Հոդված 22. Տեղեկությունների պահպանումը
Հոդված 22. Տեղեկությունների պահպանումը
1. Հաշվետվություն տրամադրող անձը պետք է պահպանի սույն օրենքով պահանջվող, ներառյալ՝ հաճախորդի պատշաճ ուսումնասիրության ընթացքում ձեռք բերված տեղեկությունները (ներառյալ` փաստաթղթերը)՝ անկախ նրանից, թե գործարքը կամ գործարար հարաբերությունը շարունակվում է, թե դադարեցվել է, այդ թվում`
1) հաճախորդի նույնականացման տվյալները, այդ թվում` հաշվեհամարի և հաշվի շարժի վերաբերյալ տվյալները, ինչպես նաև գործարար թղթակցության տվյալները.
2) ներպետական և միջազգային գործարքների կամ գործարար հարաբերությունների վերաբերյալ բոլոր անհրաժեշտ տվյալները (ներառյալ՝ հաճախորդի (և գործարքի մյուս կողմի) անունը, հաշվառման հասցեն (առկայության դեպքում) և բնակության (գտնվելու) վայրը, գործարքի բնույթը, կատարման ժամկետը, գումարը և արժույթը, առկայության դեպքում նաև՝ հաշվի տեսակը և հաշվեհամարը), որոնք բավարար կլինեն տվյալ գործարքի կամ գործարար հարաբերության ամբողջական պատկերը վերականգնելու համար.
3) սույն օրենքի 7-րդ հոդվածով նախատեսված կասկածելի գործարքների կամ գործարար հարաբերությունների վերաբերյալ տեղեկությունները, ինչպես նաև կասկածելի չորակված գործարքների կամ գործարար հարաբերությունների դիտարկման ընթացքի (կատարված վերլուծության) և արդյունքների վերաբերյալ տեղեկությունները.
4) սույն օրենքի 4-րդ հոդվածով նախատեսված փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման հնարավոր և առկա ռիսկերի գնահատման արդյունքները.
5) սույն օրենքի 20-րդ հոդվածով նախատեսված տեղեկությունները.
6) սույն օրենքով սահմանված այլ տեղեկություններ:
2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված տեղեկությունները (ներառյալ՝ փաստաթղթերը) պետք է պահպանվեն գործարար հարաբերության ավարտից կամ գործարքի կատարումից հետո՝ առնվազն 5 տարվա ընթացքում, իսկ օրենքով նախատեսված լինելու դեպքում` ավելի երկար ժամկետով:
3. Սույն օրենքով պահանջվող և հաշվետվություն տրամադրող անձի կողմից պահպանվող տեղեկությունները (ներառյալ՝ փաստաթղթերը) պետք է բավարար լինեն լիազոր մարմնի կամ, օրենքով սահմանված դեպքերում, քրեական հետապնդում իրականացնող մարմինների կողմից հարցվող հաճախորդների, գործարքների կամ գործարար հարաբերությունների վերաբերյալ յուրաքանչյուր դեպքում ամբողջական ու լիարժեք տեղեկությունների տրամադրման համար:
4. Սույն հոդվածով սահմանված տեղեկությունները (ներառյալ՝ փաստաթղթերը) պետք է ժամանակին և օրենքով սահմանված կարգով հասանելի լինեն իրավասու վերահսկող և քրեական հետապնդում իրականացնող մարմինների, ինչպես նաև աուդիտորների համար: