Հոդված 209.2. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվող վկայի կամ տուժողի՝ տեսակապի միջոցով հարցաքննության առանձնահատկությունները
Հոդված 209.2. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվող վկայի կամ տուժողի՝ տեսակապի միջոցով հարցաքննության առանձնահատկությունները
1. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվող վկայի կամ տուժողի հարցաքննությունը նախաքննության մարմնի որոշմամբ կարող է կազմակերպվել տեսակապով՝ օտարերկրյա պետությունում հյուպատոսական ծառայություններ իրականացնող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմնի միջոցով՝ այդ մարմին վկայի կամ տուժողի ներկայանալու դեպքում։ Հարցաքննությունից առաջ դիվանագիտական ծառայության մարմինն ստուգում և հաստատում է վկայի կամ տուժողի ինքնությունը և ապահովում տեսակապը՝ նախաքննության մարմնի կողմից սույն հոդվածով նախատեսված դատավարական գործողությունները կատարելու նպատակով։
2. Տեսակապի միջոցով վկայի կամ տուժողի հարցաքննությունը կատարվում է սույն օրենսգրքի 206-րդ և 208-րդ հոդվածներով սահմանված կանոնների պահպանմամբ՝ հաշվի առնելով սույն հոդվածում շարադրված առանձնահատկությունները, իսկ անչափահաս վկայի և տուժողի հարցաքննության դեպքում՝ հաշվի առնելով նաև սույն օրենսգրքի 207-րդ հոդվածով սահմանված պահանջները:
3. Հարցաքննությունից առաջ քննիչը հավաստիանում է վկայի ինքնության մեջ, տեղեկացնում, թե ինչ փաստի առիթով հարուցված քրեական գործով է նա հարցաքննվում, և նախազգուշացնում է գործով նրան հայտնի ամեն ինչ պատմելու պարտականության, ինչպես նաև ցուցմունք տալուց հրաժարվելու, սուտ ցուցմունք տալու համար սահմանված քրեական պատասխանատվության մասին, տեղեկացնում է իր, ամուսնու և մերձավոր ազգականների վերաբերյալ ցուցմունք չտալու նրա իրավունքի մասին, եթե վկան ողջամտորեն ենթադրում է, որ այն հետագայում կարող է օգտագործվել իր կամ նրանց դեմ, ինչպես նաև այն մասին, որ նրա ցուցմունքը կարող է օգտագործվել որպես ապացույց: Դրանից հետո քննիչը պարզում է հարցաքննվող անձի փոխհարաբերության բնույթը կասկածյալի, մեղադրյալի, տուժողի կամ վկայի հետ և սկսում է հարցաքննությունը:
4. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված գործողությունները, հարցաքննության ընթացքը և արդյունքները տեսաձայնագրառվում են տեխնիկական միջոցներով՝ սույն օրենսգրքի 29-րդ հոդվածի կանոններին համապատասխան:
5. Սույն հոդվածով սահմանված կարգով իրականացված հարցաքննության վերաբերյալ կազմվում է արձանագրություն և ուղարկվում օտարերկրյա պետությունում հյուպատոսական ծառայություններ իրականացնող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմին՝ հարցաքննվող անձին ծանոթացնելու նպատակով: Հարցաքննվող անձն ստորագրում է արձանագրությունը, իսկ լրացումներ և ուղղումներ ունենալու դեպքում արձանագրության մեջ կատարում է համապատասխան նշում: Հարցաքննության արձանագրությունն ստորագրելուց հրաժարվելու դեպքում արձանագրության մեջ կատարում է համապատասխան նշում: Հարցաքննության արձանագրությունն ուղարկվում է քննիչին:
(209.2-րդ հոդվածը լրաց. 03.06.20 ՀՕ-301-Ն)