Հոդված 20. Մասնագիտական կրթական գործունեության (կրթական ծրագրերի) լիցենզավորումը և արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատության հավատարմագրումը
Հոդված 20. Մասնագիտական կրթական գործունեության (կրթական ծրագրերի) լիցենզավորումը և արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատության հավատարմագրումը
1. Արհեստագործական և միջին մասնագիտական կրթական գործունեություն (կրթական ծրագրեր) կարող են իրականացվել միայն լիցենզիայի առկայության դեպքում:
2. Արհեստագործական կամ միջին մասնագիտական կրթության և ուսուցման ուսումնական հաստատությունը լիցենզավորում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
3. Արհեստագործական և միջին մասնագիտական կրթական գործունեության լիցենզավորումն իրականացվում է տվյալ կրթական ծրագրի յուրաքանչյուր մասնագիտության համար առանձին:
4. Արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների, դրանց մասնագիտությունների և կրթական ծրագրերի պետական հավատարմագրումն իրականացվում է լիցենզիայի առկայության դեպքում՝ ըստ ուսումնական հաստատությունների և դրանց մասնագիտությունների:
5. Հայաստանի Հանրապետության արհեստագործական և միջին մասնագիտական կրթության համակարգում պետական հավատարմագրման են ենթակա արհեստավորի և մասնագետի կրթական ծրագրերը:
6. Արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությանը պետական հավատարմագրման վկայականը տրվում է տվյալ ուսումնական հաստատության առանձին մասնագիտությունների գծով երկու տարի անընդմեջ շրջանավարտների առնվազն 60 տոկոսի ատեստավորման դրական արդյունքների եզրակացության, ինչպես նաև այդ հաստատության մասնագիտությունների առնվազն 75 տոկոսի պետական հավատարմագրման առկայության դեպքում:
7. Պետական հավատարմագրման վկայականը հավաստում է արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատության իրականացրած կրթական ծրագրերի մակարդակի, դրանց բովանդակության և շրջանավարտների կրթության որակի համապատասխանությունը պետական կրթական չափորոշիչների պահանջներին:
8. Ուսումնական հաստատության մասնաճյուղերը հավատարմագրվում են ընդհանուր հիմունքներով` մասնաճյուղ ունեցող մասնագիտական ուսումնական հաստատության հայտի հիման վրա:
9. Հայաստանի Հանրապետության և(կամ) օտարերկրյա այլ պետությունների արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների, այլ կազմակերպությունների մասնակցությամբ Հայաստանի Հանրապետությունում ստեղծված արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները և դրանց մասնաճյուղերն իրավահավասար են պետական արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններին և լիցենզավորվում, հավատարմագրվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով, սույն օրենքով, եթե այլ բան նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
10. Արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատության տված ավարտական փաստաթղթում (դիպլոմում) նշվում է ուսումնական հաստատության, դրա առանձին մասնագիտության հավատարմագրված լինելու փաստը:
11. Արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունը կարող է ստանալ նաև հասարակական հավատարմագրում, որը հասարակական հավատարմագրում իրականացնող կազմակերպությունների կողմից իրենց չափանիշներին և պահանջներին մասնագիտական ուսումնական հաստատության գործունեության որակական չափանիշների համապատասխանության ճանաչումն է: