընդունելությունը կատարվում է օրենսդրությամբ սահմանված կարգով, առնվազն հիմնական ընդհանուր կրթություն ունեցող անձանց դիմումներով՝ ըստ լիազոր մարմնի կողմից ուսումնական հաստատություններին հատկացված անվճար և վճարովի տեղերի, մրցութային հիմունքներով։ Տարեկան անվճար տեղերի թիվը՝ ըստ մասնագիտությունների, հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։ Հայաստանի Հանրապետության երկքաղաքացիները նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ ընդունվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կամ օտարերկրացիների համար Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած պայմաններով` իրենց ընտրությամբ:
2. Արհեստագործական կամ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպությունը իրավունք ունի ընդունելություն հայտարարելու լիցենզիայի առկայության դեպքում:
3. Արհեստագործական կամ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպությունը պարտավոր է դիմորդին ծանոթացնել իր լիցենզիային, կանոնադրությանը և ներքին կանոնակարգերին, ինչպես նաև պետական հավատարմագրման վկայականին (առկայության դեպքում), որի վերաբերյալ տեղեկությունները գրանցվում են դիմորդի ընդունելության փաստաթղթերում:
4. Պետական արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ընդունելության կարգն ըստ կրթական ծրագրերի սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:
5. Արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ընդունելությունը կատարվում է կառավարության հաստատած մասնագիտությունների ցանկին համապատասխան մատչելիության, հրապարակայնության, արդարության, վստահելիության, թափանցիկության, հավասարության սկզբունքների կիրառմամբ:
(11-րդ հոդվածը լրաց. 23.06.10 ՀՕ-113-Ն, խմբ. 25.03.20 ՀՕ-175-Ն)