Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2008-06-28-ից մինչև 2018-03-30։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ՈՒ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊՈՐՏԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

Հոդված 6. Ֆիզիկական դաստիարակությունն ուսումնական հաստատություններում

գործել է մինչև 2018-03-30Բացել ARLIS-ում

Հոդված 6. Ֆիզիկական դաստիարակությունն ուսումնական հաստատություններում

1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ուսումնական բոլոր հաստատություններում ուսումնառության ամբողջ ընթացքում իրականացվում է «ֆիզիկական կուլտուրա» առարկայի պարտադիր դասավանդումը:

2. Նախադպրոցական տարիքի մանուկների ֆիզիկական դաստիարակությունը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով անվճար պարապմունքների միջոցով իրականացվում է մանկապարտեզներում (անկախ սեփականության ձևից)` մանուկների օրգանիզմի գործառական հնարավորությունների ավելացման, հիմնական շարժողական որակների ու հմտությունների զարգացման, ֆիզիկական վարժությունների, հիգիենայի վերաբերյալ գիտելիքների ստացման նպատակով:

3. Հանրակրթական, նախնական (արհեստագործական) մասնագիտական, միջին մասնագիտական և բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում և մարզական կազմակերպություններում (ներառյալ` պետական և հավատարմագրված ոչ պետական ուսումնական հաստատություններում) սովորող (ընդգրկված) մանուկների ու պատանիների առողջության պահպանումը և ամրապնդումը, նրանց ֆիզիկական կատարելագործումը և առողջ կենսակերպի ձևավորումն այդ ուսումնական հաստատությունների հիմնական խնդիրներից են:

4. Հանրակրթական դպրոցներում «ֆիզիկական կուլտուրա» առարկայի դասերն անցկացվում են ուսումնառության ամբողջ ընթացքում` շաբաթական առնվազն 3 ժամով, նախնական (արհեստագործական) մասնագիտական ուսումնական հաստատություններում` մեկ տարի տևողությամբ` շաբաթական առնվազն 4 ժամով, իսկ միջին և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատություններում` մինչև 3 տարի տևողությամբ` շաբաթական առնվազն 4 ժամով:

5. Ֆիզիկական արատներ ունեցող կամ հաշմանդամ երեխաների համար Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով իրականացվում են առանձին ուսումնամարզական պարապմունքներ:

6. Ֆիզիկական դաստիարակության իրականացման համար Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով մանուկների ու պատանիների շրջանում կազմակերպվում են ուսումնամարզական միջոցառումներ, ապահովվում է մանուկների ու պատանիների մասնակցությունը տեղական, հանրապետական և միջազգային մրցաշարերին:

7. Ուսումնական հաստատությունները և մարզական կազմակերպությունները Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով որոշում են ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պարապմունքների մեթոդներն ու եղանակները, մարզաձևերն ու պարապմունքների տևողությունը` հենվելով պետական ուսումնական ծրագրերի ու ֆիզիկական պատրաստվածության չափորոշիչների վրա. կազմակերպում են մարզական միջոցառումներ, իրականացնում են արտաուսումնական ֆիզկուլտուրային-առողջարարական և մարզական աշխատանքներ:

8. Ուսումնական հաստատություններն անցկացնում են ամենամյա ատեստավորում և պետական չափորոշիչներին համապատասխան` ստուգում են մանուկների ու պատանիների ֆիզիկական պատրաստականությունը: Ուսումնական տարվա արդյունքներին համապատասխան` յուրաքանչյուր սովորող ատեստավորվում է ֆիզիկական պատրաստականության համար` կրթության բնագավառում կառավարության լիազորած պետական մարմնի սահմանած կարգով:

(6-րդ հոդվածը փոփ. 19.05.08 ՀՕ-65-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։