Հոդված 3. (նյութաիրավական և դատավարական)● Դրական պարտավորությունները● Պատասխանող պետության կողմից ընտանեկան բռնության լուրջ գործողություններին համարժեք արձագանք չտալը● Տվյալ ժամանակահատվածում գործող ներպետական իրավական դաշտը չի համապատասխանում պատասխանող պետության՝ ընտանեկան բռնության բոլոր ձևերը պատժող և զոհերի համար բավարար երաշխիքներ կիրառող համակարգ ստեղծելու և արդյունավետ կիրառելու պարտավորություններին● Ներպետական մարմինների ձախողումը հետագա ռիսկի ինքնավար, նախաձեռնողական և համապարփակ գնահատում իրականացնելու և դիմումատուին պաշտպանելու համար համապատասխան և բավարար միջոցներ ձեռնարկելու հարցում● Իրավապահ մարմինների՝ ընտանեկան բռնության հատուկ բնույթից ու զարգացման դինամիկայից անտեղյակ լինելը դիմումատուի բողոքներին արձագանքելիս ● Ներպետական դատարանների կողմից զուտ ձևական մոտեցման որդեգրումը ● Մեղսագրվող հանցանքի վերադասակարգումը և հանցանք կատարած անձի նկատմամբ ավելի մեղմ պատիժ սահմանելը՝ առանց բոլոր համապատասխան նկատառումների մանրակրկիտ դիտարկման ● Քրեաիրավական մեխանիզմների ոչ լիակատար գործադրումը, մասնավորապես՝ համաներման հայտարարումը, որի արդյունքում հանցանք կատարած անձը չի կրում իր պատիժը● 3-րդ հոդվածով նախատեսված դրական պարտավորության առկայությունը, որը հնարավորություն է ընձեռում ընտանեկան բռնության զոհերին ուղղակիորեն կամ անուղղակիորեն պետության միջոցով ոչ նյութական վնասի դիմաց հատուցում պահանջելու հանցանք կատարած անձից● Անվերապահ օրենսդրական սահմանափակում, որը խոչընդոտ է դիմումատուի համար հանցանք կատարած անձի կողմից կիրառելի հատուցում ստանալու համար՝ վերջինիս վատ վերաբերմունքի հետևանքով կրած ոչ նյութական վնասի դիմաց
Հոդված 3 (նյութաիրավական և դատավարական)● Դրական պարտավորությունները● Պատասխանող պետության կողմից ընտանեկան բռնության լուրջ գործողություններին համարժեք արձագանք չտալը● Տվյալ ժամանակահատվածում գործող ներպետական իրավական դաշտը չի համապատասխանում պատասխանող պետության՝ ընտանեկան բռնության բոլոր ձևերը պատժող և զոհերի համար բավարար երաշխիքներ կիրառող համակարգ ստեղծելու և արդյունավետ կիրառելու պարտավորություններին● Ներպետական մարմինների ձախողումը հետագա ռիսկի ինքնավար, նախաձեռնողական և համապարփակ գնահատում իրականացնելու և դիմումատուին պաշտպանելու համար համապատասխան և բավարար միջոցներ ձեռնարկելու հարցում● Իրավապահ մարմինների՝ ընտանեկան բռնության հատուկ բնույթից ու զարգացման դինամիկայից անտեղյակ լինելը դիմումատուի բողոքներին արձագանքելիս ● Ներպետական դատարանների կողմից զուտ ձևական մոտեցման որդեգրումը ● Մեղսագրվող հանցանքի վերադասակարգումը և հանցանք կատարած անձի նկատմամբ ավելի մեղմ պատիժ սահմանելը՝ առանց բոլոր համապատասխան նկատառումների մանրակրկիտ դիտարկման ● Քրեաիրավական մեխանիզմների ոչ լիակատար գործադրումը, մասնավորապես՝ համաներման հայտարարումը, որի արդյունքում հանցանք կատարած անձը չի կրում իր պատիժը● 3-րդ հոդվածով նախատեսված դրական պարտավորության առկայությունը, որը հնարավորություն է ընձեռում ընտանեկան բռնության զոհերին ուղղակիորեն կամ անուղղակիորեն պետության միջոցով ոչ նյութական վնասի դիմաց հատուցում պահանջելու հանցանք կատարած անձից● Անվերապահ օրենսդրական սահմանափակում, որը խոչընդոտ է դիմումատուի համար հանցանք կատարած անձի կողմից կիրառելի հատուցում ստանալու համար՝ վերջինիս վատ վերաբերմունքի հետևանքով կրած ոչ նյութական վնասի դիմաց
Պատրաստվել է Քարտուղարության կողմից։ Պարտադիր չէ Դատարանի համար։
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
2024 թվականի դեկտեմբերի 12
Սույն վճիռը վերջնական է դառնում Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերում։ Այն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների։
Հասմիկ Խաչատրյանն ընդդեմ Հայաստանի գործով,
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Հինգերորդ բաժանմունք), հանդես գալով Պալատի հետևյալ կազմով՝
Մաթիաս Գայոմար [Mattias Guyomar]՝ Նախագահ,
Մարիա Էլոսեգի [Maria Elցsegui],
Արմեն Հարությունյան [Armen Harutyunyan],
Ջիլբերտո Ֆելիչի [Gilberto Felici],
Անդրեաս Զունդ [Andreas ZՖnd],
Դիանա Սարկու [Diana SՉrcu],
Կատերինա Շիմաչկովա [Kateřina Šimոčkovո]՝ դատավորներ,
և Վիկտոր Սոլովեյչիկ [Victor Soloveytchik]՝ Բաժանմունքի քարտուղար,
հաշվի առնելով՝
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի տկն Հասմիկ Խաչատրյանի (դիմումատու) կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ 2016 թվականի փետրվարի 22-ին Դատարան ներկայացված գանգատը (թիվ 11829/16),
հանցանք կատարած անձի նկատմամբ իրականացվող քրեական վարույթի ընթացքում ներպետական մարմինների կողմից իրեն ընտանեկան բռնության հետագա գործողություններից ենթադրաբար չպաշտպանելու, իր դեմ իրականացված լուրջ բռնության գործողությունների համար նրա նկատմամբ համաչափ պատիժ չսահմանելու և նրանից ոչ նյութական վնասի դիմաց հատուցում պահանջելու համար իրավական միջոցների բացակայության վերաբերյալ դիմումատուի բողոքների մասին Հայաստանի Հանրապետության կառավարությանը (Կառավարություն) ծանուցելու, ինչպես նաև գանգատի մնացած մասն անընդունելի հայտարարելու վերաբերյալ որոշումը,
կողմերի դիտարկումները,
2024 թվականի նոյեմբերի 19-ին անցկացնելով դռնփակ խորհրդակցություն,
կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը.
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
1. Գործն հիմնականում վերաբերում է դիմումատուի բողոքներին, որոնք առնչվում են Կոնվենցիայի 3-րդ հոդվածին, այն է՝ պատասխանող պետությունը չի պաշտպանել նրան ընտանեկան բռնությունից, մինչ նրա նախկին քաղաքացիական ամուսնու դեմ իրականացվող քրեական վարույթը եղել է ընթացքի մեջ, նրա հանդեպ բռնության գործողությունների իրականացման համար հանցանք կատարած անձի նկատմամբ համաչափ պատիժ չի սահմանել և հետամուտ չի եղել սահմանված պատժի իրականացմանը, դիմումատուին հասանելի չեն եղել նաև իրավական միջոցներ՝ իր նախկին քաղաքացիական ամուսնուց հատուցում պահանջելու իր հանդեպ կիրառված ընտանեկան բռնության արդյունքում իրեն պատճառված ոչ նյութական վնասի դիմաց։
ՓԱՍՏԵՐԸ
2. Դիմումատուն ծնվել է 1986 թվականին և բնակվում է Երևանում: Նրան ներկայացրել է Երևանում գործող իրավաբան պրն Տ. Մուրադյանը։
3. Կառավարությունը ներկայացրել է կառավարության գործակալ, Միջազգային իրավական հարցերով Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ պրն Ե. Կիրակոսյանը։
4. Գործով փաստերը կարելի է ամփոփել հետևյալ կերպ:
I. Գործի նախապատմությունը
5. 2004 թվականին դիմումատուն ամուսնացել է Ս.Հ.-ի հետ (ամուսնության պետական գրանցման բացակայություն, գործի նյութերը պարունակում են Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու կողմից տրամադրված՝ եկեղեցում իրականացված ամուսնությունը փաստող վկայական (այսուհետ՝ ամուսնություն))։ Զույգն ապրել է Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղում Ս.Հ.-ի ծնողների հետ։ Նրանք ունեին երկու երեխա՝ մեկ աղջիկ՝ Վ.Հ.-ն, ծնված 2006 թվականին, և մեկ տղա՝ Հ.Հ.-ն, ծնված 2007 թվականին։
6. Ինչպես պարզվում է, դիմումատուն չէր աշխատում ոչ ամուսնությունից առաջ, ոչ էլ ամուսնության ընթացքում։
7. Ըստ դիմումատուի՝ իր հարաբերությունները Ս.Հ.-ի հետ աստիճանաբար վատթարացել են, քանի որ վերջինս սկսել էր չարաշահել ալկոհոլը իրենց դստեր՝ Վ.Հ.-ի մոտ հաշմանդամություն հայտնաբերվելուց հետո։ Ալկոհոլի ազդեցության տակ նա սկսել էր վիճել, ոտնձգություններ կատարել և սպառնալ, ինչպես նաև ֆիզիկական բռնություն էր կիրառել նրա նկատմամբ։
II. 2013 թվականի մայիս եվ հունիս ամիսներին տեղի ունեցած բռնության դեպքերը
8. 2013 թվականի մայիսի 5-ին Ս.Հ.-ն եկել է տուն, որը գտնվում էր Գանձակում, և սկսել է մեզադրել դիմումատուին իրենց աղջկա դեմքի քերծվածքների համար։ Ապա նա բռունցքով հարվածել է դիմումատուին և խփել նրա գլխին։ Արդյունքում նա ընկել է հատակին, իսկ Ս.Հ.-ն շարունակել է ծեծի ենթարկել և հարվածներ հասցնել ոտքերով։ Այնուհետև Ս.Հ.-ն աթոռով հարվածել է դիմումատուի մեջքին և աթոռը կոտրվել է։ Ապա նա շարունակել է հարվածել դիմումատուի գլխին և մարմնի տարբեր հատվածներին աթոռի կոտրված մասով։ Դիմումատուն կորցրել է գիտակցությունը ցավից առաջացած շոկի պատճառով։ Նա գիտակցության է եկել շարունակվող հարվածներից։ Բռնության արդյունքում դիմոմատուն ստացել է մի շարք վնասվածքներ, այդ թվում՝ բազում վերքեր և ուղեղի ցնցում։
9. 2013 թվականի մայիս ամսվա վերջին՝ չպարզված օրը, իրենց տան խոհանոցում Ս.Հ.-ն սեղմել է այրվող ծխախոտը դիմումատուի նախաբազկին և սպառնացել, որ կհանի նրա աչքերը, եթե կասկածներ ունենա, որ վերջինս դավաճանում է իրեն։
10. 2013 թվականի հունիսի 16-ին Ս.Հ.-ն հարվածել է դիմումատուի աջ ականջին, վայր է գցել նրան և սաստիկ ծեծի է ենթարկել՝ ոտքերով հարվածներ հասցնելով դեմքին և մարմնին։ Դիմումատուն փախուստի է դիմել տանից և մի քանի ժամ մնացել է դրսում՝ գյուղում։ Նրան գտել են իր ծնողները և տարել իրենց տուն՝ գիշերելու։
III. դիմումատուի ՆԿԱՏՄԱՄԲ ՑՈՒՑԱԲԵՐՎԱԾ բժշկական օգնությունը եվ ոստիկանության նախնական հետաքննությունը
11. 2013 թվականի հունիսի 17-ին դիմումատուն գնացել է Երևան և ընդունվել «Արմենիա» բժշկական կենտրոն (հիվանդանոց), որտեղ նրան ցուցաբերվել է բժշկական օգնություն և արձանագրվել վնասվածքները։ Նա հրաժարվել է ստանալ բուժանձնակազմի կողմից առաջարկված ստացիոնար բուժումը։
12. Դիմումատուն լքել է հիվանդանոցը բժշկական օգնություն ստանալուց հետո և աջակցություն խնդրել հասարակական կազմակերպությունից, որը մասնագիտացած էր ընտանեկան բռնության զոհերի պաշտպանության գործում: Այն տրամադրել է նրան օգնություն, հոգեբանական խորհրդատվություն և ցուցումներ, թե ինչպես վարվել Ս.Հ.-ի հետ։ Այն նաև վերջինիս համար հատկացրել է կացարան՝ մեկ ամիս ժամկետով։
13. 2013 թվականի հունիսի 18-ին հիվանդանոցը տեղեկացրել է ոստիկանությանը դիմումատուի ընդունման և վնասվածքների մասին։ Մասնավորապես, այն զեկուցել է, որ դիմումատուն բժշկական օգնություն է խնդրել կոտրված քթի համար և ասել, որ իր «ամուսին» Ս.Հ.-ն ծեծի է ենթարկել իրեն իրենց տանը։
14. Նույն օրը դիմումատուն հրավիրվել է Ոստիկանության Երևան քաղաքի ոստիկանության վարչության Մաշտոցի բաժին (Երևանի ոստիկանություն)՝ քրեական բողոք ներկայացնելու և ցուցմունք տալու համար։
15. Երևան քաղաքի ոստիկանության տեսուչն այդ օրը կազմել է «[դիմումատուի կողմից] քրեական բողոք ներկայացնելուց հրաժարվելու մասին արձանագրություն», որը ստորագրվել է դիմումատուի և երկու ականատես վկաների կողմից։ Այն մասնավորապես,նշել է, որ դիմումատուին հրավիրել են ոստիկանության բաժին՝ քրեական բողոք ներկայացնելու և ցուցմունք տալու համար, սակայն նա մերժել է՝ նշելով, որ «ամուսինը ծեծել է [իրեն] տանը»։
16. Երևան քաղաքաի ոստիկանությունը ծանուցել է Գավառի ոստինանության վարչությանը (Գավառի ոստիկանություն) հիվանդանոցի զեկույցի և դիմումատուի քրեական բողոք ներկայացնելուց և ցուցմունք տալուց հրաժարվելու փաստի մասին։
17. 2013 թվականի հունիսի 20-ին Երևանի ոստիկանությունը գործը փոխանցել է Գավառի ոստիկանությանը։
18. Նույն ամսաթվին Ս.Հ.-ն Գավառի ոստիկանությանը ցուցմունք է տվել՝ ասելով, որ 2013 թվականի հունիսի 16-ին նա հարվածել է դիմումատուի դեմքին մեկ անգամ։
19. Դիմումատուն, որը Երևանում էր, նույնպես ցուցմունք է տվել նույն օրը և ասել, որ 2013 թվականի հունիսի 16-ին Ս.Հ.-ն բռունցքով հարվածել է իր գլխին, դեմքին և բազուկներին, ինչպես նաև ոտքով հարվածել է մեջքին։ Քննիչի այն հարցին, թե արդյոք նա հարվածել է Ս.Հ.-ին, դիմումատուն հերքել է, որ ինքը հարվածել է նրան։
20. Դիմումատուի Երևանում ապրող ազգականը, ինչպես նաև ծնողները, ցուցմունք են տվել նույն օրը։
21. Գավառի ոստիկանության տեսուչ Ն.Կ.-ն նույն օրը նշանակել է դատաբժշկական փորձաքննություն՝ պարզելու, թե արդյոք դիմումատուն ունի վնասվածքներ, և ի թիվս այլ բաների, երբ և ինչպես են դրանք հասցվել, և որքանով են դրանք լուրջ: Դրան հաջորդած` 2013 թվականի հուլիսի 2-ին ստացված փորձաքննության եզրակացությանհամաձայն՝ դիմումատուն ստացել էր ուղեղի ցնցում, քթի ոսկորի կոտրվածք, փակ գանգուղեղային վնասվածք, թմբկաթաղանթի պատռվածք և կոշտ, բութ առարկայի միջոցով պատճառված ձախ թևի, ձախ ոսկորի և ձախ նախաբազկի հեմատոմաներ: Նշվել է, որ վնասվածքները կարող էին պատճառված լինել 2013 թվականի մայիսի 5-ին և հունիսի 16-ին բռնության արդյունքում: Փորձաքննության եզրակացության համաձայն` դիմումատուի վնասվածքները համարվում էին թեթև մարմնական վնասվածքներ:
22. 2013 թվականի հունիսի 21-ին տեսուչ Ն.Կ.-ն զննել է դեպքի վայրը՝ Ս.Հ.-ի ծնողների տան համապատասխան սենյակները (տե՛ս վերը նշված 5-րդ պարբերությունը) և ցուցմունքներ է վերցրել Ս.Հ.-ից և նրա ծնողներից։ Ս.Հ.-ն կրկնել է, որ 2013թ. հունիսի 16-ին հարվածել է դիմումատուի դեմքին մեկ անգամ, և նրա ծնողները նույն կերպ են ներկայացրել այդ օրվա իրադարձությունները:
IV. 2013 թվականի մայիսի 5-ի և 16-ի դեպքերի առնչությամբ քրեական բողոքը
23. 2013թ. հուլիսի 2-ին դիմումատուն քրեական գործ հարուցելու մասին հաղորդում է ներկայացրել Գավառի ոստիկանություն՝ 2013թ. մայիսի 5-ին և հունիսի 16-ին տեղի ունեցած բռնության դեպքերի առնչությամբ (տե՛ս վերը նշված 8-րդ և 10-րդ պարբերությունները):
24. Նույն օրը դիմումատուն հանդես է եկել լրացուցիչ հայտարարությամբ (տե՛ս վերը նշված 19-րդ պարբերությունը): Նա նշել է մասնավորապես, որ 2013 թվականի մայիսի 5-ին Ս.Հ.-ն աթոռով հարվածել է իր գլխին և մեջքին՝ կոտրելով աթոռը. այնուհետև նա բռունցքներով և ոտքերով հարվածել է իր մարմնի տարբեր մասերին: Իր սկեսուրը փորձել է միջամտել, սակայն Ս.Հ.-ն թույլ չի տվել վերջինիս սենյակ մտնել և շարունակել է ծեծել իրեն։ 2013 թվականի հունիսի 16-ին նույնպես Ս. Հ.-ն ծեծի է ենթարկել իրեն:
25. 2013 թվականի հուլիսի 3-ին տեսուչ Ն.Կ.-ն զեկուցել է իր վերադասին այն մասին, որ պարզվել է` 2013 թվականի մայիսի 5-ին Ս.Հ.-ն ծեծի է ենթարկել դիմումատուին, և այդ կապակցությամբ խնդրել է հրահանգներ տալ: Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության (Գեղարքունիքի ոստիկանություն) գրանցամատյանում 2013 թվականի մայիսի 5-ին ստացած մարմնական վնասվածքի մասին գրանցում է կատարվել։
26. Տեսուչ Ն.Կ.-ն տվյալ օրը նախաքննության ընթացքում հավաքված նյութերը փոխանցել է Գեղարքունիքի ոստիկանության քննչական բաժին։ Համապատասխան որոշման մեջ մասնավորապես նշվում էր, որ պարզվել էր` Ս.Հ.-ն մայիսի 5-ին և հունիսի 16-ին ծեծի էր ենթարկել դիմումատուին՝ նրան պատճառելով մարմնական վնասվածքներ, այսինքն՝ նրա արարքներում եղել են նախկին քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով նախատեսված հանցագործության տարրեր (ուժի մեջ է մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը. տե՛ս ստորև՝ 51-րդ պարբերությունը):
27. 2013 թվականի հուլիսի 16-ին դիմումատուն գրավոր դիմում է ներկայացրել Գեղարքունիքի ոստիկանության քննչական վարչության պետին: Նա մասնավորապես,նշել է, որ քրեական գործը հարուցվել է իր ամուսնու կողմից պատճառված վնասվածքների առնչությամբ, և որ ինքն ունի առողջական խնդիրներ, որոնց համար բուժում է ստանում Երևանում, և ինքը չի կարող գնալ Գավառ՝ հարցաքննության համար: Նա նաև նշել է, որ ամուսինն իրեն սպառնում է «վրեժ լուծել», եթե նա վերադառնա իր բնակության վայր։ Արդյունքում՝ իր սեփական անվտանգությունն ապահովելու համար դիմումատուն խնդրել է քննիչին հանձնարարել իրեն և իր հարազատներին հարցաքննել Երևանում: Նա ոչ մի պատասխան չի ստացել։
V. քրեական գործով վարույթ հարուցելն ու հետագա իրադարձությունները
28. 2013 թվականի հուլիսի 24-ին Գեղարքունիքի ոստիկանության քննչական բաժինը քրեական գործով վարույթ է հարուցել Ս. Հ.-ի նկատմամբ 2013 թվականի մայիսի 5-ի և հունիսի 16-ի դեպքերի առնչությամբ (տե՛ս վերը նշված 8-րդ և 10-րդ պարբերությունները)՝ համաձայն նախկին քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի (տե՛ս ստորև՝ 51-րդ պարբերությունը)։ Վարույթի շրջանակներում դիմումատուն ճանաչվել է որպես տուժող։
29. 2013 թվականի հուլիսի 25-ին դիմումատուին ներկայացրել են դատաբժշկական փորձագետի եզրկացությունը (տե՛ս վերը նշված 21-րդ պարբերությունը)։ Ինչպես նշվել է համապատասխան գրառման մեջ, նա համաձայն չի եղել իր կրած մարմնական վնասվածքների լրջության աստիճանը պարզելու համար իրականացված գնահատման հետ և խնդրել է իրականացնել լրացուցիչ դատաբժշկական փորձաքննություն։
30. Նույն ամսաթվին Գեղարքունիքի ոստիկանության քննչական բաժնի քննիչ Հ.Մ.-ն նշանակել է լրացուցիչ դատաբժշկական փորձաքննություն։ Համապատասխան որոշման մեջ նշվում էր, որ դիմումատուն հայտնել է նաև, որ 2013 թվականի մայիսի վերջին Ս.Հ.-ն ծխախոտով այրել է նրա ձախ նախաբազուկը։ Համաձայն 2013 թվականի օգոստոսի 22-ին տրված փորձաքննական եզրակացության՝ դիմումատուի մոտ հայտնաբերվել են հետևյալ մարմնական վնասվածքները՝ տարբեր վերքերից առաջացած սպիներ գլխամաշկի վրա (աջ ճակատային, գագաթի և գագաթ-ծոծրակային հատվածներում), ձախ դաստակին և ձախ սրունքին, արյունահոսություն ձախ նախաբազկում, աջ թմբկաթաղանթի պատռվածք, ուղեղի ցնցում և հեմատոմաներ ձախ թևի և նախաբազկի արտաքին մասում և կոնքոսկրի ձախ մասում, որոնք հասցվել են բութ և կոշտ առարկաներից կամ գործիքներից բազմաթիվ հարվածների հետևանքով, որոնք միասին կամ առանձին-առանձին պատճառել են թեթև մարմնական վնասվածքներ, որոնք հանգեցրել են դիմումատուի առողջության կարճաժամկետ վատթարացման։ Հնարավոր է՝ գլխամաշկի վնասվածքները հասցված լինեն 2013թ. մայիսի 5-ին՝ հաշվի առնելով սպիացման վիճակը: Ծոծրակային և պսակ-ծոծրակային հատվածների և ձախ սրունքի վերքերը կարող են լինել նույն վաղեմության, ինչ մյուս վերքերը, հաշվի առնելով սպիի վիճակը, չի կարելի բացառել, որ կարող են ունենալ ժամանակի որոշակի տարբերություն (օրերի կամ շաբաթների), որը հնարավոր չէր հստակորեն որոշել՝ բավարար բժշկական ապացույցների բացակայության և վնասվածքները հասցնելու և դատաբժշկական փորձաքննության իրականացման միջև ընկած ժամանակահատվածի պատճառով։ Մնացած վնասվածքները, ինչպես նաև ուղեղի ցնցումն ու աջ թմբկաթաղանթի պատռվածքը կարող են հասցված լինել 2013 թվականի հունիսի 16-ին։ Ձախ նախաբազկի վրա հայտնաբերվել է կլորավուն, անկանոն գերպիգմենտացված հատված: Հնարավոր չէ եզրակացնել, որ վերջինս առաջացել է ծխախոտի այրվածքից։
31. 2013 թվականի օգոստոսի 13-ին Գավառի ոստիկանությունը նամակի միջոցով տեղեկացրել է քննիչ Հ.Մ.-ին, որ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզ է դարձել, որ Ս.Հ.-ն ունի բացասական բնութագիր։ Նա հաճախ է ալկոհոլ օգտագործել և դրա ազդեցության տակ գտնվելով տանը, ինչպես նաև իր սոցիալական միջավայրում խնդիրներ առաջացրել և չի ենթարկվել իր ծնողներին։ Ս.Հ.-ն հաճախ է վիճել կնոջ հետ և այս առնչությամբ Գավառի ոստիկանության կողմից հավաքված ապացույցները վկայում են այն մասին, որ 2013 թվականի մայիսի 5-ին նա ծեծի է ենթարկել դիմումատուին։
32. 2013 թվականի հոկտեմբերի 1–ին Գավառի ոստիկանական բաժնում անցկացվել է առերեսում դիմումատուի և Ս.Հ.-ի միջև։ Ըստ դիմումատուի՝ ամբողջ առերեսման ընթացքում Ս.Հ.-ն ամբարտավան վարքագիծ է ցուցաբերել, վիրավորել և սպառնացել, որ վրեժխնդիր կլինի, եթե վերջինս շարունակի իր մասին բողոք ներկայացնել։ Քննիչ Հ.Մ.-ն չի փորձել սաստել Ս.Հ.-ին։ Ավելին, ոստիկանը, որն աշխատում էր ոստիկանության նույն բաժնում և Ս.Հ.-ի զարմիկն էր, խաթարել է առերեսման բնականոն ընթացքը՝ ազատորեն մտնելով սենյակ և անհարիր վարքագիծ դրսևորելով դիմումատուի նկատմամբ։ Նշված հանգամանքներից ելնելով՝ դիմումատուն ստիպված է եղել ընդհատել առերեսումն ու լքել ոստիկանության բաժինը։ Տվյալ առերեսմանն առնչվող գրառման մեջ առկա է դիմումատուի կողմից ներկայացված պահանջը՝ «նրա անվտանգ առերեսումն ապահովելու» համար միջոցներ ձեռնարկելու մասին։
Կառավարությունը պնդել է, որ դիմումատուն ստորագրել է տվյալ առերեսման արձանագրությունը և նշել, որ Ս.Հ.-ն ճնշում է գործադրել իր վրա և սպառնացել, մինչդեռ Ս.Հ.-ի փաստաբանն արձանագրության մեջ նշել է, որ դիմումատուի վրա ճնշում չի գործադրվել, և որ նա ամբողջ ընթացքում խոսել է իր բջջային հեռախոսով։
33. 2013 թվականի հոկտեմբերի 10-ին դիմումատուն բողոք է ներկայացրել գլխավոր դատախազին, ոստիկանապետին և ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետին՝ քրեական գործի քննությունն այլ քննչական մարմնի փոխանցելու պահանջով։ Դիմումատուն ասել է, որ 2013 թվականի հոկտեմբերի 1-ին տեղի ունեցած առերեսման ժամանակ (տե՛ս վերը նշված 32-րդ կետը) Ս.Հ.-ն անկաշկանդ բղավել է նրա վրա, սպառնացել և վիրավորել նրան՝ ասելով, որ վրեժ է լուծելու, եթե նա շարունակի բողոքել իր դեմ, և քննիչը այդ կապակցությամբ ընդհանրապես ոչինչ չի ձեռնարկել: Տեսնելով, որ դիմումատուն ցանկանում է հեռանալ, քննիչը փորձել է հանգստացնել Ս.Հ.-ին, սակայն նա քննիչի հետ շատ ամբարտավան է խոսել։ Իր մոտ տպավորություն էր ստեղծվել, որ այդ պահին քննիչն իրենից էլ ավելի անօգնական վիճակում էր, քանի որ նա չէր համարձակվել որևէ քայլ ձեռնարկել Ս.Հ.-ին սաստելու համար։ Ավելին, Ս.Հ.-ի զարմիկը, որն աշխատում էր ոստիկանության միևնույն բաժնում, ընդհատել էր առերեսումը տարբեր պահերի և իր հարազատի համար սուրճ բերել։ Դիմումատուն պնդում էր, որ Գեղարքունիքի ոստիկանության քննիչները «սարսափել են» Ս.Հ.-ից և նրա հարազատներից (տարածաշրջանում ունեցած ազդեցության պատճառով), ինչն էլ խոչընդոտել է նրանց կողմից գործի անաչառ հետաքննության իրականացումը։ Գործի փոխանցման վերաբերյալ տվյալ պահանջի արդյունքն անհայտ է։
34. 2013 թվականի նոյեմբերի 5-ին Ս.Հ.-ն հանդիպել է դիմումատուին դպրոցից դուրս, որտեղ սովորում էր իրենց դուստրը: Ըստ դիմումատուի՝ Ս.Հ.-ն հարվածել է նրա դեմքին՝ հայհոյանքներ հնչեցնելով և վիրավորելով նրան։ Դիմումատուն դեպքի մասին հայտնել է Երևանի ոստիկանություն (տե՛ս վերը նշված 14-րդ պարբերությունը)։
35. 2013 թվականի նոյեմբերի 6-ին դիմումատուն դիմում է ներկայացրել ոստիկանության Գեղարքունիքի քննչական բաժին՝ նկարագրելով 2013 թվականի նոյեմբերի 5-ի բռնությունը (տե՛ս վերը նշված 34-րդ պարբերությունը), նշելով, որ Ս.Հ.-ի ապօրինի գործողություններն իրական վտանգ են ներկայացրել իր կյանքի և անվտանգության համար, ինչպես նաև այն, որ վերջինս հետապնդում է իրեն: Ուստի նա չի ցանկացել մասնակցել նրա հետ առերես հարցազրույցին և խնդրել է, որ հաշվի առնվեն իր նախկին հայտարարությունները:
36. 2013 թվականի նոյեմբերի 14-ին քննիչ Հ.Մ.-ն նախկին Քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (խոշտանգում ծանրացուցիչ հանգամանքներով այն անձի նկատմամբ, որն «այլ կախվածություն» ուներ հանցանք կատարած անձից, տե՛ս ստորև՝ 54-րդ պարբերությունը) մեղադրանք է առաջադրել Ս.Հ.-ի նկատմամբ։ Համապատասխան որոշման վերաբերելի մասերն ունեն հետևյալ բովանդակությունը.
« … [Ս.Հ.]-ն մեղադրվում է [դիմումատուին] խոշտանգելու մեջ՝ մի անձի, որն այլ կախվածություն ուներ [նրանից] ... այսինքն՝ [անձը, որի հետ նա ] ամուսնական հարաբերությունների մեջ էր գտնվում, [նրան] բազմիցս ծեծի ենթարկելու միջոցով՝ մարմնական և հոգեբանական տառապանք պատճառելով [նրան]...
2013 թվականի մայիսի 5-ին... [Ս.Հ.]-ն հարվածել է [դիմումատուի] ձախ այտին և արդյունքում [դիմումատուն], ուժգին ցավ զգալով, բղավել է… դա լսելով՝ [Ս.Հ.-ի մայրը] մտել է ննջասենյակ՝ ցանկանալով [դիմումատուին] դուրս տանել այնտեղից…, սակայն [Ս.Հ.]-ն բռնել է [դիմումատուի] մազերից և քաշել է նրան հետ՝ դեպի ննջասենյակ, ... այնուհետև վերցրել է ջրով լի գավաթը... և հարվածել [դիմումատուի] գլխին և արդյունքում [դիմումատուն] ընկել է հատակին և [այնտեղ մնացել] մոտավորապես 20 րոպե։ [Ս.Հ.]-ն շատ նյարդայնացած քայլել է սենյակում և բռունցքներով և ոտքերով հարվածներ հասցրել [դիմումատուի] գլխին, դեմքին և մեջքին... [Դիմումատուն] արտասվել է և խնդրել [նրան] չհարվածել իրեն, սակայն [Ս.Հ.]-ն ոչ մի ուշադրություն չի դարձրել այս ամենին, նա կարծես շատ ոգևորված է եղել և հաճույք ստացել նրան հարվածելուց..., նա վերցրել է փայտյա աթոռը... և հարվածել [դիմումատուի] մեջքին..., արդյունքում աթոռը կոտրվել է, և նա մի շարք հարվածներ է հասցրել [դիմումատուի] գլխին և մարմնի տարբեր մասերին [աթոռի կոտրված մասերով]։ Արդյունքում [դիմումատուն] ուշագնաց է եղել և գիտակցության է եկել [ավելի ուշ] այն հարվածների պատճառով, որոնք դեռ շարունակել է կրել...
Ի հավելումն այդ ամենի՝ 2013 թվականի մայիսի վերջին... [Ս.Հ.]-ն վիճել է [դիմումատուի] հետ... [և] մոտեցրել է ծխախոտը նրա դեմքին... [դիմումատուն] փակել է դեմքը ձեռքերով, որից հետո [Ս.Հ.]-ն այրել է նրա նախաբազուկը այրվող ծխախոտով։
Այնուհետև՝ 2013 թվականի հունիսի 16-ին՝ մոտավորապես [երեկոյան ժամը 11։00-ին, Ս.Հ.-ն] վիճաբանել է [դիմումատուի] հետ, որի ընթացքում [նա] հարվածել է [նրա] աջ ականջին, ինչն էլ ուժգին ցավ է պատճառել վերջինիս… այնուհետև, [Ս.Հ.]-ն ոտքով հարվածել է [դիմումատուի] դեմքին և [նրա] մարմնի տարբեր հատվածներին... ապա [Ս.Հ.]-ն հեռացել է... և հետ է վերադարձել մոտ մեկ ժամ անց... և հարվածել է [դիմումատուի] ձախ այտին, ինչից հետո [դիմումատուն] հեռացել է տանից... [Ս.Հ.]-ն հետապնդել է նրան, սակայն [դիմումատուն] թաքնվել է, քանի որ վախենում էր [նրանից] և դրսում է մնացել մինչև մոտավորապես [2013 թվականի] հունիսի 17-ի առավոտյան ժամը 4-ը, երբ գնացել է իր ծնողների տուն։
...»:
37. 2013 թվականի նոյեմբերի 15-ին Երևանի ոստիկանությունը մերժել է քրեական գործ հարուցել 2013 թվականի նոյեմբերի 5-ին տեղի ունեցած միջադեպի առնչությամբ (տե՛ս վերը նշված 34-րդ պարբերությունը)՝ Ս.Հ.-ի գործողություններում հանցակազմի բացակայության պատճառով: Համապատասխան որոշման մեջ նշվում էր, որ թեև հիմնավորվել է, որ Ս.Հ.-ն վիճաբանել է դիմումատուի հետ լսողության խանգարումներ ունեցող երեխաների կրթահամալիրի բակում նրան հանդիպելուց հետո և հարվածել նրա դեմքին՝ ֆիզիկական ցավ պատճառելով նրան, մեկ հարվածը, որը մարմնական վնասվածք չէր պատճառել, իրավաբանորեն չէր կարող որակվել որպես ծեծ (նախկին Քրեական օրենսգրքի 118-րդ հոդված. տե՛ս ստորև՝ 52-րդ պարբերությունը): Ս.Հ.-ի վարքագիծը նույնպես չէր կարող որակվել որպես խուլիգանություն՝ հաշվի առնելով, որ միջադեպը կարճ է եղել, մարդիկ չեն հավաքվել, և վիճաբանությունը վերաբերել է ընտանեկան խնդրին. Ս.Հ.-ն նպատակ չի ունեցել հակադրվել հասարակությանը և անհարգալից վերաբերմունք ցուցաբերել իր սոցիալական միջավայրի նկատմամբ։ Դիմումատուն չի բողոքարկել այդ որոշումը։
38. 2013 թվականի նոյեմբերի 27-ին, հիմք ընդունելով 2013 թվականի նոյեմբերի 14-ի որոշման մեջ պարունակվող մեղադրանքները և իրադարձությունների նկարագրությունը (տե՛ս վերը նշված 36-րդ պարբերությունը), մեղադրական եզրակացությունն ամփոփվել է, և գործն ուղարկվել է Գեղարքունիքի մարզի դատարան (Մարզային դատարան)՝ դատավարության իրականացման համար: Մասնավորապես մեղադրող կողմը պահանջել է Ս.Հ.-ին դատապարտել նախկին Քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (տե՛ս ստորև՝ 54-րդ պարբերությունը), քանի որ համարվում էր, որ նա դիմումատուին ենթարկել էր նշված վատ վերաբերմունքի այն իրավիճակում, երբ նա ուներ «այլ կախվածություն» նրանից՝ հաշվի առնելով, որ վերջինս եղել է նրա կինը:
VI. դատաՔՆՆությունը
39. 2013 թվականի դեկտեմբերի 19-ին դիմումատուն, ի դեմս պրն Տ. Մուրադյանի (տե՛ս վերը նշված 2-րդ պարբերությունը), Ս.Հ.-ին կալանավորելու պահանջով հայց է ներկայացրել մարզային դատարան։ Անդրադառնալով մասնավորապես գործի նյութերում առկա ապացույցներին, որոնք վկայում են, որ Ս.Հ.-ն բացասական է ներկայացվել (տե՛ս վերը նշված 31-րդ պարբերությունը), և 2013 թվականի նոյեմբերի 5-ի միջադեպին (տե՛ս վերը նշված 34-րդ պարբերությունը), դիմումատուն ներկայացրել է, որ Ս.Հ.-ն վարույթի ընթացքում իրեն պահել է ոչ հարիր՝ շարունակել է ծեծել ու անհանգստացնել նրան, մի քանի անգամ սպառնացել թե՛ անձամբ, թե՛ հարազատների միջոցով, փորձել համոզել նրան հետ վերցնել իր բողոքը, ալկոհոլ օգտագործել և լարվածություն ստեղծել։ Դիմումատուն նմանատիպ դիմում է ներկայացրել 2014 թվականի հունվարի 29-ի լսումների ժամանակ։
40. 2014 թվականի փետրվարի 24-ի լսումների ժամանակ դիմումատուն ներկայացրել է միունույն պահանջը։ Նա ասել է, որ Ս.Հ.-ն վիրավորել և հեռախոսով սպառնացել է իրեն՝ ասելով, որ «ամեն բան կազմակերպված է, նա պատասխանատվության չի ենթարկվելու», բայց, որ նա վրեժ է լուծելու իրենից վարույթի ավարտից հետո։ Նույն նիստի ժամանակ մարզային դատարանը որոշում է կայացրել առ այն, որ կքննի դիմումատուի ներկայացրած դիմումները փաստերի ուսումնասիրությունն ավարտին հասցնելուց հետո։
41. Նույն նիստի ժամանակ իր տված ցուցմունքում դիմումատուն ասել է, որ եկեղեցում իրենց պսակադրությունը կատարվել է 2004 թվականի հոկտեմբերի 30-ին։ Ս.Հ.-ն թույլ չի տվել նրան կապ պահպանել իր ընտանիքի և ազգականների հետ։ Նրանց դուստրը՝ Վ.Հ.-ն, որն ուներ լսողական խնդիր, հատուկ խնամքի և խոսքի թերապիայի կարիք ուներ, այդ իսկ պատճառով, նրանք տեղափոխվել էին Երևան, որտեղ Ս.Հ.-ն աշխատել էր համապատասխան ժամանակաընթացքում։ Որոշ ժամանակ անց պարզ էր դարձել, որ Ս.Հ.-ն Երևանում հարաբերություններ ուներ մեկ այլ կնոջ հետ։ Վ.Հ.-ի՝ Երևանի դասընթացների համար վճարելու ֆինանսական միջոցներ չունենալու պատրվակով Ս.Հ.-ն դիմումատուին և իրենց երեխաներին հետ էր ուղարկել ապրելու իր ծնողների հետ։ Շուրջ երեք տարի Ս.Հ.-ն մեկ այլ կնոջ հետ էր ապրում Երևանում վարձակալած բնակարանում. ամեն անգամ, երբ տուն էր վերադառնում (իր ծնողների տուն), նա վերադառնում էր ուշ գիշերին՝ հարբած, հայհոյում ու խնդիրներ էր ստեղծում, հետո հեռանում՝ իր հետ տանելով գումար՝ տան վարձը վճարելու և իր կարիքները հոգալու համար։ Նա վերադառնում էր միայն այն ժամանակ, երբ ավելի շատ գումարի կարիք էր ունենում։ Ամեն անգամ, երբ տուն էր վերադառնում, ծեծի էր ենթարկում դիմումատուին։ Այնուհետև, դիմումատուն պատմել է 2013 թվականի մայիսի 5-ի միջադեպը (տե՛ս վերը նշված 8-րդ պարբերությունը), երբ Ս.Հ.-ն սարսափելի ծեծի է ենթարկել իրեն՝ մեղադրելով, որ նա բավարար չափով ուշադիր չի եղել Վ.Հ.-ի նկատմամբ, որը դրսում խաղալիս վնասել էր դեմքը։ 2013 թվականի մայիսի 5-ից հունիսի 16-ն ընկած ժամանակահատվածում Ս.Հ.-ն ավելի հաճախ էր գյուղում եղել և նույնիսկ մի քանի օր մնացել էր այնտեղ։ Դիմումատուն չէր համարձակվել որևէ բանով հակադարձել նրան, քանի որ գիտեր, որ դա կհանգեցներ մեկ այլ վեճի: Այնուհետև, նա պատմել է 2013 թվականի հունիսի 16-ի միջադեպը (տե՛ս վերը նշված 10-րդ պարբերությունը), որի ընթացքում Ս.Հ.-ի հայրը փորձել էր միջամտել իրեն պաշտպանելու համար, և ի պատասխան՝ Ս.Հ.-ն ասել էր. «...նա իմ կինն է, ես կարող եմ վարվել այնպես, ինչպես ուզում եմ…»: Տանից փախչելուց հետո, նա չէր գնացել ծնողների մոտ, քանի որ գիտեր, որ Ս.Հ.-ն այնտեղ կփնտրեր իրեն: Նա զանգահարել էր հորը՝ զգուշացնելու, որ Ս.Հ.-ն պատրաստվում է այցելել նրանց, և անջատել էր հեռախոսը՝ թաքնվելով Ս.Հ.-ից գետի մոտ, որտեղ նա մնացել էր գրեթե մինչև լուսաբաց։ Շուրջը ոչ ոք չի եղել, և նա լսել է միայն Ս.Հ.-ի մեքենայի ձայնը: Նա չափազանց վախենում էր, որ նա կրկին վատ կվերաբերվեր իրեն։ Նա հրաժարվել էր մնալ հիվանդանոցում (տե՛ս վերը նշված 11-րդ պարբերությունը), վախենալով, որ Ս.Հ.-ն կկարողանար գտնել նրան, քանի որ նրա ընտանիքն ամենուր ծանոթներ ուներ, և եթե ինչ-որ մեկը պարզեր, թե ով է նա, ապա կհամոզեին նրան վերադառնալ։ Այնուհետև Ս.Հ.-ի մայրն ու քույրերը խոսել են նրա հետ: Նշված զրույցի ընթացքում դիմումատուն համաձայնել էր Ս.Հ.-ի նկատմամբ բողոք չներկայացնել, եթե նրան թույլ տրվեր պահել երեխաներին և միայնակ ապրել, և նրանք համաձայնության էին եկել նշված պայմանավորվածության շուրջ։ Սակայն, այնուհետև նրանք ոչ թույլ են տվել իր մոտ պահել Հ.Հ.-ին (իր որդուն), ոչ էլ թույլ են տվել խոսել նրա հետ։ Դիմումատուն հայտնել է, որ Ս.Հ.-ն պարբերաբար ծեծի է ենթարկել իրեն, երբ նրանք ապրել են Երևանում. նա այդ մասին ասել է միայն Ս.Հ.-ի ծնողներին և քույրերին։ Նա հայտնել է նաև, որ չի կարողացել ամուսնալուծվել, որովհետև վախեցել է նրանից. Ս.Հ.-ն հայտարարել է, որ կկախի նրան, և ոչ ոք չի իմանա, և նա կասկած չուներ, որ վերջինս ընդունակ էր այդպես վարվել։ Նախագահող դատավորի հարցին, թե ինչու նա չի հեռացել և փոխարենը կրել է նման խոշտանգումներ, դիմումատուն պատասխանել է, որ ելք չի ունեցել և ոչ էլ իրավունք է ունեցել լքելու նրանց տունը: Ս.Հ.-ի փաստաբանի հարցին, թե ինչու նա ոստիկանություն չի դիմել, դիմումատուն նշել է, որ վախեցել է Ս.Հ.-ի սպառնալիքներից։ Նա մեկ տարի նրանից առանձին էր ապրում, սակայն վերջինս շարունակում էր սպառնալ նրան։
42. 2014 թվականի մայիսի 7-ին կայացած նիստի ժամանակ Ս.Հ.-ն վկայություն է տվել՝ նշելով, որ դիմումատուն իր կինն է։ Նա հայտնել է, որ ի թիվս այլնի, նա դիմումատուի հետ ունեցել է նորմալ հարաբերություններ և կարծում էր, որ 2013 թվականի մայիսի 5-ի վիճաբանությունը եղել է «թեթև ընտանեկան վիճաբանություն»։ Ըստ Ս.Հ.-ի՝ 2013 թվականի հունիսի 16-ին դիմումատուն հեռացել է տանից, քանի որ նա վատ պահվածք է դրսևորել իրենց երեխաների նկատմամբ։
43. 2014 թվականի հոկտեմբերի 30-ին իր վերջին փաստարկներում դիմումատուն, ի թիվս այլնի, ասել է, որ վարույթի հենց սկզբից Ս.Հ.-ն իրեն պահել է ոչ հարիր՝ ճնշում գործադրելով դիմումատուի և նրա հարազատների վրա։ Ամեն անգամ, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, սպառնացել, վիրավորել և վախեցրել է նրան և նրա հարազատներին՝ պահանջելով հետ վերցնել իրենց ցուցմունքները։ Նա և իր հարազատները ստիպված են եղել փոխել իրենց բնակության վայրը՝ հեռու մնալու Ս.Հ.-ից, քանի որ նա հետապնդում էր դիմումատուին, սակայն ոչինչ չի փոխվել։ Դիմումատուն հույս է հայտնել, որ Ս.Հ.-ի կողմից նման բացասական վարքը պատշաճ կերպով կգնահատվի մարզային դատարանի կողմից: Նա նաև նշել է, որ իրեն հետագա վատ վերաբերմունքի վտանգ է սպառնում, եթե Ս.Հ.-ն շարունակի մնալ ազատության մեջ, և խնդրել է առավելագույն պատիժ սահմանել վերջինիս նկատմամբ։
44. Դատավարության ընթացքում՝ չպարզված օրը, դիմումատուն քաղաքացիական հայց է ներկայացրել Ս.Հ.-ի դեմ՝ պահանջելով 1,000,000 ՀՀ դրամի չափով հատուցում նյութական վնասի դիմաց (դաժան վերաբերմունքի հետևանքով նրա առողջական խնդիրների հետ կապված բժշկական ծախսեր): Նա նաև պահանջել է 3,000,000 ՀՀ դրամ հատուցում ՝ իր էմոցիոնալ և հոգեբանական տառապանքների հետևանքով առաջացած ոչ նյութական վնասի դիմաց, որին ենթարկվել է Ս.Հ.-ի կողմից՝ գտնվելով մի իրավիճակում, երբ կախված է եղել նրանից: Նա նաև պնդել է, որ Ս.Հ.-ի վիրավորական խոսքերն ու գործողությունները նվաստացրել են իրեն՝ նսեմացնելով իր պատիվն ու արժանապատվությունը: Դիմումատուն նշել է, որ Քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասը (տե՛ս ստորև՝ 56-րդ պարբերությունը) կորցրել է իր օրինական ուժը 2014 թվականի հոկտեմբերի 1-ին՝ Սահմանադրական դատարանի 2013 թվականի նոյեմբերի 5-ի որոշման համաձայն (տե՛ս ստորև՝ 71-րդ պարբերությունը): Այնուամենայնիվ, օրենսդիրը չի կարողացել ամբողջովին կարգավորել ոչ նյութական վնասի փոխհատուցման հարցը։ Ուստի իր քաղաքացիական հայցում դիմումատուն նշել է, որ ստիպված է եղել հղում կատարել Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածին (տե՛ս ստորև՝ 58-րդ պարբերությունը), որը, ըստ նրա, միակ գործող իրավական դրույթն էր, որը նախատեսում էր ոչ նյութական վնասի հատուցում պահանջելու հնարավորություն։
45. 2014 թվականի դեկտեմբերի 22-ին մարզային դատարանը վճիռ է կայացրել։ Մեղադրող կողմն ի սկզբանե Ս.Հ.-ի նկատմամբ մեղադրանք էր առաջադրել նախկին Քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (խոշտանգում ծանրացուցիչ հանգամանքներով. տե՛ս վերը նշված 36-րդ և 38-րդ պարբերությունները և ստորև՝ 54-րդ պարբերությունը), սակայն դատարանը դրանք վերադասակարգել է ըստ նախկին Քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասի (խոշտանգում՝ ծանրացուցիչ հանգամանքների բացակայությամբ. տե՛ս ստորև՝ 53-րդ պարբերությունը): Նա դատապարտվել է խոշտանգման համար՝ տվյալ դրույթի համաձայն, և նրա նկատմամբ պատիժ է սահմանվել մեկ տարի վեց ամիս ժամկետով ազատազրկման ձևով։ Ապա մարզային դատարանը որոշում է կայացրել Ս.Հ.-ին պատիժը կրելուց ազատելու մասին՝ 2013 թվականի հոկտեմբերի 3-ի «Համաներում հայտարարելու մասին» օրենքը կիրառելով (տե՛ս ստորև՝ 69-րդ պարբերությունը), և մերժել է դիմումատուի քաղաքացիական հայցը։ Տվյալ վճռի համապատասխան մասերն ունեն հետևյալ բովանդակությունը.
« ... [Ս.Հ.-ի փաստաբանը] վիճարկել է [դիմումատուի] քաղաքացիական հայցը ... համարելով, որ [նյութական վնասի մասով] հայցն ամբողջությամբ անհիմն է... Այնուամենայնիվ, նրա պաշտպանյալը հայտարարել է, որ իր ծնողները պատրաստ են վճարել 300 000 [ՀՀ դրամ], քանի որ [դիմումատուն], ի վերջո, իր երեխաների մայրն է։
...
Դատավարության ընթացքում [դիմումատուն] [Ս.Հ.]-ից ստացել է 300 000 [ՀՀ դրամ]։ ...
Ուսումնասիրելով ապացույցները..., [դատարանը] գտնում է, որ [նախկին Քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով] [Ս.Հ.]-ին առաջադրված մեղադրանքը չի հիմնավորվել, և նրա կատարած հանցանքը պետք է ենթարկվի վերադասակարգման ...
Դատարանը գտնում է, որ պաշտպանական կողմի ներկայացրած փաստարկները հիմնավորված չեն՝ հաշվի առնելով, որ [Ս.Հ.]-ն գիտակցել է, որ իր գործողություններով [դիմումատուին] պատճառում է ուժգին ցավ, ֆիզիկական կամ հոգեկան տառապանք, քանի որ [Ս.Հ.]-ն իր բռնի գործողությունների հետևանքով [դիմումատուին] պարբերաբար ենթարկել է ֆիզիկական կամ հոգեկան տառապանքների…
...
Ինչ վերաբերում է պաշտպանական կողմի ներկայացրած փաստարկին այն մասին, որ [դիմումատուն] «այլ կախվածություն» չի ունեցել [Ս.Հ.]-ից (ամուսնության միջոցով), դատարանը գտնում է, որ այն հիմնավորված է հետևյալ պատճառներով...
[Նախկին Քրեական օրենսգրքի] 119-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է խոշտանգումների հետ կապված ծանրացուցիչ հանգամանքները։ Մասնավորապես նման [հանգամանքները] գոյություն ունեն, երբ խոշտանգում համարվող գործողությունները կատարվել են ... անձի նկատմամբ, որը ֆինանսապես կամ այլ կախվածություն ունի [հանցանք կատարած անձից]:
Հանցանք կատարած անձից ֆինանսական կախվածությունը կարող է կապված լինել ցանկացած իրավիճակի հետ, երբ զոհի ֆինանսական վիճակի բարելավումը կամ վատթարացումը կախված է հանցանք կատարած անձից։
[Հանցանք կատարած անձից] այլ կախվածություն կարող է առաջանալ, օրինակ, ամուսնության դեպքում ...
Դատարանը հաստատված է համարում այն փաստը, որ մոտ երկու տարի [Ս.Հ.]-ն և [դիմումատուն] ընդհանուր տնային տնտեսություն չեն վարել [և] չեն ապրել ամուսնական կյանքով. [Ս.Հ.]-ն ոչ մի տեղ չի աշխատել և ֆինանսապես չի ապահովել [դիմումատուին], [իսկ Ս.Հ.] -ի մայրն ապահովել է ընտանիքի կարիքները, [ինչպես նաև] հոգացել է [Ս.Հ.] -ի ֆինանսական ծախսերը…
Դատավարության ընթացքում պարզվել է նաև, որ մոտ երկու տարի [Ս.Հ.]-ն ապրել է Երևանում մեկ այլ կնոջ հետ, որի հետ վարել է ընդհանուր տնային տնտեսություն, և որ 2013 թվականի հուլիս ամսվանից սկսած՝ ապրել է իր ծնողների տանը` Գանձակ գյուղում...
[Ս.Հ.]-ի պատիժը որոշելու համար դատարանը [կքննարկի] հանցանքի բնույթն ու սոցիալական վտանգ ներկայացնելը, ինչպես նաև մեղմացնող գործոնները. [այն փաստը], որ նրան դրական են բնութագրում, իր խնամքի տակ ունի [մանկահասակ] երեխա…
...
Դատարանը գտնում է, որ կրկնահանցագործությունը ծանրացնող գործոն է համարվում։
...
Հարկ է Նշել, որ դատավարության ընթացքում [դիմումատուն] [Ս.Հ.] -ից ստացել է 300 000 [ՀՀ դրամ], այնուամենայնիվ, հետամուտ լինելով իր քաղաքացիական հայցին...
Դատարանը գտնում է, որ [դիմումատուի] քաղաքացիական հայցը պետք է մերժվի, քանի որ նա չի ներկայացրել համապատասխան փաստաթղթային ապացույց՝ պահանջվող գումարի չափը հիմնավորելու համար։ Ի հավելումն դրա՝ [Ս.Հ.]-ն փոխհատուցել է նրան 300.000 ՀՀ դրամ գումարի չափով, որը, դատարանի կարծիքով, ողջամիտ գումար է տվյալ իրավախախտման հետևանքով պատճառված վնասը հատուցելու համար։
Այնուհետև մարզային դատարանը հղում է կատարել վիրավորանքի և զրպարտության հետևանքով հասցված ոչ նյութական վնասի հատուցման վերաբերյալ Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքին՝ մինչ հետևյալը նշելը.
«Ստացվում է... [դիմումատուի պահանջը ոչ նյութական վնասի վերաբերյալ] ... նույնպես պետք է մերժվի անհիմն լինելու պատճառով:
Բացի այդ, դատարանը գտնում է, որ անհիմն քաղաքացիական հայց ներկայացնելով՝ տուժող կողմը հետապնդում էր մեկ նպատակ, այն է՝ կանխել [Ս.Հ.]-ի նկատմամբ [«Համաներում հայտարարելու մասին» օրենքի] կիրառումը։
2013 թվականի հոկտեմբերի 3-ին Ազգային ժողովի կողմից ընդունված [«Համաներում հայտարարելու մասին» օրենքի] 1-ին բաժնի 3-րդ կետի համաձայն... առավելագույնը երեք տարի ժամկետով ազատազրկման դատապարտված անձինք ազատվում են պատիժը կրելուց ...
Նկատի ունենալով, որ վերոգրյալի լույսի ներքո [Ս.Հ.]-ն [նախկին քրեական օրենսգրքի] 119-րդ հոդվածի 1-ին պարբերությամբ նախատեսված հանցանքը կատարելու համար պետք է դատապարտվի ազատազրկման՝ մեկուկես տարի ժամկետով, և որ [2013 թվականի հոկտեմբերի 3-ի «Համաներում հայտարարելու մասին» օրենքում] նշված հանգամանքները, որոնք խոչընդոտում են [տվյալ օրենքի] կիրառումը, սույն գործում գոյություն չունեն, դատարանը գտնում է, որ [Ս.Հ.]-ն ազատվում է պատիժը կրելուց՝ կիրառելով [2013 թվականի հոկտեմբերի 3-ի «Համաներում հայտարարելու մասին» օրենքը] ...
… [Ինչ վերաբերում է 2013 թվականի հոկտեմբերի 3-ի՝ «Համաներում հայտարարելու մասին» օրենքի կիրառմանը խոչընդոտող հանգամանքներին, որոնք նշված են տվյալ օրենքի 9-րդ բաժնի 6-րդ կետում] ..., հարկ է նշել, որ [Ս.Հ.]-ն հատուցել է [դիմումատուին] պատճառված վնասը: Ինչ վերաբերում է այն փաստին, որ [դիմումատուն] պահանջել է 4 000 000 [ՀՀ դրամ], մինչդեռ [Ս.Հ.]-ն փոխհատուցել է [նրան 300,000 ՀՀ դրամի չափով], դատարանը գտնում է, որ սույն գործում հանցագործությամբ պատճառված վնասի կամ վնասի չափի վերաբերյալ փաստը չի վիճարկվում, քանի որ հաշվի առնելով վերոգրյալը՝ դատարանը որոշել է հատուցման ենթակա վնասի չափը...
Ինչ վերաբերում է [Ս.Հ.]-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին [դիմումատուի] հայցին, քանի որ [Ս.Հ.]-ն ազատվելու է պատիժը կրելուց..., դատարանը անհրաժեշտ չի համարում քննել [նրա կալանավորման] մասին հայցը:
46. Դիմումատուն վերաքննիչ բողոք է ներկայացրել։ Նա վիճարկել է մարզային դատարանի այն եզրակացությունը, որ ինքը չի համարվում Ս.Հ.-ից «այլ կախվածություն» ունեցող անձ, ինչի հետևանքով վերջինիս նկատմամբ սահմանվել է շատ ավելի մեղմ պատիժ կատարած հանցագործության ծանրության համեմատ։ Մասնավորապես մարզային դատարանը պատշաճ կերպով հաշվի չի առել նշված վատ վերաբերմունքի հետ կապված բոլոր հանգամանքները՝ դիմումատուի խոցելի վիճակը և Ս.Հ.-ի ազդեցությունն ու հնարավորությունները: Նրանք ամուսնացել են 2004 թվականին եկեղեցական պսակադրությամբ։ Նա Ս.Հ.-ին ընդունել է որպես իր ամուսին և իր երեխաների հայր, հնազանդ է եղել նրան, առանձին կյանք չի վարել, վախեցել է նրանից և ապրել նրա ծնողների հետ՝ նրանց տանը։ Այնուհետև նա պնդել է, որ Ս.Հ.-ի նկատմամբ համաներում կիրառելով՝ պատիժը կրելուց ազատելն անհիմն է եղել, քանի որ վերջինս չի հատուցել նրան մինչև վճռի ընդունումը պատճառված վնասը։ Բացի այդ, մարզային դատարանը ապօրինաբար մերժել է նրա՝ ոչ նյութական վնասի փոխհատուցման համար ներկայացված քաղաքացիական հայցը։ Պահանջվող գումարը անհամեմատելի էր նրա կրած տառապանքների հետ, սակայն այն համապատասխանում էր վիրավորանքի և զրպարտության դեպքում ոչ նյութական վնասի հատուցման թույլատրված առավելագույն չափին, որը սահմանված է Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածով (տես ստորև՝ 58-րդ պարբերությունը):
47. Դատախազը նաև վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ պատճառաբանելով, որ մարզային դատարանը սխալ է գնահատել Ս.Հ.-ին առաջադրված մեղադրանքը նախկին Քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (տե՛ս ստորև՝ 54-րդ պարբերությունը): Դատախազի վերաքննիչ բողոքի համապատասխան հատվածներն ունեն հետևյալ բովանդակությունը.
« ...
[Մարզային դատարանը] հաստատված է համարել, որ [Ս.Հ.]-ն և [դիմումատուն] մոտ երկու տարի ընդհանուր տնային տնտեսություն չեն վարել [և] ամուսնական կյանքով չեն ապրել, [Ս.Հ.]-ն ոչ մի տեղ չի աշխատել և տուժողի կարիքները չի հոգացել, [և որ Ս.Հ.] -ի մայրն է ... հոգացել ընտանիքի կարիքները ...
Հարց է ծագում. եթե տուժողը և [Ս.Հ.]-ն ամուսնական հարաբերությունների մեջ չեն եղել, ապա ի՞նչ էր անում [դիմումատուն] [Ս.Հ.]-ի տանը, որտեղ նրանք մշտապես ապրել են ամուսնությունից ի վեր, [որտեղ նա] վարել է ընդհանուր տնային տնտեսություն, չի ապրել [Ս.Հ.]-ից և նրա ծնողներից առանձին, խնամել է իրենց ամուսնության ընթացքում ծնված երկու երեխաներին [և] կատարել տնային առօրյա գործերը։
... մի կողմից [մարզային դատարանը] գտել է, որ [Ս.Հ.]-ն տուն է եկել և խոշտանգել տուժողին…, իսկ մյուս կողմից՝ [գտել], որ նրանք ամուսնական հարաբերությունների մեջ չեն եղել։
...
Հարկ է նշել նաև, որ [Ս.Հ.]-ի պատիժը որոշելիս [Մարզային դատարանը] մեղմացուցիչ հանգամանք է համարել, որ [Ս.Հ.]-ն իր խնամքի տակ ունի [ 2007 թվականին ծնված Հ.Հ.-ին ] ..., [մինչդեռ այն նաև գտել է , որ] ... [Ս.Հ.]-ն ոչ մի տեղ չի աշխատել, և որ նրա մայրն է հոգացել ընտանիքի կարիքները … Փաստորեն, հաստատվել է, որ խոշտանգման միջադեպից առաջ [դիմումատուն] հոգ է տարել երկու երեխաների մասին: Երբ [դիմումատուն] լքել է [Ս.Հ.]-ի տունը, նրան թույլ չեն տվել [Հ.Հ.]-ին տանել իր հետ … Երեխան ապրում էր [Ս.Հ.]-ի ծնողների հետ, որոնք հոգ էին տանում նրա մասին…»:
48. 2015 թվականի ապրիլի 17-ին Վերաքննիչ քրեական դատարանն ամբողջովին անփոփոխ է թողել մարզային դատարանի վճիռը։ Տվյալ որոշման վերաբերելի մասերն ունեն հետևյալ բովանդակությունը.
« ….հանցանք կատարած անձից տուժողի ֆինանսական կամ այլ կախվածություն սահմանափակում է ֆիզիկական բռնությանը դիմադրելու վերջինիս ունակությունն ու կարողությունը …
Ֆինանսական կախվածությունը ենթադրում է, որ տուժողն ամբողջովին կամ մասնակիորեն գտնվում է հանցանք կատարած անձի խնամքի տակ:
«Այլ կախվածություն» ենթադրում է գործառնական [կախվածություն] կամ այնպիսի կախվածություն, որը կապված է ընտանիքի կամ ամուսնական հարաբերությունների հետ … Ամեն դեպքում, տուժողի կախվածությունը հանցանք կատարած անձից պետք է զգալի լինի [և] «կարողանա» կոտրել տուժողի՝ դիմադրություն ցույց տալու կամքը ...
Վերաքննիչ դատարանը նաև հաստատված է համարում այն փաստը, որ մոտ երկու տարի [Ս.Հ.]-ն և [դիմումատուն] չեն վարել ընդհանուր տնային տնտեսություն [և] չեն ապրել ամուսնական կյանքով։ [Ս.Հ.] -ն ոչ մի տեղ չի աշխատել, չի ունեցել սեփական եկամուտ և չի հոգացել տուժողի կարիքները. [Ս.Հ.]-ի մայրն է հոգացել ընտանիքի կարիքները ...
Հետևաբար Վերաքննիչ դատարանը ... եզրակացնում է, որ [նախկին Քրեական օրենսգրքի] 119-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանված՝ [Ս.Հ.]-ի կողմից կատարված հանցագործությունը վերադասակարգելու օբյեկտիվ հիմքեր առկա չեն:
...
Վերաքննիչ դատարանը գտնում է, որ [դիմումատուին վճարելով 300.000 ՀՀ դրամ]՝ [Ս.Հ.]-ն հատուցել է հանցագործության հետևանքով պատճառված վնասը, հետևաբար տվյալ դեպքում «Համաներում հայտարարելու մասին» օրենքի կիրառումը դադարեցնելու հիմքեր չկան… Սույն գործում առկա չէ վեճ՝ հանցագործության հետևանքով պատճառված վնասի կամ հատուցման ենթակա [վնասի] չափի հետ կապված:
Ինչ վերաբերում է տուժողի պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու և զրպարտելու հետևանքով կրած ոչ նյութական վնասի պահանջին, ապա Վերաքննիչ դատարանի գնահատմամբ այն հիմնավոր չէ և պետք է մերժվի հետևյալ պատճառաբանությամբ:
...
Վճռաբեկ դատարանը նշել է, որ հանցագործության և … քրեական վարույթի շրջանակներում… հատուցվող վնասի միջև պետք է լինի ուղղակի պատճառահետևանքային կապ … Բացի այդ, քաղաքացիական հայցի հիմքերը … պետք է պատշաճ կերպով հիմնավորվեն ...
Գործի նյութերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ [Ս.Հ.]-ն արդեն հատուցել է [դիմումատուին] համապատասխան բուժման հետ կապված անհրաժեշտ բժշկական ծախսերը, իսկ քաղաքացիական հայցի մնացած մասը անհիմն է համարվում ...»:
49. 2015 թվականի օգոստոսի 20-ին Վճռաբեկ դատարանը դիմումատուի և Ս.Հ-ի կողմից հարուցված գործը հայտարատել է անընդունելի՝ հիմքերի բացակայության պատճառով։ Տվյալ որոշման մեկ պատճենը դիմումատուին է հանձնվել 2015 թվականի օգոստոսի 26-ին։
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԴԱՇՏԸ
I. ներպետական իրավունքը
Ա. Քրեական օրենսգիրքը
50. Նախկին Քրեական օրենսգրքի համապատասխան դրույթները (ուժի մեջ էր մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը) հետևյալն էին.
51. 117-րդ հոդվածով սահմանվում էր, որ մեկ այլ անձի դիտավորությամբ մարմնական վնասվածք կամ այլ վնաս պատճառելը, որն առաջացրել է նրա առողջության կարճաժամկետ վատթարացում կամ աշխատունակության ոչ զգալի կորուստ, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 50-ից 150- ապատիկի չափով, կամ կալանքով՝ մինչև երկու ամիս ժամկետով:
52. 118-րդ հոդվածով սահմանվում էր, որ ծեծը կամ այլ բռնի գործողություններ, որոնք չեն առաջացրել 117-րդ հոդվածով նախատեսված հետևանքները (տե՛ս վերը նշված 51-րդ պարբերությունը) պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի մինչև 100-ապատիկի չափով, կամ կալանքով՝ մինչև երկու ամիս ժամկետով։
53. 119-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում էր, որ խոշտանգումը` անձին դիտավորությամբ ուժգին ցավ, ֆիզիկական կամ հոգեկան տառապանք պատճառելը, պատժվում է մինչև երեք տարի ազատազրկմամբ:
54. 119-րդ հոդվածի 2-րդ մասում թվարկվել են 119-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության ծանրացուցիչ հանգամանքները: 119-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանվում էր, որ միևնույն հանցագործությունը պատժվում է երեքից յոթ տարի ազատազրկմամբ, եթե այն կատարվել է անչափահասի կամ հանցանք կատարած անձից նյութական կամ այլ կախվածություն ունեցող անձի, ինչպես նաև առևանգված կամ որպես պատանդ վերցված անձի նկատմամբ։
Բ. Քաղաքացիական օրենսգիրք (հատուցման իրավունք)
55. Տվյալ ժամանակահատվածում գործող Քաղաքացիական օրենսգրքի համապատասխան դրույթներով նախատեսվում է հետևյալը.
56. 17-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ անձը, որի իրավունքները խախտվել են, կարող է պահանջել կրած վնասի ամբողջական հատուցում, եթե օրենքով կամ պայմանագրով հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ։
Վնասը այն ծախսերն են, որոնք կրում կամ կրելու է անձը, որի իրավունքները խախտվել են՝ խախտված իրավունքները վերականգնելու, գույքի կորստի կամ դրան հասցված վնասի (նյութական վնասի), այդ թվում՝ եկամուտների կորստի, ինչպես նաև ոչ նյութական վնասի հետ կապված (17-րդ հոդվածի 2-րդ կետ):
Համաձայն 17-րդ հոդվածի 4-րդ մասի՝ ոչ նյութական վնասը ենթակա է հատուցման միայն օրենքով նախատեսված դեպքերում (տե՛ս ստորև՝ 57-րդ պարբերությունը)։
57. 162.1 հոդվածի 2-րդ մասով նախատեսվում է, որ անձն իրավունք ունի պետությունից պահանջելու ոչ նյութական վնասի հատուցում, եթե քրեական հետապնդման մարմինը կամ դատարանը հաստատել է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի որոշման, գործողության կամ անգործության հետևանքով խախտվել է անձի իրավունքները, այդ թվում` խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի չենթարկվելու, անձնական կյանքի կամ արդյունավետ պաշտպանության միջոց ունենալու իրավունքները:
162.1 հոդվածի 4-րդ մասով նախատեսվում է, որ անձի պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասը հատուցվում է 1087.1 հոդվածի համաձայն (տե՛ս ստորև՝ 58-րդ պարբերությունը), մինչդեռ հիմնարար իրավունքների խախտման և անարդարացի դատապարտման հետևանքով պատճառված վնասը հատուցվում է նույն օրենսգրքի 1087.2 հոդվածով նախատեսված ընթացակարգի և պայմանների համաձայն (տե՛ս ստորև՝ 59-րդ պարբերությունը):
58. 1087.1 հոդվածով նախատեսվում է, որ այն անձը, որի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորվել է վիրավորանքով կամ զրպարտությամբ, կարող է դատական վարույթ հարուցել վիրավորական կամ զրպարտող արտահայտություն կատարած անձի նկատմամբ (1087.1 հոդվածի 1-ին մաս): 1087.1 հոդվածի 7-րդ մասով սահմանվում են այն միջոցները, որոնք անձը կարող է պահանջել վիրավորանք կրելու դեպքում՝ դատական վարույթի միջոցով, ներառյալ՝ նվազագույն աշխատավարձի մինչև հազարապատիկի չափով հատուցումը: 1087.1 հոդվածի 8-րդ մասով սահմանվում են այն միջոցները, որոնք անձը կարող է պահանջել զրպարտության դեպքում՝ դատական վարույթի միջոցով, ներառյալ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև երկու հազարապատիկի չափով հատուցումը:
59. 1087.2 հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով նախատեսվում է, որ հիմնարար իրավունքների խախտման հետևանքով պատճառված ոչ նյութական վնասը ենթակա է հատուցման՝ անկախ վնաս պատճառելիս պաշտոնատար անձի մեղքի առկայությունից: Ոչ նյութական վնասը հատուցվում է պետական բյուջեի միջոցների հաշվին: Եթե սույն օրենսգրքի 162.1 հոդվածով (տե՛ս վերևում` 52-րդ պարբերությունը) սահմանված հիմնարար իրավունքը խախտվել է տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի կողմից, ապա ոչ նյութական վնասը հատուցվում է համապատասխան համայնքային բյուջեի միջոցների հաշվին:
60. 2014 թվականի նոյեմբերի 1-ից 17-րդ հոդվածի 2-րդ մասում (տե՛ս վերևում` 50-րդ պարբերությունը)՝ քաղաքացիական վնասի տեսակների ցանկում, ներառվել է ոչ նյութական վնասը, որի հատուցումը կարող է պահանջվել քաղաքացիական վարույթի շրջանակներում:
Արդյունքում Քաղաքացիական օրենսգիրքը լրացվել է նոր՝ 162.1 և 1087.2 հոդվածներով (տես վերևում` 52-րդ և 57-րդ պարբերությունները), որոնք կարգավորում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված որոշ իրավունքների խախտման համար պետությունից ոչ նյութական վնասի հատուցում պահանջելու կարգը։
61. Մինչև 2015 թվականի դեկտեմբերի 30-ին հետագա փոփոխությունների ներմուծումը (ուժի մեջ են 2016 թվականի հունվարի 1-ից) ոչ նյութական վնասի հատուցում կարող էր պահանջվել պետությունից, եթե դատական որոշմամբ հաստատվել էր, որ անձի՝ Կոնվենցիայի 2-րդ, 3-րդ և 5-րդ հոդվածներով երաշխավորված իրավունքները խախտվել են, ինչպես նաև սխալ դատապարտման դեպքերում: 2016 թվականի հունվարի 1-ին ուժի մեջ մտած փոփոխությունների արդյունքում ոչ նյութական վնասի հատուցում կարող էր պահանջվել պետությունից մի շարք այլ իրավունքների, այդ թվում՝ Կոնվենցիայի 8-րդ հոդվածով երաշխավորված իրավունքների խախտում հայտնաբերվելու դեպքում։
Գ. Քրեական դատավարության օրենսգիրքը
62. Նախկին Քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան դրույթները (ուժի մեջ էին մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը) հետևյալն էին.
63. 98-րդ հոդվածը, որը վերնագրված է «Քրեական վարույթին մասնակցող անձանց պաշտպանությունը» անվանմամբ, սահմանում է քրեական վարույթին մասնակցող անձանց առնչվող պաշտպանության միջոցների կիրառման համար ընթացակարգեր։ Քրեական վարույթին մաuնակցող յուրաքանչյուր անձ, ով կարող է հաղորդել տվյալներ, որոնք նշանակություն ունեն հանցագործությունը բացահայտելու և դրա կատարողին հայտնաբերելու համար, ինչի հետևանքով կարող են վտանգվել նրա, նրա ընտանիքի անդամի, մերձավոր ազգականի կամ մերձավորի կյանքը, առողջությունը, գույքը, իրավունքներն ու oրինական շահերը, ունի պաշտպանության իրավունք (Հոդված 98, մաս 1):
64. Քրեական վարույթն իրականացնող մարմինը, հայտնաբերելով, որ պաշտպանվող անձը (այսինքն՝ քրեական վարույթին մասնակցող անձը, նրա ընտանիքի անդամը, մերձավոր ազգականը կամ մերձավորը, այսուհետ՝ պաշտպանվող անձ) պաշտպանության կարիք ունի, այդ անձի գրավոր դիմումի հիման վրա կամ իր նախաձեռնությամբ որոշում է կայացնում պաշտպանության միջոց ձեռնարկելու մաuին (Հոդված 98, կետ 3)։
65. Եթե պաշտպանվող անձի դիմումը մերժվել է, ապա նա կարող է ներկայացնել այդպիuի միջոցներ ձեռնարկելու մաuին նոր դիմում, եթե նա ենթարկվել է uպառնալիքի կամ հարձակման, կամ ի հայտ են եկել նախորդ դիմումում չնշված այլ հանգամանքներ (Հոդված 98, մաս 6):
66. 98.1 հոդվածում թվարկված են պաշտպանության միջոցների հետևյալ տեսակները.
1. անձին պաշտոնապես նախազգուշացնելը, ումից սպասվում է պաշտպանվող անձի նկատմամբ բռնության վտանգ կամ այլ հանցանքի կատարում.
2. պաշտպանվող անձի ինքնությունը հաստատող տվյալները պաշտպանելը.
3. պաշտպանվող անձի անձնական անվտանգությունն ապահովելը, բնակարանը և այլ գույքը պահպանելը.
4. պաշտպանվող անձին անհատական պաշտպանության միջոցներ տրամադրելը և վտանգի մասին հայտնելը.
5. վերահսկողության տեխնիկական միջոցներ օգտագործելը և հեռախոսային ու այլ հաղորդումներ գաղտնալսելը.
6. պաշտպանվող անձի` քրեական վարույթն իրականացնող մարմին ներկայանալու անվտանգությունն ապահովելը.
7. կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ այնպիսի խափանման միջոց ընտրելը, որը կբացառի նրանց կողմից պաշտպանվող անձի հանդեպ բռնության կամ այլ հանցանքի կատարման հնարավորությունը.
8. պաշտպանվող անձին բնակության այլ վայր փոխադրելը.
9. պաշտպանվող անձի ինքնությունը հաստատող փաստաթղթերը փոխարինելը կամ նրա արտաքինը փոխելը.
10. պաշտպանվող անձի աշխատանքի կամ ուսման վայրը փոփոխելը.
11. դատական նիստերի դահլիճից առանձին անձանց հեռացնելը կամ դռնփակ դատական քննություն անցկացնելը.
12. դատարանում պաշտպանվող անձին հարցաքննելը` առանց նրա ինքնության մասին տեղեկությունների հրապարակման:
67. Համաձայն 98.4 հոդվածի՝ քրեական վարույթն իրականացնող մարմինը, համագործակցելով այլ իրավասու մարմինների հետ, իրականացնում է պաշտպանվող անձի անձնական անվտանգությունը, նրա բնակարանի կամ այլ գույքի պահպանությունը:
Դ. «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենք
68. Ազգային ժողովը 2017 թվականի դեկտեմբերի 13-ին ընդունեց «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքը, որով սահմանվում է ընտանիքում բռնության հասկացությունը, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության բնագավառում գործունեություն ծավալող համապատասխան իրավասու մարմինների լիազորությունները, պաշտպանության միջոցների տեսակներն ու դրանց կիրառման հիմքերը, ինչպես նաև ընտանիքում բռնության ենթարկված անձանց ու ընտանիքում բռնություն գործադրած անձանց հաշտեցման և ընտանիքում բռնության ենթարկված անձանց վերաբերյալ տեղեկությունների [իրավական] պաշտպանության առանձնահատկությունները (Գլուխ 1)։
Ե. Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ 2013 թվականի հոկտեմբերի 3-ին Ազգային ժողովի կողմից ընդունված համաներում հայտարարելու մասին որոշում
69. Սույն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետում նշված է, որ պատժից պետք է ազատել այն անձանց, որոնց նկատմամբ նշանակվել է առավելագույնը երեք տարի ժամկետով ազատությունից զրկելու հետ կապված պատիժ՝ բացառությամբ սույն որոշման 9-րդ կետով, ի թիվս այլնի [inter alia] նախատեսված դեպքերի։
70. 9-րդ կետի 6-րդ ենթակետում նշվում է, որ համաներում պետք է կիրառել այն անձանց նկատմամբ, որոնք մինչև դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելը չեն հատուցել կամ այլ կերպ չեն հարթել ենթադրյալ հանցագործությամբ անմիջականորեն պատճառած վնասը, կամ առկա է վեճ հանցագործությամբ պատճառված և հատուցման ենթակա վնասի կամ դրա չափի կապակցությամբ, ինչպես նաև այն անձանց նկատմամբ, որոնք չեն հատուցել օրինական ուժի մեջ մտած դատական ակտով սահմանված նյութական վնասը։
II. ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԵՐՊԸ
Քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության մասին Սահմանադրական դատարանի 2013 թվականի նոյեմբերի 5-ի որոշում
71. Սահմանադրական դատարանն իր 2013 թվականի նոյեմբերի 5-ի որոշման մեջ գտնում է, որ Քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասը, ինչպես այն ձևակերպվել է մինչև 2014 թվականի նոյեմբերի 1-ը (տե՛ս վերևում՝ 56-րդ պարբերությունը) չի համապատասխանում Սահմանադրությանն այնքանով, որքանով ոչ նյութական վնասը չի դիտվում որպես քաղաքացիական վնասի տարատեսակ և չի ապահովում բարոյական վնասի փոխհատուցման հնարավորություն` արգելափակելով անձի՝ դատարանի մատչելիության և արդար դատաքննության իրավունքների արդյունավետ իրացումը՝ միաժամանակ խոչընդոտելով Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների բարեխիղճ կատարումը։
Սահմանադրական դատարանը նշել է, որ Քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի իրավական ուժը կորցնելու վերջնաժամկետը 2014 թվականի հոկտեմբերի 1-ն էր:
III. միջազգային իրավունքը եվ նյութերը
Ա. Միավորված ազգերի կազմակերպությունը
72. Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի կողմից 1979 թվականին ընդունված «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» կոնվենցիան (ԿՆԽՎԿ) Հայաստանի համար ուժի մեջ է մտել 1993 թվականի սեպտեմբերի 13-ին, իսկ Կոնվենցիայի կամընտիր արձանագրությունը երկրի համար ուժի մեջ է մտել 2006 թվականի սեպտեմբերի 14-ին։ 1992 թվականի հունվարի 29-ին Կանանց նկատմամբ խտրականության վերացման հարցերով կոմիտեն (ԿՆԽՎԿ կոմիտե) ընդունել է «Կանանց նկատմամաբ բռնության մասին» թիվ 19 ընդհանուր հանձնարարականը (թարմացվել է 2017 թվականին թիվ 35 ընդհանուր հանձնարարականով)։
73. 2016 թվականի նոյեմբերի 25-ին, ԿՆԽՎԿ կոմիտեն հրապարակեց «Հայաստանի հինգերորդ և վեցերորդ համակցված պարբերական զեկույցի վերաբերյալ» իր եզրափակիչ դիտարկումները (CEDAW/C/ARM/CO/5-6)։ «Գենդերային հիմքով բռնություն կանանց նկատմամբ» բաժնում այն նշել և առաջարկել է հետևյալը.
«16. Կոմիտեն նշում է 2012 թվականին ընտանեկան բռնության մասին օրենքի նախագծի մշակումը, ինչպես նաև 2016 թվականին միջգերատեսչական աշխատանքային խմբի ստեղծումը՝ ընտանեկան ոլորտում կանանց նկատմամբ գենդերային հիմքով բռնության տարբեր ձևերի վերաբերյալ նոր նախագիծ մշակելու համար։ Կոմիտեն նաև նշում է ոստիկանական համակարգը կին ծառայողներով համալրելու, քաղաքացիական ծառայողների, սոցիալական աշխատողների և ոստիկանության նոր աշխատակիցների համար գենդերային հիմքով բռնության վերաբերյալ ուսուցմամբ ապահովելու և ոստիկանության մասնագիտացված բաժանմունք ստեղծելու մասին՝ գենդերային հիմքով բռնության դեպքերը կանխարգելելու և քննելու համար: Այնուամենայնիվ, Կոմիտեն շարունակում է մտահոգություն արտահայտել հետևյալ հարցերի վերաբերյալ.
...
բ) Բռնության ենթարկված անձանց կողմից գենդերային հիմքով բռնության վերաբերյալ քիչ թվով դեպքերի մասին հաղորդում ներկայացնելը, ինչը հանգեցնում է տվյալների բացակայության.
գ) Կանանց նկատմամբ գենդերային հիմքով բռնության փաստն ընդունելու և այն արդարացնելու վերաբերյալ ոստիկանության ծառայողների շրջանում արմատավորված վերաբերմունքը և այն ընկալումը, որ բռնության այս տեսակը, հատկապես՝ ներպետական ոլորտում, մասնավոր խնդիր է.
...
17. ...Կոմիտեն առաջարկում է Կողմ պետությանը՝
ա) անհապաղ ընդունել կանանց նկատմամբ գենդերային հիմքով բռնությունը քրեականացնող համապարփակ օրենք, ...որը հիմնված կլինի զոհակենտրոն մոտեցման վրա, կնախատեսի քաղաքացիական և քրեական պաշտպանության միջոցներ, կսահմանի օրենքի կիրարկման համար պատասխանատու մարմին և կերաշխավորի փոխհատուցման և պաշտպանության, այդ թվում՝ պաշտպանիչ կարգադրությունների անհետաձգելի միջոցների մատչելիություն.
բ) վավերացնել «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան.
...
դ) ապահովել դատական համակարգի, ոստիկանության և իրավապահ մարմինների անձնակազմի և առողջապահական ծառայություններ մատուցողների համար զրո հանդուրժողականության և գենդեր-զգայուն մոտեցման վերաբերյալ կարողությունների զարգացում՝ նպատակ ունենալով ուսումնասիրել գենդերային հիմքով բռնության վերաբերյալ գործերը և տրամադրել աջակցություն բռնության ենթարկված անձանց.
...»։
74. 2022 թվականի նոյեմբերի 1-ին ԿՆԽՎԿ կոմիտեն հրապարակել է «Հայաստանի յոթերորդ պարբերական զեկույցի վերաբերյալ եզրափակիչ դիտարկումներ»(CEDAW/C/ARM/CO/7)։ «Կանանց նկատմամբ գենդերային հիմքով բռնության» առնչությամբ նշվել և առաջարկվել է հետևյալը.
«25. Կոմիտեն նշում է մասնակից պետության ջանքերը՝ ուղղված կանանց նկատմամբ գենդերային հիմքով բռնության դեմ պայքարին, մասնավորապես՝ 2017 թվականին «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի ընդունումը, Քրեական օրենսգրքի փոփոխությունները և 2018 թվականին Ընտանիքում բռնության կանխարգելման խորհրդի ստեղծումը։ Այնուամենայնիվ, այն մտահոգված է նաև մասնակից պետությունում կանանց նկատմամբ գենդերային հիմքով բռնության դեպքերի մեծ թվով, այդ թվում՝ COVID-19-ի լոքդաունի ընթացքում ընտանեկան բռնության դեպքերի կտրուկ աճով։ Այն նաև մտահոգությամբ է նշում քրեական օրենսդրության դրույթների բացակայությունը, որով հատկապես քրեականացվում են գենդերային հիմքով բռնության բոլոր ձևերը...
26. Վկայակոչելով կանանց նկատմամբ գենդերային հիմքով բռնության վերաբերյալ իր թիվ 35 ընդհանուր հանձնարարականը (2017թ.)՝ Կոմիտեն հանձնարարում է Կողմ պետությանը՝
...
գ) խրախուսել կանանց և աղջիկների նկատմամբ գենդերային հիմքով բռնության բոլոր ձևերի, այդ թվում՝ ընտանեկան և սեռական բռնության մասին հաղորդումներ ներկայացնելը և ապահովել, որ բոլոր այդ դեպքերն արդյունավետ կերպով քննվեն, և հանցագործություն կատարած անձինք հետապնդվեն (մեղադրվեն) ի պաշտոնե և կրեն համարժեք պատիժ, ինչպես նաև ապահովել, որ ոստիկանության այն ծառայողները, որոնք քայլեր չեն ձեռնարկում կամ տարհամոզում են զոհերին բողոքներ ներկայացնել, ենթարկվեն պատասխանատվության.
…
է) վավերացնել «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան։
Բ. Եվրոպայի խորհուրդը
1. «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան ուժի մեջ է մտել 2014 թվականի օգոստոսի 1-ից։
75. 2018 թվականի հունվարի 18-ին Հայաստանի կողմից ստորագրված «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին» կոնվենցիայի (Ստամբուլի կոնվենցիա) համապատասխան դրույթներն ունեն հետևյալ բովանդակությունը.