Հոդված 12. Վարձու աշխատողին տրվող ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստը
Հոդված 12. Վարձու աշխատողին տրվող ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստը
1. Վարձու աշխատողին ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստ է տրվում`
1) տնային (ամբուլատոր) պայմաններում ընտանիքի հիվանդ չափահաս անդամի խնամքի անհրաժեշտության դեպքում` 7 օրացուցային օրից ոչ ավելի ժամանակահատվածի համար` սկսած առաջին աշխատանքային օրվանից.
2) տնային (ամբուլատոր) պայմաններում հիվանդ երեխայի խնամքի անհրաժեշտության դեպքում` 24 օրացուցային օրից ոչ ավելի, իսկ վարակիչ հիվանդությունների պատճառով երեխայի խնամքի անհրաժեշտության դեպքում` 28 օրացուցային օրից ոչ ավելի ժամանակահատվածի համար` սկսած առաջին աշխատանքային օրվանից.
3) հիվանդանոցային բուժական հաստատությունում (ստացիոնարում) գտնվող հիվանդ երեխայի խնամքն իրականացնելու դեպքում` հիվանդանոցում գտնվելու ամբողջ ժամանակահատվածի համար` սկսած առաջին աշխատանքային օրվանից.
4) մինչև 18 տարեկան` անհատական խնամքի կարիք ունեցող կամ հաշմանդամություն ունեցող երեխայի առողջարանային բուժման ընթացքում նրա խնամքն իրականացնելու դեպքում` երեխայի առողջարանային բուժման ամբողջ ժամանակահատվածի համար` սկսած առաջին աշխատանքային օրվանից, բայց ուղեգրում նշված ժամանակահատվածից ոչ ավելի: Ընդ որում, նպաստ է տրվում օրացուցային տարում մեկ անգամ:
2. Մինչև 3 տարեկան երեխայի կամ մինչև 18 տարեկան հաշմանդամություն ունեցող երեխայի խնամքի համար, եթե մայրը (խնամակալը, հոգաբարձուն) հիվանդության կամ ընտանիքի մյուս հիվանդ անդամի հետ հիվանդանոցային բուժական հաստատությունում (ստացիոնարում) գտնվելու պատճառով ի վիճակի չէ երեխայի խնամքն իրականացնել, ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստ տրվում է երեխայի խնամքն իրականացնող այլ վարձու աշխատողին, երեխայի մոր (խնամակալի, հոգաբարձուի) հիվանդության կամ նրա հիվանդանոցային բուժական հաստատությունում (ստացիոնարում) գտնվելու ամբողջ ժամանակահատվածի համար` սկսած առաջին օրացուցային օրվանից:
(12-րդ հոդվածը լրաց. 12.04.11 ՀՕ-123-Ն, փոփ. 27.05.21 ՀՕ-242-Ն, 04.05.22 ՀՕ-125-Ն, 27.03.25 ՀՕ-73-Ն)
(27.05.21 ՀՕ-242-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(27.03.25 ՀՕ-73-Ն օրենքն ունի անցումային դրույթ)