Հոդված 12. Վարկային կազմակերպությունների համար սահմանվող հիմնական տնտեսական նորմատիվները
Հոդված 12. Վարկային կազմակերպությունների համար սահմանվող հիմնական տնտեսական նորմատիվները
1. Վարկային կազմակերպությունների համար սահմանվում են «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով բանկերի համար սահմանվող հիմնական տնտեսական նորմատիվները, բացառությամբ Կենտրոնական բանկի խորհրդի կողմից բացառված հիմնական տնտեսական նորմատիվների: Վարկային կազմակերպությունների համար սահմանվող հիմնական տնտեսական նորմատիվները պետք է սահմանեն կարգավորման ավելի մեղմ ռեժիմ, քան սահմանված է բանկերի համար:
2. Հիմնական տնտեսական նորմատիվները պարտադիր են և պետք է նույնը լինեն միևնույն տիպի (խմբի) բոլոր վարկային կազմակերպությունների համար, բացառությամբ այն կազմակերպությունների, որոնք գործում են սույն օրենքով սահմանված սահմանափակումների շրջանակում:
3. Հիմնական տնտեսական նորմատիվների հասկացությունները սահմանվում են «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
4. Հիմնական տնտեսական նորմատիվների սահմանաչափերը, հաշվարկման կարգը և հաշվարկում մասնակցող տարրերի կազմը սահմանում է Կենտրոնական բանկը:
5. Կենտրոնական բանկի կողմից հիմնական տնտեսական նորմատիվների ռեժիմը խստացնելու դեպքում այդ նորմատիվներն ուժի մեջ են մտնում Կենտրոնական բանկի կողմից սահմանված պաշտոնական հրապարակման պահից վեց ամիս հետո:
6. Կենտրոնական բանկի կողմից հիմնական տնտեսական նորմատիվների ռեժիմը մեղմացնելու դեպքում այդ նորմատիվներն ուժի մեջ են մտնում Կենտրոնական բանկի պաշտոնական հրապարակման պահից, եթե Կենտրոնական բանկն ավելի ուշ ժամկետ չի սահմանել: