Անցնել բովանդակությանը
Գլուխ 2 · ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

Հոդված 15. Ուսումնական հաստատության ընդունելությանը ներկայացվող ընդհանուր պահանջները

գործել է մինչև 2024-11-14Բացել ARLIS-ում

Հոդված 15. Ուսումնական հաստատության ընդունելությանը ներկայացվող ընդհանուր պահանջները

1. Սույն օրենքին համապատասխան` նախադպրոցական, հանրակրթական, մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորողների ընդունելության պահանջները սահմանում է հիմնադիրը` հաշվի առնելով ուսումնական հաստատության առանձնահատկությունները, իսկ պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում` Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2. Ուսումնական հաստատությունը պարտավոր է դիմորդներին և նրանց ծնողներին (կամ նրանց օրինական ներկայացուցիչներին) ծանոթացնել ուսումնական հաստատության կանոնադրությանը և կրթության գործընթացը կարգավորող մյուս փաստաթղթերին:

3. Ընդհանուր կրթությունն սկսվում է վեց տարեկանից (որը լրանում է մինչև տվյալ ուսումնական տարվա դեկտեմբերի վերջը):

4. Մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելությունը կատարվում է մրցութային հիմունքով:

Բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսանողների հրամանագրումն ավարտվում է տվյալ ուսումնական տարվա պարապմունքներն սկսվելուց հետո՝ մեկամսյա ժամկետում:

Պետական մասնագիտական ուսումնական հաստատությունների դիմորդների ընդունելության արտոնությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

5. Բարձրագույն ուսումնական հաստատությունների տվյալ տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը կրթության պետական կառավարման լիազորված մարմնի ներկայացմամբ հաստատում և մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 1-ը պաշտոնապես հրապարակում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Հաստատված ցանկում փոփոխություններ և լրացումներ կատարելն արգելվում է, բացառությամբ այն դեպքերի, երբ փոփոխությունների և լրացումների կատարման, ինչպես նաև նոր ցանկի հաստատման անհրաժեշտությունը պայմանավորված է հայտարարված արտակարգ կամ ռազմական դրությամբ:

Բարձրագույն ուսումնական հաստատությունների տվյալ տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը ներառում է`

1) կրթության ձևը (առկա (ստացիոնար), հեռակա, հեռավար (դիստանցիոն), դրսեկություն).

2) մասնագիտություններն ըստ բուհերի.

3) յուրաքանչյուր մասնագիտության համար նախատեսված ընդունելության քննությունների առարկաների անվանումը.

4) քննության ձևը (մրցութային, ոչ մրցութային).

5) քննության տեսակը` գրավոր (թելադրություն, շարադրություն, թեսթ), բանավոր, հարցազրույց և այլն:

6. Պետական հանրակրթական դպրոցների ավարտական, ինչպես նաև պետական և հավատարմագրված ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության քննությունների անցկացման համար նախապատրաստվող հարցաթերթիկները (հարցաշարերը, քննական հարցերը, խնդիրները և այլ առաջադրանքները) կազմվում են բացառապես պետական հանրակրթական դպրոցների (1-12-րդ դասարանների) կրթական ծրագրերով նախատեսված, կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից պետական հանրակրթական դպրոցներում օգտագործման համար երաշխավորված և առնվազն մեկ ուսումնական տարվա ընթացքում պետական հանրակրթական դպրոցներում օգտագործված (դասավանդված) դասագրքերին, ձեռնարկներին, խնդրագրքերին և ժողովածուներին համապատասխան:

(15-րդ հոդվածը խմբ. 21.02.00 ՀՕ-36, լրաց. 04.12.00 ՀՕ-114, փոփ., լրաց., խմբ. 26.07.01 ՀՕ-209, լրաց. 09.10.01 ՀՕ-237, խմբ., լրաց. 07.05.02 ՀՕ-338, փոփ., լրաց. 14.12.04 ՀՕ-63-Ն, խմբ., փոփ. 13.06.06 ՀՕ-139-Ն, լրաց., փոփ. 28.10.10 ՀՕ-153-Ն, խմբ. 19.05.14 ՀՕ-17-Ն, 21.06.14 ՀՕ-83-Ն, լրաց. 25.06.20 ՀՕ-331-Ն, փոփ. 22.05.24 ՀՕ-251-Ն)

(25.06.20 ՀՕ-331-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(22.05.24 ՀՕ-251-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։