Անցնել բովանդակությանը

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Համաձայնագիրընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Թուրքմենստանի կառավարությունը, այսուհետ` Կողմեր

հաշվի առնելով երկու պետությունների ժողովուրդների միջև բարեկամության ավանդական կապերը,

նկատի ունենալով առողջապահության բնագավառում իրավահավասար և փոխշահավետ համագործակցություն ծավալելու Կողմերի շահագրգռվածությունը,

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

ՀՈԴՎԱԾ 1

Կողմերը կնպաստեն առողջապահության բնագավառում համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանը:

ՀՈԴՎԱԾ 2

Կողմերը կզարգացնեն փոխշահավետ համագործակցություն հետևյալ բնագավառներում.

- առաջնային ու մասնագիտացված բուժօգնության ցուցաբերում,

- մոր և մանկան առողջության պահպանում,

- կանխարգելիչ բժշկություն և շրջակա միջավայրի պահպանություն,

- դեղաբանություն և բժշկական տեխնիկա,

- սանատորաառողջարանային բուժում,

- վերականգնում, այդ թվում` պրոտեզային-օրթոպեդիկ պարագաներով և հաշմանդամների կյանքի պայմանները թեթևացնող միջոցներով ապահովման հարցերում,

- արտակարգ իրավիճակների բժշկասանիտարական հետևանքների կանխում և վերացում,

- օպերատիվ տեղեկության փոխանակում:

ՀՈԴՎԱԾ 3

Կողմերը իրենց պետությունների քաղաքացիներին կցուցաբերեն անհատույց անհետաձգելի (շտապ) բժշկական օգնություն: Մասնագիտացված պլանային բժշկական օգնությունն իրականացվում է առողջապահական մարմինների և հաստատությունների ուղեգրով կամ անմիջականորեն դիմելու ձևով` պայմանագրային հիմունքով:

Մի պետության տարածքում մշտապես բնակվող` մյուս պետության քաղաքացիները բժշկական ծառայությունից օգտվում են այն պետության քաղաքացիների համար նախատեսված պայմաններով, որում նրանք բնակվում են:

ՀՈԴՎԱԾ 4

Կողմերից յուրաքանչյուրը փոխադարձ օգնություն կցուցաբերի առողջապահության համակարգի կատարելագործման, բժշկական մարմինների և հաստատությունների միջև ուղղակի կապերի կազմակերպման, ինչպես նաև մասնագետների փոխանակման, կոնֆերանսների, գիտաժողովների և սեմինարների անցկացման հարցերում:

ՀՈԴՎԱԾ 5

Արտակարգ իրավիճակներում Կողմերը կապահովեն անհատույց անհետաձգելի բժշկական-խորհրդատվական օգնություն:

ՀՈԴՎԱԾ 6

Առողջապահության բնագավառում համագործակցության կոնկրետ ձևերն ու պայմանները կկարգավորվեն Կողմերի համապատասխան պետական կառավարման մարմինների միջև կնքված առանձին համաձայնագրերով:

ՀՈԴՎԱԾ 7

Անհրաժեշտության դեպքում Կողմերը սույն Համաձայնագրի իրագործման և փոխգործակցության շուրջ հանձնարարականների պատրաստման համար կարող են ստեղծել համատեղ հանձնաժողով:

ՀՈԴՎԱԾ 8

Սույն Համաձայնագիրը կնքվում է հինգ տարի ժամկետով և ուժի մեջ է մտնում դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին Կողմերի փոխադարձ ծանուցման օրվանից: Դրա գործողությունն ինքնաբերաբար կերկարաձգվի հաջորդ հնգամյա ժամանակահատվածներով, եթե Կողմերից ոչ մեկը համապատասխան ժամկետը լրանալուց առնվազն վեց ամիս առաջ մյուս Կողմին գրավոր չտեղեկացնի Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:

Կատարված է Երևան քաղաքում 1996 թվականի մարտի 19-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, թուրքմեներեն և ռուսերեն, ընդ որում բոլոր տեքստերը հավասարազոր են: Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման հարցում տարաձայնություններ առաջանալու դեպքում հիմք կընդունվի ռուսերեն տեքստը:

Համաձայնագիրն ուժի մեջ է 1996 թվականի օգոստոսի 30-ից:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։