Հոդված 414.2. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը
Հոդված 414.2 Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը
1. Վճռաբեկ դատարանը բողոքն ընդունում է վարույթ, եթե`
1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, կամ
2) վերանայվող դատական ակտը առերևույթ հակասում է վճռաբեկ դատարանի` նախկինում ընդունված որոշումներին, կամ
3) վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրված առերևույթ դատական սխալ, որը կարող է առաջացնել կամ առաջացրել է ծանր հետևանքներ:
2. Վճռաբեկ դատարանին ներկայացված վճռաբեկ բողոքների` սույն օրենսգրքի 407 հոդվածի և սույն հոդվածի առաջին մասի պահանջներին համապատասխանությունը պարզելու և դատարանի վարույթ ընդունելու հարցը լուծվում է կոլեգիալ, այն է՝ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի և պալատի դատավորների կազմով: Վճռաբեկ դատարանի նախագահն իրավունք ունի մասնակցելու պալատի նիստերին: Եթե վճռաբեկ դատարանի պալատի կազմը պակաս է 3-ից, ապա պալատի նիստերին մասնակցում է վճռաբեկ դատարանի նախագահը, իսկ եթե այդ դեպքում ևս կազմը պակաս է 3-ից, ապա վճռաբեկ դատարանի նախագահը պալատ գործուղում է այլ պալատի դատավորի: Պալատի այդ որոշումները կայացվում են միաձայն և բողոքարկման ենթակա չեն: Դատավորներից թեկուզ և մեկի այլ կարծիք ունենալու դեպքում վճռաբեկ բողոքը քննության ընդունելու հարցը ենթակա է լուծման վճռաբեկ դատարանի ողջ կազմով:
3. Վճռաբեկ բողոքը վարույթ է ընդունվում, եթե վարույթ ընդունելու օգտին քվեարկել են վճռաբեկ դատարանի դատավորներից առնվազն երեքը: Վճռաբեկ դատարանի այդ որոշումը բողոքարկման ենթակա չէ:
4. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելուց հետո վճռաբեկ դատարանը որոշմամբ կարող է կասեցնել դատական ակտի կատարումը:
5. Վճռաբեկ դատարանի որոշումները պատշաճ ձևով ուղարկվում են բողոք բերող անձին, իսկ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումները՝ դատավարության մասնակիցներին (բացառությամբ քննիչի և հետաքննության մարմնի):
(414.2 հոդվածը լրաց. 07.07.06 ՀՕ-152-Ն, 21.02.07 ՀՕ-93-Ն, խմբ. 28.11.07 ՀՕ-270-Ն)