Հոդված 8. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.1-8.4-րդ հոդվածներով.
Հոդված 8. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.1-8.4-րդ հոդվածներով.
«Հոդված 8.1. Ոչ հրապարակային ֆոնդի կառավարման թույլտվությունը
1. Առանց սույն օրենքով և դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով Կենտրոնական բանկի կողմից տրված թույլտվության՝ արգելվում է ոչ հրապարակային ֆոնդի կառավարման գործունեություն իրականացնելը, դրա իրականացման առաջարկությամբ հանդես գալը կամ որպես այն իրականացնող անձ ներկայանալը: Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված դեպքերում ներդրումային ընկերությունը կարող է իրականացնել ոչ հրապարակային ֆոնդի կառավարման գործունեություն՝ առանց սույն մասով պահանջվող թույլտվության:
2. Թույլտվությունը կամ դրանով նախատեսված իրավունքները չեն կարող գրավադրվել, փոխանցվել կամ այլ կերպ օտարվել։
3. Թույլտվությունը տրվում է անժամկետ։
4. Թույլտվության միասնական ձևը սահմանվում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով։
5. Թույլտվությունը տրամադրվում և դադարեցվում է Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ։ Թույլտվությունը դադարեցվում է բացառապես սույն օրենքով սահմանված հիմքերով և կարգով։
6. Թույլտվության կորստի կամ օգտագործման համար ոչ պիտանի դառնալու դեպքում թույլտվությունն ստացած անձը անհապաղ, բայց ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում պարտավոր է հայտնել այդ մասին Կենտրոնական բանկին։ Կենտրոնական բանկը դիմումն ստանալուց հետո՝ տասնօրյա ժամկետում, տրամադրում է թույլտվության կրկնօրինակը։