Հոդված 4
Հոդված 4
Անհատական շրջանակը
«1. Սույն Հրահանգը կիրառվում է պետական կամ մասնավոր հատվածում աշխատող՝ հաղորդում ներկայացնող անձանց նկատմամբ, որոնք ստացել են աշխատանքի հետ կապված խախտումների մասին տեղեկություններ. այդ շրջանակը ներառում է առնվազն հետևյալ անձանց.
ա) Եվրոպական միության գործունեության մասին պայմանագրի 45(1) հոդվածի իմաստով աշխատողի կարգավիճակ ունեցող անձինք, այդ թվում՝ քաղաքացիական ծառայողները.
բ) Եվրոպական միության գործունեության մասին պայմանագրի 49 հոդվածի իմաստով ինքնազբաղվածի կարգավիճակ ունեցող անձինք.
գ) ձեռնարկության բաժնետերեր և վարչական, կառավարման կամ վերահսկողական մարմնում պաշտոն զբաղեցնող անձինք, ներառյալ` ոչ գործադիր անդամները, ինչպես նաև կամավորներն ու վճարովի կամ չվճարվող հիմունքներով վերապատրաստում անցնող անձինք.
դ) կապալառուների, ենթակապալառուների և մատակարարների հսկողության և ղեկավարության ներքո աշխատող ցանկացած անձ։
2. Սույն Հրահանգը կիրառվում է նաև հաղորդում ներկայացնող անձանց նկատմամբ, որոնք հաղորդում կամ հրապարակայնորեն տարածում են այնպիսի աշխատանքային հարաբերությունների հետ կապված խախտումների վերաբերյալ տեղեկություններ, որոնք արդեն ավարտվել են։
3. Սույն Հրահանգը կիրառվում է նաև հաղորդում ներկայացնող անձանց նկատմամբ, որոնց աշխատանքային բնույթի հարաբերությունները դեռ չեն սկսվել այն դեպքերում, երբ խախտումների մասին տեղեկությունները ստացվել են աշխատանքի ընդունման գործընթացում կամ այլ նախապայմանագրային բանակցությունների ընթացքում»:
ՕՐԵՆՔԸ
I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 10-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
31. Դիմումատուն բողոք է ներկայացրել այն մասին, որ վիրավորանքի և զրպարտության առնչությամբ իր դեմ կայացված դատարանի վճիռը խախտել է Կոնվենցիայի 10-րդ հոդվածով նախատեսված տեղեկություններ տրամադրելու իր իրավունքը: Նա նաև հիմնվել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի վրա, երբ պնդել է, որ խախտվել են պաշտպանության իր իրավունքները, երբ ներպետական դատարանների կողմից մերժվել է «ՀԷՑ»-ի տրամադրության տակ եղած այն ապացույցները ներկայացնելու՝ «ՀԷՑ»-ին պարտավորեցնող պահանջը, որոնք դիմումատուն համարել է անհրաժեշտ Վ. Բ.-ի վերաբերյալ իր պնդումները հիմնավորելու համար։
32. Դատարանը, հանդես գալով որպես գործի փաստերն օրենքի ուժով որակող մասնագիտացված կառույց (տե՛ս Ռոդամիլյան և այլք ընդդեմ Խորվաթիայի [ՄՊ] [Radomilja and Others v. Croatia [GC]], թիվ 37685/10 և 22768/12, §§ 114, 124 և 126, 2018 թվականի մարտի 20), համարում է, որ վերոնշյալ բողոքները պետք է քննել միայն Կոնվենցիայի 10-րդ հոդվածի համաձայն, որը շարադրված է հետևյալ բովանդակությամբ.
«1. Յուրաքանչյուր ոք ունի ազատ արտահայտվելու իրավունք։ Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, տեղեկություններ և գաղափարներ ստանալու և տարածելու ազատությունը՝ առանց պետական մարմինների միջամտության և անկախ սահմաններից...
2. Այս ազատությունների իրականացումը, քանի որ այն կապված է պարտավորությունների և պատասխանատվության հետ, կարող է պայմանավորվել այնպիսի ձևական պահանջներով, պայմաններով, սահմանափակումներով կամ պատասխանատվության միջոցներով, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության, տարածքային ամբողջականության կամ հասարակության անվտանգության, անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու, առողջությունը կամ բարոյականությունը, ինչպես և այլ անձանց հեղինակությունը կամ իրավունքները պաշտպանելու, խորհրդապահական պայմաններով ստացված տեղեկության տարածումը կանխելու կամ դատական իշխանության հեղինակությունն ու անաչառությունը պահպանելու նպատակով»:
Ա. Ընդունելիությունը
33. Դատարանը նշում է, որ սույն բողոքը ո՛չ ակնհայտորեն անհիմն է, ո՛չ էլ անընդունելի է Կոնվենցիայի 35-րդ հոդվածում նշված որևէ այլ հիմքով։ Հետևաբար այն պետք է հայտարարվի ընդունելի:
Բ. Ըստ էության քննությունը
1. Կողմերի փաստարկները
ա) Դիմումատուն
34. Դիմումատուն նշել է, որ համապատասխան տեղեկություններն իրեն հայտնի են դարձել «ՀԷՑ»-ում որպես Անվտանգության և վարչական հարցերի դեպարտամենտի պետ աշխատելու ընթացքում, և որ նա հաղորդում է ներկայացրել այդ մասին ընկերությանը՝ Վ.Բ.-ի ենթադրյալ կոռուպցիոն գործունեության մասին զգուշացնելու համար: Հետևաբար նա պետք է օգտվի ազդարարների համար նախատեսված պաշտպանությունից՝ չնայած այն հանգամանքին, որ հաղորդումը ներկայացնելու պահին նա այլևս «ՀԷՑ»-ի աշխատակից չէր (դիմումատուն հղում է կատարել Դատարանի նախադեպային իրավունքին և վերևում՝ 29 պարբերության մեջ նշված՝ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի կողմից ընդունված «Ազդարարների պաշտպանության մասին» CM/Rec(2014)7 հանձնարարականին):
35. Նա պնդել է, որ ազատ արտահայտվելու իր իրավունքին միջամտելը նախատեսված չէ օրենքով, քանի որ վերջինիս կողմից ներկայացված հաղորդումը չի համապատասխանում Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածում նշված «հրապարակային» համարվելու պահանջին, ինչպես մեկնաբանվել է Վճռաբեկ դատարանի կողմից (վերևում՝ 24 և 26 պարբերություններ): Այդուհանդերձ, ներպետական դատարաններն այդ եզրույթը մեկնաբանել են լայն իմաստով՝ այն տարածելով ցանկացած հայտարարության վրա, որը հայտնի է դարձել երրորդ կողմին: Երբ նա արձագանքել է կոռուպցիոն գործունեության կամ Ընկերությանը վնաս հասցնող ցանկացած այլ գործողության վերաբերյալ տեղեկություններ հաղորդելու մասին Ընկերության կոչին, նա չէր կարող կանխատեսել, որ հետագայում իրեն կհետապնդեն մասնավոր նամակագրության մեջ պարունակվող տեղեկությունների տարածման համար, որի գաղտնիությունը Ընկերությունը խոստացել էր պահպանել: Հետագայում Յ.Մ.-ի պահանջով նա ստորագրել է հաղորդումը և դա արել է միայն նրա ներկայությամբ։ Հետևաբար ներպետական դատարանները գտել են, որ նրա կողմից երբեք «հրապարակայնորեն» որևէ հայտարարություն չի արվել: Ակնհայտ է եղել, որ նրա հաղորդումը պետք է ուղարկվեր քննության, քանի որ դա էր Ընկերության կողմից սահմանված ընթացակարգի նպատակը։ Նա երբևէ հրապարակայնորեն հանդես չի եկել, փոխարենը ընտրել է հաղորդում ներկայացնելու ամենաքիչ վնասակար եղանակը, որը ենթադրվում էր, որ գաղտնի է: Ներպետական դատարանները պատշաճ կերպով հաշվի չեն առել տրամադրվող տեղեկությունների հանրային շահ ներկայացնելու բնույթը և գործը դիտարկել են որպես սովորական զրպարտության դեպք՝ այդ ժամանակ ազդարարների պաշտպանության համար իրավական դաշտի բացակայության պատճառով, ինչն ինքնին խնդրահարույց է եղել 10-րդ հոդվածի համաձայն: Նրանք չեն հաստատել արդարացի հավասարակշռություն վտանգված մրցակցային շահերի միջև: Եվ վերջապես, վնասի չափը, որը նրանից պահանջվել է վճարել, եղել է չափազանցված, արդյունքում ԴԱՀԿ-ն նրանից առգրավել է միակ բնակարանը և մեքենան՝ հրապարակային աճուրդում վաճառելու համար:
բ) Կառավարությունը
36. Կառավարությունը պնդել է, որ դիմումատուն չի կարող հիմնվել ազդարարների համար նախատեսված պաշտպանության վրա, որը ներպետական օրենսդրության մեջ ներառվել է միայն 2017 թվականին՝ ելնելով մասնավորապես սույն գործի հանգամանքներից: Ավելին, վիճարկվող հայտարարություններն անելու պահին նա այլևս «ՀԷՑ»-ի աշխատակից չէր, և հետևաբար նրա գործը տարբերվել է ազդարարներին վերաբերող՝ դատարանի նախադեպային իրավունքի գործերից։
Բոլոր դեպքերում դիմումատուի ազատ արտահայտվելու իրավունքին միջամտելը «սահմանված» է եղել օրենքով, քանի որ «հրապարակային հայտարարություն» եզրույթը վերաբերել է զրպարտություն կատարած և զրպարտության ենթարկված անձանցից տարբեր երրորդ անձի ներկայությամբ արված ցանկացած հայտարարության։ 2012 թվականի հուլիսի 11-ին իր հաղորդումը Յ.Մ.-ին փոխանցելուց հետո նա այլևս չէր կարող ակնկալել, որ իր նամակագրությունը կմնա գաղտնի, քանի որ այն փոխանցվելու էր Ընկերության մյուս աշխատակիցներին, որոնք պատասխանատու են եղել իր պնդումները քննելու համար: Բացի այդ, տեղեկությունները վերաբերել են Վ. Բ.-ին, և նրան մեղադրել են հանցավոր վարքագծի դրսևորման մեջ, ինչն ընկերությունը մանրամասն ուսումնասիրել է և հերքել՝ դրանք համարելով չհիմնավորված: Ըստ դիմումատուի պնդումների՝ դրանք վերաբերել են ոչ թե «ՀԷՑ»-ին, այլ միայն Վ.Բ.-ին, և պայմանավորված են եղել անձնական թշնամանքով, այլ ոչ թե հանրային շահով: Իրականում դիմումատուն չի ներկայացրել որևէ ապացույց իր հայտարարությունների ճշմարտացիությունը հիմնավորելու համար, թեև նրա կողմից առաջադրված մեղադրանքները կրել են լուրջ բնույթ և կարող էին նույնիսկ հանգեցնել Վ. Բ.-ի նկատմամբ քրեական հետապնդման: Եվ վերջապես, այդ հանգամանքներում նրա նկատմամբ փոխհատուցման մեծ գումար սահմանելը եղել է անհրաժեշտ՝ հաշվի առնելով գործընկերների աչքերում Վ. Բ.-ի պատիվն ու հեղինակությունն արատավորող իր պնդումների լրջությունը։
2. Դատարանի գնահատականը
37. Կողմերի միջև առկա է համընդհանուր կարծիք, որ դիմումատուի նկատմամբ կայացված քաղաքացիական դատարանների վճիռները «պետական մարմինների կողմից միջամտություն» են նրա ազատ արտահայտվելու իրավունքին: Հետևաբար պետք է որոշել՝ արդյոք այդ միջամտությունը եղել է «օրենքով սահմանված», արդյոք հետապնդել է 10-րդ հոդվածի 2-րդ կետում նշված մեկ կամ մի քանի իրավաչափ նպատակներ, և արդյոք այդ նպատակներն իրագործելու համար դրանք անհրաժեշտ են եղել ժողովրդավարական հասարակությունում (տե՛ս Բրչկո իսլամական համայնքի մեջլիսը և այլք ընդդեմ Բոսնիա և Հերցեգովինայի [ՄՊ] [Medžlis Islamske Zajednice Brčko and Others v. Bosnia and Herzegovina [GC]], թիվ 17224/11, § 67, 2017 թվականի հունիսի 27 և Գասպարին ընդդեմ Հայաստանի [Gaspari v. Armenia], (թիվ 2) , թիվ 67783/13, § 21, 2023 թվականի հուլիսի 11):
ա) Արդյո՞ք միջամտությունը եղել է օրենքով սահմանված
38. Դատարանը նշել է, որ ներպետական դատարաններն իրենց որոշումները կայացնելիս հիմնվել են Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի վրա (տե՛ս վերևում՝ 18, 20 և 24 պարբերությունները): Համապատասխանաբար, քննարկվող միջամտությունն ունեցել է իրավական հիմք: Կողմերը չեն համաձայնել այն հարցի շուրջ՝ արդյոք այն եղել է բավականաչափ հստակ, որպեսզի դիմումատուն այդ հանգամանքներում ողջամիտ կերպով կանխատեսի, որ գաղտնի ընթացակարգով անձնական նամակագրությամբ արված իր հայտարարություններն այդ դրույթի իմաստով կդիտարկվեն որպես «հրապարակային»: Դատարանն այդ ասպեկտին կանդրադառնա ներպետական դատարանների կողմից բերված պատճառաբանությունների համատեքստում՝ բողոքարկվող միջամտությունը հիմնավորելու վերաբերյալ (տես ստորև` 51‑53 պարբերությունները):
բ) Արդյո՞ք միջամտությունը հետապնդել է իրավաչափ նպատակ
39. Վիճարկվող միջամտությունը կարող է դիտարկվել որպես այլ անձանց, մասնավորապես Վ. Բ.-ի, որը տվյալ պահին եղել է «ՀԷՑ-ի» անվտանգության և վերահսկողության փոխտնօրեն, «հեղինակությունը կամ իրավունքները» պաշտպանելու իրավաչափ նպատակ:
գ) Արդյո՞ք միջամտությունն «անհրաժեշտ է եղել ժողովրդավարական հասարակությունում»
i) Ընդհանուր սկզբունքները
40. Ազատ արտահայտվելու իրավունքի իրացմանը միջամտելու անհրաժեշտության գնահատման ընդհանուր սկզբունքներն ամփոփ ներկայացված են Բեդատն ընդդեմ Շվեյցարիայի գործում [Bédat v. Switzerland ([GC]][ՄՊ], թիվ 56925/08, § 48, 2016 թվականի մարտի 29), իսկ վերջերս՝ Հալեթի գործում (վերևում հիշատակված, § 110)։
41. Սույն դեպքին համանման դեպքերում, երբ «այլ անձանց հեղինակության կամ իրավունքների պաշտպանության» շահերի մասով կիրառվում է 8-րդ հոդվածը, Դատարանից կարող է պահանջվել ստուգելու, թե արդյոք ներպետական մարմինները հաստատել են արդարացի հավասարակշռություն Կոնվենցիայով երաշխավորված երկու արժեքները, այն է՝ մի կողմից՝ արտահայտվելու ազատությունը (որը պաշտպանվում է 10-րդ հոդվածով) և մյուս կողմից՝ 8-րդ հոդվածով ամրագրված անձնական կյանքը հարգելու իրավունքը, պաշտպանելիս: Այս իրավունքների հավասարակշռության ապահովման համար կիրառվող ընդհանուր սկզբունքները, ինչպես նաև համապատասխան մոտեցումն ամփոփ ներկայացված են Բրչկո իսլամական համայնքի մեջլիսը և այլք [Medžlis Islamske Zajednice Brčko and Others] գործում (վերևում հիշատակված, §§ 77 և 78)։
ii) Սույն գործով ընդունվելիք մոտեցումը
1) Արդյո՞ք 10-րդ հոդվածով նախատեսված իրավունքի և 8-րդ հոդվածով նախատեսված իրավունքի միջև պետք է ապահովվի հավասարակշռություն
42. Դիմումատուի կողմից Վ. Բ.-ին առաջադրված մեղադրանքները եղել են բավական լուրջ և հետևաբար հասել են լրջության այնպիսի մակարդակի, որով հնարավոր է եղել վնաս հասցնել Վ. Բ.-ի՝ Կոնվենցիայի 8-րդ հոդվածով նախատեսված իրավունքներին (համեմատել Ուայթն ընդդեմ Շվեդիայի [White v. Sweden] գործը, թիվ 42435/02, § 25, 2006 թվականի սեպտեմբերի 19, Պֆայֆերն ընդդեմ Ավստրիայի [Pfeifer v. Austria] գործը, թիվ 12556/03, §§ 47-48, 2007 թվականի նոյեմբերի 15 և Ա.-ն ընդդեմ Նորվեգիայի [A. v. Norway], թիվ 28070/06, § 73, 2009 թվականի ապրիլի 9)։ Հետևաբար Դատարանը պետք է պարզի՝ արդյոք ներպետական մարմինները հաստատել են արդարացի հավասարակշռություն Կոնվենցիայով երաշխավորված երկու արժեքների միջև, այն է՝ մի կողմից՝ դիմումատուի՝ 10-րդ հոդվածով պաշտպանվող արտահայտվելու ազատության և մյուս կողմից՝ Վ. Բ.-ի՝ Կոնվենցիայի 8-րդ հոդվածով նախատեսված իր հեղինակությունը հարգելու իրավունքի միջև (տե՛ս Աքսել Սպրինգեր ԱԳ-ն ընդդեմ Գերմանիայի [ՄՊ] [Axel Springer AG v. Germany] [GC], թիվ 39954/08, § 84, 2012 թվականի փետրվարի 7)։
43. Եթե ներպետական մարմինները գործադրել են այդ իրավունքների միջև հավասարակշռություն հաստատելու ջանքեր, Դատարանը պետք է քննի, թե արդյոք նրանք իրենց գնահատման ժամանակ կիրառել են հարցի վերաբերյալ դրա նախադեպային իրավունքով սահմանված չափանիշները, և արդյոք այն հիմքերը, որոնք նրանց հանգեցրել են վիճարկվող որոշումները կայացնելուն, եղել են բավարար և համապատասխան, որպեսզի հիմնավորեն միջամտությունն ազատ արտահայտվելու իրավունքին (տե՛ս Սիկադն ընդդեմ Շվեյցարիայի [Cicad V. Switzerland], թիվ 17676/09, § 52, 2016 թվականի հունիսի 7): Այդ կապակցությամբ անհրաժեշտ է ի սկզբանե պարզել, թե արդյոք դիմումատուի հաղորդումը, ինչպես նա պնդել է, կարող է դիտարկվել որպես ազդարարում՝ դրա նախադեպային իրավունքի իմաստով:
2) Ազդարարների համար նախատեսված պաշտպանության առնչությամբ Դատարանի նախադեպային իրավունքի վերաբերելիությունը
44. Դատարանը վերահաստատել է, որ ազդարարների ազատ արտահայտվելու իրավունքի պաշտպանության ռեժիմը սովորաբար կիրառվում է այն դեպքերում, երբ համապատասխան աշխատողը կամ քաղաքացիական ծառայողն այն միակ անձն է կամ անձանց փոքր խմբի մասնիկը, որը տեղյակ է այն մասին, թե ինչ է տեղի ունենում աշխատավայրում, և այդպիսով ունի լավագույն հնարավորությունները՝ գործելու ի նպաստ հանրային շահերի՝ դրանց մասին տեղեկացնելով գործատուին կամ լայն հասարակությանը (տե՛ս Գուջան ընդդեմ Մոլդովայի [Guja v. Moldova], թիվ 14277/04, § 72, ՄԻԵԴ 2008): Այդուհանդերձ, աշխատողները պարտավոր են հավատարմություն, զսպվածություն և հայեցողություն ցուցաբերել իրենց գործատուի նկատմամբ, ինչը նշանակում է, որ արդար հավասարակշռություն փնտրելիս պետք է հաշվի առնել ազատ արտահայտվելու իրավունքի սահմանափակումները և աշխատանքային պայմանագրերին և մասնագիտական միջավայրին բնորոշ փոխադարձ իրավունքներն ու պարտավորությունները (տե՛ս վերևում հիշատակված Հալեթի գործը, § 116)։
45. Մինչ այժմ դատարանի կողմից քննված ազդարարման մասին գործերը վերաբերել են աշխատողի կողմից աշխատանքային հարաբերությունների ընթացքում ստացված ներքին տեղեկություններն արտաքին մարմնին կամ լայն հասարակությանը տրամադրելուն (տե՛ս նույն տեղում, վերևում հիշատակված Գուջայի գործը, § 72, Մարչենկոն ընդդեմ Ուկրաինայի գործը [Marchenko v. Ukraine], թիվ 4063/04, 2009 թվականի փետրվարի 19, Հեյնիշն ընդդեմ Գերմանիայի գործը [Heinisch v. Germany], թիվ 28274/08, ՄԻԵԴ 2011 (քաղվածքներ), Բուկուրը և Տոման ընդդեմ Ռումինիայի գործը [Bucur and Toma v. Romania], թիվ 40238/02, 2013 թվականի հունվարի 8, Մաթյուզն ընդդեմ Հունգարիայի գործը [Matúz v. Hungary], թիվ 73571/10, 2014 թվականի հոկտեմբերի 21, և Գավլիկն ընդդեմ Լիխտեյնշտեյնի գործը [Gawlik v. Liechtenstein], թիվ 23922/19, 2021 թվականի փետրվարի 16)։ Հալեթի գործով Դատարանը վճռել է, որ Կոնվենցիայի 10-րդ հոդվածով ազդարարների համար նախատեսված պաշտպանության դեպքում պետք է հիմնվել աշխատանքային հարաբերություններին բնորոշ առանձնահատկությունները հաշվի առնելու անհրաժեշտության վրա՝ մի կողմից՝ ենթակայության հարաբերություններին բնորոշ ակնկալվող հավատարմություն, զսպվածություն և շրջահայացություն ցուցաբերելու պարտականությունը և անհրաժեշտության դեպքում՝ օրենքով սահմանված գաղտնիության պահպանման պարտականությունը, իսկ մյուս կողմից՝ նրանց տնտեսական խոցելիությունն այն անձի, պետական հաստատության կամ ձեռնարկության նկատմամբ, որից կախված է նրանց աշխատանքը, և վերջիններիս կողմից վրեժխնդրության ենթարկվելու ռիսկը (տե՛ս վերևում հիշատակված Հալեթի գործը, § 119):
46. Ի հակադրություն դրա՝ սույն գործով Դատարանին առաջարկվել է որոշում կայացնել ազդարարների արտահայտվելու ազատության պաշտպանության ռեժիմի՝ այնպիսի իրավիճակում կիրառելիության հարցի վերաբերյալ, երբ աշխատավայրում հանրային շահին ենթադրաբար սպառնալիք կամ վնաս պատճառող գործողությունների և անգործության մասին տեղեկությունների հաղորդումը ներկայացվել է աշխատանքային հարաբերությունները դադարելուց հետո։ Ավելին, սույն գործի առանձնահատկությունը նաև այն փաստն է, որ դիմումատուն երբեք հրապարակային չի արտահայտվել, փոխարենը, հետևելով ընկերությունում կոռուպցիոն բնույթի գործունեության մասին տեղեկություններ հաղորդելու վերաբերյալ իր նախկին աշխատավայրի ղեկավարության հորդորին՝ օգտվել է հաղորդում ներկայացնելու միայն ներքին ուղիներից (տե՛ս վերևում՝ 6 և 7 պարբերությունները): Հետևաբար Դատարանը պետք է հաշվի առնի սույն գործի հատուկ հանգամանքները, որոնք տարբերում են վերևում՝ 45 պարբերության մեջ նշված նախադեպային իրավունքից:
Այս համատեքստում Դատարանը նկատում է, որ Եվրոպայում ներկայումս կիրառվող մոտեցումն այն է, որ աշխատանքից հեռանալը խոչընդոտ չէ ազդարարների պաշտպանության համար: Եվ իսկապես, ինչպես Նախարարների կոմիտեի CM/Rec(2014)7 հանձնարարականը (Սկզբունք 4, տե՛ս վերևում՝ 29 պարբերությունը), այնպես էլ 2019/1937/ԵՄ հրահանգը (Հոդված 4, տե՛ս վերևում՝ 30-րդ պարբերությունը), որոնցից վերջինս Հայաստանի համար պարտադիր չէ, քանի որ այն ԵՄ անդամ պետություն չէ, նախատեսում են ազդարարների արտահայտվելու ազատության պաշտպանություն նաև նախկին աշխատակիցների համար։ Նմանատիպ մոտեցում է կիրառվել Ազդարարների մասին օրենքում, որը սույն գործից հետո ներդրվել է ներպետական օրենսդրության մեջ (տե՛ս վերևում՝ 25 պարբերությունը): Վերոնշյալ հանձնարարականի բացատրական հուշագրում (31-րդ պարբերություն) նշվում է, որ հանրային շահերին սպառնացող կամ վնաս հասցնող տեղեկություններին անհատը հասանելիություն է ստանում ազդարարի դե ֆակտո աշխատանքային հարաբերության և ոչ թե նրա հատուկ իրավական կարգավիճակի (օրինակ՝ աշխատակից լինելու կարգավիճակը) ուժով:
Հաշվի առնելով վերոնշյալ 45 պարբերության մեջ նկարագրված իր մոտեցումը՝ Դատարանը համարում է, որ սույն գործի հանգամանքներում, երբ ծառայողական իրավախախտման մասին հաղորդումը ներկայացվում է աշխատանքից ազատվելուց հետո, ազդարարների արտահայտվելու ազատության պաշտպանության ռեժիմը չպետք է ավտոմատ կերպով դադարի կիրառվել միայն այն պատճառով, որ աշխատանքային հարաբերություններն ավարտվել են: Իրականում այդ պաշտպանությունը սկզբունքորեն կարող է կիրառվել, եթե հանրային շահ ներկայացնող տեղեկությունը ստացվել է այն ժամանակ, երբ, ելնելով իր աշխատանքային հարաբերություններից՝ «ազդարարն» ունեցել է արտոնյալ հասանելիություն այդ տեղեկությանը: Այն դեպքերում, երբ աշխատանքային հարաբերությունները դադարում են, աշխատավայրում բացասական հետևանքներ կրելու հարց չի կարող առաջանալ, սակայն նախկին աշխատողի նկատմամբ վրեժխնդրությունը կարող է ունենալ այլ դրսևորումներ: Կարևորն այն է, թե արդյոք նախկին աշխատակցին պատճառված վնասը եղել է գաղտնի տեղեկությունը բացահայտելու անմիջական հետևանք:
47. Ի տարբերություն վերևի 45 պարբերության մեջ նկարագրված դեպքերի՝ սույն գործով դիմումատուն իր հաղորդումը ներկայացրել է այն ժամանակ, երբ այլևս «ՀԷՑ»-ի աշխատակից չէր։ Նրա համար աշխատանքի ընթացքում բացասական հետևանքներ չեն առաջացել, քանի որ նրա աշխատանքային հարաբերությունները դադարած են եղել: Այնուամենայնիվ, նրա հաղորդումը հիմնականում հիմնված է եղել այն տեղեկության վրա, որը նա ստացել է «ՀԷՑ»-ում աշխատելու ընթացքում: 1-ին հայտարարությունից բացի, որի աղբյուրը եղել են տեղական լրատվամիջոցները և խորհրդարանի նախկին պատգամավորի հայտարարությունը, դիմումատուն Վ. Բ.-ի կողմից ոչ իրավաչափ վարքագծի կոնկրետ դրսևորումների մասին հաղորդել է «ՀԷՑ»-ին՝ հիմնվելով այն տեղեկությունների վրա, որոնք նա ստացել է աշխատանքի վայրում՝ ունենալով արտոնյալ հասանելիություն նշված տեղեկություններին՝ այդ ժամանակ հանդես գալով որպես Անվտանգության և վարչական հարցերի դեպարտամենտի պետ։
Հետևաբար նա կարող է համարվել «այն միակ անձը կամ անձանց փոքր խմբի մասնիկը, որը տեղեկացված է եղել այն մասին, թե ինչ է կատարվում աշխատավայրում և այդպիսով, ունեցել է լավագույն հնարավորությունները գործելու ի նպաստ հանրային շահի՝ այդ մասին զգուշացնելով գործատուին կամ լայն հասարակությանը» (հակադրության համար տե՛ս Վոյչուկն ընդդեմ Լեհաստանի գործը [Wojczuk v. Poland ], թիվ 52969/13, § 85, 2021 թվականի դեկտեմբերի 9, որի դեպքում դիմումատուն անանուն հաղորդումով իրավասու մարմիններին հայտնում է իր գործատուի առնչությամբ ֆինանսական և ծառայողական բնույթի թերությունների մասին՝ չունենալով հասանելիություն վերջինիս ֆինանսական փաստաթղթերին կամ որևէ տեղեկություն՝ իր գործընկերների կողմից վատ կառավարման կամ ոչ պատշաճ գործունեության դեպքերի մասին)։ Ավելին, որպես իր հաղորդումը ներկայացնելու ուղղակի հետևանք, նա ենթարկվել է քաղաքացիական պատասխանատվության։ Հետևաբար, չնայած սույն գործի առանձնահատուկ համատեքստին, Դատարանը, այնքանով, որքանով դա կհամարի նպատակահարմար, կկիրառի Գուջայի գործով սահմանված (§§ 72-78) և Հալեթի գործով վերահաստատված (§§ 121-54) ընդհանուր չափանիշներն ու սկզբունքները՝ հետևյալի գնահատման համար.
ա) արդյո՞ք եղել են տեղեկության տարածման այլընտրանքային ուղիներ.
բ) տարածված տեղեկության նկատմամբ հանրային շահը.
գ) տարածված տեղեկության հավաստիությունը.
դ) գործատուին պատճառած վնասը.
ե) արդյո՞ք ազդարարը գործել է բարեխղճորեն.
զ) պատասխանատվության միջոցի խստությունը:
48. Դատարանը նաև նշում է, որ ազդարարներին ցուցաբերվող մոտեցումը և վերը նշված չափանիշները նախադեպային իրավունքում ձևավորվել են մինչև սույն գործով նկարագրված դեպքերը: Հետևաբար լոկ այն փաստը, որ ազդարարների համար նախատեսված պաշտպանության ռեժիմը ներպետական օրենսդրության մեջ ներդրվել է միայն սույն գործով տեղի ունեցած դեպքերից հետո, ներպետական դատարաններին չի ազատել համապատասխան իրավունքները կամ շահերը Դատարանի կողմից նախատեսված ընթացակարգերին համապատասխան և դրա կողմից սահմանված չափանիշներով գնահատելու իրենց պարտականությունից (համեմատության համար տե՛ս վերևում հիշատակված Հալեթի գործը, § 162), ինչպես, ըստ երևույթին, պնդում է Կառավարությունը (տե՛ս վերևում՝ 36 պարբերությունը):
iii) Սույն գործի նկատմամբ վերոնշյալ սկզբունքների կիրառումը
49. Դատարանը նախ նկատում է, որ ներպետական դատարանները տվյալ գործը դիտարկել են որպես զրպարտության շուրջ սովորական վեճ և չեն կիրառել վերոնշյալ սկզբունքները: Ճիշտ է, որ դիմումատուն կոնկրետ չի հիմնվել ազդարարների համար նախատեսված արտահայտվելու ազատության պաշտպանության վրա, այլ հղում է կատարել պետական պաշտոնյաների վարքագծի կանոնների խախտման մասին հաղորդումների ներկայացման վերաբերյալ Դատարանի նախադեպային իրավունքին։ Այդուհանդերձ, նա ներկայացրել է մի շարք փաստարկներ, որոնք վերաբերել են ազդարարների հետ կապված գործերի դեպքում կիրառվող չափանիշներին, և այդպիսով ներպետական դատարաններին հնարավորություն են ընձեռել իր գործի վերաբերյալ որոշում կայացնել այդ տեսանկյունից (տե՛ս վերևում՝ 19 պարբերությունը):
50. Հետևաբար Դատարանը կգնահատի, թե ինչպես են ներպետական դատարաններն արձագանքել դիմումատուի փաստարկներին, և որոշում կկայացնի վերևում նշված 47 պարբերության մեջ ներկայացված սկզբունքներին և չափանիշներին համապատասխանության մասին, և անհրաժեշտության դեպքում դրանք ինքը կկիրառի սույն գործում (համեմատության համար տե՛ս վերևում հիշատակված Հալեթի գործը, § 158):
1) Հաղորդում ներկայացնելու ներքին ուղիները
51. Ի տարբերություն Դատարանի կողմից նախկինում քննված գործերի (տե՛ս վերևում՝ 45-րդ պարբերությունը)՝ սույն գործով դիմումատուն ոչ իրավաչափ վարքագծի ենթադրյալ գործողությունների մասին հաղորդումը չի ներկայացրել իրավասու պետական մարմիններին կամ մամուլին: Փոխարենը, նա ընտրել է հաղորդում ներկայացնելու ներքին ուղիները և իր հաղորդումը ներկայացրել իր նախկին աշխատավայրի ղեկավարությանը՝ ի պատասխան այդպիսի տեղեկություններ հաղորդելու վերաբերյալ վերջինիս հորդորին։ Ավելին, Ընկերությունը խոստացել է, որ այդ մասին ներկայացված բոլոր հաղորդումները կմնան անանուն և գաղտնի։ Դիմումատուն ներպետական դատարաններում նշել է, որ նա օգտվել է հավանական ծառայողական խախտման քննության համար Ընկերության կողմից սահմանած ընթացակարգից և իր անձնական էլեկտրոնային փոստով իր հաղորդումն ուղարկել է այն մարմին, որին վերապահված է գաղտնի ընթացակարգի մաս ներկայացվող այդպիսի հաղորդումների քննության գործառույթը։ Այնուամենայնիվ, մարզային դատարանը որպես ապացույց չի ընդունել Ընկերության առցանց հայտարարության օրինակը և մերժել է դիմումատուի փաստարկները՝ նշելով, որ «ՀԷՑ»-ում աշխատանքից հեռանալուց հետո նման հարցերի մասին հաղորդում ներկայացնելը նրա իրավասության շրջանակում չէ (տե՛ս վերևում՝ 18 պարբերությունը): Վերաքննիչ դատարանն իր հերթին պարզապես նշել է, որ դիմումատուն վիճարկվող տեղեկությունը տրամադրել է քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի իմաստով «երրորդ անձի» և այդպիսով «հանրայնացրել է» այն (տե՛ս վերևում՝ 20 պարբերությունը):
52. Դատարանի կարծիքով՝ մերժելով դիմումատուի վերոնշյալ փաստարկները՝ ներպետական դատարանները հաշվի չեն առել գործի ընդհանուր համատեքստը: Մասնավորապես, ինչպես նշվել է վերևում, սույն գործի առանձնահատկությունը նաև այն փաստն է, որ դիմումատուն չի դիմել հրապարակայնորեն տարածելուն, փոխարենը նա օգտվել է հաղորդում ներկայացնելու միայն ներքին մեխանիզմից, որն ամենամոտն է եղել խնդրի աղբյուրին, եղել է առավել հարմար քննության անցկացման համար և նախատեսել է դրա համար հատուցում տրամադրելու լիազորություններ և ավելին, որը ենթադրվել է, որ պետք է լիներ խիստ գաղտնի։ Ներքին քննության կոնկրետ նպատակը նրա պնդումները հաստատելը կամ հերքելն էր։ Ինչպես նշվել է վերևում՝ 46 պարբերության մեջ, աշխատավայրում ենթադրյալ խախտումների հիմքով նախկին աշխատակիցներին մեղադրելու առնչությամբ ազդարարների արտահայտվելու ազատության պաշտպանությունը չի կարող մերժվել միայն այն հիմքով, որ նրանց աշխատանքային հարաբերությունները դադարել են: Դատարանն ընդգծում է ազդարարների կարևոր առաջատար դերը, որը նրանք կարող են ունենալ հանրային շահ ներկայացնող տեղեկությունները բացահայտելու գործում (տե՛ս վերևում հիշատակված Հալեթի գործը, § 120), ինչը թույլ է տալիս ապահովել հաշվետվողականություն ենթադրյալ ոչ իրավաչափ վարքագծի համար և հայտնաբերել նրանց, ովքեր կարող են պատասխանատվության ենթարկվել պատճառված ցանկացած վնասի համար:
53. Բացի այդ, Դատարանի համար դժվար է հասկանալ, թե ինչպես են ներպետական դատարանները գտել, որ «հրապարակայնորեն» արված կարող է համարվել դիմումատուի կողմից հաղորդում ներկայացնելը Յ.Մ.-ին՝ Ընկերության տնտեսական անվտանգության և վարչական հարցերով տնօրենին, որը, ինչպես հետևում է Վերաքննիչ դատարանի որոշումից, պատասխանատու է եղել ներքին հարցման շրջանակներում ներկայացված բողոքների քննության համար (տե՛ս վերևում՝ 20 պարբերությունը)։ Ավելին, դիմումատուին իր հաղորդման գաղտնիությունն ապահովելու բոլոր միջոցները չձեռնարկելու մեջ մեղադրելիս (տե՛ս վերևում 18 պարբերությունը) մարզային դատարանը չի նշել, թե ինչ միջոցներ պետք է ձեռնարկեր դիմումատուն, եթե նա գիտեր, որ ընկերությունը խոստացել է պահպանել հաղորդումների գաղտնիությունը։ Այս ձևական մոտեցումը ոչ միայն ոտնահարում է նրա պաշտպանության իրավունքները, այլ կարող է բացասաբար ազդել ցանկացած նախկին կամ ներկա աշխատողի վրա, որը որոշում է գործատուին տեղեկացնել իր գործող աշխատակիցների որևէ ծառայողական խախտման մասին:
2) հաղորդվող տեղեկության առնչությամբ հանրային շահը
54. Անդրադառնալով դիմումատուի հաղորդման բովանդակությանը՝ Դատարանը նկատում է, որ այն հիմնականում վերաբերել է այն ժամանակ «ՀԷՑ»-ում ավագ պաշտոն զբաղեցնող աշխատակցի՝ Վ. Բ.-ի կողմից պաշտոնեական դիրքի չարաշահման, ոչ պատշաճ վարքագծի և կոռուպցիոն գործունեության դրսևորման դեպքերին: Դատարանը նախկինում պարզել է, որ անօրինական գործողությունների կամ գործելակերպի վերաբերյալ տեղեկությունները միանշանակ ներկայացնում են խիստ հատուկ հանրային շահ (տե՛ս վերևում հիշատակած Հալեթի գործը, §§ 134-35 և 141), նույնիսկ այն դեպքում, երբ դրանք վերաբերում են մասնավոր ընկերությունների տնօրենների հաշվետվողականությանը (տե՛ս Պետրո Կարբո Չեմ Ս. Ե.-ն ընդդեմ Ռումինիայի [ Petro Carbo Chem S.E. v. Romani], թիվ 21768/12, § 43, 2020 թվականի հունիսի 30) կամ հանրային շահ ներկայացնող կազմակերպության կողմից հարկային պարտավորությունները չկատարելուն (տե՛ս Պուբլիկո-Կումունիկացիո Սոշալ, Ս.Ա. և այլք ընդդեմ Պորտուգալիայի [Público - Comunicação Social, S.A. and Others v. Portugal], թիվ 39324/07, § 47, 2010 թվականի դեկտեմբերի 7)։ Այս կապակցությամբ հարկ է նշել, որ «ՀԷՑ»-ը չի եղել սովորական մասնավոր ընկերություն։ Այն Հայաստանի էլեկտրաէներգիայի հիմնական մատակարարն էր, և ըստ երևույթին, նրա որոշ որոշումների համար պետք է ձեռք բերվեր կառավարության նախնական հավանությունը (տե՛ս 8 պարբերության մեջ մեջբերված դիմումատուի հաղորդման մեջ ներկայացված 7-րդ հայտարարությունը, որը կառավարությունը չի վիճարկել, տե՛ս նաև վերևում՝ 23 պարբերությունը): Որպես այդպիսին, «ՀԷՑ»-ի և դրա աշխատակիցների նկատմամբ իրականացվել է ավելի լայն հանրային վերահսկողություն, և դրա պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքի չարաշահման և կոռուպցիոն գործողությունների վերաբերյալ ցանկացած պնդումների վերաբերյալ քննությունը, անկասկած, բխել է հանրային շահերից (համեմատության համար տե՛ս վերևում հիշատակված Հալեթի գործով նշված նախադեպային իրավունքը, § 134):
55. Ներպետական դատարանները, սակայն, ողջամիտ ձևով հաշվի չեն առել դիմումատուի այն փաստարկները, որ իր հաղորդումը կատարվել է հանրային շահերից ելնելով (համեմատության համար տե՛ս վերևում հիշատակված Բուկուրը և Տոմայի գործը, § 104): Մարզային դատարանը մասնավորապես մերժել է այն այնպիսի հիմքով, որ «գերակա հանրային շահ» ներկայացնող պատճառներով տեղեկության տարածումը նախատեսված է լրատվամիջոցների ներկայացուցիչների, այլ ոչ թե դիմումատուի նման սովորական քաղաքացիների համար, մինչդեռ Վերաքննիչ դատարանը պարզապես հաստատել է այս եզրահանգումը (տե՛ս վերևում՝ 18 և 20 պարբերությունները): Այսպիսով, ներպետական դատարանները դիմումատուի հաղորդման բովանդակությունը չեն դիտարկել հանրային շահի տեսանկյունից և ավելին, էապես սահմանափակել են հանրային շահ ներկայացնող հարցերի մասին ազատ արտահայտվելու իրավունքի պաշտպանության շրջանակը, ինչը, Դատարանի կողմից հաստատված նախադեպային իրավունքի համաձայն, չի սահմանափակվում զանգվածային լրատվամիջոցներով, այլ իրացվում է լայն հասարակության կողմից։
3) Հաղորդում ներկայացնելու բացասական ազդեցությունը
56. Դատարանը վերահաստատում է, որ տեղեկության տարածման դեպքերը կարող են վնասել ընկերությունների մասնագիտական հեղինակությանը և գործարար շահերին, դրանց առևտրային գործունեության արդյունավետությանը և կենսունակությանը՝ ի շահ բաժնետերերի և աշխատակիցների, ինչպես նաև ավելի լայն տնտեսական բարեկեցության տեսանկյունից (տե՛ս, համապատասխան փոփոխություններով (mutatis mutandis) վերևում հիշատակված Հեյնիշի գործը, §§ 88 և 89)։ Սույն գործով ներպետական դատարանները չեն դիտարկել այդ հարցը: Դատարանում չի վիճարկվել նաև դիմումատուի նախկին գործատուին վնաս պատճառելու հարցը: Այդ հանգամանքներում Դատարանը կարիք չունի հարցը քննել սեփական միջնորդությամբ։ Ինչ վերաբերում է դիմումատուի կողմից Վ. Բ.-ին հաղորդում ներկայացնելու բացասական հետևանքներին (տե՛ս վերևում՝ 42 պարբերությունը), ապա Դատարանը վերահաստատում է, որ դիմումատուն իր հաղորդումը ներկայացրել է՝ օգտվելով հաղորդումներ ներկայացնելու ներքին ընթացակարգից, և հետևաբար Վ.Բ.-ի հեղինակության վրա ցանկացած ազդեցության շրջանակ սահմանափակ է։ Հիմքեր չկան ենթադրելու, որ դիմումատուի հաղորդման առնչությամբ մեկնարկած ներքին քննությունը չափազանց մեծ վնաս է հասցրել Վ.Բ.-ի հեղինակությանը: Ներպետական դատարանները չեն բացատրել, թե ինչու է այդպիսի վնասը, որի բնույթն ու շրջանակը, ընդ որում, չեն որոշվել, կարևորվել ավելի, քան «ՀԷՑ»-ում հաշվետվողականություն ապահովելու նպատակով ծառայողական խախտման ենթադրյալ գործողությունների մասին ներքին հաղորդում ներկայացնելու ընդհանուր շահը (համեմատության և հակադրության համար տե՛ս վերևում հիշատակված Բրչկո իսլամական համայնքի մեջլիսը և այլք գործը, §§ 105-106, որտեղ դիմումատու ՀԿ-ի հաղորդումը հետագայում հայտնվել է մամուլում՝ մեծացնելով հաղորդման սուբյեկտի վրա բացասական ազդեցությունը):
4) տարածվող տեղեկության հավաստիությունը և բարեխղճությունը
57. Ինչ վերաբերում է տեղեկության հավաստիությանը, ապա ներպետական դատարանները, հղում կատարելով «ՀԷՑ»-ում անցկացված ներքին քննության արդյունքներին, գտել են, որ դիմումատուն չի ապացուցել իր հաղորդման ճշմարտացիությունը (տե՛ս վերևում՝ 18 և 20 պարբերությունները): Այս կապակցությամբ Դատարանն արդեն ընդունել է, որ որոշակի հանգամանքներում ազդարարների կողմից տրամադրվող տեղեկության վրա կարող է տարածվել ազատ արտահայտվելու իրավունքը, նույնիսկ եթե հետագայում ապացուցվել է, որ տվյալ տեղեկությունը կեղծ է կամ հնարավոր չի եղել ապացուցել, որ այն ճիշտ է: Այնուամենայնիվ, դա կիրառելու համար ազդարարը պետք է ուշադիր ստուգի տեղեկության ճշմարտացիությունը և հավաստիությունը: Այսպիսով, այն ազդարարները, որոնք ցանկանում են ստանալ Կոնվենցիայի 10-րդ հոդվածով նախատեսված պաշտպանություն, պետք է դրսևորեն պատասխանատու վարքագիծ նախքան տեղեկությունը հանրայնացնելը՝ հնարավորության դեպքում համոզվելով, որ այն տեղեկությունը, որ նրանք ցանկանում են բացահայտել, հավաստի է (տե՛ս վերևում հիշատակված Հալեթի գործը, § 127):
58. Դատարանը նաև հղում է կատարում (2014)7 հանձնարարականի բացատրական հուշագրում շարադրված սկզբունքին (տե՛ս վերևում՝ 29 պարբերությունը), որով նախատեսվում է, որ «[ն]ույնիսկ այն դեպքերում, երբ անձը կարող է հիմքեր ունենալ ենթադրելու, որ կա խնդիր, որը կարող է լուրջ հետևանքներ ունենալ, հազվադեպ է պատահում, որ նրանք տեղեկացված լինեն ամբողջական պատկերի մասին: Հետևաբար անխուսափելի է ..., որ տեղեկությունների հաղորդման կամ տարածման հետագա քննությունը կարող է ցույց տալ, որ ազդարարը սխալվել է» (տե՛ս բացատրական հուշագիրը, Հավելված, § 85): Հավասարապես, ինչպես հայտարարել է ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը, այն ընդունում է, որ «այն ազդարարները, որոնք ելնելով ողջամիտ հիմքերից, հաղորդում են տեղեկություններ, որոնք, ինչպես պարզվում է, չեն համապատասխանում իրականությանը, այնուամենայնիվ, պետք է պաշտպանված լինեն վրեժխնդրությունից» (տե՛ս վերևում՝ 28 պարբերությունը): Այդ հանգամանքներում ցանկալի է, որ քննարկվող անձը չզրկվի ազդարարների համար նախատեսված պաշտպանության արտոնություններից՝ պայմանով, որ պահպանվեն այդ պաշտպանության իրավունքը ստանալու համար նախատեսված պահանջներին համապատասխանությունը (տե՛ս վերևում հիշատակված Հալեթի գործը, § 125)։
59. Անդրադառնալով սույն գործին՝ Դատարանը նախ նկատում է, որ ինչպես նշված է դիմումատուի հաղորդման մեջ, 1-ին հայտարարությամբ հայտնած տեղեկությունները հրապարակվել են տեղական լրատվամիջոցներում և խորհրդարանի նախկին պատգամավորի հայտարարության մեջ (տե՛ս վերևում՝ 8 պարբերությունը), որը դիմումատուն ակնհայտորեն տրամադրել է ներպետական դատարաններին (համեմատության և հակադրության համար տե՛ս վերևում հիշատակված Բրչկո իսլամական համայնքի մեջլիսը և այլք գործը, § 100): Այդուհանդերձ, դատարանները նախ մերժել են այդ հայտարարությունը հիմնավորող ապացույցները, այնուհետև նախատել դիմումատուին՝ հաղորդման մեջ հայտարարության աղբյուրը չնշելու համար (տե՛ս վերևում՝ 18, 19 և 20 պարբերությունները), որի արդյունքում համարել են, որ դիմումատուն այդ հայտարարության հեղինակն է: Ինչ վերաբերում է մնացած հայտարարություններին, Դատարանը նկատում է, որ դիմումատուն նախկինում զբաղեցրել է «ՀԷՑ»-ի անվտանգության և վարչական հարցերի դեպարտամենտի պետի պաշտոնը, և ինչպես նա է պնդել, իր հաղորդումը հիմնված է եղել այն տեղեկությունների վրա, որոնք նա ստացել է որպես «ՀԷՑ»-ում ավագ պաշտոն զբաղեցնող նախկին աշխատակից, որը պատասխանատու է ոչ իրավաչափ վարքագծի դրսևորումների քննության համար (տե՛ս վերևում՝ 5, 8, 19 և 34 պարբերությունները)։ Թեև Դատարանին չեն ներկայացվել Ընկերության ներքին քննության արդյունքներն այնպես, ինչպես դրանք ամփոփվել են ներպետական դատարանների վճիռներում, դիմումատուի որոշ հայտարարություններ չհիմնավորված չեն համարվել (տե՛ս վերևում՝ 11 և 12 պարբերությունները): Միևնույն ժամանակ, թեև դիմումատուն իր հաղորդման հետ միասին Ընկերությանը որպես ապացույց ներկայացրել է որոշակի նյութեր (տե՛ս վերևում՝ 8 պարբերության մեջ հիշատակված 3-րդ հայտարարությունը և դիմումատուի հաղորդման վերջին պարբերությունը), նա հետագայում չի կարողացել ստուգել դրանք, քանի որ այլևս չի աշխատել «ՀԷՑ»-ում (հակադրության համար տե՛ս վերևում հիշատակված Գավլիկի գործը, §§ 77-78): Մարզային դատարան ներկայացրած նրա պահանջը՝ «ՀԷՑ»-ից այնպիսի ապացույցներ պահանջելու մասին, որոնք ինքը չէր կարող ձեռք բերել, ինչպես նաև այդ կապակցությամբ նրա հետագա բողոքարկումները մնացել են անարդյունք (տե՛ս վերևում՝ 18, 19 և 20 պարբերությունները):
60. Ինչ վերաբերում է նրա բարեխղճությանը, Դատարանը նշում է, որ գործի նյութերից հնարավոր չէ ենթադրել, որ վիճարկվող հայտարարություններն ուղղված են եղել գլխավորապես Վ. Բ.-ին մեղադրելուն: Կառավարության պնդումները, որ նա իր հաղորդումը ներկայացրել է՝ ելնելով անձնական թշնամանքից, չեն քննարկվել, առավել ևս չեն հաստատվել ներպետական դատարանների կողմից: Հատկանշական է, որ իր հաղորդման մեջ դիմումատուն մասնավորապես խնդրել է Ընկերությանը «ստուգել ներկայացված փաստերը», և ինչպես ներկայացվել է վիճարկվող վարույթի իր բողոքում, նրա նպատակը եղել է այն, որ Ընկերությունը քննի հաղորդման մեջ ներկայացված տեղեկությունը (տե՛ս վերևում՝ 8 և 19 պարբերությունները): Հետևաբար նա տեղեկացրել է իրավասու ներպետական մարմնին այն վարքագծի մասին, որը, իր կարծիքով, եղել է տարօրինակ և անօրինական (հակադրության համար տե՛ս վերևում հիշատակված Բրչկո իսլամական համայնքի մեջլիսը և այլք գործը, §§ 102-103): Այս համատեքստում տեղեկության տարածման հասցեատերերը ևս դիմումատուի բարեխղճության գնահատման տարր են (տե՛ս վերևում հիշատակված Հալեթի գործը, § 128, և հակադրության համար տե՛ս Բալենովիչն ընդդեմ Խորվաթիայի (որոշում) [Balenović v. Croatia (dec.)], թիվ 28369/07, 2010 թվականի սեպտեմբերի 30): Ինչպես նշվել է վերևում, դիմումատուն չի դիմել լրատվամիջոցների կամ որևէ այլ արտաքին՝ քննության իրականացման մարմնի, այլ փորձել է Ընկերության ներսում շտկել այն իրավիճակը, որի դեմ բողոք է ներկայացվել (տե՛ս 51 և 52 պարբերությունները):
5) պատասխանատվության միջոցի խստությունը
61. Վերջապես, ինչ վերաբերում է դիմումատուի դեմ հարուցված քաղաքացիական գործի արդյունքում նրա նկատմամբ կիրառված միջոցի խստությանը, ներպետական դատարանները պարտավորեցրել են նրան «հրապարակային ներողություն» խնդրել և սահմանել են վնասի փոխհատուցման էական գումար:
62. Տեղեկություններ չկան այն մասին, թե դիմումատուն հրապարակային ներողություն խնդրել է, թե՝ ոչ: Նույնիսկ եթե դիմումատուն ներողություն խնդրել է, Դատարանը համարում է, որ վնասի փոխհատուցման մասին որոշմամբ սահմանված գումարը, այնուամենայնիվ, եղել է շատ մեծ, քանի որ արդյունքում ԴԱՀԿ-ի կողմից առգրավվել է դիմումատուի բնակարանը և մեքենան՝ հրապարակային աճուրդում վաճառելու նպատակով: Չնայած դիմումատուի գույքի վաճառքի վերաբերյալ տեղեկությունները բացակայում են, Դատարանը համոզված է, որ դա կարող էր անհամաչափ ազդեցություն ունենալ դիմումատուի վրա:
6) Եզրակացությունը
63. Դատարանը, կշռադատելով ներկայացված բոլոր շահերը, եզրակացնում է, որ միջամտությունը դիմումատուի՝ արտահայտվելու ազատության իրավունքին «անհրաժեշտ չի եղել ժողովրդավարական հասարակությունում»։
64. Հետևաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 10-րդ հոդվածի խախտում։
III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈԻՄԸ
65. Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն՝
«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»։
Ա. Վնասը
1. Նյութական վնասը
66. Դիմումատուն պահանջել է 10 928 եվրո, որը, ըստ նրա, եղել է 6 034 000 ՀՀ դրամին համարժեք. գումարը գնահատվել է ավտոմեքենայի և բնակարանի հրապարակային աճուրդի հարցերով փորձագետների կողմից՝ մարզային դատարանի նշանակած վնասի հատուցման գումարը ծածկելու համար: Վերոնշյալ գումարը հաշվարկվել է ԴԱՀԿ-ի որոշման կայացման օրվա դրությամբ սահմանված փոխարժեքով (տե՛ս վերևում՝ 22 պարբերությունը): Նա նաև պահանջել է 170 եվրո (92 128 ՀՀ դրամին համարժեք)՝ որպես կատարողական ծախսի գումար, որը նախատեսվել է գանձել նրա գույքի վաճառքից:
67. Դատարանը նկատում է, որ չնայած այն հանգամանքին, որ ԴԱՀԿ-ի կողմից հանրային աճուրդում դիմումատուի գույքը վաճառելու վերաբերյալ կայացված համապատասխան որոշումները ենթակա են կատարման, որևէ տեղեկություն չի ներկայացվել այն մասին, թե արդյոք նրա գույքը վաճառվել է, և առավել ևս, այն մասին, թե արդյոք այդ գույքի վաճառքից գանձվել են կատարողական ծախսի գումարներ։ Հաշվի առնելով դիմումատուի կողմից փաստացի կրած նյութական վնասի չափի վերաբերյալ տեղեկությունների բացակայությունը՝ Դատարանը համարում է, որ նյութական վնասի նկատմամբ 41-րդ հոդվածի կիրառման հարցի շուրջ դեռևս չի կարող կայացվել որոշում: Հետևաբար հարցի քննությունը պետք է հետաձգվի՝ պատշաճ կերպով դիտարկելով պատասխանող պետության և դիմումատուի միջև համաձայնություն ձեռք բերելու հնարավորությունը (Դատարանի կանոնակարգի 75-րդ կանոնի 1-ին և 4-րդ կետեր):
2. Ոչ նյութական վնասը
68. Դիմումատուն պահանջել է 7 000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում։
69. Դատարանը, իր գնահատումը կատարելով արդարության սկզբունքի հիման վրա, ոչ նյութական վնասի փոխհատուցման մասով դիմումատուին շնորհում է 4 500 եվրո՝ գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ։
Բ. Ծախսերը և ծախքերը
70. Դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ դիմումատուն ունի ծախսերի ու ծախքերի հատուցման իրավունք այնքանով, որքանով ապացուցվում է, որ դրանք փաստացի կատարվել են՝ անհրաժեշտությունից ելնելով, և որ դրանց չափը եղել է ողջամիտ ( տե՛ս Մագյար Կեյտֆարկու Կուտյա Պայտն ընդդեմ Հունգարիայի [ՄՊ][Magyar Kétfarkú Kutya Párt v. Hungary] [GC], թիվ 201/17, § 125, 2020 թվականի հունվարի 20):
71. Դիմումատուն պահանջել է 554 եվրո (200 000 դրամին համարժեք)՝ որպես Վերաքննիչ և Վճռաբեկ դատարաններում առաջացած դատական ծախսերի հատուցում։ Նա նաև պահանջել է 1 250 եվրո (650 000 դրամին համարժեք)՝ որպես ներպետական դատարաններում իր իրավաբանական ներկայացուցչությունն ապահովելու հետ կապված ծախսերի փոխհատուցում, և 720 000 դրամ՝ որպես Դատարանում առաջացած իրավաբանական ծախսերի փոխհատուցում։ Ինչ վերաբերում է առաջինին, ապա նա ներկայացրել է վստահորդի և փաստաբանի միջև կնքված պայմանագիրը, որի համաձայն պարտավորվել է իր փաստաբանի ծառայությունների համար վճարել միայն առաջին ատյանի դատարանում գործի դրական ելքի դեպքում, իսկ ինչ վերաբերում է երկրորդ պահանջին, նա ներկայացրել է իրավաբանական ծառայությունների մատուցման պայմանագիրը, որի համաձայն նա պարտավորվել է վճարել 720 000 դրամ Դատարանում գործն ի օգուտ իրեն լուծվելու դեպքում:
72. Դատարանը դիտարկում է, որ դիմումատուն հիմնավորել է դատական ծախսերի վճարման հանգամանքը։ Ինչ վերաբերում է ներպետական դատարաններում իր իրավաբանական ներկայացուցչությունն ապահովելու հետ կապված ծախսերը փոխհատուցելու իր պահանջին, ապա Դատարանը չի համարում, որ դիմումատուն ունեցել է վստահորդի և փաստաբանի միջև կնքված պայմանագրով նախատեսված՝ ազգային մակարդակում մատուցվող ծառայությունների համար իր փաստաբանին վճարելու պարտավորություն: Մյուս կողմից՝ այն շնորհում է իր իրավաբանական ներկայացուցչությունն ապահովելու համար պահանջված բոլոր ծախսերի համար հատուցում (տե՛ս Մնացականյանն ընդդեմ Հայաստանի [Mnatsakanyan v. Armeniaթիվ 2463/12, § 101, 2022 թվականի դեկտեմբերի 6 և գործում հիշատակված մարմինները)։
73. Հետևաբար հաշվի առնելով իր տրամադրության տակ գտնվող փաստաթղթերը և վերոնշյալ չափանիշները՝ Դատարանը ողջամիտ է համարում շնորհել 2,000 եվրո՝ որպես այս մասով կրած ծախսերի՝ գումարած դիմումատուից գանձման ենթակա ցանկացած հարկի դիմաց հատուցում:
ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ՝
1. Հայտարարում է Կոնվենցիայի 10-րդ հոդվածի մասով գանգատն ընդունելի.
2. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 10-րդ հոդվածի խախտում.
3. Վճռում է, որ Կոնվենցիայի 41-րդ հոդվածով նախատեսված նյութական վնասի հարցի վերաբերյալ դեռևս չի կարող կայացվել որոշում և համապատասխանաբար՝
ա) ամբողջությամբ հետաձգում է նշված հարցի քննությունը.
բ) հրավիրում է կողմերին վճիռը Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն վերջնական դառնալուց հետո վեց ամսվա ընթացքում ներկայացնել հարցերի վերաբերյալ իրենց գրավոր դիտարկումները և մասնավորապես Դատարանին ծանուցել իրենց կողմից ձեռք բերված ցանկացած համաձայնության մասին.
գ) հետաձգում է հետագա ընթացակարգը և Պալատի նախագահին վերապահում է նույնը սահմանելու իրավունք, եթե նման անհրաժեշտություն լինի:
4. Վճռում է, որ՝
ա) պատասխանող պետությունը վճիռը Կոնվենցիայի 44–րդ հոդվածի 2–րդ կետին համապատասխան վերջնական դառնալու օրվանից երեք ամսվա ընթացքում պետք է դիմումատուին վճարի հետևյալ գումարները, որոնք պետք է փոխարկվեն պատասխանող պետության արժույթով՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով.
i) ոչ նյութական վնասի դիմաց՝ 4,500 եվրո (չորս հազար հինգ հարյուր եվրո)՝ գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ,
ii) ծախսերի և ծախքերի դիմաց՝ 2 000 եվրո (երկու հազար եվրո)՝ գումարած դիմումատուից գանձման ենթակա ցանկացած հարկ,
բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո՝ մինչև վճարման օրը, պետք է հաշվարկվի վերոնշյալ գումարների նկատմամբ պարզ տոկոսադրույք՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ,
5. Մերժում է դիմումատուի՝ արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը։
Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2024 թվականի օգոստոսի 27-ին՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի։
Գաբրիել Կուչկո-Ստադլմայեր՝
Սիմեոն Պետրովսկի՝
Նախագահ
Քարտուղարի տեղակալ