Հոդված 9.1. Վարկային կազմակերպությունների կանոնադրություններին և ներքին իրավական ակտերին ներկայացվող պահանջները
Հոդված 9.1. Վարկային կազմակերպությունների կանոնադրություններին և ներքին իրավական ակտերին ներկայացվող պահանջները
(վերնագիրը լրաց. 21.12.15 ՀՕ-15-Ն)
Վարկային կազմակերպությունները պարտավոր են իրենց կանոնադրությունների մեջ պարտադիր ներառել տնօրենների խորհրդի և վերստուգիչ խմբի ֆունկցիաների տարանջատման, տնօրենների, հիմնական ղեկավարների, գլխավոր հաշվապահի, տնօրենների խորհրդի և վերստուգիչ խմբի աշխատանքների մեխանիզմների, ինչպես նաև հաշվապահական հաշվառման, հաշվետվությունների ներկայացման սկզբունքների, արտաքին աուդիտի իրականացման մեխանիզմների վերաբերյալ դրույթներ:
Վարկային կազմակերպությունները պետք է ունենան գործարար վարվելակերպի կանոններ, որոնցով պետք է սահմանվեն՝
ա) վարկային կազմակերպության կողմից հաճախորդին տեղեկատվության ներկայացման ձևն ու կարգը.
բ) մինչև պայմանագրի կնքումը, պայմանագիրը կնքելիս և պայմանագրի գործողության ընթացքում հաճախորդներին տրամադրվող տեղեկատվության բովանդակությունը և այդ տեղեկատվության տրամադրման ձևը և կարգը, ինչպես նաև հաճախորդների հետ հաղորդակցման և հաճախորդների բողոք-պահանջների ներկայացման ու քննության կարգն ու պայմանները: Ընդ որում, բողոք-պահանջների ներկայացման ու քննության կարգն ու պայմանները որևէ կերպ չեն սահմանափակում դատարան կամ ֆինանսական համակարգի հաշտարարին կամ առևտրային արբիտրաժ դիմելու սպառողի իրավունքը.
գ) վարկային կազմակերպության և նրա կողմից առաջարկվող ծառայությունների մասին գովազդը և մարկետինգային գործունեությունը (քաղաքականությունը).
դ) հաճախորդների անձնական տվյալների պահպանման և դրանց անվտանգ օգտագործման կանոնները.
ե) հրապարակման ենթակա տեղեկատվությունը և այդ տեղեկատվության հրապարակման կարգը:
Կենտրոնական բանկը կարող է սահմանել սույն մասում նշված վարկային կազմակերպության գործարար վարվելակերպի կանոնների կիրարկման եղանակներին և ընթացակարգերին վերաբերող պահանջներ:
Վարկային կազմակերպությունները պարտավոր են հետևել սույն մասով նախատեսված գործարար վարվելակերպի կանոններին:
Սույն հոդվածով նախատեսված գործարար վարվելակերպի կանոնների պահանջների՝ վարկային կազմակերպության կողմից խախտման փաստը դատարանի, արբիտրաժի կամ ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից հաստատվելու դեպքում վարկային կազմակերպությունը պարտավոր է ֆիզիկական անձ հաճախորդին վճարել 300 000 (երեք հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ: Նշված դրույթը չի կարող մեկնաբանվել որպես վնասների հատուցում պահանջելու ֆիզիկական անձ հաճախորդի իրավունքը սահմանափակող կամ բացառող դրույթ: Սույն պարբերությունը կիրառվում է այնքանով, որքանով այլ օրենքներով նշված հարցերի վերաբերյալ վարկային կազմակերպությունների համար այլ կարգավորում նախատեսված չէ:
(9.1-րդ հոդվածը լրաց. 31.03.03 ՀՕ-520-Ն, փոփ. 08.04.08 ՀՕ-24-Ն, լրաց. 21.12.15 ՀՕ-15-Ն)