Հոդված 3. Հանրային խորհրդի գործառույթները
Հոդված 3. Հանրային խորհրդի գործառույթները
1. Հանրային խորհուրդն իր առջև դրված խնդիրների կենսագործման նպատակով` սույն օրենքով և Հանրային խորհրդի կանոնադրությամբ սահմանված կարգով`
1) վարչապետի առաջարկությամբ`
ա. կազմակերպում է հանրային լսումներ կամ քննարկումներ` հասարակական հետաքրքրություն ներկայացնող, ինչպես նաև հասարակական կյանքի կարևորագույն ոլորտներին առնչվող հարցերի վերաբերյալ,
բ. իրականացնում է գործող օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի, պետական ծրագրերի, ռազմավարությունների, հայեցակարգերի և դրանց նախագծերի հասարակական փորձաքննություն և տալիս է եզրակացություն, ներառյալ` դրանցում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին առաջարկությունները.
2) սեփական նախաձեռնությամբ`
ա. իրականացնում է սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա» ենթակետով նախատեսված միջոցառումները,
բ. հասարակական փորձաքննության է ենթարկում սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետում նշված իրավական ակտերը, իրավական ակտերի նախագծերն ու փաստաթղթերը և տալիս է եզրակացություն, եթե Հանրային խորհրդի գնահատմամբ դրանք ձեռք են բերել կամ կարող են ձեռք բերել հանրային հնչեղություն,
գ. իրականացնում է հանրային հնչեղության այլ հարցերի, ինչպես նաև հանրության բարձրացրած հիմնահարցերի վերլուծություններ և տալիս եզրակացություն,
դ. հասարակության տարբեր շերտերի հետաքրքրությունների և շահերի միջև առկա հակասությունների բացահայտման նպատակով, կարևորելով սոցիալական գործընկերների միջև սոցիալական երկխոսությանն աջակցելը, խորհրդակցություններ կամ քննարկումներ է կազմակերպում բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ` արդյունքների մասին տեղեկացնելով Կառավարությանը:
2. Կառավարության և հասարակության միջև արդյունավետ երկխոսության կայացմանը նպաստելու նպատակով Հանրային խորհուրդն իր նախաձեռնությամբ, յուրաքանչյուր դեպքում գնահատելով անհրաժեշտությունը, կարող է դիմել վարչապետին` սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «ա» և «դ» ենթակետերում նշված միջոցառումներին Կառավարության ներկայացուցչի մասնակցությունն ապահովելու խնդրանքով:
3. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 2-րդ կետի «ա», «բ» և «գ» ենթակետերով նախատեսված դեպքերում Հանրային խորհուրդն իր եզրակացությունը ներկայացնում է վարչապետին, որը որոշում է դրանց հետագա ընթացք տալու հարցը:
4. Հանրային խորհուրդը կարող է անդամակցել համապատասխան միջազգային հասարակական կազմակերպություններին և իրականացնել միջազգային համագործակցություն` իր գործունեությանն առնչվող ոլորտի մարմինների հետ: