Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2015-07-01-ից մինչև 2015-07-18։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 20. Գործատուների մասնակցությունը զբաղվածության պետական քաղաքականության իրականացմանը

գործել է մինչև 2015-07-18Բացել ARLIS-ում

Հոդված 20. Գործատուների մասնակցությունը զբաղվածության պետական քաղաքականության իրականացմանը

1. Լիազորված մարմինը զբաղվածության պետական քաղաքականության մշակման և իրականացման շրջանակներում համագործակցում է գործատուների հետ՝ գործընկերային, փոխշահավետ և մշտական հարաբերությունների հաստատման, հետևողական ընդլայնման, խորացման և հետադարձ կապի ապահովման միջոցով:

2. Կազմակերպությունների համար, անկախ սեփականության ձևից, սահմանվում է աշխատատեղերի պարտադիր ապահովման նորմատիվ (այսուհետ` քվոտա)` հաշմանդամություն ունեցող և տարիքային կենսաթոշակի իրավունք տվող՝ տարիքը չլրացած անձի աշխատանքի տեղավորման համար:

3. Հարյուր և ավելի աշխատողներ ունեցող պետական կազմակերպությունների համար քվոտայի պահանջն առաջանում է կազմակերպության աշխատողների ընդհանուր քանակի առնվազն 3 տոկոսի չափով:

4. Հարյուր և ավելի աշխատողներ ունեցող ոչ պետական կազմակերպությունների համար քվոտայի պահանջն առաջանում է կազմակերպության աշխատողների ընդհանուր քանակի առնվազն 1 տոկոսի չափով:

5. Քվոտայի պահանջը կատարված է համարվում, եթե մեկ հարկային տարում (հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը ներառյալ) սկսվող կամ ավարտվող 12-ամսյա ցանկացած ժամանակահատվածում առնվազն 183 օր քվոտավորման ենթակա աշխատատեղը զբաղեցված է եղել հաշմանդամություն ունեցող և տարիքային կենսաթոշակի իրավունք տվող՝ տարիքը չլրացած անձի կողմից` առանց ամենամյա ծրագրով հաշմանդամություն ունեցող գործազուրկի համար նախատեսված աջակցության:

6. Հաշմանդամություն ունեցող և տարիքային կենսաթոշակի իրավունք տվող՝ տարիքը չլրացած անձի կողմից քվոտավորման ենթակա աշխատատեղը լրացված լինելու մասին տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հարկային մարմին է ներկայացվում` «Եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված գրանցման հայտի հիման վրա:

7. Սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված քվոտայի պահանջի չկատարման դեպքում կազմակերպությունը կատարում է մասհանում` մինչև քվոտայի պահանջն առաջանալու տարվան հաջորդող տարվա հունվարի 30-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

8. Սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված մասհանումը կատարվում է քվոտավորման ենթակա յուրաքանչյուր աշխատատեղի համար` «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածով սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:

9. Մասհանումներ չկատարելը կազմակերպության նկատմամբ առաջացնում է օրենքով սահմանված վարչական պատասխանատվություն:

10. Մասհանվող գումարները փոխանցվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ բացված արտաբյուջետային միջոցների հաշվին:

11. Մասհանումները հանդիսանում են նպատակային միջոցներ և օգտագործվում են հաշմանդամություն ունեցող անձանց առողջական, սոցիալական, աշխատանքային, մասնագիտական վերականգնման, հաշմանդամների աշխատանքի տեղավորման նպատակներով` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

12. Զբաղվածության պետական կարգավորման ոլորտում գործատուներն իրավունք ունեն`

1) աշխատուժի ազատ ընտրության.

2) իրենց մոտ առկա թափուր և նոր ստեղծվող աշխատատեղերի, աշխատատեղերի հնարավոր կրճատումների վերաբերյալ տրամադրելու տեղեկություններ լիազորված մարմնին` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ձևով և եղանակով.

3) լիազորված մարմնից զբաղվածության պետական ծրագրերի, ինչպես նաև աշխատաշուկայի իրավիճակի վերաբերյալ տեղեկատվության և մասնագիտական խորհրդատվության ստացման.

4) սույն օրենքի 24-րդ հոդվածով նախատեսված տեղեկատվական շտեմարանում առկա տեղեկատվության ստացման.

5) աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորելիս պետական աջակցության` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

13. Լիազորված մարմնի կողմից գործատուներին մատուցվող ծառայությունները տրամադրվում են անվճար:

14. Գործատուի կողմից ներկայացված թափուր և նոր ստեղծվող աշխատատեղերը համալրելու նպատակով լիազորված մարմինն իրականացնում է միջնորդություն` աշխատանք փնտրող անձին ուղեգրով ուղարկելով գործատուի մոտ:

15. Սույն հոդվածի 14-րդ մասով նախատեսված ուղեգրի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

16. Գործատուները զանգվածային ազատումների վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացնում են լիազորված մարմին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։