Անցնել բովանդակությանը

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈՒՆԳԱՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՌԵՎՏՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԱՊԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Համաձայնագիրընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈՒՆԳԱՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՌԵՎՏՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԱՊԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Հունգարիայի Հանրապետության կառավարությունը, այսուհետ` Պայմանավորվող կողմեր,

գիտակցելով Հայաստանի Հանրապետության և Հունգարիայի Հանրապետության միջև առևտրատնտեսական կապերի կարևորությունը,

ելնելով երկու երկրների միջև փոխշահավետ, բազմակողմ հարաբերությունների ստեղծմանը նպաստելու և նրանց համաշխարհային տնտեսավարության ընթացքին, ինչպես նաև միջազգային շուկայի պրակտիկային և նորմերին մոտեցնելու նկատառումից,

ձգտելով Հայաստանի Հանրապետության և Հունգարիայի Հանրապետության տնտեսությունների աստիճանական միասնականացմանը համաշխարհային տնտեսական հարաբերություններին և, ամենից առաջ, եվրոպական տնտեսական կառույցներին,

փոխադարձ տնտեսական կապերի իրականացման ժամանակ առաջնորդվելով հավասարության, փոխադարձ շահավետության սկզբունքներով և միջազգային իրավունքի նորմերով,

համաձայնեցին ներքոհիշյալի վերաբերյալ.

ՀՈԴՎԱԾ 1

Պայմանավորվող կողմերը պատրաստակամություն են հայտնում ուղիղ փոխադարձ առևտրատնտեսական կապերի ստեղծման և զարգացման համար:

Պայմանավորվող կողմերը կաջակցեն արտաքին տնտեսական կապերի մասնակիցների (այսուհետ` Սուբյեկտներ), միջև փոխադարձ տնտեսական և առևտրական հարաբերությունների զարգացմանը յուրաքանչյուր Կողմի օրենսդրությանը համապատասխան:

ՀՈԴՎԱԾ 2

Պայմանավորվող կողմերը երկու երկրների միջև առևտուրը հեշտացնելու նպատակով փոխադարձաբար առավել բարենպաստության կարգավիճակ կտրամադրեն, քան ցանկացած երրորդ երկրին տրամադրվածն է:

ՀՈԴՎԱԾ 3

Սույն Համաձայնագրի 2-րդ հոդվածի դրույթները չեն տարածվում այն առավելությունների վրա, որոնք`

ա) տրված են կամ կարող են տրվել Պայմանավորվող կողմերից մեկին` հարևան այլ երկրների կողմից սահմանամերձ առևտուրը հեշտացնելու նպատակով,

բ) տրված են կամ կարող են տրվել Պայմանավորվող կողմերից որևէ մեկին` առևտրի ազատ գոտիներում, մաքսային կամ այլ տարածաշրջանային պայմանագրերին մասնակցելու հետևանքով:

ՀՈԴՎԱԾ 4

Ապրանքների և ծառայությունների մատակարարումները կիրականացվեն մի կողմից` Հայաստանի Հանրապետության և, մյուս կողմից` Հունգարիայի Հանրապետության Սուբյեկտների միջև կնքվող պայմանագրերի հիման վրա:

ՀՈԴՎԱԾ 5

Սուբյեկտները հաշվարկները և վճարումները իրականացնում են ազատ փոխարկելի արժույթով` կիրառելով ընթացիկ համաշխարհային գները և միջազգային առևտրում ու ֆինանսական պրակտիկայում ընդունված պայմանները:

Սույն Համաձայնագրով հաշվարկները Պայմանավորվող կողմերի փոխադարձ համաձայնությամբ կարող են իրականացվել միջազգային բանկային պրակտիկայում ընդունված ցանկացած ձևով:

ՀՈԴՎԱԾ 6

Ձևավորված և երկու Պայմանավորվող կողմերի համար անհրաժեշտ առևտրատնտեսական կապերի պահպանման նպատակով կարող են կազմվել ինդիկատիվ ցուցակներ, որոնք կընդգրկեն առաջնակարգ նշանակություն ունեցող ապրանքների և ծառայությունների անվանացանկը և ծավալները:

ՀՈԴՎԱԾ 7

Պայմանավորվող կողմերի լիազորված բանկերը սույն Համաձայնագրի կնքումից հետո մեկ ամսվա ընթացքում համաձայնեցնում և հաստատում են սույն Համաձայնագրից բխող գործառնությունների բանկային ապահովման տեխնիկական կարգը: Այդ նպատակով վերը նշված բանկերը կնքում են միջբանկային համաձայնագիր:

ՀՈԴՎԱԾ 8

Պայմանավորվող կողմերը որոշում են, որ սույն Համաձայնագրի մեկնաբանման, իրագործման կամ կիրառման ժամանակ ծագած տարաձայնությունները, ինչպես նաև սույն Համաձայնագրից բխող բոլոր այլ հարցերը պետք է լուծվեն երկկողմ բանակցությունների ճանապարհով:

ՀՈԴՎԱԾ 9

Պայմանավորվող կողմերի լիազորված ներկայացուցիչները սույն Համաձայնագրի կատարման ընթացքին հետևելու նպատակով, անհրաժեշտությունից ելնելով, կհանդիպեն հաջորդաբար Երևանում և Բուդապեշտում:

ՀՈԴՎԱԾ 10

Սույն Համաձայնագրում կարող են փոփոխություններ կամ լրացումներ մտցվել միայն Պայմանավորվող կողմերի փոխադարձ համաձայնությամբ:

ՀՈԴՎԱԾ 11

Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով:

Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը կարող է դադարեցնել սույն Համաձայնագրի գործողությունը` այդ մասին գրավոր ծանուցումով տեղյակ պահելով մյուս Պայմանավորվող կողմին:

Համաձայնագրի գործողությունը ընդհատվում է այդ մասին գրավոր ծանուցումից 6 ամիսը լրանալուց հետո:

Սույն Համաձայնագրի գործողությունը դադարելու դեպքում նրա դրույթները կկիրառվեն բոլոր այն պայմանագրերի նկատմամբ, որոնք կնքվել են սույն Համաձայնագրի գործողության ընթացքում, մինչև դրանցում նշված պարտավորությունների լրիվ կատարումը:

ՀՈԴՎԱԾ 12

Սույն Համաձայնագիրը ուժի մեջ է մտնում դրա հաստատման մասին Պայմանավորվող կողմերի իրավասու մարմինների գրավոր ծանուցումից հետո:

Կողմերը պայմանավորվել են կիրառել սույն Համաձայնագրի դրույթները այն ստորագրելուց անմիջապես հետո:

Կատարված է Բուդապեշտ քաղաքում 1992 թվականի ապրիլի 13-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, հունգարերեն և ռուսերեն:

Սույն Համաձայնագրի մեկնաբանման, իրագործման կամ կիրառման ժամանակ տարաձայնություններ առաջանալու դեպքում Պայմանավորվող կողմերը կղեկավարվեն Համաձայնագրի ռուսերեն տեքստով:

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1994 թվականի մայիսի 31-ից:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։