Հոդված 25. Նպաստի նշանակման համար անհրաժեշտ փաստաթղթերը
Հոդված 25. Նպաստի նշանակման համար անհրաժեշտ փաստաթղթերը
1. Նպաստի նշանակման համար հիմք է համարվում բժշկական հաստատության կողմից տրվող ժամանակավոր անաշխատունակության թերթիկը, որի ձևը, լրացման ու տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին նպաստ նշանակելու համար նաև հարկային մարմնի տված` սույն օրենքի 22-րդ հոդվածի 11-րդ մասով սահմանված եկամուտների մասին տեղեկանքը:
Հարկային մարմինը սույն մասով սահմանված տեղեկանքը տրամադրում է անձի` տեղեկանքի համար դիմելու օրվա դրությամբ հարկային պարտավորությունները կատարելուց հետո:
2. Մինչև 18 տարեկան անհատական խնամքի կարիք ունեցող երեխային կամ հաշմանդամ երեխային առողջարանում խնամելու դեպքում ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստի նշանակման և վճարման համար, բացի ժամանակավոր անաշխատունակության թերթիկից, ներկայացվում է նաև առողջարանային բուժման ուղեգրի` առողջարանի կողմից վավերացված լուսապատճենը:
3. Համատեղությամբ աշխատելու դեպքում վարձու աշխատողին ժամանակավոր անաշխատունակության նպաստ նշանակելու համար նպաստը հաշվարկող և նշանակող գործատուի համար հիմք է համարվում ժամանակավոր անաշխատունակության թերթիկը, իսկ մյուս գործատուի (գործատուների) և լիազոր մարմնի համար` նպաստը հաշվարկող և նշանակող գործատուի կողմից վավերացված ժամանակավոր անաշխատունակության թերթիկի լուսապատճենը:
4. Օտարերկրյա պետության բժշկական հաստատության տված ժամանակավոր անաշխատունակության թերթիկը հիմք է համարվում նպաստի նշանակման համար` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
5. Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի չորրորդ պարբերությամբ նշված վարձու աշխատողը, բացի ժամանակավոր անաշխատունակության թերթիկից, ներկայացնում է աշխատանքային պայմանագիրը (կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտը), ինչպես նաև գործատուի տված տեղեկանքը, որտեղ նշվում են`
1) վարձու աշխատողի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները.
2) տվյալ կազմակերպությունում աշխատելու ժամանակահատվածը.
3) հաշվարկային ժամանակահատվածում վարձու աշխատողին վճարված եկամուտը՝ ըստ ամիսների.
4) առաջին աշխատանքային օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրերի համար գործատուի միջոցների հաշվին վճարված (հաշվարկված) ժամանակավոր անաշխատունակության նպաստի գումարը.
5) վարձու աշխատողի ժամանակավոր անաշխատունակության մեջ լինելու (աշխատանքի չներկայանալու) ժամանակահատվածը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ տվյալներ:
(25-րդ հոդվածը փոփ., լրաց. 12.04.11 ՀՕ-123-Ն, 20.06.13 ՀՕ-95-Ն, փոփ. 01.12.14 ՀՕ-206-Ն, լրաց., փոփ. 09.07.20 ՀՕ-361-Ն)
(09.07.20 ՀՕ-361-Ն օրենքն ունի 25-րդ հոդվածին վերաբերող անցումային դրույթ)