Անցնել բովանդակությանը
Այս հոդվածն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
ԱՎԻԱՑԻՈՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 2 · ԱՎԻԱՑԻԱՅԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

Հոդված 7. Ավիացիայի և օդային տրանսպորտի պետական կառավարումը

գործող խմբագրությունուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 7. Ավիացիայի և օդային տրանսպորտի պետական կառավարումը

(վերնագիրը խմբ. 23.03.18 ՀՕ-294-Ն)

1. Հայաստանի Հանրապետությունում ավիացիայի (բացառությամբ ռազմականի) բնագավառի քաղաքականությունը մշակում և իրականացնում է համապատասխան նախարարությունը:

1.1. Նախարարը՝

1) հաստատում է թռիչքների շահագործման պահանջների տեխնիկական և ադմինիստրատիվ կանոնակարգը (Air Operations Regulation).

2) հաստատում է թռիչքային անձնակազմի պահանջների տեխնիկական և ադմինիստրատիվ կանոնակարգը (Air Crew Regulation).

3) հաստատում է Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական ավիացիայի մասնագետներին վկայականների տրամադրման կարգը (Licensing).

4) սահմանում է օտարերկրյա պետությունների կողմից ավիացիոն մասնագետներին տրված վկայականների հիման վրա դրանց ճանաչման վավերագրի տրամադրման պայմանները և կարգը (Foreign Aviation Specialists License Validation).

5) հաստատում է Հայաստանի Հանրապետությունում ուսումնական և հատուկ բնույթի թռիչքների իրականացման կարգը (Theoretical Training and Special Flights Lights).

6) հաստատում է Հայաստանի Հանրապետությունում ավիացիոն ուսումնական կազմակերպությունների սերտիֆիկացման և օտարերկրյա ավիացիոն ուսումնական կազմակերպությունների սերտիֆիկատների հաստատման կարգը (Avia Training Centers Certification, Validation).

7) հաստատում է թռիչքային անձնակազմի, օդանավի տեխնիկական սպասարկման մասնագետների և օդային երթևեկության կառավարման կարգավարների մասնագիտական գիտելիքների և ունակությունների ստուգման նպատակով անցկացվող տեսական թեստավորման ընթացակարգը (Proficiency Testing).

8) հաստատում է Հայաստանի Հանրապետությունում օդանավերի պետական գրանցման, օդանավերի ռեգիստրի վարման ու թռիչքային պիտանիության սերտիֆիկատների տրման և օտարերկրյա թռիչքային պիտանիության սերտիֆիկատների ճանաչման կարգը.

9) հաստատում է Եվրոպական միության թռիչքների անվտանգության գործակալության «Թռիչքային պիտանիության պահպանում» կանոնակարգը.

10) հաստատում է Հայաստանի Հանրապետության թռիչքային պիտանիության պահպանման և տեխնիկական սպասարկման կազմակերպությունների սերտիֆիկացման կարգը, ինչպես նաև օտարերկրյա տեխնիկական սպասարկման կազմակերպությունների սերտիֆիկատների ճանաչման կարգը.

11) հաստատում է Եվրոպական միության թռիչքների անվտանգության գործակալության «Գլխավոր նվազագույն սարքավորումների ցանկի սերտիֆիկացման պահանջները» և ուղեցույց նյութերը.

12) հաստատում է Եվրոպական միության թռիչքների անվտանգության գործակալության «Եվրոպական տեխնիկական ստանդարտներ» ՍիԷս-ԷՏՍՕ-ի մասին ձեռնարկը.

13) հաստատում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օդանավերի թռիչքային պիտանիության ապահովման կանոնները.

14) հաստատում է Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավերի վրա տեխնիկական ձևափոխման և վերանորոգման աշխատանքների իրականացման կարգը.

15) հաստատում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օդանավերի շահագործման կանոնները.

16) հաստատում է Եվրոպական միության թռիչքների անվտանգության գործակալության «Շահագործման վերաբերյալ թռիչքային պիտանիության լրացուցիչ պահանջներ» կանոնակարգը.

17) հաստատում է օդային երթևեկության կառավարման կարգավարների ատեստավորման կարգը.

18) հաստատում է աերոնավիգացիոն կապի և դիտարկման ապահովման կարգը.

19) հաստատում է օդանավում, ինչպես նաև քաղաքացիական ավիացիայի բնագավառում օգտագործվող վերգետնյա ռադիոսարքավորումների տեղադրման և շահագործման կարգն ու պայմանները.

20) հաստատում է Հայաստանի Հանրապետության սերտիֆիկացված աերոդրոմների շահագործման պայմանները.

21) հաստատում է Հայաստանի Հանրապետության միջազգային և ներքին օդանավակայանների աերոդրոմների սերտիֆիկացման կարգը.

22) սահմանում է ուղղաթիռադաշտի շահագործման պայմանները և սահմանափակումները.

23) հաստատում է աերոնավիգացիոն տեղեկատվության ապահովման կարգը.

24) սահմանում է Հայաստանի Հանրապետության օդանավակայանների աերոդրոմների շրջակայքում թռչունների բախումն օդանավերի հետ հաշվառելու և քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպություն ներկայացնելու կարգը.

25) հաստատում է օդային երթևեկության սպասարկման կարգը.

26) հաստատում է օդանավակայանների կողմից թռիչք-վայրէջքի համար ժամանակահատված (սլոտ) տրամադրելու կարգը.

27) սահմանում է քաղաքացիական ավիացիայի բնագավառում շահագործվող վերգետնյա միջոցների և մատուցվող ծառայությունների թռիչքային անվտանգության պահանջները.

28) սահմանում է ընդհանուր նշանակության ավիացիայի կամ ներքին ոչ կանոնավոր առևտրային փոխադրումների համար նախատեսված թռիչք-վայրէջքի հարթակների շահագործման թույլտվության տրման կարգը և շահագործման պայմանները.

29) հաստատում է արտակարգ իրավիճակներում օդանավի անձնակազմի գործողությունների կարգը.

30) հաստատում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի օդանավերի զննման կանոնները.

31) հաստատում է անկարգապահ ուղևորների հետ վարվելու կարգը.

32) սահմանում է օդային տրանuպորտով ուղևորների ձեռքի իրերում փոխադրման համար արգելված հարյուր միլիլիտրից ավելի հեղուկների, գելերի և աերոզոլների ցանկը.

33) հաստատում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի համակարգի կազմակերպությունների ավիացիոն անվտանգության ծառայությունների անձնակազմերի անդամների ատեստավորման կանոնակարգը.

34) հաստատում է պայթյունի սպառնալիքի մասին հեռախոսով ստացված հաղորդագրության դեպքում պատասխանատու անձանց գործողությունների կարգը.

35) հաստատում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ուսումնական ծրագիրը.

36) հաստատում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության համակարգի փորձարկումների իրականացման կարգը.

37) հաստատում է ճգնաժամային իրավիճակներում իրականացվող ավիացիոն անվտանգության լրացուցիչ միջոցառումների ուղեցույցը.

38) հաստատում է չուղեկցվող ուղեբեռների ավիացիոն անվտանգության հսկողության ուղեցույցը.

39) հաստատում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի համակարգում տեղեկատվության պաշտպանության մասին» կանոնակարգը.

40) հաստատում է ավիացիոն անվտանգության ծառայությունների զննման օպերատորների, հրահանգիչների և որակի հսկողության տեսուչների սերտիֆիկացման կարգերը.

41) հաստատում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի համակարգում ավիացիոն անվտանգության ռիսկերի գնահատման մեթոդիկան.

42) հաստատում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության համակարգում տեսչական ստուգումների ուղեցույցը.

43) հաստատում է Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում առաջացած բարձրաստիճան վտանգի դեպքում ավիացիոն անվտանգության միջոցառումների կիրառման ուղեցույցը.

44) հաստատում է Հայաստանի Հանրապետության օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայությունների զննման գործառույթներ իրականացնող աշխատողների ուղեցույցը.

45) հաստատում է ուղեկցման ենթակա անձանց փոխադրման կարգը.

46) հաստատում է երկիր-օդ հրթիռային համակարգերից քաղաքացիական օդանավերի պաշտպանության միջոցառումների ուղեցույցը.

47) հաստատում է օդանավի պայթյունի սպառնալիքի դեպքում իրականացվող գործողությունների ուղեցույցը.

48) հաստատում է ճգնաժամային իրավիճակներում գործողությունների պլանավորման ուղեցույցը.

49) հաստատում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի համակարգում որոնման և էվակուացիայի իրականացման ուղեցույցը.

50) հաստատում է բժշկական զննության արդյունքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի բնագավառի բժշկական սերտիֆիկատների հատկացման կարգը.

51) հաստատում է օդային երթևեկության կառավարման կարգավարներ պատրաստող և վերապատրաստող ուսումնական կենտրոններին ներկայացվող պահանջները.

52) հաստատում է օդային երթևեկության սպասարկման կարգը.

53) հաստատում է օդային երթևեկության կառավարման կարգավարների ատեստավորման կարգը.

54) ընդունում է իրավական ակտեր, եթե դրանք բխում են Հայաստանի Հանրապետության օրենքներով իրեն վերապահված լիազորություններից, կամ եթե տվյալ նորմատիվ իրավական ակտի ընդունումը նպատակաուղղված է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի կամ դրանցից բխող՝ միջազգային ավիացիոն կազմակերպությունների հրատարակած փաստաթղթերի պահանջների կատարմանը Հայաստանի Հանրապետության կողմից:

Քաղաքացիական ավիացիայի բնագավառում ընդունվող իրավական ակտերի հավելվածները կարող են շարադրվել նաև օտար լեզվով: Այդ իրավական ակտերի դրույթները տարածվում են միայն տվյալ բնագավառներում գործունեություն իրականացնող այն անձանց վրա, որոնց ծառայողական պարտականությունների մեջ մտնում է օտար լեզվի իմացությունը:

2. Օդային տրանսպորտի բնագավառի կանոնակարգման, քաղաքացիական ավիացիայի և ոչ ռազմական պետական ավիացիայի գործունեության, օդային երթևեկության սպասարկման, ավիացիոն անվտանգության, թռիչքային անվտանգության, ինչպես նաև ավիացիայի բնագավառում շահագործվող վերգետնյա միջոցների և մատուցվող ծառայությունների ապահովության ու անվտանգության կանոնակարգման, ավիացիոն ծառայությունների և Հայաստանի Հանրապետությունում գործող ավիացիոն ենթակառուցվածքների վերահսկողության իրականացման ոլորտում նախարարությանը ենթակա պետական կառավարման մարմինը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն է (այսուհետ` կոմիտե):

3. Կոմիտեն ղեկավարում է կոմիտեի նախագահը:

4. Կոմիտեն `

1) իրականացնում է ներքին և միջազգային օդային հաղորդակցությունների իրավունքների և այդ իրավունքներին վերաբերող միջազգային օդային հաղորդակցություններին վերաբերող միջազգային պայմանագրերի նախապատրաստումը, քննարկումը, բանակցությունների վարումը.

2) վերահսկողություն է իրականացնում սահմանված պահանջների նկատմամբ` Հայաստանի Հանրապետության օրենսդրության և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պահանջներին դրանց համապատասխանությունն ապահովելու նպատակով.

3) մշակում և համապատասխան նախարարին է ներկայացնում քաղաքացիական ավիացիայի բնագավառում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների և միջազգային ավիացիոն կազմակերպությունների հրապարակած փաստաթղթերի դրույթների կատարումն ապահովող կանոնակարգերը, իրականացնում է դրանց ներդնումը, համաձայնեցնելով դրանք պաշտպանության բնագավառի պետական կառավարման մարմնի հետ, եթե դրանք առնչվում են կամ կարող են անդրադառնալ ռազմական ավիացիայի խնդիրներին.

4) (կետն ուժը կորցրել է 09.06.22 ՀՕ-272-Ն)

5) իրականացնում է օդային փոխադրումների քաղաքականության ընթացքի, զարգացման և հեռանկարային միտումների ուսումնասիրություն և վերլուծություն.

6) վարում է քաղաքացիական ավիացիայի բնագավառում վարչական վիճակագրական ռեգիստրը.

7) սահմանում է քաղաքացիական ավիացիայի գործունեության, ներառյալ` օդանավակայանային գործունեության և աերոնավիգացիոն սպասարկման, ինչպես նաև ավիացիայի բնագավառում շահագործվող վերգետնյա միջոցների և մատուցվող ծառայությունների թռիչքային ու ավիացիոն անվտանգության պահանջները, կանոնակարգումը և վերահսկողությունը` Հայաստանի Հանրապետության օրենսդրության և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պահանջներին դրանց համապատասխանությունն ապահովելու նպատակով.

8) մշակում և համապատասխան նախարարին է ներկայացնում ավիացիոն անվտանգության ազգային ծրագրի և ավիացիոն անվտանգության որակի հսկողության ազգային ծրագիրը.

9) մշակում և հաստատում է քաղաքացիական ավիացիայի տնտեսական գործունեության վերաբերյալ պահանջները.

10) ներդնում և վարում է Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական ավիացիայի բնագավառում ավիացիոն անվտանգության ազգային ծրագիրը, այդ նպատակով մշակում և համապատասխան նախարարին է ներկայացնում ծրագիրը.

11) ներդնում և վարում է Հայաստանի Հանրապետության թռիչքային անվտանգության պետական ծրագիրը, այդ նպատակով մշակում և համապատասխան նախարարին է ներկայացնում ծրագիրը` հիմքում ունենալով ԻԿԱՕ-ի կողմից կատարվող փոփոխությունները (հավելված 19 և այլն).

12) սահմանում է օդանավով փոխադրվող բեռի, փոստի, սուրհանդակային և շտապ առաքումների նկատմամբ անվտանգության վերահսկողություն իրականացնելու թույլտվություն տալու, օդանավով փոխադրվող բեռի, փոստի, սուրհանդակային և շտապ առաքումների նկատմամբ անվտանգության վերահսկողության և փոխադրման սպասարկման իրականացման նպատակով գրանցված գործակալի թույլտվություն տալու կարգերի սահմանումը.

13) սահմանում է ուսումնական և հատուկ բնույթի որոշակի թռիչքների իրականացման նպատակով լրացուցիչ պայմաններ և պահանջներ պարունակող հատուկ կարգերը.

14) սահմանում է քաղաքացիական ավիացիայի բնագավառում գործող կազմակերպությունների համար պարտադիր կիրառման ենթակա հաղորդագրությունների ձևերն ու ցանկը, ինչպես նաև դրանց կիրառման կարգը.

15) սահմանում է ԻԿԱՕ-ի և (կամ) քաղաքացիական ավիացիայի միջազգային այլ կազմակերպությունների սահմանած պահանջներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված լիցենզիա ունեցող մասնագիտացված ավիացիոն ուսումնական և բժշկական հաստատությունների համապատասխանության ուսումնասիրությունների և վկայականների տրամադրման կարգը.

16) սահմանում է օտարերկրյա մասնագիտացված ավիացիոն ուսումնական հաստատությունների տված փաստաթղթերի ուսումնասիրության և ճանաչման կարգը.

17) սույն օրենքի համաձայն` վերահսկողություն է իրականացնում քաղաքացիական ավիացիայի համակարգում գործունեություն իրականացնող անձանց, կատարվող աշխատանքների և մատուցվող ծառայությունների ու դրանց որակի, թռիչքային և ավիացիոն անվտանգության նկատմամբ` Հայաստանի Հանրապետության օրենսդրության, ԻԿԱՕ-ի և Հայաստանի Հանրապետության անդամակցած միջազգային այլ կազմակերպությունների ապահովության և անվտանգության գործող պահանջներին դրանց շարունակական համապատասխանությունն ապահովելու նպատակով.

18) սույն օրենքի համաձայն` տրամադրում է ավիացիայի համակարգում գործունեություն իրականացնելու համար համապատասխան սերտիֆիկատներ, վկայականներ և թույլտվություններ և դադարեցնում է դրանց գործողությունը` անհրաժեշտության դեպքում փորձագետների և մասնագետների ներգրավմամբ.

19) իր սահմանած կարգով`

ա. կատարում է ԻԿԱՕ-ի և (կամ) քաղաքացիական ավիացիայի միջազգային այլ կազմակերպությունների սահմանած պահանջներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված լիցենզիա ունեցող մասնագիտացված ավիացիոն ուսումնական և բժշկական հաստատությունների համապատասխանության ուսումնասիրությունը և տրամադրում է վկայականներ,

բ. իրականացնում է օտարերկրյա մասնագիտացված ավիացիոն ուսումնական հաստատությունների տված փաստաթղթերի ուսումնասիրությունը և ճանաչումը.

20) իրականացնում է քաղաքացիական ավիացիայի բնագավառում ավիացիոն միջադեպերի մասնագիտական քննություն, թռիչքային անվտանգության (ապահովության) հարցերում առկա միտումների վերլուծություն և ավիացիոն գործունեություն իրականացնողներին հետագա միջադեպերի և պատահարների կանխարգելման նպատակով համապատասխան տեղեկատվության տրամադրում.

21) օդանավերի` երկրորդային հետևանքներ չառաջացրած աղետների դեպքում համակարգում է որոնողափրկարարական աշխատանքները.

22) քաղաքացիական ավիացիայի թռիչքային և ավիացիոն անվտանգության սահմանված կանոնների խախտման համար պատասխանատու անձանց օրենքով սահմանված կարգով ենթարկում է վարչական պատասխանատվության.

23) ներկայացնում է Կառավարությունը քաղաքացիական ավիացիայի բնագավառում թռիչքային և ավիացիոն անվտանգության, ինչպես նաև աերոնավիգացիոն սպասարկման հետ կապված հարցերով քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպություններում.

24) հաստատում է օդանավակայանների և օդանավ շահագործող կազմակերպությունների ավիացիոն անվտանգության ծրագրերը.

25) տրամադրում է թույլտվություններ վտանգավոր բեռների սպասարկման աշխատանքներն իրականացնող կազմակերպություններին և վտանգավոր բեռների օդային փոխադրումների սպասարկումն իրականացնող կազմակերպություններին.

26) տրամադրում է վկայականներ ավիացիոն մասնագետներին (թռիչքային անձնակազմի անդամներին, ինժեներատեխնիկական, օդային երթևեկության կարգավարների կազմին), երկարաձգում, կասեցնում և դադարեցնում է վկայականների գործողության ժամկետները.

27) իրականացնում է Հայաստանի Հանրապետության տարածք թռիչքներ իրականացնող այլ պետությունների օդանավերի ստուգումներ.

28) հսկողություն իրականացնելու նպատակով ապահովում է Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավ շահագործող կազմակերպությունների թռիչքներին կոմիտեի համապատասխան մասնագետների և ներկայացուցիչների մասնակցությունը:

5. Սույն օրենքի համաձայն` քաղաքացիական ավիացիայի բնագավառի գործունեության պետական կառավարումն իրականացնելիս համապատասխան կանոններ, կարգեր, հրահանգներ, կանոնակարգեր ու այլ իրավական ակտեր մշակելու և ընդունելու` կոմիտեի լիազորությունները հավասարապես տարածվում են նաև քաղաքացիական ավիացիայի բաղկացուցիչների` առևտրային օդային փոխադրումների, ընդհանուր նշանակության ավիացիայի գործունեության, ավիացիոն հատուկ աշխատանքների և պետական ոչ ռազմական ավիացիայի նկատմամբ:

6. Կոմիտեի կողմից իրականացվող ծրագրերի ու ծախսերի ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեի և օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:

7. Կոմիտեն իր խնդիրների ու գործառույթների իրականացման նպատակով սահմանված կարգով ընդունում և (կամ) ճանաչում է օտարերկրյա պետությունների քաղաքացիական ավիացիայի բնագավառի իրավասու մարմնի (ներառյալ` այդ մարմնի ընտրած գործակալությունների) և միջազգային ավիացիոն կազմակերպությունների տված սերտիֆիկատները, վկայականները, թույլտվություններն ու տեխնիկական եզրակացությունները:

8. Հայաստանի Հանրապետությունում ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի պետական մասնագիտական քննության անցկացման լիազորված մարմինը Կառավարության լիազորած մարմին է (այսուհետ՝ ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի մասնագիտական քննության լիազորված մարմին), որն իրականացնում է քաղաքացիական ավիացիայում ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի մասնագիտական քննությունը (պատահարների և լուրջ միջադեպերի քննությունը), թռիչքային անվտանգության (ապահովության) հարցերում առկա միտումների վերլուծությունը և ավիացիոն գործունեություն իրականացնողներին հետագա պատահարների կանխարգելման նպատակով համապատասխան տեղեկատվության տրամադրումը:

9. Ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի մասնագիտական քննության բոլոր փուլերի կազմակերպումը, վարումը և վերահսկումը, քննության բոլոր մասնակիցների գործողությունների համակարգումն իրականացվում են ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի մասնագիտական քննության լիազորված մարմնի ձևավորած մասնագիտական քննությունն անցկացնող հանձնաժողովի նախագահի կողմից։

10. Ավիացիոն պատահարն օդանավի օգտագործման հետ կապված իրադարձություն է, որը օդանավավարվող օդանավի դեպքում տեղի է ունենում սկսած այն պահից, երբ որևէ անձ թռիչք կատարելու նպատակով բարձրանում է օդանավ մինչև այն պահը, երբ օդանավում գտնվող բոլոր անձինք լքում են օդանավը, կամ անօդաչու թռչող սարքի դեպքում տեղի է ունենում սկսած այն պահից, երբ թռիչք կատարելու նպատակով օդանավը պատրաստ է տեղից շարժվել մինչև թռիչքի ավարտին նրա կանգառի պահը և հիմնական ուժային կայանքի անջատումը, և որի ընթացքում`

1) որևէ անձ ստանում է մահացու ելքով մարմնական վնասվածք կամ Չիկագոյի կոնվենցիայի 13-րդ հավելվածի իմաստով` լուրջ մարմնական վնասվածք տվյալ օդանավում գտնվելու կամ օդանավի ինչ-որ մասի, ներառյալ` տվյալ օդանավից անջատված մասի հետ անմիջական շփման կամ ռեակտիվ շարժիչի գազերի շիթի անմիջական ազդեցության արդյունքում, բացառությամբ այն դեպքերի, երբ մարմնական վնասվածքներն ստացվել են բնական պատճառների հետևանքով, հասցվել է ինքն իրեն, կամ հասցվել են ուրիշ անձանց կողմից, կամ երբ մարմնական վնասվածքները հասցվել են անտոմս ուղևորներին, որոնք թաքնվում են այն գոտուց դուրս, որի մուտքը սովորաբար բաց է ուղևորների և անձնակազմի անդամների համար.

2) օդանավն ստանում է վնասվածքներ, կամ տեղի է ունենում նրա կառուցվածքի ավերում, որի արդյունքում խախտվում է կառուցվածքի ամրությունը, վատանում են օդանավի տեխնիկական և թռիչքային բնութագրերը, և սովորաբար պահանջվում է խոշոր նորոգում կամ վնասված տարրի փոխարինում, բացառությամբ շարժիչի խափանման կամ վնասման դեպքերի, երբ վնասվել է միայն մեկ շարժիչը (ներառյալ` դրա ծալովի ծածկոցները կամ օժանդակ ագրեգատները), օդային պտուտակները, թևի վերջնամասերը, ալեհավաքները, տվիչները, թիակները, անվադողերը, արգելակման հարմարանքները, անիվները, շրջահոսները, պանելները, շասսիի փեղկերը, ճակատային ապակիները, օդանավի երեսապատվածքը (օրինակ` ոչ մեծ փոսեր կամ խոցեր), կամ առկա են կրող օդային պտուտակի թիակների, պոչամասի օդային պտուտակի թիակների, շասսիի ոչ նշանակալի վնասվածքներ և վնասվածքներ, որոնք առաջացել են կարկտի կամ թռչունների հետ բախման պատճառով (ներառյալ՝ ռադիոլոկատորի ալեհավաքի շրջահոսի ծակատները), կամ

3) օդանավը կորչում է անհետ կամ հայտնվում է այնպիսի տեղում, որտեղ դրան մոտենալը բացարձակապես անհնար է:

11. Լուրջ միջադեպը իրադարձություն է, որի հանգամանքները ցույց են տալիս օդանավի օգտագործման հետ կապված ավիացիոն պատահարի մեծ հավանականությունը, որն օդանավավարվող օդանավի դեպքում տեղի է ունենում՝ սկսած այն պահից, երբ որևէ անձ թռիչք կատարելու նպատակով բարձրանում է օդանավ մինչև այն պահը, երբ օդանավում գտնվող բոլոր անձինք լքել են օդանավը, կամ անօդաչու թռչող սարքի դեպքում տեղի է ունենում այն պահից սկսած, երբ օդանավը թռիչք կատարելու նպատակով պատրաստ է տեղից պոկվել մինչև թռիչքի ավարտին նրա կանգառը և հիմնական ուժային կայանքի անջատումը:

12. Ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի մասնագիտական քննության լիազորված մարմնի կամ նրա ստեղծած` պատահարի կամ լուրջ միջադեպի քննության հանձնաժողովի գործունեությունն անկախ է լիազորված մարմնից և այլ մարմիններից, որոնց գործունեությունը կամ շահերը կարող են բախվել ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի մասնագիտական քննության լիազորված մարմնի կամ պատահարի կամ լուրջ միջադեպի քննության հանձնաժողովի գործառույթներին: Իր գործառույթներն իրականացնելիս ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի մասնագիտական քննության լիազորված մարմինը կամ պատահարի կամ լուրջ միջադեպի քննության հանձնաժողովը որևէ այլ մարմնից չի ստանում ցուցումներ և չի ղեկավարվում ստացած ցուցումներով և ունի Չիկագոյի կոնվենցիայի 13-րդ հավելվածով սահմանված լիազորություններ քննությունների անցկացման նկատմամբ: Ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի մասնագիտական քննության լիազորված մարմինը կամ պատահարի կամ լուրջ միջադեպի քննության հանձնաժողովն իրավունք ունի`

1) անարգել մուտք գործելու պատահարի կամ միջադեպի ենթարկված օդանավ.

2) հետազոտելու պատահարի կամ միջադեպի ենթարկված օդանավը, դրա կառուցվածքային մասերը, ներառյալ՝ օդանավային ինքնագրերը և օդային երթևեկության կառավարման ձայնագրությունները, պատահարի կամ միջադեպի ենթարկված օդանավում գտնվող կամ դրսից պատահարի կամ միջադեպի մեջ ներգրավված գույքը` անկախ այդ գույքի պատկանելությունից, ինչպես նաև օդանավերի թռիչքների ապահովման միջոցներն ու օբյեկտները և ստանալու անսահմանափակ հսկողություն դրանց նկատմամբ, որպեսզի հնարավոր լինի անհապաղ իրականացնել մանրամասն հետազոտություններ:

13. Ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի մասնագիտական քննության լիազորված մարմինը կազմակերպում է օդանավի, նրա մասերի և պատահարի կամ լուրջ միջադեպի վայրի պահպանությունը՝ տվյալ տարածքներ կողմնակի անձանց մուտքն ու հափշտակության դեպքերը կանխելու և օդանավի ու նրա մասերի ֆիզիկական վիճակի վատթարացումը կանխելու նպատակով:

14. Հայաստանի Հանրապետության ավիացիայի (բացառությամբ ռազմականի) բնագավառի օդերևութաբանական ապահովման լիազորված մարմինը Կառավարության կողմից քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունում (ԻԿԱՕ) նշանակված Հայաստանի Հանրապետության հանրապետական գործադիր մարմին է (այսուհետ՝ օդերևութաբանական լիազորված մարմին):

(7-րդ հոդվածը խմբ. 23.03.18 ՀՕ-294-Ն, 14.11.19 ՀՕ-242-Ն, լրաց., փոփ., խմբ. 09.06.22 ՀՕ-272-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։