Հոդված 6. Ֆիզիկական դաստիարակությունն ուսումնական հաստատություններում
Հոդված 6. Ֆիզիկական դաստիարակությունն ուսումնական հաստատություններում
1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ուսումնական բոլոր հաստատություններում ուսումնառության ամբողջ ընթացքում իրականացվում է «ֆիզիկական կուլտուրա» առարկայի պարտադիր դասավանդումը:
2. Նախադպրոցական տարիքի մանուկների ֆիզիկական դաստիարակությունը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով անվճար պարապմունքների միջոցով իրականացվում է մանկապարտեզներում (անկախ սեփականության ձևից)` մանուկների օրգանիզմի գործառական հնարավորությունների ավելացման, հիմնական շարժողական որակների ու հմտությունների զարգացման, ֆիզիկական վարժությունների, հիգիենայի վերաբերյալ գիտելիքների ստացման նպատակով:
3. Հանրակրթական, նախնական (արհեստագործական) մասնագիտական, միջին մասնագիտական և բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում և մարզական կազմակերպություններում (ներառյալ` պետական և հավատարմագրված ոչ պետական ուսումնական հաստատություններում) սովորող (ընդգրկված) մանուկների ու պատանիների առողջության պահպանումը և ամրապնդումը, նրանց ֆիզիկական կատարելագործումը և առողջ կենսակերպի ձևավորումն այդ ուսումնական հաստատությունների հիմնական խնդիրներից են:
4. Հանրակրթական դպրոցներում «ֆիզիկական կուլտուրա» առարկայի դասերն անցկացվում են ուսումնառության ամբողջ ընթացքում` շաբաթական առնվազն 3 ժամով, նախնական (արհեստագործական) մասնագիտական ուսումնական հաստատություններում` մեկ տարի տևողությամբ` շաբաթական առնվազն 4 ժամով, իսկ միջին և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատություններում` մինչև 3 տարի տևողությամբ` շաբաթական առնվազն 4 ժամով:
5. Ֆիզիկական արատներ ունեցող կամ հաշմանդամ երեխաների համար Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով իրականացվում են առանձին ուսումնամարզական պարապմունքներ:
6. Ֆիզիկական դաստիարակության իրականացման համար Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով մանուկների ու պատանիների շրջանում կազմակերպվում են ուսումնամարզական միջոցառումներ, ապահովվում է մանուկների ու պատանիների մասնակցությունը տեղական, հանրապետական և միջազգային մրցաշարերին:
7. Ուսումնական հաստատությունները և մարզական կազմակերպությունները Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով որոշում են ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պարապմունքների մեթոդներն ու եղանակները, մարզաձևերն ու պարապմունքների տևողությունը` հենվելով պետական ուսումնական ծրագրերի ու ֆիզիկական պատրաստվածության չափորոշիչների վրա. կազմակերպում են մարզական միջոցառումներ, իրականացնում են արտաուսումնական ֆիզկուլտուրային-առողջարարական և մարզական աշխատանքներ:
8. Ուսումնական հաստատություններն անցկացնում են ամենամյա ատեստավորում և պետական չափորոշիչներին համապատասխան` ստուգում են մանուկների ու պատանիների ֆիզիկական պատրաստականությունը: Ուսումնական տարվա արդյունքներին համապատասխան` յուրաքանչյուր սովորող ատեստավորվում է ֆիզիկական պատրաստականության համար` ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում կառավարության լիազորած պետական մարմնի (այսուհետ` լիազորված մարմին) սահմանած կարգով: