Հոդված 147. ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 147. ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
1. Գտնելով, որ երաշխավորողը վայելում է վստահություն, և կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կարող է կիրառվել անձնական երաշխավորությունը կամ կազմակերպության երաշխավորությունը, քրեական վարույթն իրականացնող մարմինը դիմողին, այդ թվում` իրավաբանական անձի ներկայացուցչին, ծանոթացնում է կասկածանքի կամ մեղադրանքի բովանդակությանը, նրան բացատրում է երաշխավորողի իրավունքները և պարտականություններն ու նախազգուշացնում է երաշխավորողի պատասխանատվության մասին: Դրանից հետո դիմողն իրավունք ունի հաստատել իր խնդրանքը կամ հրաժարվել դրանից:
2. Սույն հոդվածի առաջին մասում նախատեսված դատավարական գործողությունների կատարումն արտացոլվում է արձանագրությունում: Որպես խափանման միջոց անձնական կամ կազմակերպության երաշխավորություն ընտրելու դեպքում քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշման մեջ նշվում է երաշխավորողը: Համապատասխան որոշման պատճենն անմիջապես հանձնվում է երաշխավորողին:
3. Երաշխավորողի կողմից մուծված դրամական գումարը քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ վերածվում է պետության եկամուտի, եթե երաշխավորողը`
1) չի կատարել կասկածյալի կամ մեղադրյալի պատշաճ վարքագիծը ապահովելու իր պարտավորությունը.
2) ինքնակամ հրաժարվել է երաշխավորությունից:
4. Բացի սույն հոդվածի երրորդ մասում նախատեսված դեպքերից, մյուս բոլոր դեպքերում դրամական գումարը վերադարձվում է երաշխավորողին:
5. Երաշխավորողի մուծած դրամական գումարը պետության եկամուտ դարձնելու մասին որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով: