Հոդված 499.14. Օտարերկրյա պետության դատարանի կամ միջազգային դատարանի դատավճռի կատարման իրավական հետևանքները
Հոդված 499.14. Օտարերկրյա պետության դատարանի կամ միջազգային դատարանի դատավճռի կատարման իրավական հետևանքները
1. Օտարերկրյա պետության դատարանի կամ միջազգային դատարանի դատավճռի ի կատար ածման նկատմամբ գործում է Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենքի ռեժիմը։
Պատիժ կրող անձի նկատմամբ այն առաջացնում է նույն իրավաբանական հետևանքները, ինչ կառաջանար, եթե տվյալ անձը դատապարտված լիներ Հայաստանի Հանրապետության տարածքում և նրա իրավասու դատարանի կայացրած և օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
2. Օտարերկրյա պետության դատարանի կամ միջազգային դատարանի դատավճռով նշանակված պատիժը լրիվ կամ չկրած մասով Հայաստանի Հանրապետության տարածքում կրող անձը օգտվում է պատժից վաղաժամկետ ազատվելու այն իրավունքներից, որոնք բխում են Հայաստանի Հանրապետության համապատասխան միջազգային պայմանագրերից, այդ թվում՝ ներման և համաներման իրավունքներից։
3. Պատժի լրիվ կամ դրա մի մասի կրումից կամ պատժից՝ սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված հիմքերով վաղաժամկետ ազատվելուց հետո անձը Հայաստանի Հանրապետության տարածքում կարող է գտնվել իր կարգավիճակին և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան (որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, օտարերկրյա պետության քաղաքացի, քաղաքացիություն չունեցող անձ և այլն)։
Միաժամանակ, եթե պատիժը կրած կամ պատժից վաղաժամկետ ազատված անձը Հայաստանի Հանրապետության քաղաքացի չէ և, ըստ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի, կարող է փոխանցվել որևէ օտարերկրյա պետության, որը պարտավոր է ընդունել նրան, կամ որևէ այլ պետության, որը համաձայնվել է ընդունել նրան, ապա այդ անձը իր համաձայնությամբ փոխանցվում է տվյալ պետությանը։
4. Եթե օտարերկրյա պետության դատարանի կամ միջազգային դատարանի դատավճիռը Հայաստանի Հանրապետության տարածքում ի կատար ածելու ընթացքում վերանայում է դրա իրավասությունն ունեցող օտարերկրյա պետության դատարանը կամ միջազգային դատարանը, ապա ի կատար ածումը դադարեցվում կամ շարունակվում է վերանայման արդյունքում կայացրած դատավճռին համապատասխան և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով սահմանված կարգով և պայմաններով։
5. Օտարերկրյա պետության դատարանի կամ միջազգային դատարանի դատավճիռը Հայաստանի Հանրապետության իրավասու դատարանը կարող է վերանայել բացառապես Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված դեպքերում։
(499.14 -րդ հոդվածը լրաց. 14.12.04 ՀՕ-57-Ն)
(գլուխը լրաց. 14.12.04 ՀՕ-57-Ն)