Հոդված 42. Համար կամ կոդ զբաղեցնելը
Հոդված 42. Համար կամ կոդ զբաղեցնելը
1. Ցանկացած օպերատոր կամ ծառայություններ մատուցող իրավասու է դիմել Կարգավորողին համար կամ կոդ զբաղեցնելու խնդրանքով: Կարգավորողը սահմանում է համար կամ կոդ զբաղեցնելու համար տրվող՝ դիմումին ներկայացվող պահանջները, որոնք պետք է ներառեն տեղեկություններ՝ հնարավորություն ընձեռելու Կարգավորողին պարզել, թե արդյոք դիմողն ունի նման համարներ կամ կոդեր տիրապետելու կամ օգտագործելու համար անհրաժեշտ որակավորում:
2. Կարգավորողը դիմողին հատկացնում է համար կամ կոդ, բացառությամբ եթե`
1) պահանջվող համարային շարքը, նույնացման կամ կարճ կոդը զբաղեցված է մեկ այլ անձի համար.
2) պահանջվող համարային շարքը, նույնացման կամ կարճ կոդը միջազգային համաձայնագրերի շրջանակներում զբաղեցված է այլ նպատակների համար.
3) պլանավորվող օգտագործումը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության համարագրման պլանին.
4) (կետն ուժը կորցրել է 29.04.13 ՀՕ-47-Ն)
3. Սույն հոդվածի երկրորդ մասի հաշվառմամբ Կարգավորողը կայացնում է որոշում՝
1) դիմումը Կարգավորողին ներկայացնելուց հետո` տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում, եթե համարային շարքերը, նույնացման կամ կարճ կոդն օգտագործման մեջ չեն, և եթե դրանց օգտագործման համար միջազգային կազմակերպությունների հետ համակարգում չի պահանջվում.
2) (կետն ուժը կորցրել է 29.04.13 ՀՕ-47-Ն)
4. Համար կամ կոդ տրվում է մինչև տասը տարի ժամկետով, բացառությամբ եթե դիմողը պահանջում է ավելի կարճ ժամկետ: Սակայն դրանք չեն կարող տրվել օպերատորի լիցենզիայի գործողության ժամկետը գերազանցող ժամկետով: Համար կամ կոդ զբաղեցնելու թույլտվության ժամկետի դադարման դեպքում Կարգավորողը կարող է մերժել լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգումը միայն սույն հոդվածի յոթերորդ մասի դրույթների հիման վրա:
5. Համարի կամ կոդի զբաղեցման թույլտվությունը թույլ է տալիս օպերատորին կամ ծառայություն մատուցողին օգտագործել տվյալ համարային շարքը, նույնացման կամ կարճ կոդն էլեկտրոնային հաղորդակցության նպատակների համար, կամ կազմակերպել դրանց օգտագործումը: Համարի կամ կոդի զբաղեցման թույլտվություն ունեցող անձն իրավասու է այդ համարը կամ կոդը տրամադրել սպառողներին, սակայն իրավունք չունի այդ համարը կամ կոդը փոխանցել այլ օպերատորների կամ ծառայություններ մատուցողների, բացառությամբ համարների տեղափոխելիության ծառայության մատուցման դեպքի:
6. Համար կամ կոդ զբաղեցնելու թույլտվության մեջ պետք է սահմանվեն առնվազն հետևյալ տեղեկությունները`
1) հատկացված համարային շարքերը, նույնացման կամ կարճ կոդերը.
2) համարային շարքերի, նույնացման կամ կարճ կոդերի օգտագործման պարտադիր պայմանները, խնդիրը, ձևը և նպատակները:
7. Կարգավորողը դադարեցնում է համար կամ կոդ զբաղեցնելու թույլտվությունը կամ մերժում է թույլտվության գործողության երկարաձգումը «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, եթե`
1) կարգավորվող անձը համարները կամ կոդերը չի օգտագործում թույլտվության պայմաններին կամ Հայաստանի համարագրման պլանին համապատասխան.
2) կարգավորվող անձը չի սկսել համարային շարքերի, նույնացման կոդի կամ կարճ կոդի օգտագործումը թույլտվություն ստանալուց հետո` մեկ տարվա ընթացքում, կամ Կարգավորողը չի ստացել զբաղեցված համարային շարքերի, նույնացման կոդի կամ կարճ կոդի օգտագործման մեկնարկը հավաստող փաստաթղթերը հետագա տասներկու ամիսների ընթացքում: Այս հիմքով թույլտվության դադարեցումը կամ գործողության երկարաձգումը մերժելը չի արգելում կարգավորվող անձին ներկայացնել համարի կամ կոդի զբաղեցման համար նոր դիմում:
(42-րդ հոդվածը փոփ., լրաց. 29.04.13 ՀՕ-47-Ն)