Հոդված 3. Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական քաղաքականության նպատակը, սկզբունքները և խնդիրները
Հոդված 3. Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական քաղաքականության նպատակը, սկզբունքները և խնդիրները
1. Ռազմարդյունաբերական քաղաքականության նպատակն է ռազմարդյունաբերության վերածումը տնտեսության կարևորագույն և առաջատար ոլորտի, որը կապահովի սեփական պաշտպանական կարիքները ոչ միայն կարճաժամկետ, այլև երկարաժամկետ հեռանկարում` ստեղծելով ռազմական անվտանգության ապահովման և տարածաշրջանային հավասարակշռության պահպանման իրական երաշխիքներ:
2. Ռազմարդյունաբերական քաղաքականության սկզբունքներն են`
1) ռազմարդյունաբերական քաղաքականության և ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների շահերի համակցումը.
2) ռազմարդյունաբերության ոլորտում գիտության և տեխնիկայի ժամանակակից ու նորարարական տեխնոլոգիաների հետևողական օգտագործումը.
3) պետական կառավարման և տնտեսական ինքնակարգավորման միջոցների ներդաշնակումը.
4) ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների զարգացման բարենպաստ պայմանների ստեղծման համար պետական պատասխանատվությունը.
5) ռազմարդյունաբերական քաղաքականության ձևավորման, իրականացման, ինչպես նաև իրավական ակտերի նախագծերի փորձաքննության գործում ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների ներկայացուցիչների մասնակցությունը.
6) ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների համար պետական աջակցության մատչելիությունը, հավասար պայմանների ապահովումը:
3. Ռազմարդյունաբերական քաղաքականության խնդիրներն են`
1) գիտելիքահեն և ժամանակակից արտադրությունների համար հնարավորությունների ստեղծումը.
2) տարածաշրջանային և միջազգային տնտեսական գործընթացներին ինտեգրվելը.
3) զորահավաքային նախապատրաստության իրականացումը և զորահավաքային պահանջմունքների բավարարումը.
4) Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական ներուժի ավելացման միջոցով ռազմատեխնիկական գործընկերության և համագործակցության հաստատումը շահագրգիռ պետությունների հետ: