Անցնել բովանդակությանը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 2. Օրենքի հիմնական հասկացությունները

գործել է մինչև 2024-09-01Բացել ARLIS-ում

Հոդված 2. Օրենքի հիմնական հասկացությունները

Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

զբոսաշրջություն` ճանաչողական, հանգստի, առողջարարական, մարզական, կրոնական, ազգականներին այցելության, մասնագիտական, գործնական և այլ նպատակներով բնակության մշտական վայրից (երկրից) այլ վայր (երկիր) առավելագույնը մինչև մեկ տարի անընդմեջ ժամկետով ճանապարհորդություն իրականացնող քաղաքացիների գործունեություն.

այցելու` իր մշտական բնակության վայրից (երկրից) այլ վայր (երկիր) առավելագույնը մինչև մեկ տարի ժամկետով ճանապարհորդություն իրականացնող քաղաքացի, որի ճանապարհորդության հիմնական նպատակը ժամանման վայրում (երկրում) վճարովի աշխատանքային գործունեությունը չէ, և որը ժամանման վայրում (երկրում) չի վարձատրվում իր հիմնական աշխատանքային գործունեության դիմաց.

զբոսաշրջիկ` այցելու, որը ճանապարհորդություն իրականացնելիս ժամանման վայրում (երկրում) անցկացնում է առնվազն մեկ գիշերակաց.

ներքին զբոսաշրջություն` որևէ երկրում բնակվող քաղաքացիների ճանապարհորդությունն իրենց երկրի սահմաններում.

արտագնա զբոսաշրջություն` որևէ երկրում բնակվող քաղաքացիների ճանապարհորդությունը մեկ այլ երկիր.

ներգնա զբոսաշրջություն` քաղաքացիների ճանապարհորդությունը որևէ երկիր, որը նրանց բնակության վայրը չէ.

զբոսաշրջային գործունեություն` իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի կողմից զբոսաշրջային ծառայություններ մատուցելու գործունեություն.

զբոսաշրջային ծառայություններ` զբոսաշրջիկներին մատուցվող և նրանց պահանջմունքների բավարարմանն ուղղված տեղաբաշխման, հյուրանոցային, տեղափոխման, էքսկուրսային, սննդի կազմակերպման և մատուցման, մշակութային, մարզական բնույթի միջոցառումների, հանգստի, զվարճանքի կազմակերպման և այլ ծառայություններ.

զբոսաշրջային գործունեության սուբյեկտ` զբոսաշրջային օպերատոր և զբոսաշրջային գործակալ.

զբոսաշրջային օպերատոր` իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որն իրականացնում է զբոսաշրջային արդյունքի ձևավորման, խթանման և իրացման գործունեություն, ինչի արդյունքում տրամադրում է զբոսաշրջային փաթեթ.

զբոսաշրջային գործակալ` իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որն իրականացնում է զբոսաշրջային արդյունքի խթանման և իրացման գործունեություն, ինչի արդյունքում տրամադրում է զբոսաշրջային փաթեթ.

զբոսաշրջային արդյունք` զբոսաշրջային ծառայությունների ամբողջական համալիր.

զբոսաշրջային միջոցառում` զբոսաշրջային արդյունք, որը բաղկացած է մեկ ծրագրում համակցված առնվազն երկու զբոսաշրջային ծառայությունից, տրամադրվում է միասնական սակագնով և մատուցվում է առնվազն 24 ժամից ոչ պակաս ժամանակահատվածում կամ ընդգրկում է առնվազն մեկ գիշերակաց.

տուր` զբոսաշրջային միջոցառում, որ նախատեսում է զբոսաշրջիկների կացության վայրի փոփոխություն.

զբոսաշրջային փաթեթ` զբոսաշրջային ծառայությունների համալիր, որն ընդգրկում է ծառայությունների մատուցման առնվազն երկու գործառույթ` կապված տրանսպորտային (և դրա հետ առնչվող), հյուրանոցային (և դրա հետ առնչվող) ծառայությունների հետ, ինչպես նաև այն ծառայությունների հետ, որոնք կապված չեն տրանսպորտային և հյուրանոցային ծառայությունների հետ և զբոսաշրջային արդյունքի էական մասն են կազմում: Զբոսաշրջային փաթեթով մատուցված ծառայության տևողությունը պետք է գերազանցի 24 ժամը կամ ներառի առնվազն մեկ գիշերակաց.

զբոսաշրջային խումբ` զբոսաշրջիկներից բաղկացած խումբ, որի անդամները ճանապարհորդում են միասին, նույն երթուղով և նույն սպասարկման պայմաններով.

զբոսաշրջային խմբի ղեկավար` զբոսաշրջիկներին ուղեկցող, զբոսաշրջային ծառայությունների պայմանագրի պայմանների կատարումն ապահովող անձ, որը զբոսաշրջային գործունեության սուբյեկտի ներկայացուցիչն է և հանդես է գալիս նրա անունից.

զբոսավար` զբոսաշրջիկներին վճարովի էքսկուրսային տեղեկատվական, կազմակերպչական ծառայություն և մասնագիտական օգնություն մատուցող ֆիզիկական անձ.

ուղեկցորդ` զբոսաշրջիկներին վճարովի կազմակերպչական ծառայություն և մասնագիտական օգնություն մատուցող ֆիզիկական անձ.

զբոսաշրջային տարածաշրջան և (կամ) կենտրոն` առաջնահերթ զարգացման ենթակա բնական, սոցիալ-մշակութային և առողջարանային ռեսուրսների կենտրոնացմամբ զբոսաշրջության համար կարևոր նշանակություն ունեցող տարածք, որի սահմանները և կարգավիճակը որոշում ու հայտարարում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

զբոսաշրջային ռեսուրսներ` զբոսաշրջիկների մտավոր, նյութական, ֆիզիկական և այլ պահանջմունքների բավարարմանն ուղղված պատմամշակութային, կրոնական բնույթի, բնական, մարդկային, սոցիալ-տնտեսական և այլ ռեսուրսներ.

զբոսաշրջային երթուղի` զբոսաշրջային ծառայությունների համալիրով (ամրագրում, տեղավորում, կերակրում, հանգստի կազմակերպում, տրանսպորտ, էքսկուրսիա և այլն) ապահովված, որոշակի երթուղով և կոնկրետ ժամկետներով զբոսաշրջային ճանապարհորդություն (ուղևորություն).

զբոսաշրջային օբյեկտ` զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող պատմական, մշակութային, բնական, գիտական և այլ գրավչության օբյեկտ.

քաղաքացի` Հայաստանի Հանրապետության քաղաքացի, օտարերկրյա պետությունների քաղաքացի, քաղաքացիություն չունեցող անձ:

(2-րդ հոդվածը խմբ., լրաց. 08.06.04 ՀՕ-91-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։