Հոդված 2. Սահմանումները
Հոդված 2. Սահմանումները
Սույն տեխնիկական կանոնակարգի կիրառման նպատակներով օգտագործվում են հասկացություններ, որոնք սահմանված են «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին» արձանագրությամբ («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 9 հավելված), Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի ապրիլի 18-ի թիվ 44 որոշմամբ հաստատված՝ համապատասխանության գնահատման տիպային սխեմաներով, ինչպես նաև հասկացություններ, որոնք ունեն հետևյալ իմաստը՝
բոցավառում՝ վառքի աղբյուրի ազդեցության տակ՝ բոցով ուղեկցվող այրման առաջացում.
բոցավառելիություն՝ նյութերի և նյութեղենի՝ բոցավառվելու ունակություն.
քիմիական նյութեր ներառող խաղային լրակազմ (քիմիական փորձերի համար նախատեսված լրակազմերին չվերաբերող)՝ գիպսե ծեփապատճեն արտադրելու համար նախատեսված հավաքակազմ, գեղարվեստական փոքր արհեստանոցները սարքավորելու համար նախատեսված հավաքակազմերում մատակարարվող՝ ապակիացման համար նախատեսված կերամիկական նյութեր և էմալներ, պլաստիկացված պոլիվինիլքլորիդի հիմքով կազմավորվող զանգվածներ ներառող հավաքակազմեր (վառարանում հետագա թրծմամբ), գեղարվեստական ձուլման համար նախատեսված հավաքակազմեր, լցման համար նախատեսված հավաքակազմեր, լուսանկարների երևակման համար նախատեսված հավաքակազմեր, կոնստրուկտորական հավաքակազմերում մատակարարվող սոսնձող նյութ, ներկեր, լաքեր, նոսրացուցիչներ և մաքրիչներ (լուծիչներ).
խաղային հավաքակազմ՝ մանկական ստեղծագործության և ձեռքի աշխատանքի հմտությունների զարգացման համար նախատեսված տարբեր առարկաներից, նյութեղենից, նյութերից կազմված խաղալիք.
խաղալիք՝ մինչև 14 տարեկան երեխայի (երեխաների) խաղալու համար նախատեսված արտադրատեսակ կամ նյութ.
ջրի վրա խաղալու համար նախատեսված խաղալիք՝ լողալիս երեխայի մարմնի զանգվածի ծանրությունը տանող և (կամ) ծանծաղուտներում խաղալու համար նախատեսված խաղալիք (փչովի կամ ոչ փչովի).
սեղանի տպագիր խաղալիք՝ պոլիգրաֆիական եղանակով կատարված խաղալիք՝ լրացուցիչ խաղային տարրերի օգտագործմամբ կամ առանց դրանց օգտագործման.
մագնիսե խաղալիք՝ իր կառուցվածքում 1 կամ ավելի մագնիսներ և (կամ) մագնիսային տարրեր ունեցող խաղալիք.
(պարբերությունն ավելացվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի մարտի 17-ի N 12 որոշմամբ)
փափուկ լցվածքով խաղալիք՝ հիմնակմախքով կամ առանց հիմնակմախքի, փափուկ մակերեսով և լցուկով խաղալիք.
խաղալիք մոդել - կրկնօրինակ՝ խաղալիք, որի չափսերը որոշվում են փոքրացման մասշտաբով՝ նախատիպի իրական չափսերի համեմատությամբ.
կոնստրուկտորական հավաքակազմ՝ մեխանիկական և (կամ) էլեկտրական (էլեկտրոնային) բաղկացուցիչ մասերի հավաքակազմ՝ նախատեսված դրանից տարբեր խաղալիքներ հավաքելու համար.
խաղալիքի մագնիսական տարր՝ խաղալիքի մաս, որը ներառում է ամրացված մագնիս կամ ամբողջությամբ կամ մասնակի տեղադրված մագնիս.
(պարբերությունն ավելացվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի մարտի 17-ի N 12 որոշմամբ)
խաղալիքի նյութ՝ խաղալիքի բաղադրության մեջ մտնող բոլոր նյութերը.
խաղալիքի շրջանառությունը շուկայում՝ Միության մաքսային տարածքում խաղալիքի՝ պատրաստողից օգտագործողին (ձեռքբերողին) անցնելու գործընթացները, որոնք խաղալիքն անցնում է դրա արտադրությունից հետո.
օպտիկական խաղալիք՝ խաղալիք, որի գործողության սկզբունքը հիմնված է երկրաչափական օպտիկայի սկզբունքների կիրառման վրա.
օգտագործող՝ խաղալիքն ըստ նշանակության օգտագործող երեխա կամ նրան հսկող անձ.
ձեռքբերող (սպառող)՝ խաղալիքը ձեռք բերելու մտադրություն ունեցող կամ այն ձեռք բերող ֆիզիկական կամ իրավաբանական անձ.
ըստ նշանակության կիրառում՝ խաղալիքի օգտագործում խաղալիքի վրա և (կամ) շահագործման փաստաթղթերում պատրաստողի կողմից նշված դրա նշանակությանը համապատասխան.
երեխա՝ մինչև 14 տարեկան անձ.
ռիսկ՝ երեխայի և նրան հսկող անձի կյանքին և առողջությանը վնաս պատճառելու և այդ վնասի հետևանքների հավանականության զուգակցումը.
տիպային նմուշ՝ համանման խաղալիքների խմբից ընտրված արտադրանքի նմուշ (միևնույն արտադրողի, նույն տարիքային խմբի համար նախատեսված խաղալիքներ (մինչև 3 տարեկան, 3 տարեկան և բարձր տարիքի երեխաների համար), միատիպ կոնստրուկտիվ կատարման, միևնույն ֆունկցիաներով, միևնույն նյութերից մեկ տեխնիկական փաստաթղթով արտադրված խաղալիքներ, որոնց ներկայացվում են անվտանգության միևնույն պահանջները), որն ունի սահմանված անվտանգության պահանջների կատարումն ապահովող՝ ֆունկցիոնալ բնութագրերի առավելագույն հավաքակազմ (իր մեջ զուգակցում է միատիպ արտադրանքի կոնստրուկտիվ առանձնահատկությունները).
ֆունկցիոնալ խաղալիք՝ խաղալիք, որը հանդիսանում է մեծահասակների կողմից օգտագործվող արտադրատեսակի կամ սարքավորանքի մոդել, որը նմանակում է դրա նշանակությունը և ֆունկցիաների կատարումը.
ֆունկցիոնալ մագնիս՝ խաղալիքների շարժիչների, ռելեների, բարձրախոսների և այլ էլեկտրական կամ էլեկտրոնային դետալների աշխատանքի համար նախատեսված մագնիս (այն դեպքում, երբ խաղալիքի մագնիսական հատկությունները չեն դասվում դրա խաղային բնութագրերի շարքին).
(պարբերությունն ավելացվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի մարտի 17-ի N 12 որոշմամբ)
քիմիական խաղալիք՝ սարքավորման հետ միասին կամ առանց դրա մատակարարվող՝ մեկ կամ մի քանի քիմիական նյութերից և (կամ) ռեակտիվներից բաղկացած՝ երեխաների կողմից քիմիական փորձերի անցկացման համար նախատեսված հավաքակազմ.
էլեկտրական խաղալիք՝ խաղալիք, որի առնվազն մեկ ֆունկցիան իրականացվում է էլեկտրական էներգիայի հաշվին։
(2-րդ հոդվածը խմբ., փոփ. ԵՏՀԽ 26.01.24 թիվ 5)