Հոդված 15. Արհեստագործական և միջին մասնագիտական կրթության բնագավառում կառավարության իրավասությունները
Հոդված 15. Արհեստագործական և միջին մասնագիտական կրթության բնագավառում կառավարության իրավասությունները
Արհեստագործական և միջին մասնագիտական կրթության բնագավառում կառավարությունը`
1) հավանություն է տալիս արհեստագործական և միջին մասնագիտական կրթության և ուսուցման ռազմավարությանը.
2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծում, վերակազմակերպում և լուծարում է արհեստագործական և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատությունները.
3) հաստատում է արհեստագործական և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատությունների օրինակելի կանոնադրությունը.
4) հաստատում է արհեստագործական և միջին մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչների ձևավորման և հաստատման կարգը.
5) հաստատում է արհեստագործական և միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների ցանկերը` ըստ կրթական ծրագրերի, ուսուցման հիմքի, ձևի և տևողության, ինչպես նաև այն մասնագիտությունների ցանկը, որով արգելվում է հեռակա, հեռավար, դրսեկության կարգով ուսուցումը.
6) հաստատում է ըստ մասնագիտական կրթության մասնագիտությունների տրվող որակավորումների ցանկերը.
7) հաստատում է արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների և արհեստագործական և միջին մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպությունների պետական հավատարմագրման կարգը, չափանիշները և տևողությունը.
8) հաստատում է արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների և արհեստագործական և միջին մասնագիտական կրթություն և ուսուցում իրականացնող կազմակերպությունների, դրանցում ուսուցանվող կրթական ծրագրերի լիցենզավորման կարգը.
9) հաստատում է միջին մասնագիտական ուսումնական հաստատությունից շրջանավարտների բարձրագույն ուսումնական հաստատություններում և բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների (ներառյալ` ուսումնառությունը չավարտած անձանց) միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում կրթությունը շարունակելու կարգը.
10) հաստատում է ֆինանսական միջոցների տրամադրման կարգը, ներառյալ` ուսման վարձը փոխհատուցելու, կրթաթոշակ սահմանելու, ուսանողական նպաստ և ուսումնական վարկ հատկացնելու, կրթական հիմնադրամներին ֆինանսավորելու կարգերը.
11) հաստատում է արհեստագործական և միջին մասնագիտական կրթության իրականացման առկա, հեռակա, հեռավար (դիստանցիոն), դրսեկության (էքստեռնատի) և անհատական մասնագիտական ուսուցման (վարպետային ուսուցման) ձևերով ուսուցման մասնագիտությունների ցանկերը և կարգերը.
12) ապահովում է արհեստագործական և միջին մասնագիտական կրթության զարգացումը.
13) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված այլ լիազորություններ։