Հոդված 7. Պետական կառավարման լիազորված մարմինը
Հոդված 7. Պետական կառավարման լիազորված մարմինը
1. Հայաստանի Հանրապետությունում ավիացիայի (բացառությամբ ռազմականի) բնագավառի պետական կառավարում իրականացնող լիազորված մարմինը Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմին է (այսուհետ՝ լիազորված մարմին), որն իրականացնում է ավիացիոն ծառայությունների և Հայաստանի Հանրապետությունում գործող ավիացիոն ենթակառուցվածքների վերահսկողությունը, ավիացիայի բնագավառում վարվող քաղաքականության վերաբերյալ խորհրդատվության ու առաջարկների ներկայացումը Հայաստանի Հանրապետության կառավարությանը:
2. Լիազորված մարմնի հիմնական խնդիրներն ու գործառույթներն են՝
1) քաղաքացիական ավիացիայի և ոչ ռազմական պետական ավիացիայի գործունեության պետական կառավարման իրականացումը.
2) օդային տրանսպորտի բնագավառում վարվող քաղաքականության հիմնադրույթների, ներքին և միջազգային օդային հաղորդակցությունների իրավունքների և այդ իրավունքներին վերաբերող միջազգային համաձայնագրերի նախապատրաստումը, քննարկումը և սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացումը.
3) քաղաքացիական ավիացիայի գործունեության, ներառյալ` օդանավակայանային գործունեության և օդային երթևեկության սպասարկման, ինչպես նաև ավիացիայի բնագավառում շահագործվող վերգետնյա միջոցների և մատուցվող ծառայությունների թռիչքային ու ավիացիոն անվտանգության պահանջների սահմանումը, կանոնակարգումը և վերահսկողությունը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պահանջներին դրանց համապատասխանությունն ապահովելու նպատակով.
4) սույն օրենքի համաձայն` քաղաքացիական ավիացիայի համակարգում գործունեություն իրականացնող անձանց, կատարվող աշխատանքների և մատուցվող ծառայությունների ու դրանց որակի, թռիչքային և ավիացիոն անվտանգության վերահսկողության իրականացումն ու տեսչական գործառույթների անցկացումը՝ գործող պահանջներին դրանց շարունակական համապատասխանությունն ապահովելու նպատակով.
5) խաղաղ ժամանակ, սույն օրենքի համաձայն, օդային երթևեկության սպասարկման, ինչպես նաև աերոնավիգացիոն հեռահաղորդակցության և աերոնավիգացիոն տեղեկատվության ծառայությունների կանոնակարգումը.
6) քաղաքացիական ավիացիայում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների և միջազգային ավիացիոն կազմակերպությունների հրապարակած փաստաթղթերի դրույթների կատարումն ապահովող կանոնակարգերի մշակումը, հաստատումը և ներդնումը, եթե դրանք առնչվում են կամ կարող են անդրադառնալ ռազմական ավիացիայի խնդիրներին՝ համաձայնեցնելով դրանք պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի հետ.
7) սույն օրենքի համաձայն` ավիացիայի համակարգում գործունեություն իրականացնելու համար համապատասխան սերտիֆիկատներ, լիցենզիաներ, վկայականներ և թույլտվություններ տալը՝ անհրաժեշտության դեպքում համապատասխան քննությունների, թեստերի անցկացման ու տեսչական գործառույթների իրականացման նպատակով փորձագետների և մասնագետների ներգրավմամբ.
8) քաղաքացիական ավիացիայում ավիացիոն պատահարների և միջադեպերի մասնագիտական քննությունը (պատահարների և միջադեպերի քննությունը), թռիչքային անվտանգության (ապահովության) հարցերում առկա միտումների վերլուծությունը և ավիացիոն գործունեություն իրականացնողներին հետագա պատահարների կանխարգելման նպատակով համապատասխան տեղեկատվության մատուցումը.
9) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայում ավիացիոն անվտանգության ազգային ծրագրի ներդրումը և վարումը.
10) օդանավերի երկրորդային հետևանքներ չառաջացրած աղետների դեպքում որոնողափրկարարական աշխատանքների համակարգումը.
11) քաղաքացիական ավիացիայի բնագավառում գործունեություն իրականացնողներից ֆինանսական և արտադրական գործունեությանը վերաբերող վիճակագրական բնույթի տվյալների հավաքումն ու գնահատումը.
12) քաղաքացիական ավիացիայի թռիչքային և ավիացիոն անվտանգության սահմանված կանոնների խախտման համար պատասխանատու անձանց վարչական պատասխանատվության ենթարկելը.
13) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված այլ խնդիրների իրականացումը.
14) կոնցեսիոն պայմանագրով նախատեսված ավիացիոն ծառայությունների և ենթակառուցվածքի նկատմամբ վերահսկողությունը լիազորված մարմինը կարող է իրականացնել միայն ԻԿԱՕ-ի և Հայաստանի Հանրապետության անդամակցած միջազգային այլ կազմակերպությունների ապահովության և անվտանգության պահանջների կատարման նկատմամբ.
15) սույն օրենքի համաձայն` քաղաքացիական ավիացիայի համակարգում գործունեություն իրականացնողների կողմից կատարվող աշխատանքների և մատուցվող ծառայությունների որակի վերահսկողության տեսչական ստուգումների անցկացումը: Կոնցեսիոներներին առնչվող տեսչական ստուգումներն իրականացվում են միայն ԻԿԱՕ-ի և Հայաստանի Հանրապետության անդամակցած միջազգային այլ կազմակերպությունների անվտանգության և ապահովության պահանջներին համապատասխանության նկատմամբ.
16) իր կողմից սահմանված կարգով՝
ա. ԻԿԱՕ և(կամ) քաղաքացիական ավիացիայի միջազգային այլ կազմակերպությունների կողմից սահմանված պահանջներին, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված լիցենզիա ունեցող մասնագիտացված ավիացիոն ուսումնական հաստատությունների համապատասխանության ուսումնասիրությունները և համապատասխանության վկայականի տրամադրումը,
բ. օտարերկրյա մասնագիտացված ավիացիոն ուսումնական հաստատությունների կողմից տրված փաստաթղթերի ուսումնասիրությունները և ճանաչումը:
3. Սույն օրենքի համաձայն` քաղաքացիական ավիացիայի բնագավառի գործունեության պետական կառավարումն իրականացնելիս համապատասխան կանոններ, կարգեր, հրահանգներ, կանոնակարգեր ու այլ իրավական ակտեր մշակելու և ընդունելու` լիազորված մարմնի իրավասությունները հավասարապես տարածվում են նաև քաղաքացիական ավիացիայի բաղկացուցիչների՝ առևտրային օդային փոխադրումների, ընդհանուր նշանակության ավիացիայի գործունեության, ավիացիոն հատուկ աշխատանքների և պետական ոչ ռազմական ավիացիայի նկատմամբ:
4. Լիազորված մարմնի կողմից իրականացվող ծրագրերի ու ծախսերի ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեի և օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:
Լիազորված մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող է ունենալ արտաբյուջետային հաշիվ, որի միջոցները գոյանում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած աղբյուրներից:
Լիազորված մարմնի արտաբյուջետային միջոցների ծախսման հիմնական ուղղություններն են թռիչքային և (կամ) ավիացիոն անվտանգության ապահովման վերահսկողությունը, կադրերի պատրաստումն ու վերապատրաստումը, լիազորված մարմնի աշխատակիցների պարգևատրումը (այդ թվում՝ քաղաքացիական ծառայողների), ինչպես նաև սույն օրենքով նախատեսված գործառույթների իրականացման համար անհրաժեշտ այլ ծախսեր:
Լիազորված մարմնի արտաբյուջետային հաշվի միջոցներից կատարվում են պարգևատրումներ և աշխատավարձին հավասարեցված այլ վճարներ լիազորված մարմնի բոլոր աշխատակիցներին` իրենց աշխատավարձը տալու կարգին համապատասխան:
Ավիացիայի ոլորտում գործող կոնցեսիոներների համար լիազորված մարմնի ֆինանսավորումն ապահովելու համար հարկեր, տուրքեր կամ այլ վճարումներ չեն կարող սահմանվել:
5. Լիազորված մարմինն իր խնդիրների ու գործառույթների իրականացման նպատակով՝
1) ընդունում է իրավական ակտեր, եթե դրանք նախատեսված են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, կամ եթե տվյալ նորմատիվ իրավական ակտի ընդունումը նպատակաուղղված է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի կամ դրանցից բխող միջազգային ավիացիոն կազմակերպությունների հրատարակած փաստաթղթերի պահանջների կատարմանը՝ Հայաստանի Հանրապետության կողմից.
2) կարող է ընդունել և (կամ) ճանաչել օտարերկրյա պետությունների քաղաքացիական ավիացիայի բնագավառի իրավասու մարմնի (ներառյալ՝ այդ մարմնի կողմից ընտրված գործակալությունների) և միջազգային ավիացիոն կազմակերպությունների տված սերտիֆիկատները, վկայականները, թույլտվություններն ու տեխնիկական եզրակացությունները:
(7-րդ հոդվածը լրաց. 10.06.09 ՀՕ-155-Ն)