Հոդված 1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը (այսուհետ՝ Կենտրոնական բանկ) պետական գործառույթներով օժտված իրավաբանական անձ է, որի միակ հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է: Կենտրոնական բանկը գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան:
2. Կենտրոնական բանկը միասնական կենտրոնացված համակարգ է, որը ներառում է բանկի գլխավոր գրասենյակը և տարածքային ստորաբաժանումները: Կենտրոնական բանկի գլխավոր գրասենյակի գտնվելու վայրը Երևան քաղաքն է:
3. Կենտրոնական բանկի տարածքային ստորաբաժանումները նրա մասնաճյուղերն ու ներկայացուցչություններն են: Կենտրոնական բանկը և նրա տարածքային ստորաբաժանումներն ունեն Հայաստանի Հանրապետության զինանշանով և իրենց անվանումով կնիք:
4. Կենտրոնական բանկն իր խնդիրներն իրագործելու նպատակով կարող է իր անունից`
- կնքել պայմանագրեր, ձեռք բերել իրավունքներ, ստանձնել պարտավորություններ, այդ թվում` վերցնել վարկեր.
- հանդես գալ որպես հայցվոր և պատասխանող.
- սույն օրենքով նախատեսված դեպքերում ձեռք բերել, տիրապետել, օգտագործել և օտարել գույք, գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ:
5. Կենտրոնական բանկն իր խնդիրներն իրականացնելիս անկախ է Հայաստանի Հանրապետության պետական մարմիններից:
6. Կենտրոնական բանկը և կառավարությունը միմյանց պարտավորությունների համար պատասխանատվություն չեն կրում, եթե այդպիսիք չեն ստանձնել:
(1-ին հոդվածը խմբ. 08.12.05 ՀՕ-245-Ն)