Հոդված 2. Օրենքի հիմնական հասկացությունները
Հոդված 2. Օրենքի հիմնական հասկացությունները
Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
ավտոմոբիլային ճանապարհ` համալիր ինժեներական կառույց, որը նախատեսված է ավտոտրանսպորտային միջոցների երթևեկության համար.
օտարման շերտ` երկրի մակերևույթի, ընդերքի և օդային տարածքի շերտ, որտեղ գտնվում է ավտոմոբիլային ճանապարհը.
հողային պաստառ` օտարման շերտի մաս, որն ընդգրկում է ճանապարհի երթևեկամասը, մայթերը, հարակից հեծանվային ուղիները, կողային առուները, կողնակները և բաժանիչ գոտին.
արհեստական կառույցներ` բնական կամ արհեստական խոչընդոտներով ճանապարհն անընդհատ դարձնող կամ նրա ամրությունն ու երթևեկության անվտանգությունն ապահովող շինություններ: Դրանք են կամուրջները, ուղեանցները, թունելները, էստակադները, հենապատերը և այլն.
բաժանիչ գոտի` բազմաշերտ ճանապարհների հանդիպակաց ուղղությամբ երթևեկային մասերն առանձնացնող գոտի.
ճանապարհային կահավորանք` ավտոմոբիլային ճանապարհի երթևեկության անվտանգությունն ապահովող տարրերի համակարգ: Դրանք են ճանապարհային նշանները, լուսացույցները, ազդանշանային սյուները, պարսպող հարմարանքները, հորիզոնական և ուղղաձիգ գծանշումները և այլն.
տարանցիկ ճանապարհ` քաղաքի (բնակավայրի) միջով անցնող, ավտոմոբիլային ճանապարհի անվանացանկում ընդգրկված ճանապարհի մաս, որը կապում է քաղաքի (բնակավայրի) վարչական սահմանի երկու կետերը.
ճանապարհի պաշտպանական գոտի` ճանապարհի երկու կողմերում դասավորված, որոշակի լայնությամբ և հատուկ օգտագործման պայմաններ ունեցող հողաշերտ.
ճանապարհային ծառայություն` ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման և պահպանման գործառույթներ իրականացնող ծառայություններ (կազմակերպություններ).
ճանապարհային ծառայության շինություններ` ավտոմոբիլային ճանապարհի մասեր, որոնք ծառայում են դրանց շինարարությանը, նորոգմանը և պահպանմանը: Դրանք են արտադրական բազաները, վարչական և բնակելի շենքերը, ճանապարհների պահպանության հենակետերը, շինանյութերի պահեստները և այլն.
ճանապարհային պահպանության հենակետ` ճանապարհների ձմեռային պահպանության, ինչպես նաև կամուրջների, թունելների պահպանության ծառայությունների շենքեր ու շինություններ.
ճանապարհային ինժեներական շինություններ` ճանապարհի մասեր, որոնք ապահովում են ճանապարհների շահագործման և դրանցից օգտվելու պահանջները: Դրանք են կանգառները, ավտոտաղավարները, արագացման և արգելակման գոտիները, տրանսպորտային միջոցների կայանատեղերը, հանգստյան գոտիները, տեսահարթակները, ձյունապաշտպան անտառաշերտերը, տնկիները, օտարման շերտից դուրս գտնվող շրջանցող ուղիները, հակահեղեղային և հակաձնահոսային կառույցները, հակավթարային գրպանները, ճանապարհային կապի և լուսավորության շինությունները և այլն.
չմասնատվող բեռ` ավտոմոբիլային ճանապարհներով փոխադրվող բեռ, որն առանց վնասելու հնարավոր չէ բաժանել երկու կամ ավելի մասերի:
(2-րդ հոդվածը լրաց. 21.12.15 ՀՕ-8-Ն)