Հոդված 9. Ուղևորների, բեռների, ուղեբեռների փոխադրումը և բեռնառաքումը
Հոդված 9. Ուղևորների, բեռների, ուղեբեռների փոխադրումը և բեռնառաքումը
1. Ուղևորների, բեռների, ուղեբեռների փոխադրումը և բեռնառաքումը կատարվում է փոխադրման պայմանագրի հիման վրա:
2. Ուղևորների, բեռների, ուղեբեռների փոխադրման և բեռնառաքման պայմանները, կողմերի իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են սույն օրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով, փոխադրման պայմանագրով:
3. Ուղևորների փոխադրման պայմանագրի համաձայն` փոխադրողը պարտավոր է ուղևորին և ուղեբեռը փոխադրել նշանակման վայր, իսկ ուղևորը պարտավոր է վճարել ուղեվարձը և ուղեբեռի փոխադրման վճարը: Օրենսդրությամբ սահմանված դեպքերում պայմանագրին կցվում են տոմսը և ուղեբեռի հաշիվը:
4. Բեռների փոխադրման պայմանագրի համաձայն` փոխադրողը պարտավոր է բեռնառաքողից ստացած բեռը նշանակման վայր փոխադրել և հանձնել լիազորված անձին, իսկ բեռնառաքողը պարտավոր է վճարել պայմանագրով կամ սակագներով նախատեսված փոխադրավարձը: Օրենսդրությամբ սահմանված դեպքերում բեռների փոխադրման պայմանագրին կցվում են բեռնագիրը և բեռնառաքման համար անհրաժեշտ փաստաթղթերը:
5. Չարտերային փոխադրման պայմանագրի համաձայն` կողմերից մեկը մյուս կողմին է տրամադրում տրանսպորտային միջոցի տարողությունը կամ դրա մի մասը:
6. Կանոնավոր փոխադրումների անհրաժեշտության դեպքում կողմերը կարող են կնքել փոխադրումների կազմակերպման պայմանագիր, որի համաձայն` փոխադրողը պարտավոր է պարբերաբար ընդունել, իսկ բեռնառաքողը` փոխադրման ներկայացնել սահմանված քանակությամբ բեռ: Կանոնավոր փոխադրումների կազմակերպման մշտական պայմանագիրը պարունակում է փոխադրումների ծավալը, պարբերականությունը, փոխադրման որակը, տրանսպորտային միջոցների հատկացման և բեռների փոխադրման այլ պայմաններ, որոնք օրենքով նախատեսված չեն և օրենքին չեն հակասում:
7. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնում են մրցութային եղանակով ընտրված կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը, իսկ ներհամայնքային կանոնավոր փոխադրումների դեպքում՝ նաև «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան իրականացված գնման գործընթացով ընտրված օպերատորը կամ 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորը: Մրցույթի անցկացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(9-րդ հոդվածը լրաց. 13.03.01 ՀՕ-153, 05.12.06 ՀՕ-236-Ն, 20.11.14 ՀՕ-166-Ն, փոփ. 10.12.21 ՀՕ-380-Ն, խմբ. 24.11.22 ՀՕ-453-Ն)