Հոդված 8.3. Ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձի նկատմամբ պահանջները
Հոդված 8.3. Ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձի նկատմամբ պահանջները
1. Սույն օրենքի 8.2-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձի ղեկավար չի կարող լինել այն անձը, որը՝
1) օրենքով սահմանված կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
2) դիտավորությամբ կատարված հանցագործության համար ունի չմարված կամ չվերացված դատվածություն.
3) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով զրկված է ֆինանսական, տնտեսական, իրավական ոլորտներում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից.
4) նախկինում, բայց ոչ շուտ, քան երեք տարի առաջ զրկվել է Կենտրոնական բանկի տրամադրած որակավորումից:
2. Ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձի նշանակալից մասնակից չեն կարող լինել այն անձինք, որոնք բավարարում են «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ նշանակալից մասնակցության ձեռքբերման նախնական համաձայնության մերժման հիմքերից առնվազն մեկը։ Անձը, որը նշանակալից մասնակցություն է ձեռք բերել ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձի կանոնադրական կապիտալում կամ ավելացրել է իր մասնակցությունն այնպես, որ ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձի կանոնադրական կապիտալում նրա` ձայնի իրավունք տվող մասնակցությունը կազմում է առնվազն 20, 50 կամ 75 տոկոս, պարտավոր է այդ մասին տեղեկացնել Կենտրոնական բանկին նշանակալից մասնակցություն ձեռք բերելուց կամ մասնակցությունն ավելացնելուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում: Սույն մասով նախատեսված պահանջի խախտմամբ նշանակալից մասնակցություն ձեռք բերելու դեպքում Կենտրոնական բանկը կարող է առաջարկել անձին (իսկ առաջարկությունը չկատարելու դեպքում` դատական կարգով պահանջել նրանից), որ նա ողջամիտ ժամկետում օտարի կամ այլ կերպ դադարեցնի իր մասնակցությունը ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձի կապիտալում:
3. Ներդրողների շահերի պաշտպանության նպատակով Կենտրոնական բանկը կարող է իր նորմատիվ իրավական ակտով սահմանել ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձանց կողմից հաճախորդների համար պարտադիր բացահայտման և տեղեկացման ենթակա նվազագույն տեղեկատվության ցանկն ու տեղեկացման կարգը։
4. Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով ոչ հրապարակային ֆոնդերի կառավարումն իրականացնող անձանց նկատմամբ կարող է սահմանել սույն օրենքի 67-րդ հոդվածով նախատեսված տնտեսական նորմատիվներ, տնօրենների խորհրդի, ներքին աուդիտի, ռիսկերի կառավարման վերաբերյալ պահանջներ, որոնք չեն կարող առավել խիստ լինել, քան սույն օրենքով կառավարիչների նկատմամբ սահմանված պահանջները:
5. Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված պահանջները կարող են տարբերակվել` կախված ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձի կողմից կառավարվող ֆոնդերի տեսակից կամ զուտ ակտիվների արժեքից:
6. Կենտրոնական բանկն իրավունք ունի իր նորմատիվ իրավական ակտերով ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձանց թույլատրելու լրացուցիչ գործունեության այնպիսի տեսակներ, որոնք սերտորեն առնչվում են ֆոնդի կառավարման գործունեությանը՝ անհրաժեշտության դեպքում դրանց իրականացման համար լրացուցիչ պահանջների սահմանմամբ:
7. Ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձանց արգելվում է իրականացնել ֆոնդերի կառավարմանը սերտորեն չառնչվող որևէ այլ գործունեություն։