Հոդված 5. Զբոսաշրջության բնագավառում պետական քաղաքականության հիմնական նպատակները, գերակա ուղղությունները և միջոցները
Հոդված 5. Զբոսաշրջության բնագավառում պետական քաղաքականության հիմնական նպատակները, գերակա ուղղությունները և միջոցները
1. Զբոսաշրջության բնագավառում պետական քաղաքականության հիմնական նպատակներն են`
1) քաղաքացիների զբոսաշրջության ընթացքում ծագած իրավունքների ապահովումը.
2) զբոսաշրջային այնպիսի համակարգի ստեղծումը, որը բավարարում է ճանապարհորդություն իրականացնող քաղաքացիների պահանջմունքները, նպաստում է նոր աշխատատեղերի ստեղծմանը, պետության և նրա քաղաքացիների եկամուտների ավելացմանը, միջազգային կապերի զարգացմանը, զբոսաշրջային գրավչություն ունեցող ռեսուրսների և շրջակա միջավայրի պահպանմանը, պատմամշակութային ժառանգության և բնության ռացիոնալ օգտագործմանը.
3) Հայաստանում առաջնային զարգացման ենթակա բնական, սոցիալ-մշակութային և առողջարանային ռեսուրսներով հարուստ զբոսաշրջային տարածաշրջանների և (կամ) կենտրոնների զարգացման ապահովումը:
2. Զբոսաշրջության ոլորտում պետական քաղաքականության գերակա ուղղություններն են ներգնա և ներքին զբոսաշրջության զարգացումն ու աջակցումը:
3. Զբոսաշրջության ոլորտում պետական քաղաքականությունն իրականացվում է`
1) զբոսաշրջիկների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության, ինչպես նաև նրանց անվտանգությունն ապահովելու միջոցառումների իրականացման,
2) զբոսաշրջային համակարգում լիցենզավորման, որակի համակարգի ներդրման, ստանդարտացման,
3) զբոսաշրջության զարգացման նպատակով Հայաստանի Հանրապետություն մուտքի և ելքի կանոնների սահմանման,
4) ձևավորված զբոսաշրջային արդյունքը ներքին և արտաքին զբոսաշրջային շուկաներում ներկայացնելու գործին աջակցման,
5) զբոսաշրջության բնագավառում պետական նպատակային ծրագրերի մշակման և իրականացման նպատակով ֆինանսավորման,
6) զբոսաշրջային համակարգում ներդրումային բարենպաստ միջավայրի ձևավորման,
7) զբոսաշրջային համակարգի կադրային ապահովման,
8) հարկային և մաքսային քաղաքականության,
9) զբոսաշրջային համակարգի գիտական հետազոտությունների զարգացման,
10) միջազգային զբոսաշրջային միջոցառումներին հայրենական զբոսաշրջային համակարգի տնտեսավարող սուբյեկտների և զբոսաշրջիկների մասնակցության աջակցման և համապատասխան ներկայացուցչական ենթակառուցվածքների ձևավորման,
11) միջազգային զբոսաշրջության և դրան հարակից ոլորտների վերաբերյալ տեղեկատվության ստացման ու հրապարակման, ինչպես նաև խորհրդատվության տրամադրման և այլ միջոցներով: