Հոդված 12. Հսկվող ապրանքների տարանցիկ փոխադրման մասին ծանուցումը
Հոդված 12. Հսկվող ապրանքների տարանցիկ փոխադրման մասին ծանուցումը
1. Հսկվող ապրանքների՝ Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ փոխադրումն իրականացվում է տարանցիկ փոխադրման մասին նախնական ծանուցման հիման վրա: Ծանուցումը լիազոր մարմին է ներկայացվում հսկվող ապրանքների՝ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը հատելու նախատեսված ժամկետից առնվազն 25 աշխատանքային օր առաջ: Տարանցիկ փոխադրման մասին ծանուցումը ներառում է հետևյալ տեղեկությունները.
1) փոխադրման ենթակա հսկվող ապրանքների անվանացանկը.
2) փոխադրման միջոցը.
3) արտահանողի, փոխադրողի և ներմուծողի անվանումը (անունը).
4) երթուղին.
5) տարանցիկ փոխադրման նախատեսվող ժամկետը.
6) փոխադրման ենթակա հսկվող ապրանքների վերջնական օգտագործման նպատակը:
2. Ծանուցմանը կցվում են արտահանող պետության հսկվող ապրանքների արտահանման համապատասխան թույլտվության և վերջնական օգտագործողի հավաստագրի պատճենները, եթե դրանք նախատեսված են արտահանող և ներմուծող երկրների կողմից:
3. Լիազոր մարմինը ծանուցում ստանալուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, նախատեսվող տարանցիկ փոխադրման մասին տեղյակ է պահում շահագրգիռ պետական կառավարման մարմիններին՝ կցելով սույն հոդվածի 1-ին մասում նշված տեղեկությունները և փաստաթղթերը:
4. Այն դեպքերում, երբ հսկվող ապրանքների տարանցիկ փոխադրումը հակասում է Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններին կամ վնասում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության շահերին, լիազոր մարմինը ծանուցումն ստանալուց հետո` 20 աշխատանքային օրվա ընթացքում, այդ մասին տեղեկացնում է տարանցիկ փոխադրում իրականացնող անձին և մաքսային մարմնին և արգելում է տարանցիկ փոխադրումը: Լիազոր մարմինը ծանուցումն ստանալուց հետո, դրական դիրքորոշում ունենալու դեպքում, 20 աշխատանքային օրվա ընթացքում, այդ մասին տեղեկացնում է տարանցիկ փոխադրում իրականացնող անձին և մաքսային մարմնին: Այն դեպքում, երբ ծանուցումը լիազոր մարմին է ներկայացվել սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետից ուշ, լիազոր մարմինը երկու աշխատանքային օրվա ընթացքում արգելում է տարանցիկ փոխադրումը և տարանցիկ փոխադրում իրականացնող անձին տեղեկացնում է դրա մասին՝ նշելով արգելման պատճառը:
Շահագրգիռ պետական մարմինների կամ դրանցից որևէ մեկի բացասական կարծիքներին համաձայն չլինելու դեպքում լիազոր մարմինը տարանցիկ փոխադրումը թույլատրելու մասին հարցը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետին: Սույն դեպքում տարանցիկ փոխադրումը թույլատրելու կամ արգելելու մասին որոշման կայացման ժամկետը կարող է երկարաձգվել հինգ աշխատանքային օրով, որի մասին տարանցիկ փոխադրում իրականացնող անձը պատշաճ կերպով տեղեկացվում է:
(12-րդ հոդվածը փոփ., լրաց., խմբ. 29.06.16 ՀՕ-122-Ն)