Անցնել բովանդակությանը

Հոդված 10. • Արտահայտվելու ազատությունը • Իր դեմ հարուցված քաղաքացիական գործով վարույթի շրջանակներում Դիմումատուից պահանջվել է վճարել վնասի փոխհատուցում այն բանից հետո, երբ նա հաղորդել է իր նախկին գործընկերոջ կողմից իրականացված ենթադրյալ կոռուպցիոն գործունեության մասին՝ վերջինիս ղեկավարության հետ մասնավոր նամակագրությամբ • Ազդարարների արտահայտվելու ազատության պաշտպանության միջոցները չպետք է ավտոմատ կերպով դադարեն կիրառվել աշխատանքային հարաբերությունների դադարեցման պատճառով • Գուջան ընդդեմ Մոլդովայի [ՄՊ] [Guja v. Moldova] [GC] գործով հաստատված և Հալեթն ընդդեմ Լյուքսեմբուրգի [ՄՊ] [Halet v. Luxembourg] գործում վերահաստատված ընդհանուր չափանիշների և սկզբունքների կիրառությունը • Ներպետական դատարանների կողմից ընդհանուր համատեքստը հաշվի չառնելը, մասնավորապես դիմումատուի կողմից ներքին հաշվետվության մեխանիզմի կիրառումը, որը պետք է լինի խիստ գաղտնի • Ձևական պահանջներով նախատեսված՝ որդեգրված մոտեցումը կարող է զսպող ազդեցություն ունենալ • Հանրային շահերի վերաբերյալ դիմումատուի փաստարկները հաշվի չառնելը • Նախկին գործընկերոջ հեղինակությանը հասցվող ենթադրյալ վնասն ընդհանուր շահի նկատմամբ գերակայելու հանգամանքի առնչությամբ բացատրություն չներկայացնելը • Վնասի զգալի հատուցումը, որի հետևանքով առգրավվել է դիմումատուի բնակարանը և ավտոմեքենան, որն անհամաչափ ազդեցություն է ունեցել նրա վրա • Միջամտությունը «անհրաժեշտ չի եղել ժողովրդավարական հասարակությունում»

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 10 • Արտահայտվելու ազատությունը • Իր դեմ հարուցված քաղաքացիական գործով վարույթի շրջանակներում Դիմումատուից պահանջվել է վճարել վնասի փոխհատուցում այն բանից հետո, երբ նա հաղորդել է իր նախկին գործընկերոջ կողմից իրականացված ենթադրյալ կոռուպցիոն գործունեության մասին՝ վերջինիս ղեկավարության հետ մասնավոր նամակագրությամբ • Ազդարարների արտահայտվելու ազատության պաշտպանության միջոցները չպետք է ավտոմատ կերպով դադարեն կիրառվել աշխատանքային հարաբերությունների դադարեցման պատճառով • Գուջան ընդդեմ Մոլդովայի [ՄՊ] [Guja v. Moldova] [GC] գործով հաստատված և Հալեթն ընդդեմ Լյուքսեմբուրգի [ՄՊ] [Halet v. Luxembourg] գործում վերահաստատված ընդհանուր չափանիշների և սկզբունքների կիրառությունը • Ներպետական դատարանների կողմից ընդհանուր համատեքստը հաշվի չառնելը, մասնավորապես դիմումատուի կողմից ներքին հաշվետվության մեխանիզմի կիրառումը, որը պետք է լինի խիստ գաղտնի • Ձևական պահանջներով նախատեսված՝ որդեգրված մոտեցումը կարող է զսպող ազդեցություն ունենալ • Հանրային շահերի վերաբերյալ դիմումատուի փաստարկները հաշվի չառնելը • Նախկին գործընկերոջ հեղինակությանը հասցվող ենթադրյալ վնասն ընդհանուր շահի նկատմամբ գերակայելու հանգամանքի առնչությամբ բացատրություն չներկայացնելը • Վնասի զգալի հատուցումը, որի հետևանքով առգրավվել է դիմումատուի բնակարանը և ավտոմեքենան, որն անհամաչափ ազդեցություն է ունեցել նրա վրա • Միջամտությունը «անհրաժեշտ չի եղել ժողովրդավարական հասարակությունում»

Պատրաստվել է քարտուղարության կողմից: Պարտադիր չէ Դատարանի համար։

ՍՏՐԱՍԲՈՒՐԳ

27 օգոստոսի 2024

Սույն վճիռը վերջնական է դառնում Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերում։ Այն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների։

Հրաչյա Հարությունյանն ընդդեմ Հայաստանի գործով,

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Չորրորդ բաժանմունք), հանդես գալով Պալատի հետևյալ կազմով՝

Գաբրիել Կուչկո-Ստադլմայեր [Gabriele Kucsko-Stadlmayer], Նախագահ,

Թիմ Այքը [Tim Eicke],

Ֆարիս Վեհաբովիչ [Faris Vehabović],

Բրանկո Լուբարդա [Branko Lubarda],

Արմեն Հարությունյան [Armen Harutyunyan],

Անյա Սիբերտ Ֆուա [Anja Seibert-Fohr],

Էն Լուիս Բորմանն [Anne Louise Bormann]՝ դատավորներ,

և Սիմեոն Պետրովսկի [Simeon Petrovski]՝ Բաժանմունքի քարտուղարի տեղակալ,

հաշվի առնելով՝

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի պրն Հրաչյա Հարությունյանի (դիմումատու) կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ 2016 թվականի մարտի 4-ին Դատարան ներկայացված գանգատը (թիվ 15028/16),

դիմումատուի՝ ազատ արտահայտվելու իրավունքի ենթադրյալ խախտման վերաբերյալ բողոքի մասին Կոնվենցիայի 10-րդ հոդվածի համաձայն Հայաստանի կառավարությանը (Կառավարություն) ծանուցելու և գանգատը մնացած մասով անընդունելի հայտարարելու վերաբերյալ որոշումը,

կողմերի դիտարկումները և դիմումատուի դիտարկումներին և արդարացի փոխհատուցման պահանջներին ուղղված Կառավարության ուշացած պատասխանը գործի նյութերում չներառելու մասին որոշումը,

2024 թվականի հունիսի 25-ին անցկացնելով դռնփակ խորհրդակցություն, կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը.

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

1. Գործը վերաբերում է դիմումատուի՝ Կոնվենցիայի 10-րդ հոդվածով նախատեսված ազատ արտահայտվելու իրավունքի ենթադրյալ խախտմանը՝ կապված վիրավորանքի և զրպարտության վերաբերյալ վարույթի հետ, որն իր դեմ հարուցվել է այն բանից հետո, երբ նա հայտնել է իր նախկին գործընկերոջ ենթադրյալ կոռուպցիոն գործունեության մասին՝ վերջինիս ղեկավարության հետ մասնավոր նամակագրությամբ։

ՓԱՍՏԵՐԸ

2. Դիմումատուն ծնվել է 1953 թվականին և ապրում է Երևանում։ Դիմումատուին ներկայացրել են Երևանում գործող իրավաբաններ պրն Ա. Ղազարյանը և տկն Մ. Բաղդասարյանը:

3. Կառավարությունը ներկայացրել է միջազգային իրավական հարցերով Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ պրն Ե. Կիրակոսյանը։

4. Գործով փաստերը կարելի է ամփոփել հետևյալ կերպ:

5. 2002 թվականից մինչև 2011 թվականը դիմումատուն աշխատել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» («ՀԷՑ») փակ բաժնետիրական ընկերությունում, որն այն ժամանակ Հայաստանում եղել է էլեկտրաէներգիայի միակ մատակարարը և գտնվել է Երևանում: Կողմերը չեն վիճարկում այն փաստը, որ այդ ժամանակ «ՀԷՑ»-ը ռուսական «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերության (Ընկերություն) սեփականությունն էր։ 2008 թվականից մինչև 2011 թվականի հոկտեմբերին իր հեռանալը դիմումատուն անվտանգության և վարչական հարցերով դեպարտամենտի ղեկավար էր։

6. Չնշված ամսաթվին ընկերությունն իր կայքի «Կոռուպցիայի դեմ պայքար» բաժնում հրապարակել է «Միասին պայքարենք կոռուպցիայի դեմ» վերնագրով հայտարարություն՝ կոչ անելով բոլոր նրանց, ովքեր տիրապետում են ընկերությունում կոռուպցիոն գործողությունների, այդ թվում՝ ցանկացած գործողության մասին տեղեկությունների, որն առաջացրել է կամ կարող է առաջացնել նյութական վնաս, հատուկ նախատեսված էլեկտրոնային փոստի հասցեի միջոցով հայտնել այդ տեղեկությունների մասին։ Ընկերությունը խոստացել է անցկացնել անկախ քննություն և երաշխավորել է, որ բոլոր հաղորդումները կմնան անանուն և գաղտնի: Ինչպես հայտարարվել էր, հաղորդումները նախատեսվում էր ուղարկել ներքին աուդիտի բաժին, որը հաշվետու էր միայն ընկերության տնօրենների խորհրդին: Հետագա ցանկացած հարցման համար ցանկալի էր նշել կոնտակտային անձ և նամակագրության նախընտրելի եղանակ: Հաստատվելու դեպքում այդ տեղեկությունն ուղարկվելու էր անվտանգության հարցերի համար պատասխանատու համապատասխան թիմին և ընկերության տնօրինություն՝ պատշաճ միջոցներ ձեռնարկելու համար:

7. 2012 թվականի մարտի 26-ին դիմումատուն իր անձնական էլեկտրոնային փոստի հասցեից անստորագիր հաղորդում է ուղարկել հայտարարության մեջ նշված էլեկտրոնային փոստի հասցեին:

8. Նրա հաղորդումը, որում նշվել են ներգրավված անձանց լրիվ անունները, այնքանով, որքանով դա վերաբերել է գործին, ունեցել է հետևյալ բովանդակությունը.

«1. [Վ.]Բ.-ն երկրում՝ որոշակի օղակներում, հայտնի է եղել «ՀԱԷՄ-Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ հայկական ԱԷՄ-ի անվտանգ շահագործման համար Ռուսաստանի կողմից տրամադրված 10 միլիոն ԱՄՆ դոլարի հափշտակման դեպքով։ Դա լուսաբանվել է հայկական ԶԼՄ-ների կողմից։ Ըստ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախկին պատգամավորի հայտնած տեղեկությունների՝ Վ.Բ.-ն և նրա տեղակալը՝ Վրաստանի քաղաքացի ոմն Մ.Ի.-ն, ներգրավված են եղել անդրազգային հանցավոր խմբում։ Վերջինս կասկածվել է Վրաստանի և Թուրքիայի օտարերկրյա հետախուզական ծառայությունների հետ կապ պահպանելու մեջ։ Նույն տեղեկությունների համաձայն՝ Վ.Բ.-ն կասկածվել է ՀԱԷՄ-ից ռադիոակտիվ նյութեր գողանալու մեջ՝ դրանք վաճառելու նպատակով:

2. «ՀԷՑ»-ի անվտանգության հարցերով տնօրինությունում իր աշխատանքի ընթացքում Վ. Բ.-ն կարողացել է ձևավորել խումբ և ծառայեցնել այն իր սեփական շահերին: Այդ մասին են վկայում Վ.Բ.-ի նախաձեռնությամբ անվտանգության հարցերով տնօրինության կառուցվածքային փոփոխությունների մասին որոշումները [և] տնօրինության ավելի քան 16 աշխատակիցների աշխատանքից հեռացնելը [մի շարք] պաշտոնների կրճատման շինծու պատրվակով և նրանց փոխարեն իր սեփական մարդկանց, այդ թվում ՝ իր հարազատներին աշխատանքի վերցնելը։ Վերոնշյալ կրճատումներից հետո նոր աշխատակիցների համալրման հետևանքով շարունակաբար աճել է տնօրինության [աշխատակիցների] թիվը։ Վ.Բ.-ի նախաձեռնությամբ լուծարվել է տեխնիկական վերահսկողության դեպարտամենտը, որը զբաղվել է տեղեկատվական անվտանգության հարցերով, և դրա փոխարեն ստեղծվել է շահերի պաշտպանության, իրավունքների և իրավաբանական օգնության դեպարտամենտը, որը ղեկավարել է Վ.Բ.-ի զարմիկը։ Էկոնոմիկայի և ֆինանսների դեպարտամենտի աշխատակից Ա.Խ.-ն, որը պատասխանատու է եղել «ՀԷՑ»-ում ապրանքների և նյութական արժեքների վճարումների և փոխանցումների վերահսկողության համար, Վ.Բ.-ի զարմիկն էր։ «ՀԷՑ»-ի շահերի պաշտպանության դեպարտամենտի պետ Բ.Ա.-ն և Էկոնոմիկայի և ֆինանսների դեպարտամենտի նախկին տնօրեն Կ.Մ.-ն զարմիկներ էին, իսկ գրասենյակային ծառայող Գ.Թ.-ն նրանց ազգականն էր:

3. Ստորև բերված են որոշ փաստեր, որոնք կարող են վկայել Վ.Բ.-ի՝ անձնական դրդապատճառներով պաշտոնեական դիրքի չարաշահման մասին: Դրանք հիմնականում վերաբերում են այն ժամանակաշրջանին, երբ Վ.Բ.-ն կատարում էր Անվտանգության հարցերով տնօրենի պարտականությունները, և շոշափվում էին «ՀԷՑ»-ի տնտեսական գործունեության նեղ շրջանակի հարցեր: Մյուս նյութերն ուսումնասիրման փուլում են և Ձեզ կտրամադրվեն աշխատանքների ավարտից հետո:

4. 2007 թվականի հոկտեմբերի 24-ին «ՀԷՑ»-ի և «Ունիֆորմա» ՍՊԸ-ի միջև կնքվել է թիվ Ա-1085/07 3.263.400 [ՀՀ դրամ] գումարի պայմանագիր՝ Ընկերության անվտանգության աշխատակիցների համար 110 ձմեռային համազգեստ կարելու համար: Պայմանագրի 2.3 կետով նախատեսվել է 70% խոշոր կանխավճար (ողջամիտ սահմանաչափը կազմում է պայմանագրի գնի 30%-ից ոչ ավելի): Այդուհանդերձ 3.263.400 ՀՀ դրամ կազմող ամբողջ գումարը փոխանցվել է «Ունիֆորմա» ՍՊԸ-ի հաշվեհամարին։ Պայմանագրում սահմանված չեն եղել կապալառուի պարտավորությունների կատարման ժամկետներ:

«ՀԷՑ»-ի շահերի պաշտպանության դեպարտամենտը, որի ղեկավարն էի ես, իրականացրել է հավանական կապալառուի բիզնեսի հեղինակության աուդիտ: Պարզվել է, որ «Ունիֆորմա» ՍՊԸ-ի տնօրեն Լ. Մ.-ն ծնվել է 1986 թվականին, և որ նրա մայրը՝ Մ.Մ.-ն, որը ընկերության ոչ պաշտոնական ղեկավարն էր, չի ունեցել մշտական բնակության վայր և բնակվել է Երևանում՝ վարձակալության հիմունքներով: Երևան քաղաքի Արտաշիսյան 45/20 հասցեում գտնվող իրենց սեփական բնակարանը պարտքի մարման դիմաց փոխանցվել է Վարձատուի սեփականությանը: «Ունիֆորմա» ՍՊԸ-ն չի ունեցել ոչ արտադրական բազա, ոչ էլ անձնակազմ։ Լ.Մ.-ն դեպարտամենտի տեսուչներին ցույց է տվել վարձակալված նկուղային տարածքում գտնվող արտադրամասը, որտեղ ստուգման պահին գտնվել են միայն օգտագործման համար ոչ պիտանի երկու հին կարի մեքենա: Տարածքը չի ունեցել եռաֆազ էլեկտրամատակարարում, և ըստ սպառողների էլեկտրոնային տվյալների բազայի՝ այսպես կոչված արտադրամասը 2006 թվականից ի վեր չի օգտագործել էլեկտրաէներգիա:

Աուդիտի արդյունքներով կազմվել և Վ.Բ.-ին տրամադրվել է հիմնավորված հաշվետվություն, որտեղ նշվել է «Ունիֆորմա» ՍՊԸ-ի հետ որևէ գործարք կատարելու անթույլատրելիության մասին: «Ունիֆորմա» ՍՊԸ-ի փոխարեն որպես այլընտրանք ես Վ.Բ.-ին առաջարկել եմ Քանաքեռի կարի ֆաբրիկան, որը հանրապետությունում հայտնի է Պաշտպանության նախարարության, իրավապահ մարմինների և ոչ պետական պահնորդական ծառայությունների համար համազգեստներ կարելով: Վ.Բ.-ն, սակայն, մերժել է իմ առաջարկը՝ առանց որևէ հիմնավոր պատճառի:

Ինչպես ակնկալվում էր, «Ունիֆորմա» ՍՊԸ-ն չի կատարել իր պայմանագրային պարտավորությունները: Այդ կապակցությամբ Վ.Բ.-ին խորհուրդ եմ տվել «Ունիֆորմա» ՍՊԸ-ի մասին հայտնել իրավապահ մարմիններին: Սակայն Վ.Բ.-ն ձգձգել է հարցի լուծումն այն պատրվակով, որ ինքը կանխարգելիչ զրույցներ է ունեցել «Ունիֆորմա» ՍՊԸ-ի տնօրենի հետ, որ համոզի նրան կատարել իր պայմանագրային պարտավորությունները: Իմ համառ պահանջներից հետո՝ 2008 թվականի մարտի 24-ին, անվտանգության հարցերով տնօրինությունը թիվ ԴԲԿ-74 գրություն է ուղարկել Երևանի ոստիկանություն՝ պահանջելով համապատասխան միջոցներ ձեռնարկել «Ունիֆորմա» ՍՊԸ-ի նկատմամբ: Նույն թվականի հուլիսին Ոստիկանության քննչական բաժինը որոշում է կայացրել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի հիմքով (խարդախություն) քրեական գործ հարուցել «Ունիֆորմա» ՍՊԸ-ի նկատմամբ: 2008 թվականի հուլիսի 16-ին, ինձանից տեղեկանալով այդ մասին, Վ. Բ.-ն ստորագրել և Ոստիկանության քննչական բաժին է ուղարկել թիվ ԴԲԿ-204 գրությունը՝ «Ունիֆորմա» ՍՊԸ-ի դեմ մեր բողոքը հետ կանչելու պահանջով։ Ոստիկանությունը բավարարել է պահանջը։

Վ.Բ.-ի գործողությունները կանխորոշվել են այն հանգամանքով, որ «Ունիֆորմա» ՍՊԸ-ի տնօրեն Լ. Մ.-ի նկատմամբ քրեական գործ հարուցելու դեպքում նրա մայրը, որը փաստացի այդ ընկերության տնօրենն էր և սերտ հարաբերություններ է ունեցել Վ.Բ.-ի հետ, կարող էր վկայություն տալ նրա դեմ՝ հայտնելով, որ նա է կեղծ պայմանագրի նախաձեռնողը:

Չնայած այն հանգամանքին, որ անհերքելիորեն բացահայտվել են կապալառուի կողմից իր պարտավորությունները չկատարելու փաստացի մտադրության ապացույցները, Վ.Բ.-ն չի կանխել «ՀԷՑ»-ի տնտեսական անվտանգության իրական սպառնալիքը, և հակառակը, չարաշահելով իր պաշտոնեական դիրքը՝ խարդախությամբ նպաստել է դրա իրագործմանը: Նա խոչընդոտել է «ՀԷՑ»-ի նկատմամբ կատարված խարդախության փաստերը բացահայտելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու ընթացքը:

Ավելի ուշ նյութերը փոխանցվել են «Տեր-Տաճատյան, Գրիգորյան և Վահանյան» իրավաբանական ընկերությանը՝ դատական կարգով 3.263.400 ՀՀ դրամ գումարը փոխհատուցելու համար։

3.263.400 ՀՀ դրամի չափով ՀԷՑ-ի վնասը մինչ օրս չի հատուցվել:

5. 2007 թվականին Վ.Բ.-ի միջնորդությամբ Անվտանգության տնօրինության տեղեկատվական-վերլուծական դեպարտամենտի պետի պաշտոնը համալրել է Հ.Ա.-ն։ Ավելի ուշ, Հ.Ա.-ի փեսան՝ Վ.Չ.-ն, նույնպես ընդունվել է աշխատանքի այդ դեպարտամենտում՝ որպես փորձագետ։

6. [Հ.] Ա.-ն մեր ընկերության կապալառուն էր՝ «Սեկանս» ՍՊԸ-ի հիմնադիրը: Վ. Բ.-ն պետք է տեղյակ լիներ այդ մասին, քանի որ նրանք ընկերներ էին։ Բացի այդ, «Սեկանս» ՍՊԸ-ն մասնակցել և հաղթող է ճանաչվել «ՀԷՑ»-ի կողմից հայտարարված մրցույթներին, իսկ Վ. Բ.-ն եղել է մրցութային հանձնաժողովի կազմում և իրականացրել է լոբբինգ դրա շահերի համար: Հ.Ա.-ին աշխատանքի վերցնելով՝ Վ.Բ.-ն խախտել է «ԻՆՏԵՐ ՌԱՕ ՀԷՑ»-ի գլխամասի անվտանգության դեպարտամենտի հրահանգները՝ կապալառուների հետ փոխկապակցվածությունը բացառելու վերաբերյալ:

…..

Հատուկ ուշադրություն պետք է դարձնել այն փաստին, որ «Սեկանս» ՍՊԸ-ի հաշվեհամարին փոխանցվել է 5 միլիոն ՀՀ դրամ, որը գերազանցում է [2006 թվականի հոկտեմբերի 9-ի] թիվ Ա-552 պայմանագրով վճարման ենթակա գումարը: Երբ «Սեկանս» ՍՊԸ-ի հետ Վ.Բ.-ի գործարար հարաբերությունները դարձել են քննարկման առարկա «ՀԷՑ»-ում, Հ.Ա.-ն հրաժարական է տվել: Վերջինս հրաժարվել է «ՀԷՑ»-ին վերադարձնել պայմանագրի արժեքից ավել վճարված լրացուցիչ գումարը և հայտարարել է «Սեկանս» ՍՊԸ-ի սնանկության մասին: Վ.Բ.-ի ղեկավարած ներքին վերահսկողության ծառայությունն իրականացրել է ելքային վճարումների վերահսկողություն՝ այդ վերահսկողության համար պատասխանատու աշխատակցի անձնական համակարգչից մուտք գործելով հաշվապահական հաշվառման ծրագրային ապահովման համալիր գործիքակազմ, և այդ ծառայությունը կարող էր կոծկել պայմանագրին չհամապատասխանող նշված գումարի փոխանցման գործարքը: «Սեկանս» ՍՊԸ-ի հետ գործարքները կատարվել են խարդախ ճանապարհով, որի հետևանքով «ՀԷՑ»-ը կրել է վնասներ:

7. 2007 թվականի հունվարին ստացվել են օպերատիվ տեղեկություններ այն մասին, որ «ՀԷՑ»-ի «Ղարս» մասնաճյուղի տնօրեն Ս.-ն Վ.Բ.-ի օժանդակությամբ որոշել է գնել Գյումրիի Շարաթալյան 1 հասցեում գտնվող մասնաճյուղի երկհարկանի վարչական շենքը՝ այն հյուրանոցի վերափոխելու նպատակով: Վերոնշյալ տեղեկությունները ստուգելուց հետո պարզվել է, որ Երևանի բնակիչ ոմն Գ.Մ.-ն իսկապես դիմել է «ՀԷՑ»-ին` վարչական շենքը քանդելու և 5.300.00[0] ՀՀ դրամով վաճառելու խնդրանքով։ Գյումրիի անշարժ գույքի գործակալությունների պաշտոնական տվյալների համաձայն՝ քաղաքի կենտրոնում մեկսենյականոց բնակարանի արժեքն այդ ժամանակահատվածում կազմել է 4-5 միլիոն դրամ, այսինքն՝ երկհարկանի վարչական շենքի գինը եղել է մեկսենյականոց բնակարանի գնին համարժեք: Ակնհայտ է, որ այս գործարքը չի բխել «ՀԷՑ»-ի տնտեսական շահերից: Ես հայտնել եմ Վ.Բ.-ին, որ տեղյակ եմ գործարքի մասին՝ առանց ակնարկելու այդ գործարքում նրա մասնակցության մասին, և առաջարկել եմ նրան միջոցներ ձեռնարկել այն չեղյալ հայտարարելու կամ վատագույն դեպքում՝ արժեքը վերանայելու համար: Որպես հիմնավորում ներկայացրել եմ Գյումրիում անշարժ գույքի գների վերաբերյալ տվյալները։ Վ.Բ.-ն ինձ հավաստիացրել է, որ պատշաճ կերպով կարձագանքի իմ առաջարկին։ Ավելի ուշ տեղեկացել եմ, որ [Հայաստանի] Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը բավարարել է «ՀԷՑ»-ի պահանջը: Վերանորոգված երկհարկանի բարվոք վիճակում գտնվող շենքը 5.300.000 դրամով վաճառվել է ոչ թե Գ.Մ.-ին, այլ Երևանի բնակիչ ոմն Ն.Պ.-ին, քանի որ Գ.Մ.-ն հրաժարվել է վարչական շենքը գնելու իր իրավունքից: Պարզվել է, որ Ն.Պ-ն «Ղարս» մասնաճյուղի տնօրեն Ս.-ի կինն է։ Վ.Բ.-ն ունեցել է ընկերության գլխավոր տնօրենի անունից Գ.Մ.-ի դիմումն ուսումնասիրելու ընթացքում գործարքը կասեցնելու կամ առնվազն շենքի գինը բարձրացնելու նպատակով այն վերանայելու բոլոր լիազորությունները: Այնուամենայնիվ, Վ.Բ.-ն ոչինչ չի ձեռնարկել, քանի որ մասնակից է եղել այդ կասկածելի գործարքին և առաջնորդվելով շահադիտական նկատառումներով՝ շահագրգռված է եղել այն իրականացնել ի վնաս «ՀԷՑ»-ի տնտեսական շահերի:

8. 2008 թվականի մայիսին տնօրեն Ս.- ի հրամանով «Ղարս» մասնաճյուղի պահեստից ապամոնտաժել են 10 կՎտ հզորությամբ 300 մեկուսիչ (մեկ մեկուսիչի հաշվեկշռային արժեքը կազմում է [25-35 000 դրամ]) և մասնավոր բեռնատարով ուղարկվել Արագածոտնի մարզ, որտեղ կառուցվում էր Վ.Բ.-ի փոքր հիդրոէլեկտրակայանը: Մասնաճյուղի տնօրեն Ս.-ն մասնաճյուղի 3-4 էլեկտրական ցանցերի (Ախուրյան, Արթիկ, Աշոցք, Ամասիա) ղեկավարներին հանձնարարել է լրացնել մեկուսիչների տեղադրման տեխնիկական բնութագրերի կեղծ տեղեկաթերթիկները: Նրա ապօրինի հրամանը կատարվել է։ Այդուհանդերձ, մասնաճյուղի օպերատիվ-դիսպետչերական կառավարման ծառայության և էլեկտրական ցանցերի գրանցումների մատյանում որևէ գրառում չի արվել 10 կՎտ հզորությամբ գծերի անջատման մասին, որոնց վրա ենթադրաբար կատարվել է մեկուսիչների փոխարինումը: Առանց այդ գծերն անջատելու հնարավոր չէր լարման տակ հին մեկուսիչները փոխարինել նորերով։ Եթե համեմատենք 2008 թվականի մայիս-նոյեմբեր ամիսների տեխնիկական բնութագրերի տեղեկաթերթիկներն այդ ժամանակահատվածի անջատումների ժամանակացույցի հետ, ապա կունենանք մեկուսիչների գողության ապացույցները։

Այս պարագայում խոսքը ոչ միայն մասնաճյուղի տնօրենի հետ նախնական համաձայնությամբ Վ.Բ.-ի կողմից «ՀԷՑ»-ի գույքի պարզ գողության, այլ մասնաճյուղի մի շարք աշխատակիցների՝ հանցագործության կատարման մեջ ներգրավվածության մասին է:

2009 թվականին պայմանագիր կնքելով «ՀԷՑ»-ի հետ՝ Վ.Բ.-ին և նրա եղբորը պատկանող փոքր հիդրոէլեկտրակայանը հանձնվել է շահագործման:

Վ.Բ.-ն և նրա եղբայրը փոխկապակցված կապալառուներ են և վերջնական շահառուներ: Վ.Բ.-ն կարևոր պաշտոն է զբաղեցնում «ՀԷՑ» ՓԲԸ-ի անվտանգության տնօրինությունում, և նրա դիրքորոշումը հակասում է էներգետիկայի ոլորտում կոռուպցիայի և չարաշահումների դեմ պայքարի լրացուցիչ միջոցառումների վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության նախագահի և վարչապետի վերջին որոշումների բնույթին, ինչը նաև ամբողջությամբ վերաբերում է արտասահմանյան ակտիվներին:

9. Պայմանագրեր են կնքվել «ԱՌՍԲ ԶՎԵԶԴԱ» ՍՊԸ-ի հետ «անվտանգության համակարգի մատակարարման, տեղադրման, մոնտաժման, ծրագրավորման, գործարկման, կարգավորման և շահագործման համար»՝

- 2007 թվականի մարտի 2-ի թիվ 82/07 պայմանագիր՝ 4.461.120 դրամ արժեքով

- 2007 թվականի մարտի 5-ի թիվ 120/07 պայմանագիր՝ 2.960.000 դրամ արժեքով

- 2007 թվականի մարտի 13-ի թիվ 142/07 պայմանագիր՝ 2.268.600 դրամ արժեքով։

Պայմանագրերի համաձայն՝ յուրաքանչյուր պայմանագրի արժեքի 50%-ի չափով գումար է փոխանցվել կապալառուի հաշվին՝ որպես կանխավճար: Համաձայնագրերում բացակայել են դրանց անհրաժեշտության օբյեկտիվ հիմնավորումները։ Մասնավորապես՝

- 2007 թվականի մարտի 2-ի թիվ 82/07 պայմանագրին կից թիվ Փ-398/07 համաձայնագրով պայմանագրի գինը սահմանվում է 6.560.520 դրամ

- 2007 թվականի մարտի 5-ի թիվ 120/07 պայմանագրին կից թիվ Փ-393/07 համաձայնագրով պայմանագրի գինը սահմանվում է 4.378.800 դրամ

- 2007 թվականի մարտի 13-ի թիվ 142/07 պայմանագրին կից թիվ Փ-397/07 համաձայնագրով պայմանագրի գինը սահմանվում է 2.726.400. դրամ։

Հայկական շուկայում գործում է անվտանգության տեխնիկական միջոցների տեղադրման մասնագիտացված 5 ընկերություն: Ըստ իմ կողմից իրականացված մշտադիտարկման տվյալների՝ նմանատիպ ծառայություններ մատուցող և աշխատանքներ կատարող այլ ընկերությունների գները զգալիորեն ցածր են եղել:

2008 թվականի դեկտեմբերին ես իրականացրել եմ այդ ընկերությունների մշտադիտարկում՝ «ԱՌՍԲ ԶՎԵԶԴԱ» ՍՊԸ-ի կողմից «ՀԷՑ» ՓԲԸ-ի համար տեղադրված ուղեփակոցի տեղադրման համար նրանց գնային առաջարկներին ծանոթանալու համար։

«Էլիպս ՋիԷյ»՝ 1.000.000 դրամ (առանց ԱԱՀ-ի).

«ԴիԷս Սիսթեմս»՝ 1.014.000 դրամ (առանց ԱԱՀ-ի).

«Սեքյուրիթի սերվիս»՝ 1.512.000 դրամ (առանց ԱԱՀ-ի).

«Մայքրոռոլ»՝ 898.000 դրամ (առանց ԱԱՀ-ի).

«ԱՌՍԲ ԶՎԵԶԴԱ»՝ 2.890.000 դրամ (առանց ԱԱՀ-ի)։

Արդյունքները մեկնաբանելու անհրաժեշտություն չկա. բոլոր դեպքերում «ատկատներ» ստանալու նպատակով գործարքները նախաձեռնող հայտնի Վ.Բ.-ն գինն ուռճացրել է։ Հարկ է նշել, որ տեխնիկական պարամետրերով «ԱՌՍԲ ԶՎԵԶԴԱ» ՍՊԸ-ի կողմից տեղադրված ուղեփակոցը չի գերազանցել այլ ընկերությունների առաջարկած նմանատիպ ուղեփակոցներին։ Իրականում՝ հակառակը։ Տեղադրումից հետո ուղեփակոցը չի աշխատել մինչև 2009 թվականի ապրիլ ամիսը, իսկ տեխնիկական բնութագրերի տեղեկաթերթիկը մենք ստորագրել ենք միայն 2009 թվականի հունիսին՝ լուրջ թերությունները վերացնելուց հետո։

10. 2009 թվականի փետրվարի 10-ի թիվ ԴԲԿ-26 հրահանգի համաձայն՝ ստեղծվել է անվտանգության և վերահսկողության տնօրինության մի շարք աշխատակիցներից կազմված հանձնաժողով՝ գույքի համարների (շտրիխ կոդերի) և փոխարկիչով մուտքի համակարգի քարտերի գույքագրում իրականացնելու համար: Ես նշանակվել եմ հանձնաժողովի նախագահ։ Ստուգման ընթացքում պարզվել է, որ 2009 թվականի փետրվարի 10-ի դրությամբ այլ փաստաթղթերի շարքում, Վ.Բ.-ի կողմից ստորագրված փաստաթղթի համաձայն, «ՀԷՑ»-ի տեղեկատվական համակարգերի դեպարտամենտը Անվտանգության և վերահսկողության տնօրինությանն է փոխանցել թվով 662.716 գույքագրման համար: Ստուգման պահին բացակայող գույքագրման համարների թիվը կազմել է 54,034:

Դեպարտամենտի կողմից իրականացված ստուգումների արդյունքում պարզվել է, որ Վ.Բ.-ն կորած համարները չի փոխանցել դեպարտամենտին։ Բացի այդ, պարզվել է, որ Վ.Բ.-ն, չլիազորված բանավոր կարգադրությամբ օբյեկտների համարները գրանցելու և դրանք տրամադրելու պարտավորությունը փոխանցել է Տեխնիկական վերահսկողության (Տեղեկատվական անվտանգության ապահովման) դեպարտամենտի ստորաբաժանումներին, ինչը հակասում է «ՀԷՑ»-ի գլխավոր տնօրենի 2007 թվականի հոկտեմբերի 2-ի թիվ 6 «Կարգադրությունների արձակման մասին» որոշմանը:

Տնօրինությանն առաջարկել եմ իրականացնել ստուգման միջոցառումներ՝ գույքի համարների կորստի և գտնվելու վայրի հանգամանքները պարզելու համար, սակայն այդ առաջարկը մերժվել է: Ավելի ուշ ես հայտնաբերեցի, որ Վ.Բ.-ն լրացուցիչ կետ է ավելացրել Տեխնիկական հսկողության դեպարտամենտի պետի պաշտոնական հրահանգների Էլեկտրոնային տարբերակում, որտեղ դեպարտամենտի պետի պարտականությունների շարքում նշվել է ապրանքների և նյութական արժեքների օրինական փոխանցման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու պարտականությունը, ինչը ենթադրում էր ստորաբաժանման ներկայացուցիչներին շտրիխ կոդերի տրամադրում:

Այդ պարտավորությունը վերապահվել է Անվտանգության տնօրինության ֆինանսների և էկոնոմիկայի հարցերով դեպարտամենտին։ Հետևաբար Վ.Բ.-ն գույքի համարների բացակայության պատասխանատվությունից խուսափելու համար կատարել է կեղծարարություն, իսկ դրա պատասխանատվությունը դրել է Դեպարտամենտի պետի վրա:

11. 2006 թվականի վերջին որոշում է կայացվել «ՀԷՑ»-ի ֆիզիկական անվտանգության գործառույթները առանձնացնել որպես առանձին իրավաբանական միավոր։ Մրցույթի միակ մասնակից «Սայգա» մասնավոր պահնորդական ընկերությունը [ՄՊԸ], ներկայացրել է համոզիչ հայտ, և նրա հետ տարբեր ժամանակներում կնքվել են պայմանագրեր 71.490.000 ՀՀ դրամ արժեքով (2007 թվականի նոյեմբերի 30-ի թիվ Ա-802/07, 2008 թվականի հուլիսի 2-ի թիվ Ա-407/07 , 2009 թվականի նոյեմբերի 2-ի թիվ Ա-1186/09 պայմանագրեր): «ՀԷՑ»-ի դեպարտամենտի պահպանության աշխատակիցները [և] ծառայողական շները տեղափոխվել են «Սայգա» մասնավոր պահնորդական ընկերություն [ՄՊԸ]։ Ավելի ուշ ընկերությունը գնել է բջջային հեռախոսներ՝ անձնական հաղորդակցության համար, և 60 լապտեր՝ ՄՊԸ-ի աշխատակիցների համար։

2008 թվականից մինչև 2010 թվականը լրացուցիչ ծառայությունների մատուցման համար վերոնշյալ ֆիքսված գումարը երբեմն գերազանցել է 100 միլիոն ՀՀ դրամը: Համոզվելու համար, որ Վ.Բ.-ն «ատկատներ» է ստացել «Սայգա» ՄՊԸ-ից, բավարար է ուսումնասիրել նրա հետ կնքված պայմանագրերը կոռուպցիայի հավանականության տեսանկյունից։ Որպես «ատկատներ» ստանալու ապացույց կարելի է բերել մի օրինակ, թե ինչպես է Վ.Բ.-ն մոլորության մեջ գցել «ՀԷՑ»-ի գլխավոր տնօրեն Է. Բ.-ին Երևանում պահնորդական ծառայությունների շուկայական գների մասին տեղեկություններ տրամադրելիս:

Ստորև ներկայացված է հատված 2011 թվականի փետրվարին Է. Բ.-ին տրամադրված տեղեկանքից.

«Սայգա» ՄՊԸ-ի կողմից մեկ պահակակետի տեղադրման համար ծախսերը մեր ընկերության համար կազմում է մոտ 634.920 [դրամ], ներառյալ` ԱԱՀ-ն։

Անվտանգության ծառայությունների շուկայի մեր մշտադիտարկումը ցույց է տվել, որ հանրապետությունում մասնավոր անվտանգության և քննչական ծառայությունների մասին օրենքի բացակայության պայմաններում շուկայում առկա է 2-3 մասնակիցների, ներառյալ` «Սայգա» ՄՊԸ-ի և Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետական պահպանության ծառայության գլխավոր վարչության մենաշնորհ, որոնք ունեն համապատասխան լիցենզիաներ, մասնագիտացված անձնակազմ և նյութատեխնիկական բազա: Պահակակետի տեղադրման միջոցով տարածքի ֆիզիկական պահպանության ծախսերի համեմատական վերլուծությունը ցույց է տալիս, որ տնտեսական նկատառումներից ելնելով և հաշվի առնելով մատուցվող ծառայությունների որակը՝ «Սայգա» ՄՊԸ-ի պայմաններն ավելի ընդունելի են մեր ընկերության համար: Մասնավորապես՝

Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետական պահպանության ծառայության գլխավոր վարչություն՝ մեկ շուրջօրյա պահակակետի ծառայության արժեքը կազմում է 552.296 ՀՀ դրամ՝ առանց ԱԱՀ-ի:

«Արմոբիլ» ՄՊԸ՝ մեկ շուրջօրյա պահակակետի ծառայության արժեքը կազմում է 620.000 ՀՀ դրամ՝ առանց ԱԱՀ-ի:

«Ռուսալ Արմենալ»-ի վարչության անվտանգության ծառայություն՝ մեկ շուրջօրյա պահակակետի ծառայության արժեքը կազմում է 957.000 ՀՀ դրամ:

Տեքստի այս հատվածից հետևում է, որ ընկերությունների կողմից մատուցվող անվտանգության ծառայությունների գների միջև էական անհավասարակշռություն չի եղել՝ բացառությամբ «Ռուսալի» ընկերության, որը չպետք է ներառվեր այս ցուցակում, քանի որ այն անվտանգության ծառայություններ մատուցող ընկերություն չէր: Սուտ տեղեկությունը եղել է այն, որ «Սայգա» ՄՊԸ-ի ծառայությունների արժեքը ներկայացվել է 30-40.000 դրամով պակաս, իսկ Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետական պահպանության ծառայության գլխավոր վարչության ծառայությունները ուռճացվել են 120.000 դրամի չափով, իսկ «Արմոբիլ» ՄՊԸ-ի ծառայությունները՝ 180.000 դրամի չափով: Բացի այդ, չի նշվել այն մասին, որ երկու կազմակերպություններն էլ իրենց հաշվին անվտանգության աշխատակիցների համար առաջարկել են տրամադրել համազգեստ, մարտական և տրավմատիկ զենք, անձնական պաշտպանության հատուկ միջոցներ, կապի միջոցներ և սեփական ուժերով գիշերային պարեկություն, ինչը ևս եղել է բարձր ծախսերի պատճառը: Վ.Բ.-ի կողմից գլխավոր տնօրենին մոլորեցնելու նպատակը եղել է պահնորդական ծառայությունների անվտանգության բարձր ծախսերն արդարացնելը:

12. 2011 թվականի մայիս ամսվա դրությամբ «ՀԷՑ»-ի «Գեղամա» մասնաճյուղի Աբովյանի էլեկտրական ցանցից տարբեր ժամանակներում (հիմնականում նախորդ 3 տարիների ընթացքում) սպառողներից գողացվել է 120 էլեկտրաէներգիայի հաշվիչ, ինչը գերազանցում է նախորդ 10 տարիների ընթացքում բոլոր մասնաճյուղերից գողացված հաշվիչների ընդհանուր թիվը): Երեք-չորս դրվագների մասին հաղորդվել է ոստիկանության մարզային վարչություն: Մեր ուսումնասիրությունները և ոստիկանության կողմից իրականացված ստուգումները լուրջ հիմքեր են տվել ենթադրելու, որ էլեկտրաէներգիայի հաշվիչները գողացել են Աբովյանի էլեկտրացանցի էլեկտրիկները՝ էլեկտրաէներգիայի գողության փաստը թաքցնելու նպատակով: 2011 թվականի մայիսին՝ կատարված գողության հետ կապված «Գեղամա» մասնաճյուղի պահեստի ստուգման ժամանակ, փակ տարածքներից մեկում հայտնաբերել եմ մեծ քանակությամբ զրոյացված էլեկտրաէներգիայի հաշվիչներ՝ պետական ստանդարտի թարմ կապարակնիքներով:

[Ստորև ներկայացված լուսանկարում դիմումատուն պատկերված է մի սենյակում, որտեղ կան մի քանի էլեկտրաէներգիայի հաշվիչներ]:

Ես գողոնի մասին հայտնել եմ Վ.Բ.-ին և առաջարկել գույքագրել դրանք՝ դրանց ծագումը պարզելու և դրանց շարքում գողացված էլեկտրական հաշվիչները գտնելու համար, ինչպես նաև ոստիկանություն ուղարկել ամփոփ հաղորդում՝ Աբովյանի «Գեղամա» մասնաճյուղի սպառողների էլեկտրական հաշվիչների գողության բոլոր դեպքերի վերաբերյալ: Վ.Բ.-ն համաձայնել է և խոստացել հարցին անդրադառնալ ավելի ուշ։ Ավելի ուշ տեղեկացել եմ, որ էլեկտրաէներգիայի հաշվիչների այդ կույտն արագ դուրս է բերվել մասնաճյուղի տարածքից: Դա միայն ամրապնդում է այն կարծիքը, որ Վ.Բ.-ն աջակցում էր «Գեղամա» մասնաճյուղին և ոչ առանց շահադիտական նկատառումների:

13. 2007 թվականին Անվտանգության տնօրինությունը ճշգրիտ տեղեկություններ ուներ Էջմիածնի էլեկտրացանցի էլեկտրաէներգիայի սպառողներից զանգվածային ուռճացված գումարների գանձման մասին: Այդ ժամանակ ընկերության գլխավոր տնօրենի հրամանով Էջմիածնի էլեկտրացանցի էլեկտրաէներգիայի վաճառքի պատասխանատվությունը կրում էր «ՀԷՑ»-ի վաճառքի տնօրենը, այսինքն՝ նա անձամբ էր պատասխանատվություն կրում ուռճացված գումարների գանձման համար: Այդ մասին գլխավոր տնօրենի համար պատրաստվել են զեկույցներ։ Կառավարչի ուշադրությունը հրավիրվել է այն փաստին, որ որոշակի հանգամանքներում այն սպառողների դժգոհությունը, որոնց էլեկտրաէներգիայի վճարներն ուռճացվել են, կարող էր վերածվել զանգվածային բողոքների, եթե միջոցներ չձեռնարկվեին իրավիճակը շտկելու համար: Վաճառքի տնօրենին պատասխանատվությունից զերծ պահելու նպատակով Վ.Բ.-ն այդ տեղեկությունների մասին չի զեկուցել գլխավոր տնօրենին: 2011 թվականի ապրիլին իրավիճակը կտրուկ սրվել է։ Գայ գյուղի սպառողներն ընկերության դեմ ներկայացրել են հրապարակային բողոքներ, որոնք լայն արձագանք են գտել հանրության շրջանում և վնասել են ընկերության հեղինակությունը: Վ. Բ.-ի անգործությունը բացատրվել է այն հանգամանքով, որ նա վաճառքի բաժնում աշխատանքի էր ընդունել իր որդուն, որն այդ ժամանակ ուսանող էր։ Հարկ է նշել, որ 2008 թվականից սկսած՝ տնօրինությունը դադարեցրել է էլեկտրաէներգիայի գողությունների հայտնաբերման և կանխարգելման ուղղությամբ մշտական աշխատանքների իրականացումը: Վ.Բ.-ն խոչընդոտել է գլխավոր տնօրենի երկու հրամանների կատարումը, որոնք վերաբերել են էներգասպառող օբյեկտների մշտադիտարկմանը և տարածքի շահագործմանը համապատասխան օբյեկտի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրմանը: Այս միջոցառումներն օգնել են արդյունավետորեն վերահսկել սպառումը և ժամանակին կանխել էլեկտրաէներգիայի գողությունները:

14. 2009 թվականի օգոստոսի 3-ին «ՀԷՑ»-ը մոտ 75-80 միլիոն դրամ է փոխանցել «Մանաս» ընկերության հաշվեհամարին, իսկ 2009 թվականի օգոստոսի 5-ին նույն ընկերության հետ կնքել է թիվ Ա-756 պայմանագիրը՝ Երևան քաղաքի Գրիգոր Լուսավորչի փողոց թիվ 9 հասցեում շինարարական աշխատանքների իրականացման մասին։ Սակայն փաստն այն է, որ պայմանագրի ստորագրման պահին աշխատանքներն արդեն կատարված և ավարտված են եղել այլ ընկերության կողմից («Ռենկո» ընկերության առնչությամբ վստահ չեմ): Անվտանգության ծառայությունը ո՛չ վճարման հանձնարարականների վերահսկողության փուլում, ո՛չ գործարքի համաձայնեցման ընթացքում, ո՛չ էլ մրցույթի անցկացման ընթացքում չի արձանագրել ինչպես այս փաստը, այնպես էլ ընկերության տնտեսական անվտանգության սպառնալիքը: Սա ոչ թե Վ.Բ.-ի պրոֆեսիոնալության բացակայության, այլ վերահսկվող ստորաբաժանումների հետ նրա փոխկապակցվածության և որպես հետևանք սպառնալիքին համարժեք արձագանքելու անհնարինության արդյունք է։ Անվտանգության և վերահսկողության տնօրինության գործունեության թերևս ամենաապշեցուցիչ գնահատումը «ՀԷՑ» ՓԲԸ-ում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության կողմից իրականացվող մշտական ստուգումների արդյունքներն են և 10 միլիարդ ՀՀ դրամ տուգանքի հավանականության հեռանկարը:

Խնդրում եմ ուսումնասիրել ներկայացված փաստերը և տեղեկացնել ինձ արդյունքների մասին: Անհրաժեշտության դեպքում պատրաստ եմ առավելագույն ջանքեր ներդնել Ձեզ օգնելու համար:

Կից ներկայացվում է երեք նիշք»։

9. 2012 թվականի հուլիսի 11-ին ընկերության ներքին անվտանգության տնօրինության տնտեսական անվտանգության և վարչական հարցերով տնօրեն Յ.Մ.-ն հանդիպում է ունեցել դիմումատուի հետ և նրան ցույց է տվել հաղորդումը՝ հարցնելով, թե արդյոք նա է գրել այն: Երբ դիմումատուն հաստատել է, որ ինքն է գրել, Յ.Մ.-ն խնդրել է նրան ստորագրել փաստաթղթի օրինակը, և դիմումատուն ստորագրել է այն։

10. 2012 թվականի հուլիսի 18-ին դիմումատուի հաղորդումը, որը նշագրված է եղել որպես «գաղտնի», փոխանցվել է «ՀԷՑ»-ի անվտանգության և վերահսկողության տնօրեն Գ.Մ.-ին, որին խնդրել են ստուգել տեղեկությունները: Հաջորդ օրը Գ.Մ.-ն դիմումատուի հաղորդումը ներկայացրել է Վ.Բ.-ին և պահանջել է ներկայացնել բացատրություններ:

11. Համաձայն «ՀԷՑ»-ում կատարված ներքին քննության արդյունքների (այնքանով, որքանով դա արտացոլվում է ներպետական դատարանների որոշումներում), անվտանգության տնօրինության տեղեկատվական և վերլուծական դեպարտամենտի պետ Հ.Ա.-ն հերքել է 5-րդ հայտարարությունը: Այն է՝ երբ նա աշխատանքի է ընդունվել որպես փորձագետ «ՀԷՑ»-ում, Վ.Չ-ն դեռևս իր փեսան չէր: Ավելին, ինչ վերաբերում է 6-րդ հայտարարությանը, նշված ժամանակահատվածում Վ.Բ.-ն չի եղել մրցութային հանձնաժողովի կազմում, և եթե նույնիսկ այդպես լիներ, նա չէր կարող ազդել իր որոշման վրա: Ինչ վերաբերում է 8-րդ հայտարարությանը, Հ.Ա.-ն ընդունել է, որ մեկուսիչները վերցվել են «Ղարս» մասնաճյուղից և ուղարկվել Արագած գյուղ, որտեղ կառուցվում էր փոքր հիդրոէլեկտրակայան, որի համահիմնադիրն էր ինքը, սակայն Վ.Բ.-ն այդ կայանի հետ որևէ առնչություն չի ունեցել: Ինչ վերաբերում է «ՀԷՑ»-ի ֆինանսների և էկոնոմիկայի հարցերով տնօրինության կողմից «Սեկանս» ՍՊԸ-ի հաշվեհամարին սխալմամբ փոխանցված 4.978.099 ՀՀ դրամ գումարին, ապա վերջինս հայց է ներկայացրել ընդդեմ «Սեկանս» ՍՊԸ-ի, և 2009 թվականին դատարանը կայացրել է վերոնշյալ գումարի փոխհատուցման մասին որոշում: Այդ գումարը պետք է վերադարձվեր «ՀԷՑ»-ին, իսկ դրա չկատարումն արդյունքում հանգեցրել է «Սեկանս» ՍՊԸ-ի սնանկացմանը։

12. Ընդ որում, ներքին քննությամբ պարզվել է, որ դիմումատուի կողմից ներկայացված տեղեկատվությունը շուկայական գների վերաբերյալ սխալ է եղել: Ավելին, ինչ վերաբերում է 7-րդ հայտարարությանը, ապա «Ղարս» մասնաճյուղի տնօրենը դիմել է «ՀԷՑ»-ին՝ Գյումրիի երկհարկանի շենքը Ն.Պ.-ին վաճառելու պահանջով, քանի որ ոմն Մ.Մ.-ն հրաժարվել էր այն գնել, իսկ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը բավարարել էր վաճառքի մասին «ՀԷՑ»-ի պահանջը: Բացի այդ, ինչ վերաբերում է 11-րդ հայտարարությանը, «Սայգա» ՄՊԸ-ի տնօրենը «ՀԷՑ»-ի պաշտոնյային հայտնել է, որ «ՀԷՑ»-ին տրամադրված ծառայությունների համար գումարի չափը երբեք չի գերազանցել 100 միլիոն դրամը, ինչպես պնդել է դիմումատուն: Մատուցվել են մինչև 78 միլիոն ՀՀ դրամ գումարի չափով լրացուցիչ ծառայություններ:

13. «ՀԷՑ»-ի երկու այլ պաշտոնյաներ հերքել են 12-րդ հայտարարությունը՝ իրականությանը չհամապատասխանելու հիմքով: Նրանցից մեկը՝ «Գեղամա» մասնաճյուղի տնօրենը, պնդել է, որ դիմումատուի հաղորդման մեջ ներկայացված լուսանկարում պատկերված՝ ենթադրաբար գողացված էլեկտրաէներգիայի հաշվիչները եղել են ինդուկցիոն տիպի միաֆազ էլեկտրաէներգիայի հաշվիչներ, որոնք փոխարինվել են էլեկտրոնային հաշվիչներով: Մասնավորապես, վերազինման նպատակով «Գեղամա» մասնաճյուղի լաբորատորիա են հանձնվել մեծ թվով ինդուկցիոն տիպի միաֆազ էլեկտրաէներգիայի հաշվիչներ:

14. 2012 թվականի օգոստոսի 16-ին Վ.Բ.-ն վիրավորանքի և զրպարտության հիմքով դիմումատուի դեմ հարուցել է հայց՝ պահանջելով ներողություն խնդրել և վճարել փոխհատուցում:

15. 2013 թվականի հուլիսի 15-ին Շիրակի մարզի դատարանը (Մարզային դատարան) մերժել է Վ.Բ.-ի հայցը: Դատարանը վճռել է, որ դիմումատուի հայտարարությունները «հրապարակային» չեն եղել Քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի իմաստով (տե՛ս ստորև՝ 24 պարբերությունը), քանի որ դրանք ներկայացվել են խիստ գաղտնիության պայմաններում:

16. 2013 թվականի օգոստոսի 12-ին Վ.Բ.-ն ներկայացրել է վերաքննիչ բողոք։

17. 2013 թվականի նոյեմբերի 20-ին Քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը բեկանել է 2013 թվականի հուլիսի 15-ի վճիռը և գործն ուղարկել նոր քննության այն հիմքով, որ Մարզային դատարանը սխալ է մեկնաբանել «հրապարակային հայտարարություն» հասկացությունը։ Անդրադառնալով Վճռաբեկ դատարանի 2012 թվականին կայացրած որոշումներին (տես ստորև՝ 26 պարբերությունը)՝ այն վճռել է, որ «երրորդ անձ» եզրույթը նշանակում է հայցվոր կամ պատասխանող չհամարվող այն անձը, որին տրամադրվել է տեղեկությունը, մինչդեռ Մարզային դատարանը Յ.Մ.-ին չի դիտարկել որպես «երրորդ անձ»: 2014 թվականի հունվարի 15-ին Վճռաբեկ դատարանը դիմումատուի կողմից այդ վճռի դեմ ներկայացված վճռաբեկ բողոքը վարույթ չի ընդունել:

18. 2015 թվականի մարտի 3-ին՝ վարույթի երկրորդ փուլի ընթացքում, Մարզային դատարանը մասամբ բավարարել է Վ.Բ.-ի հայցը: Այն վճռել է, որ Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի իմաստով դիմումատուի հաղորդումը հրապարակային հայտարարություն է: Մասնավորապես նա իր հաղորդումը ներկայացրել է իր պայմանագիրը դադարելուց հինգ ամիս անց և իր հաղորդումը ներկայացնելով Յ.Մ.-ին՝ իր հայտարարությունը կատարել է հրապարակայնորեն, այսինքն՝ զրպարտություն կատարող և զրպարտության ենթարկված անձանցից տարբեր՝ այլ անձի ներկայությամբ։ Բացի այդ, նրա փաստարկները ստուգելու նպատակով ստեղծվել է հանձնաժողով, և այդ հանձնաժողովի անդամները նույնպես տեղեկացել են հաղորդման բովանդակության մասին: Հետևաբար դիմումատուն իր հաղորդումը ներկայացրել է մեկ «երրորդ անձի»՝ Յ.Մ.-ի ներկայությամբ, և այդպիսով չի ձեռնարկել տեղեկատվության գաղտնիությունն ապահովելու համապատասխան միջոցներ, որ այն հասանելի չդառնա այլ անձանց: Այն նաև որպես ապացույց չի ընդունել ընկերության առցանց ներկայացված հայտարարությունը, քանի որ այն ներկայացվել է որպես էկրանապատկեր:

Այնուհետև Մարզային դատարանը հղում է կատարել ներքին քննության արդյունքներին, որով պարզվել է, որ դիմումատուի հաղորդման մեջ պարունակվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը (տե՛ս վերևում՝ 11-13 պարբերությունները): Այսպիսով, դատարանը գտել է, որ 1-ին հայտարարությունը վիրավորանք է, քանի որ այն փաստական հիմք չի ունեցել: Ինչ վերաբերում է մյուս հայտարարություններին (շեղատառերով), որոնք դիմումատուն չի հիմնավորել, ապա դրանք եղել են զրպարտչական, արժանապատվությունը նվաստացնող և Վ.Բ.-ի պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը արատավորող հայտարարություններ: Մասնավորապես դիմումատուն չի ապացուցել, որ ձեռնարկել է բոլոր միջոցները իր հաղորդման գաղտնիությունն ապահովելու համար, որ իր գործողություններն ուղղված են եղել «ՀԷՑ»-ում կոռուպցիոն գործողությունները քննելուն, բացահայտելուն և կանխելուն, և որ նա մտադրություն չի ունեցել զրպարտել Վ.Բ.-ին: Մասնավորապես նա այլևս չի աշխատել «ՀԷՑ»-ում, և այդ փաստերը ստուգելը նրա իրավասության շրջանակում չի եղել: Դիմումատուի փաստարկն այն մասին, որ մտադրություն չի ունեցել զրպարտել Վ.Բ.-ին, չի համապատասխանում իրականությանը, քանի որ նա չի կարողացել ապացուցել իր հայտարարությունների ճշմարտացիությունը: Բոլոր դեպքերում, նույնիսկ եթե նա նման մտադրություն չի ունեցել, նա բարեխղճություն չի ցուցաբերել տրամադրված տեղեկությունների վերաբերյալ իր սուբյեկտիվ գնահատականը ներկայացնելու հարցում: Դատարանը նշել է սակայն, որ նրա հայտարարությունները չեն կարող համարվել սուբյեկտիվ գնահատական, քանի որ դրանք փաստական հիմք չեն ունեցել: Բացի այդ, նա չի ապացուցել, որ իր հայտարարությունները պայմանավորված են եղել գերակա հանրային շահով։ Մասնավորապես հանրային շահ ներկայացնող ոլորտների կամ խնդիրների մասին տեղեկություններ տարածելու պարտականությունը դրվել է զանգվածային լրատվական միջոցների, այլ ոչ թե առանձին անհատի վրա:

Դիմումատուին պարտավորեցրել են հրապարակային ներողություն խնդրել «նույն եղանակով, որով [նա] հրապարակել է [վիճարկվող հայտարարությունները]» և վճարել 2.000.000 դրամ՝ որպես վիրավորանքի և զրպարտության փոխհատուցում: Բացի այդ, նրան պարտավորեցրել են վճարել դատական և այլ ծախսեր՝ 492.128 ՀՀ դրամի չափով:

19. 2015 թվականի մարտի 25-ին դիմումատուն ներկայացրել է Կոնվենցիայի 10-րդ հոդվածի խախտում ենթադրող բողոք՝ հիմնվելով, inter alia (ի թիվս այլնի), Զախարովն ընդդեմ Ռուսաստանի [Zakharov v. Russia] (թիվ 14881/03, 2006 թվականի հոկտեմբերի 5) և Կազակովն ընդդեմ Ռուսաստանի [Kazakov v. Russia] (թիվ 1758/02, 2008 թվականի դեկտեմբերի 18) գործերի վրա: Մասնավորապես նա վիճարկել է, որ թեև իր հայտարարություններն արվել են հրապարակայնորեն, նա իր հաղորդումը ներկայացրել է իր անձնական էլեկտրոնային փոստի հասցեով և պահպանելով խիստ գաղտնիություն, ինչպես հավաստիացրել է ընկերությունը, մինչդեռ Մարզային դատարանը հաշվի չի առել այդ փաստը և մերժել է ընկերության առցանց հայտարարությունը՝ այն համարելով անընդունելի (տե՛ս վերևում՝ 18 պարբերությունը): Ավելին, այն հաշվի չի առել այն փաստը, որ նա իր հաղորդումը ներկայացրել է կոռուպցիոն գործողությունների մասին հայտնելու վերաբերյալ ընկերության պահանջին ի պատասխան։ Նրա նպատակն էր բացահայտել և քննել այն, ինչը, նրա կարծիքով, «ՀԷՑ»-ում եղել է կոռուպցիայի դրսևորում, և ներկայացրել է հանրային շահ: Նա հնարավորություն չի ունեցել ստուգելու իր հայտարարությունները՝ բացի դրանք հայցվորի ղեկավարության ուշադրությանը ներկայացնելուց։ Ինչ վերաբերում է նրա առաջին հայտարարությանը, նա պարզապես հաղորդել է այն, ինչ տեսել է տեղական լրատվամիջոցներում: Այնուամենայնիվ, դատարանը մերժել է համապատասխան լրատվական հոդվածների տպագրված նյութերը, քանի որ դրանք բնօրինակ փաստաթղթեր չեն եղել: Բացի այդ, «ՀԷՑ»-ը հրաժարվել է Դատարանին տրամադրել իր հաղորդմանը կից ներկայացված երեք նիշքերը, որոնք եղել են «ՀԷՑ»-ի պաշտոնական փաստաթղթերի հիման վրա կատարված վերլուծություններ և կարող էին ապացուցել նրա պնդումների ճշմարտացիությունը: Մարզային դատարանն այդ ապացույցները «ՀԷՑ» -ից չի ստացել նաև դատական կարգադրիչների ծառայության միջոցով: Ավելին, իր հաղորդման մեջ բերված հայտարարությունները հիմնավորելու համար նա դիմել է Մարզային դատարան՝ պահանջելով պարտավորեցնել «ՀԷՑ»-ին ներկայացնել որոշակի ապացույցներ, սակայն Դատարանը նույնիսկ չի դիտարկել նրա պահանջը: Այդ կերպ նա զրկվել է պաշտպանությամբ հանդես գալու իր հնարավորությունից։ Եվ վերջապես, նա պնդել է, որ Դատարանի կողմից իր նկատմամբ կիրառված պատասխանատվության միջոցը անհամաչափ է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ո՛չ ինքը, ո՛չ էլ իր կինը չեն ունեցել աշխատանք, և վնասը փոխհատուցելու միակ միջոցը եղել է նրանց բնակարանի վաճառքը:

20. 2015 թվականի հունիսի 19-ին Քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը մերժել է դիմումատուի բողոքը և անփոփոխ թողել Մարզային դատարանի վճիռը: Վերաքննիչ դատարանը, inter alia, վճռել է, որ այն փաստը, որ դիմումատուն իր հաղորդումը ներկայացրել է խիստ գաղտնիության պայմաններում և դրա համար պատասխանատու անձին, որևէ ազդեցություն չի ունեցել գործի լուծման վրա, քանի որ այն ներկայացվել է «երրորդ անձին», մասնավորապես՝ Յ.Մ.-ին: Ավելին, դիմումատուն իր հաղորդումը ներկայացնելիս չի նշել իր տեղեկատվության աղբյուրը՝ պնդելով, որ հայտնել է այն, ինչի մասին տեղեկացել է լուրերով, և որ որևէ ապացույց չի ներկայացվել իր հայտարարությունները հիմնավորելու համար: Ինչ վերաբերում է փոխհատուցման չափին, ապա Դատարանը այն համարել է արդարացի և դիմումատուի համար ֆինանսապես ոչ ծանր:

21. 2015 թվականի հուլիսի 20-ին դիմումատուն ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը 2015 թվականի օգոստոսի 19-ին Վճռաբեկ դատարանի կողմից վարույթ չի ընդունվել։ Այդ որոշման օրինակը նրան է հանձնվել 2015 թվականի սեպտեմբերի 4-ին։

22. 2016 թվականի օգոստոսի 29-ին Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության (ԴԱՀԿ) աշխատակիցը որոշում է կայացրել առգրավել դիմումատուի ավտոմեքենան: Մարզային դատարանի կողմից դիմումատուի նկատմամբ նշանակված վնասի չափը փոխհատուցելու համար ԴԱՀԿ-ի համապատասխան աշխատակիցները համապատասխանաբար՝ 2017 թվականի փետրվարի 16-ին և 2018 թվականի հոկտեմբերի 16-ին որոշում են կայացրել հրապարակային աճուրդով վաճառել դիմումատուի մեքենան և բնակարանը: Ավտոմեքենայի գնահատված արժեքը կազմել է 1.340.000 ՀՀ դրամ, իսկ մեկնարկային գինը սահմանվել է 1.005.000 ՀՀ դրամ: Ինչ վերաբերում է բնակարանին, ապա դրա գնահատված արժեքը կազմել է 5.000.000 ՀՀ դրամ, իսկ մեկնարկային գինը սահմանվել է 3.750.000 ՀՀ դրամ:

Որևէ տեղեկություն չի տրամադրվել այն մասին, թե արդյոք ԴԱՀԿ-ն վաճառել է դիմումատուի մեքենան և բնակարանը:

23. Դիմումատուն պնդել է, որ «ՀԷՑ»-ի ենթադրյալ կոռուպցիոն գործողությունները հանգեցրել են էլեկտրաէներգիայի գների բարձրացմանը 2015 թվականին, ինչը զանգվածային բողոքի ակցիաներ է առաջացրել Հայաստանի մայրաքաղաքում: Կառավարությունը չի վիճարկել այդ պնդումները:

ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ներպետական եՎ միջազգային ԻՐԱՎԱԿԱՆ ԴԱՇՏ

I. Համապատասխան ներպետական իրավունքը եՎ պրակտիկան

Ա. Քաղաքացիական օրենսգիրք (1999 թվական, տվյալ ժամանակահատվածում գործող)

24. Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածով նախատեսվում է, որ անձը, որի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորել են վիրավորանքի կամ զրպարտության միջոցով, կարող է դիմել դատարան` վիրավորանք հասցրած կամ զրպարտություն կատարած անձի դեմ: Վիրավորանքը խոսքի, պատկերի, ձայնի, նշանի կամ այլ միջոցով պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորելու նպատակով կատարված հրապարակային հայտարարությունն է: Հրապարակային հայտարարությունը կարող է չհամարվել վիրավորանք, եթե այն հիմնված է ստույգ փաստերի վրա (բացառությամբ բնական արատների) կամ հետապնդում է գերակա հանրային շահ: Զրպարտությունը անձի վերաբերյալ այնպիսի փաստական տվյալներ հրապարակային ներկայացնելն է, որոնք չեն համապատասխանում իրականությանը և արատավորում են նրա պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը: Զրպարտության վերաբերյալ գործերով անհրաժեշտ փաստական հանգամանքների առկայության կամ բացակայության ապացուցման պարտականությունը կրում է պատասխանողը: Այն փոխանցվում է հայցվորին, եթե ապացուցման պարտականությունը պատասխանողից պահանջում է ոչ ողջամիտ գործողություններ կամ ջանքեր, մինչդեռ հայցվորը տիրապետում է անհրաժեշտ ապացույցներին: Անձն ազատվում է վիրավորանքի կամ զրպարտության համար պատասխանատվությունից, եթե իր արտահայտած կամ ներկայացրած փաստական տվյալները լրատվական գործակալության տարածած տեղեկատվության, ինչպես նաև այլ անձի հրապարակային ելույթի, պաշտոնական փաստաթղթերի, լրատվության այլ միջոցի կամ հեղինակային որևէ ստեղծագործության բովանդակած տեղեկատվության բառացի կամ բարեխիղճ վերարտադրությունն են, և դա տարածելիս հղում է կատարվել տեղեկատվության աղբյուրին (այլ կերպ ասած՝ հեղինակին):

Բ. «Ազդարարման համակարգի մասին» օրենք (2017 թվականից գործող Ազդարարման մասին օրենք)

25. 2-րդ հոդվածի 1-ի մասի 1-ի կետը ազդարարումը սահմանում է որպես «ազդարարի կողմից պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, պետական հիմնարկներում և կազմակերպություններում, ինչպես նաև հանրային նշանակության կազմակերպություններում կոռուպցիոն բնույթի դեպքի կամ շահերի բախման կամ էթիկայի կանոնների կամ անհամատեղելիության պահանջների կամ այլ սահմանափակումների կամ եկամուտների հայտարարագրման հետ կապված խախտման կամ հանրային շահերին ուղղված այլ վնասի կամ դրա սպառնալիքի վերաբերյալ տեղեկությունների գրավոր կամ բանավոր հաղորդում Օրենքով նախատեսված իրավասու անձին կամ մարմին»։ 2-րդ հոդվածի 1-ի մասի 2-ի կետը ազդարարին սահմանում է որպես «ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որը Օրենքով նախատեսված կարգով բարեխղճորեն հաղորդում է տեղեկություններ կոռուպցիոն բնույթի դեպքի կամ շահերի բախման կամ էթիկայի կանոնների կամ անհամատեղելիության պահանջների կամ այլ սահմանափակումների կամ եկամուտների հայտարարագրման հետ կապված խախտման կամ հանրային շահերին ուղղված այլ վնասի կամ դրա սպառնալիքի վերաբերյալ` կապված այն պաշտոնատար անձի կամ հաստատության կամ կազմակերպության կամ կազմակերպության աշխատակցի հետ, որի հետ նա գտնվում կամ գտնվել է աշխատանքային կամ քաղաքացիաիրավական կամ վարչաիրավական կամ այլ ծառայողական հարաբերությունների մեջ կամ որին դիմել է ծառայությունների մատուցման նպատակով, կամ որը սխալմամբ ընկալվել է որպես ազդարար»:

Գ. Վճռաբեկ դատարանի 2012 թվականի ապրիլի 27-ի որոշումները (թիվ ԼԴ/0749/02/10 և ԵԿԴ/2293/02/10)

26. Վճռաբեկ դատարանի վերոնշյալ որոշումներում Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածում պարունակվող «հրապարակային հայտարարություն» եզրույթը մեկնաբանվել է որպես հայտարարություն, որ արվել է առնվազն մեկ «երրորդ անձի» ներկայությամբ։ Այն մասնավորապես սահմանում է, որ հրապարակային հայտարարությունը կամ հրապարակայնորեն հայտնելը կարող է դրսևորվել տպագրության միջոցով, ռադիոյի կամ հեռուստատեսության միջոցով հեռարձակմամբ, զանգվածային լրատվության միջոցներով, համացանցի միջոցով կամ հեռահաղորդակցության այլ միջոցներով տարածմամբ, հրապարակային ելույթներով կամ «որևէ այլ կերպ» նույնիսկ մեկ «երրորդ անձի» դրանք հաղորդակից դարձնելով։ Այդպիսի արտահայտությունների ներկայացումը հասցեատիրոջը չի կարող համարվել հրապարակային, եթե դրանք ներկայացնող անձը բավականաչափ միջոցներ է ձեռնարկել դրանց գաղտնիությունն ապահովելու ուղղությամբ, որպեսզի դրանք հասանելի չդառնան այլ անձանց:

Մեկնաբանվող հոդվածի կարգավորումից դուրս են այն դեպքերը, երբ հայտարարությունը կատարվել է ոչ հրապարակային (անձը վիրավորել է տուժողին՝ առանց երրորդ անձանց ներկայության):

II. Միջազգային եվ եվրոպական իրավական ԴԱՇՏը

27. Համապատասխան միջազգային և եվրոպական իրավունքը մեջբերված է Հալեթն ընդդեմ Լյուքսեմբուրգի [Halet v. Luxembourg] գործում ([ՄՊ] [GC], թիվ 21884/18, §§ 54-58, 2023 թվականի փետրվարի 14)։

28. ՄԱԿ-ի՝ կարծիքն ազատ արտահայտելու և ազատ արտահայտվելու իրավունքի խթանման և պաշտպանության հարցերով հատուկ զեկուցողն իր 2015 թվականի սեպտեմբերի 8-ի թիվ Ա/70/361 զեկույցում անդրադարձել է տեղեկատվության աղբյուրների և ազդարարների պաշտպանությանը։ Նրա փաստարկի համաձայն՝ «այն ազդարարները, որոնք, ելնելով ողջամիտ հիմքերից, հաղորդում են տեղեկություն, որը պարզվում է, որ ճիշտ չէ, այնուամենայնիվ, պետք է պաշտպանված լինեն վրեժխնդրությունից»:

29. 2014 թվականի ապրիլի 30-ին Նախարարների կոմիտեն ընդունել է Ազդարարների պաշտպանության մասին CM/Rec(2014)7 հանձնարարականը, որում ասվում է հետևյալը:

«...

Ընդունելով, որ այն անձինք, որոնք հաղորդում կամ տարածում են հանրային շահերի հետ կապված սպառնալիքների կամ վնասի մասին տեղեկություններ (ազդարարներ), կարող են նպաստել թափանցիկության և ժողովրդավարական հաշվետվողականության ամրապնդմանը:

...

Սույն հանձնարարականի և դրա սկզբունքների նպատակներով՝

... «ազդարար» նշանակում է «ցանկացած անձ, որը հաղորդում կամ տարածում է տեղեկություններ հանրային շահին սպառնացող վտանգի կամ վնասի մասին՝ իր աշխատանքային հարաբերությունների համատեքստում, լինի դա պետական, թե մասնավոր ոլորտում».

...

II. Անհատական շրջանակը

3. Ազգային իրավական դաշտի անհատական շրջանակը պետք է ներառի բոլոր այն անձանց, որոնք աշխատում են ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածներում՝ անկախ նրանց աշխատանքային հարաբերությունների բնույթից և այն հանգամանքից՝ արդյոք նրանք վարձատրվում են, թե՝ ոչ:

4. Ազգային իրավական դաշտը պետք է ներառի նաև այն անձանց, որոնց աշխատանքային հարաբերություններն ավարտվել են և հնարավոր է՝ դեռ չեն սկսվել այն դեպքերում, երբ հանրային շահերին ուղղված սպառնալիքի կամ վնասի մասին տեղեկությունները ձեռք են բերվել աշխատանքի ընդունվելու ընթացքում կամ նախապայմանագրային բանակցությունների մեկ այլ փուլում:

...

21. Ազդարարները պետք է պաշտպանված լինեն իրենց գործատուի և գործատուի մոտ աշխատող կամ նրա անունից գործող անձանց կողմից վրեժխնդրության բոլոր ձևերից, լինի դա ուղղակի կամ անուղղակի։ Նման վրեժխնդրության ձևերը կարող են ներառել աշխատանքից ազատումը, աշխատանքային պարտականությունների ժամանակավոր դադարեցումը, պաշտոնի իջեցումը, առաջխաղացման հնարավորությունների կորուստը, պատժիչ նպատակներով տեղափոխությունը և աշխատավարձի կրճատումը կամ պահումները, ոտնձգությունները կամ այլ պատժիչ կամ խտրական վերաբերմունք:

22. Պաշտպանության հնարավորությունը չպետք է կորսվի միայն այն հիմքով, որ հաղորդում կատարած կամ տեղեկություն տարածած անձը սխալվել է այդ տեղեկության կարևորության առնչությամբ, կամ որ հանրային շահերին ուղղված ենթադրյալ սպառնալիքը չի իրագործվել՝ պայմանով, որ նա ողջամիտ հիմքեր է ունեցել հավատալու դրա արժանահավատությանը:

...»։

Հանձնարարականի բացատրական հուշագրում ասվում է՝

«...

31. Ազդարարի դե ֆակտո աշխատանքային հարաբերությունը և ոչ թե նրա հատուկ իրավական կարգավիճակն (օրինակ ՝ աշխատող) է, որ անհատին տալիս է արտոնյալ հասանելիություն հանրային շահերին սպառնալու կամ վնաս հասցնելու վերաբերյալ տեղեկություններին: Ավելին, տարբեր անդամ պետություններում զբաղվածություն ունեցող կամ աշխատող անձանց իրավական նկարագրությունը, ինչպես նաև դրանից բխող նրանց իրավունքները և պարտավորությունները կարող են լինել տարբեր։ Բացի այդ, նախընտրելի է համարվել խրախուսել անդամ պետություններին որդեգրելու ավելի լայն մոտեցում հանձնարարականի անհատական շրջանակի նկատմամբ։ Այդ պատճառով որոշվել է անհատական շրջանակը նկարագրել՝ հղում կատարելով անձի «աշխատանքային հարաբերություններին»...

...

Հավելված. 29 սկզբունքները

...

Սկզբունք 22

85. Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մարդիկ իրենց մտահոգությունները բարձրաձայնում են ոչ միայն այն ժամանակ, երբ հանցագործությունն արդեն կատարվել է, և վնասն արդեն հասցվել է, այլ առավել հաճախ՝ հետագա վնասը և վտանգը կանխելու համար: Նույնիսկ այն դեպքերում, երբ անձը կարող է հիմքեր ունենալ ենթադրելու, որ առկա է այնպիսի խնդիր, որը կարող է լուրջ հետևանքներ ունենալ, հազվադեպ է պատահում, որն նա կարող է տիրապետել ամբողջական պատկերին: Հետևաբար անխուսափելի է, որ երկու իրավիճակներում էլ հաղորդման կամ տարածման հետագա քննությունը կարող է ցույց տալ, որ ազդարարը սխալվել է: 22-րդ սկզբունքը հստակ սահմանում է, որ տվյալ անձն այդ հանգամանքներում չպետք է կորցնի պաշտպանության հնարավորությունը: Ընդ որում, այս սկզբունքը ձևակերպվել է այնպես, որ բացառում է ազդարարի կողմից հաղորդում ներկայացնելու կամ տարածելու դրդապատճառի կամ դա անելու բարի կամքի դրսևորման կապը ազդարարի պաշտպանության ապահովման խնդրի հետ: 10-րդ սկզբունքով պաշտպանվում է յուրաքանչյուրի դիրքորոշումը, ով կորուստ կամ վնաս է կրել որևէ անձի կողմից դիտավորյալ և մտածված կեղծ տեղեկություններ հաղորդելու կամ տարածելու հետևանքով: Բացի այդ, նման հաղորդումներ ներկայացնող կամ տարածող անձը չպետք է պաշտպանված լինի օրենքով։

...»։

30. Եվրոպական պառլամենտի և խորհրդի 2019 թվականի հոկտեմբերի 23-ի՝ ԵՄ-ի իրավունքի խախտումների մասին հաղորդում ներկայացրած անձանց պաշտպանության մասին 2019/1937/ԵՄ հրահանգը անդամ պետությունների համար սահմանել է պահանջ մինչև 2021 թվականի դեկտեմբերի 17-ն ընդունել հրահանգին համապատասխանությունն ապահովելու համար անհրաժեշտ օրենքները, կարգավորումները և վարչաիրավական դրույթները:

Հրահանգի՝ անհատական շրջանակը սահմանող դրույթները շարադրվել են հետևյալ կերպ.

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։