Հոդված 24. Նպաստը նշանակելը և վճարելը
Հոդված 24. Նպաստը նշանակելը և վճարելը
1. Վարձու աշխատողի նպաստը հաշվարկում, նշանակում և վճարում է գործատուն` անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո` առաջիկա աշխատավարձի վճարման համար օրենսդրությամբ սահմանված ժամկետում:
Նպաստի` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վճարման ենթակա գումարները գործատուն վճարում է տվյալ ամսվա համար հաշվարկված եկամտային հարկի հաշվին:
Եթե տվյալ ամսվա համար հաշվարկված եկամտային հարկը բավարար չէ նպաստի` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վճարման ենթակա գումարները վճարելու համար, ապա գործատուն նպաստի պակասող մասը վճարում է իր միջոցներից, որը փոխհատուցում է լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով գործատուի կողմից հարկային մարմին ներկայացրած տեղեկանքի հիման վրա հարկային մարմնի հաստատած տեղեկանքը լիազոր մարմին ներկայացնելուց հետո` մեկամսյա ժամկետում:
Եթե գործատուն օրենքով սահմանված կարգով ազատված է հարկային գործակալի պարտավորությունից, ապա նպաստի` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վճարման ենթակա գումարները վարձու աշխատողին նշանակում և վճարում է լիազոր մարմինը:
2. Ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց նպաստը հաշվարկում, նշանակում և վճարում է լիազոր մարմինը:
3. Լիազոր մարմինը նպաստը վճարում է անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո` մեկամսյա ժամկետում:
4. Գործատուի վերակազմակերպման դեպքում վարձու աշխատողներին նպաստ նշանակում և վճարում է նրա իրավահաջորդը, իսկ լուծարման (ֆիզիկական անձ գործատուի մահվան) դեպքում` լիազոր մարմինը:
4.1. Հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածում գործատուի փոփոխության (բացառությամբ վերակազմակերպման) դեպքում վարձու աշխատողին մայրության նպաստը վճարում է լիազոր մարմինը՝ Կառավարության սահմանած կարգով։
5. Նպաստ չի տրվում`
1) այն անձանց, որոնց ժամանակավոր անաշխատունակությունն առաջացել է նրանց կողմից հանցագործություն կամ այլ հակաիրավական արարք կատարելիս ստացված վնասվածքների հետևանքով.
2) (կետն ուժը կորցրել է 04.05.22 ՀՕ-125-Ն)
3) բժշկի սահմանած բուժման ռեժիմն առանց հարգելի պատճառի խախտած օրերի համար:
6. Նպաստը նշանակվում է, եթե դրա համար պահանջվող փաստաթղթերը ներկայացվել են աշխատունակության վերականգնման, հղիության և ծննդաբերության արձակուրդի (ժամանակահատվածի) ավարտման օրվան հաջորդող ամսվանից սկսած վեցամսյա ժամկետում:
7. Նպաստի հաշվարկման, նշանակման և վճարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(24-րդ հոդվածը փոփ., խմբ. 20.06.13 ՀՕ-95-Ն, փոփ. 09.07.20 ՀՕ-361-Ն, լրաց. 27.05.21 ՀՕ-242-Ն, փոփ. 04.05.22 ՀՕ-125-Ն)
(09.07.20 ՀՕ-361-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(27.05.21 ՀՕ-242-Ն օրենքն ունի անցումային դրույթ)