Հոդված 90. Դատավորի ինքնաբացարկը
Հոդված 90. Դատավորի ինքնաբացարկը
1. Դատավորի ինքնաբացարկի հիմքերը սահմանվում են «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով:
2. Դատավորի կողմից գործը դատական քննության նախապատրաստելն առաջին ատյանի դատարանի կազմում համապատասխան գործի հետագա քննությանը նրա մասնակցությունը բացառող հանգամանք չէ: Վճռաբեկ դատարանի դատավորի մասնակցությունը գործի քննությանը, վճռաբեկ դատարանում նույն գործի քննությանը նրա հետագա մասնակցությունը բացառող հանգամանք չեն:
3. Դատավարության մասնակիցները սույն հոդվածի առաջին մասով նախատեսված հիմքերի առկայության դեպքում իրավունք ունեն դատավորին, իսկ եթե գործը քննվում է կամ պետք է քննվի կոլեգիալ՝ դատավորներին կամ դատարանի ամբողջ կազմին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու:
Միջնորդությունը պետք է լինի պատճառաբանված և նույն հիմքով կարող է ներկայացվել մեկ անգամ:
4. Դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդության հարցը լուծում է այն դատավորը, որին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն է ներկայացվել: Դատավորների կոլեգիալ կազմով գործը քննելու ժամանակ, եթե ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացվել մեկից ավելի դատավորների կամ դատարանի ամբողջ կազմին, ապա յուրաքանչյուր դատավոր լուծում է իր ինքնաբացարկի հարցը:
5. Ինքնաբացարկի միջնորդության քննության արդյունքում կայացվում է որոշում, որում նշվում են այն բավարարելու կամ մերժելու հիմքերը:
6. Դատավորը, որը ինքնաբացարկ է հայտնել, պարտավոր է կողմերին բացահայտել ինքնաբացարկի հիմքերը, ինչը ենթակա է բառացի արձանագրման: Ինքնաբացարկ հայտնած դատավորը, եթե համարում է, որ ինքը կարող է տվյալ գործով լինել անկողմնակալ, կարող է դիմել կողմերին` առաջարկելով իր բացակայությամբ քննարկելու ինքնաբացարկի անտեսման հարցը: Եթե կողմերը դատավորի բացակայությամբ որոշում են կայացնում դատավորի ինքնաբացարկը անտեսելու մասին, ապա այդ որոշումն արձանագրելուց հետո դատավորն իրականացնում է գործի դատաքննությունը:
7. Ինքնաբացարկի մասին որոշումն անհապաղ ուղարկվում է դատավարության կողմերին:
8. Դատավորը պարտավոր չէ կայացնել ինքնաբացարկն ընդունելու մասին որոշում, եթե դատական ակտ կայացնելու համար չի կարող ստեղծվել արդարադատության մեկ այլ մարմին, կամ գործի լուծման հրատապության առումով անգործությունը կարող է հանգեցնել ծանր հետևանքների:
(90-րդ հոդվածը խմբ. 25.05.06 ՀՕ-91-Ն, փոփ. 07.07.06 ՀՕ-152-Ն, խմբ. 28.11.07 ՀՕ-270-Ն, 23.03.18 ՀՕ-211-Ն)