Հոդված 3. Օրենքի 19-րդ հոդվածում՝
Հոդված 3. Օրենքի 19-րդ հոդվածում՝
1) վերնագրից հանել «ձեռքբերման նախնական համաձայնության գործողության» բառերը.
2) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Եթե լիցենզավորման ընթացքում կամ նշանակալից մասնակցության ձեռքբերման ժամանակ Կենտրոնական բանկ են ներկայացվում անարժանահավատ, կեղծ կամ ոչ լրիվ տեղեկություններ, ինչպես նաև եթե անձի` սույն օրենքով սահմանված կարգով Ընկերության կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելուց հետո առաջանում է սույն օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-րդ, 4-րդ, 5-րդ կամ 7-րդ կետերով նախատեսված նշանակալից մասնակցության նախնական համաձայնության մերժման հիմքերից որևէ մեկը, ինչպես նաև եթե ստացվում են այնպիսի հիմնավոր տեղեկություններ, ըստ որոնց՝ ի հայտ են եկել Ընկերության հետ կապված անձանց (իսկ Ընկերության հետ կապված իրավաբանական անձի դեպքում՝ նաև նրա մասնակցի) ֆինանսական վիճակի վատթարացման փաստեր, որոնք կարող են անդրադառնալ Ընկերության ֆինանսական վիճակի վրա կամ այլ կերպ վտանգել Ընկերության ապահովադիրների, ապահովագրված անձանց կամ շահառուների շահերը, ապա Կենտրոնական բանկի խորհուրդն իրավունք ունի առաջարկելու, որ Ընկերության կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունեցող անձը Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած ժամկետում օտարի Ընկերությունում իր ունեցած ներդրումները կամ Ընկերության նկատմամբ իր ունեցած այն պահանջի իրավունքը, որի ուժով նա կարող է ազդել Ընկերության գործունեության վրա այն հիմնավորմամբ, որ դա սպառնում է Ընկերության ֆինանսական վիճակին։ Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած ժամկետում համապատասխան ներդրումները չօտարվելու դեպքում օտարումը կարող է իրականացվել դատական կարգով:».
3) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ Կենտրոնական բանկի խորհրդի առաջարկությունը չկատարելու դեպքում Կենտրոնական բանկի սահմանած ժամկետին հաջորդող օրվանից Ընկերության կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունեցող անձը չի օգտվում մասնակցության ուժով իրեն վերապահված ձայնի, շահութաբաժիններ ստանալու և առանց ընտրության խորհրդի կազմում ընդգրկվելու կամ դրանում իր ներկայացուցչին նշանակելու իրավունքից։ Ընկերության որոշումների կայացման գործընթացը չխաթարելու նպատակով Կենտրոնական բանկի խորհուրդն իրավասու է որոշումների կայացման ժամանակ քվեարկելու իրավունքը վերապահելու Կենտրոնական բանկի խորհրդի նշանակած ժամանակավոր կառավարման մարմնին։ Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է սահմանել ժամանակավոր կառավարման մարմնի նշանակման չափանիշներ, նշանակման ու գործունեության կարգ:».
4) 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել․
5) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով․
«4․ Եթե նշանակալից մասնակցության ձեռքբերումից հետո առաջանում է սույն օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 1․1-ին կետով նախատեսված հիմքը, Ընկերության կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունեցող անձի նկատմամբ կիրառվում է «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքի 28-րդ հոդվածով սահմանված պահանջը, ինչպես նաև անձը զրկվում է մասնակցության ուժով իրեն վերապահված ձայնի, առանց ընտրության խորհրդի կազմում ընդգրկվելու կամ դրանում իր ներկայացուցչին նշանակելու իրավունքից, ինչպես նաև ձեռք բերված բաժնետոմսերը ձայների հաշվարկման ժամանակ հաշվի չեն առնվում: Ընկերության որոշումների կայացման գործընթացը չխաթարելու նպատակով Կենտրոնական բանկի խորհուրդն իրավասու է որոշումների կայացման ժամանակ քվեարկելու իրավունքը վերապահելու Կենտրոնական բանկի խորհրդի նշանակած ժամանակավոր կառավարման մարմնին: Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է սահմանել ժամանակավոր կառավարման մարմնի նշանակման չափանիշներ, նշանակման ու գործունեության կարգ:»։