Հոդված 20. Պետական գույքի օտարման նպատակները
Հոդված 20. Պետական գույքի օտարման նպատակները
1. Պետական գույքի օտարման հիմնական նպատակներն են՝
1) պետական գույքի հետագա օգտագործման արդյունավետության բարձրացումը.
2) պետական գույքն ակտիվ տնտեսական շրջանառության մեջ դնելը.
3) պետական գույքի օտարումից ստացված միջոցների հաշվին պետական և համայնքային բյուջեների եկամուտների ավելացումը.
4) սույն օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված դեպքում գույքի առավել արդյունավետ օգտագործման կամ հանրության գերակա շահերի ապահովումը։
2. Սույն օրենքով սահմանված օտարման կարգը չի տարածվում՝
1) պետական սեփականություն հանդիսացող թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի, ինչպես նաև թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված իրերի վրա.
2) քաղաքացիական պաշտպանության և զորահավաքային նշանակության օբյեկտների, ռազմական կառույցների վրա.
3) պետական ռեզերվների և զորահավաքային պաշարների պահեստային տնտեսության օբյեկտների վրա.
4) միջպետական և հանրապետական նշանակության երկաթուղիների (մետրոպոլիտենի) և ավտոճանապարհների, հատուկ նշանակության հիդրոհանգույցների և հիդրոտեխնիկական կառուցվածքների, գնացքների երթևեկության և օդային թռիչքների անվտանգությունն ապահովող ծառայություններին ամրացված և վերջիններիս կողմից իրենց կանոնադրական գործառույթներին համապատասխան օգտագործվող պետական գույքի վրա.
5) ռադիոակտիվ և տրոհվող նյութեր (դրանց սարքավորումները) արտադրող, ինչպես նաև այդ բնագավառում գիտահետազոտական և փորձարարական-կոնստրուկտորական աշխատանքներ իրականացնող՝ պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կողմից իրենց կանոնադրական գործառույթներին համապատասխան օգտագործվող գույքի վրա:
3. Օտարման կամ մասնավորեցման ենթակա չեն պետական սեփականություն հանդիսացող և քաղաքացիներին պաշտոնեական (ծառայողական) օգտագործման համար հատկացված բնակարանները:
Պետական սեփականություն համարվող բնակարանները որպես պաշտոնեական (ծառայողական) բնակարաններ հատկացնելու կարգը և պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(20-րդ հոդվածը լրաց. 04.06.21 ՀՕ-273-Ն)