Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-09-09-ից մինչև 2024-09-27։Բացել գործող տեքստը
Գլուխ IV · ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Հոդված 20.1. Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման ընդհանուր պահանջները վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների, թունավորումների կանխարգելման բնագավառում

գործել է մինչև 2024-09-27Բացել ARLIS-ում

Հոդված 20.1. Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման ընդհանուր պահանջները վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների, թունավորումների կանխարգելման բնագավառում

1. Վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների, թունավորումների դեպքերը ենթակա են հաշվառման և հաղորդման բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների կողմից: Հաղորդման և հաշվառման ենթակա վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների և թունավորումների ցանկը հաստատվում է լիազոր մարմնի ղեկավարի սահմանած սանիտարական կանոնների համաձայն: Հաղորդման և հաշվառման ենթակա վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների և թունավորումների դեպքերի հաշվառումը և հաղորդումն իրականացվում են լիազոր մարմնի ղեկավարի սահմանած սանիտարական կանոնների համաձայն:

2. Մարդու (հանրության) առողջության վրա շրջակա միջավայրի գործոնների՝ վնասակար ազդեցության նվազեցման, դրանց կանխարգելման, բացառման, ինչպես նաև վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների առաջացման և տարածման, կանխման ու վերացման նպատակով առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը, տեսչական մարմինները, տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց իրավասությունների շրջանակներում և բժշկական օգնություն ու սպասարկում իրականացնող կազմակերպությունները, սանիտարական կանոններին համապատասխան, սույն օրենքի 6-10-րդ, 24-րդ հոդվածներով և այլ օրենքներով սահմանված կարգով իրականացնում են հետևյալ կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումները․

1) բժշկական փաստաթղթերի, ներառյալ՝ բժշկական զննություն կամ լաբորատոր հետազոտություն հավաստող կամ կանխարգելիչ այլ միջոցառումներ հավաստող փաստաթղթերի ուսումնասիրություն.

2) լիազոր մարմնի որոշմամբ սահմանված վարակիչ հիվանդությունների տեսակետից անբարենպաստ երկրներ կամ վարակի օջախ հանդիսացող վայրեր ուղևորությունների պատմության ուսումնասիրություն.

3) բժշկական զննության իրականացում.

4) ախտահանում, միջատազերծում, կրծողազերծում.

5) վարակիչ հիվանդությունների` լիազոր մարմնի ղեկավարի սահմանած ախտանիշներին կամ առողջական վիճակին համապատասխանող անձանց (այսուհետ՝ հնարավոր վարակակիր), տվյալ վարակիչ հիվանդության ինկուբացիոն շրջանում վարակակրի հետ շփված անձանց (այսուհետ՝ կոնտակտավոր անձինք), ինչպես նաև վարակիչ հիվանդությունների հարուցիչներ կրողների բժշկական զննություն կամ բժշկական օգնություն և սպասարկում, այդ թվում` իմունականխարգելման իրականացում կամ հոսպիտալացում.

6) լիազոր մարմնի որոշմամբ սահմանված վարակիչ հիվանդությունների տեսակետից անբարենպաստ երկրներից Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող կամ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող վարակիչ հիվանդության կասկածով անձանց հայտնաբերելիս բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունը, պետական սահմանի անցման կետերում պետական վերահսկողություն իրականացնող մարմինները, դեպքն արձանագրող այլ անձինք կամ մարմինները, սանիտարական կանոններին համապատասխան, տեղեկացնում են լիազոր մարմնին` ապահովելով այդ անձանց ժամանակավոր մեկուսացումը, անհրաժեշտության դեպքում` հոսպիտալացումը.

7) հնարավոր վարակակիր, ինչպես նաև վարակիչ հիվանդությունների հարուցիչներ կրող անձանց, կոնտակտավորների նկատմամբ բժշկական հսկողության սահմանում.

8) հնարավոր վարակակիր, ինչպես նաև վարակիչ հիվանդությունների հարուցիչներ կրող անձանց, կոնտակտավորների շփումների ուսումնասիրությանն ուղղված միջոցառումների ձեռնարկում.

9) անհատական պաշտպանության միջոցների պարտադիր օգտագործում:

3. Սույն հոդվածով նախատեսված անհատական պաշտպանության միջոցների ցանկը, դրանց կիրառման դեպքերն ու կարգը, ինչպես նաև սանիտարահամաճարակային անվտանգության կանոնները ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով սահմանում է առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարը:

4. Սույն հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով նախատեսված միջոցառումների ենթակա անձը տեղեկացվում է այն ախտանիշների մասին, որոնց առկայության հիմքով կատարվում է համապատասխան միջոցառումը, իսկ հոսպիտալացման դեպքում՝ նաև այն վայրի մասին, որտեղ կատարվելու է հոսպիտալացումը: Անձի պահանջով հոսպիտալացում իրականացնողը պարտավոր է այդ մասին անհապաղ տեղեկացնել նրա ընտրած անձին։

5. Անձի` սույն հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով նախատեսված միջոցառումներից (բացառությամբ իմունականխարգելման) հրաժարվելու դեպքում դրանք իրականացվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:

6. Սույն հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով սահմանված դեպքերում ժամանակավոր մեկուսացման նկատմամբ ենթակա են կիրառման սույն օրենքի 20.8-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված երաշխիքները:

7. Վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների, թունավորումների առաջացման և տարածման, կանխման ու վերացման նպատակով զինված ուժերի, ոստիկանության զորքերի և սահմանապահ զորքերի զորամասերում «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքով սահմանված սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումները կարող են իրականացնել պաշտպանության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը, Ոստիկանությունը կամ Ազգային անվտանգության ծառայությունը:

(20.1-ին հոդվածը լրաց. 04.09.20 ՀՕ-402-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։