Հոդված 20.7. Ինքնամեկուսացումը
Հոդված 20.7. Ինքնամեկուսացումը
1. Ինքնամեկուսացումը հնարավոր վարակակիր, կոնտակտավոր անձանց, ինչպես նաև վարակիչ հիվանդությունների հարուցիչներ կրողների առանձնացումն է իր մշտական բնակության կամ իր նախընտրությամբ մեկ այլ վայրում որոշակի ժամանակահատվածում այլ անձանց հետ անմիջական շփումը սահմանափակելու և վարակի տարածումը կանխելու նպատակով:
2. Ինքնամեկուսացման ենթակա յուրաքանչյուր անձ իրեն հասկանալի լեզվով անհապաղ տեղեկացվում է ինքնամեկուսացման պատճառների, բժշկական խորհրդատվության մատչելիության իրավունքի և իր պարտականությունների մասին:
3. Անձի նկատմամբ ինքնամեկուսացումը կիրառվում է սույն օրենքով նախատեսված կարգով: Ինքնամեկուսացման հրահանգը տրվում է առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի կամ Տեսչական մարմնի անունից` համապատասխան մարմնի ղեկավարի լիազորած պաշտոնատար անձի բանավոր կարգադրությամբ, իսկ հասցեատիրոջ բանավոր կամ գրավոր պահանջով ենթակա է գրավոր ձևակերպման ոչ ուշ, քան պահանջն ստանալուց հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում:
4. Պաշտպանության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի, ոստիկանության զորքերի, սահմանապահ զորքերի զինծառայողներին (աշխատակիցներին) ինքնամեկուսացման հրահանգը կարող է տրվել համապատասխանաբար պաշտպանության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի, Ոստիկանության կամ Ազգային անվտանգության ծառայության անունից՝ նրանց ղեկավարի լիազորած պաշտոնատար անձանց բանավոր կարգադրությամբ, իսկ հասցեատիրոջ բանավոր կամ գրավոր պահանջով ենթակա է գրավոր ձևակերպման ոչ ուշ, քան պահանջն ստանալուց հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում:
5. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված ինքնամեկուսացման հրահանգը կարող է կարանտին սահմանելու որոշմամբ սահմանված դեպքերում կիրառվել նաև Հայաստանի Հանրապետություն մուտքի դեպքում:
6. Ոստիկանությունը հսկողություն է իրականացնում ինքնամեկուսացված անձանց տրված հրահանգի պահանջների կատարման նկատմամբ, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերի: Ոստիկանությունը սույն մասով սահմանված գործառույթներն իրականացնելիս անհրաժեշտության դեպքում կարող է դիմել պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններ: Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերում հսկողությունն իրականացնում են պաշտպանության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը, Ոստիկանությունը կամ Ազգային անվտանգության ծառայությունը:
(20.7-րդ հոդվածը լրաց. 04.09.20 ՀՕ-402-Ն)