Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2021-06-28-ից մինչև 2022-07-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 10. Վարկային կազմակերպության կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու սահմանափակումները և իրական շահառուները

գործել է մինչև 2022-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 10. Վարկային կազմակերպության կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու սահմանափակումները և իրական շահառուները

(վերնագիրը լրաց. 03.06.21 ՀՕ-255-Ն)

1. Անձը կամ փոխկապակցված անձինք մեկ կամ մի քանի գործարքների հետևանքով վարկային կազմակերպության կանոնադրական կապիտալում կարող են նշանակալից մասնակցություն ձեռք բերել միայն Կենտրոնական բանկի նախնական համաձայնությամբ:

Սույն օրենքի և սույն օրենքի հիման վրա ընդունված՝ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերի իմաստով նշանակալից մասնակցություն է համարվում այն մասնակցությունը, որով վարկային կազմակերպության կանոնադրական կապիտալում տվյալ մասնակցի մասնակցությունը կազմում է 10 և ավելի տոկոս:

Վարկային կազմակերպության կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու նախնական համաձայնությունն ստանալու համար վարկային կազմակերպության միջնորդությամբ անձի կամ փոխկապակցված անձանց կողմից Կենտրոնական բանկ ներկայացվող փաստաթղթերի, տեղեկությունների ցանկը և ձևը սահմանում է Կենտրոնական բանկը:

Սույն կետով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով պահանջվող փաստաթղթերն ու տեղեկություններն ստանալու պահից մեկամսյա ժամկետում Կենտրոնական բանկը քննում է դրանք: Որոշակի փաստեր պարզաբանելու նպատակով մեկամսյա ժամկետը կարող է Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ կասեցվել, բայց ոչ ավելի, քան երեք ամիս ժամկետով: Կենտրոնական բանկի կողմից մեկամսյա ժամկետում դիմումը չմերժելու կամ այդ ժամկետը կասեցնելու մասին անձին չտեղեկացնելու դեպքում համաձայնությունը համարվում է տրված:

2. Կենտրոնական բանկը մերժում է դիմումը՝ մերժման մասին որոշում կայացնելու պահից տասնօրյա ժամկետում ծանուցելով դիմողին, եթե՝

ա) անձը դիտավորությամբ կատարված հանցագործություն կատարելու համար ունի դատվածություն.

բ) անձը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

գ) անձն օրինական ուժի մեջ մտած դատավճռով զրկվել է ֆինանսական, բանկային, հարկային, մաքսային, առևտրային, տնտեսական, իրավական ոլորտներում պաշտոններ վարելու իրավունքից.

դ) անձը ճանաչվել է սնանկ և ունի չմարված (չներված) պարտավորություններ.

ե) տվյալ գործարքն ուղղված է, հանգեցնում է կամ կարող է հանգեցնել ազատ տնտեսական մրցակցության սահմանափակմանը.

զ) փաստաթղթերը ներկայացվել են Կենտրոնական բանկի սահմանած ձևի և կարգի խախտումներով, կամ ներկայացված փաստաթղթերում կամ տեղեկություններում արտացոլվել են կեղծ, անարժանահավատ տեղեկություններ.

է) վարկային կազմակերպության կանոնադրական կապիտալում ներդրվելիք կամ մասնակցության օտարման դիմաց տրվող միջոցները Կենտրոնական բանկի հիմնավորված կարծիքով ձեռք են բերվել հանցավոր կամ ոչ օրինական ճանապարհով:

Առանց Կենտրոնական բանկի նախնական համաձայնության վարկային կազմակերպության կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցության ձեռքբերման պայմանագիրն առ ոչինչ է:

3. Վարկային կազմակերպությունը պարտավոր է «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափանիշներով վարկային կազմակերպության իրական շահառու հանդիսացող անձանց վերաբերյալ տեղեկություններ ներկայացնել Կենտրոնական բանկ՝ սույն օրենքով և Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխան։

(10-րդ հոդվածը փոփ. 08.04.08 ՀՕ-24-Ն, լրաց. 03.06.21 ՀՕ-255-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։