Անցնել բովանդակությանը
Գլուխ 2 · ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

Հոդված 10. Կրթական ծրագրերը

գործել է մինչև 2025-10-20Բացել ARLIS-ում

Հոդված 10. Կրթական ծրագրերը

1. Հայաստանի Հանրապետությունում իրականացվող կրթական ծրագրերն են`

1) հանրակրթական ծրագրեր (հիմնական և լրացուցիչ).

2) մասնագիտական կրթական ծրագրեր (հիմնական և լրացուցիչ).

3) բարձրագույն կրթություն (հիմնական և լրացուցիչ)։

2. Հանրակրթական ծրագրերը նպատակաուղղված են անհատի համակողմանի զարգացմանը, նրա աշխարհայացքի ձևավորմանը, նախասիրություններին, հակումներին և ընդունակություններին համապատասխան մասնագիտական ծրագրերի ընտրության և յուրացման համար հիմքերի ստեղծմանը:

Հանրակրթական հիմնական ծրագրերն են`

1) նախադպրոցական.

2) տարրական (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ).

3) հիմնական (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ).

4) միջնակարգ (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ).

3. Մասնագիտական կրթական ծրագրերը նպատակաուղղված են կրթության հանրակրթական և մասնագիտական մակարդակների հաջորդականության միջոցով համապատասխան որակավորման մասնագետների պատրաստմանը, կարողությունների և հմտությունների ձևավորմանը, գիտելիքների ծավալի ընդլայնմանն ու որակավորման բարձրացմանը:

Մասնագիտական հիմնական կրթական ծրագրերն են`

1) արհեստագործական.

2) միջին մասնագիտական.

3) բարձրագույն մասնագիտական.

4) հետբուհական մասնագիտական:

4. Ուսումնական հաստատություններում հանրակրթական, մասնագիտական և բարձրագույն կրթության հիմնական ծրագրերի յուրացման ժամկետները որոշվում են սույն օրենքով, կրթական մակարդակները կարգավորող այլ օրենքներով և համապատասխան պետական կրթական չափորոշիչով կամ համապատասխան մակարդակի ոլորտային որակավորումների շրջանակով:

5. Լրացուցիչ կրթական ծրագրերը նպատակաուղղված են նախընթաց կրթության և ուսուցման արդյունքում կամ դրան զուգահեռ ձեռք բերված գիտելիքները, կարողությունները և (կամ) հմտությունները լրացնելուն, կատարելագործելուն և արդիականացնելուն:

(10-րդ հոդվածը խմբ. 10.07.09 ՀՕ-161-Ն, 21.06.14 ՀՕ-83-Ն, փոփ., լրաց., խմբ. 22.05.24 ՀՕ-251-Ն)

(22.05.24 ՀՕ-251-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։