Հոդված 21. Հայաստանի Հանրապետության ոսկու պահուստը
Հոդված 21. Հայաստանի Հանրապետության ոսկու պահուստը
Հայաստանի Հանրապետության ոսկու պահուստը (այսուհետ` ոսկու պահուստ) Հայաստանի Հանրապետության ոսկեարժութային պահուստի մասն է և կազմված է ստանդարտացված ձուլակտորներից և բանկային ոսկուց` հանդիսանալով պետական սեփականություն: Ոսկու պահուստը նախատեսված է Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների կատարման համար և գտնվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվեկշռում, որի տիրապետումը, օգտագործումը և տնօրինումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը` «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան: Ոսկու պահուստը նախատեսված է պետական ֆինանսական քաղաքականություն վարելու և արտակարգ իրավիճակներում պետական անհապաղ կարիքները բավարարելու համար: Ոսկու պահուստը ձևավորվում է իրավաբանական և ֆիզիկական անձ հանդիսացող ռեզիդենտներից և ոչ ռեզիդենտներից ոսկու, առանձին դեպքերում՝ նաև այլ թանկարժեք մետաղների բանկային և ստանդարտացված ձուլակտորների գնման միջոցով: Ոսկու պահուստը պահպանվում է ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ այլ երկրների կենտրոնական ու առևտրային բանկերում բացված մետաղական հաշիվներում: