Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2021-06-01-ից մինչև 2021-06-07։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2021-06-07-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 2 · ԱՌԵՎՏՈՒՐ

Հոդված 2. ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

գործել է մինչև 2021-06-07ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 2. ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Սույն օրենքի իմաստով առևտրի հիմնական հասկացություններն են`

վաճառող` առուվաճառքի պայմանագրով սպառողներին ապրանք իրացնող իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր.

(պարբերությունն ուժը կորցրել է 27.02.07 ՀՕ-130-Ն)

առևտրի օբյեկտ` գույքային համալիր (հողամաս, շենք, կառույց), որն օգտագործվում է ապրանքների առուվաճառքի համար.

սպառողական ապրանքների շուկա` առևտրի իրականացման վայր, որտեղ իրականացվում է սննդամթերքի և ոչ պարենային ապրանքների առուվաճառք.

ոչ պարենային ապրանքներ` բնակչության նյութական և կուլտուր-կենցաղային պահանջների բավարարման նպատակով վաճառքի համար նախատեսված կուլտուր-կենցաղային և տնտեսական նշանակության, թեթև արդյունաբերության և այլ արտադրանք.

արտադրատեխնիկական նշանակության ապրանքներ` տնտեսավարող սուբյեկտների կողմից օգտագործման նպատակով նախատեսված ապրանքներ, որոնք հիմնականում ներկայացվում են տեխնոլոգիական սարքավորումների, մեքենաների, վառելիքահումքային ապրանքների տեսքով.

գյուղատնտեսական արտադրանքի շուկա` առևտրի իրականացման վայր, որտեղ իրականացվում է կենդանական ծագում ունեցող մթերքի, բույսերի, բուսական արտադրանքի (այսուհետ` գյուղատնտեսական արտադրանք) և սննդամթերքի առուվաճառք.

ավտոտրանսպորտային միջոցների շուկա՝ առևտրի իրականացման վայր, որտեղ իրականացվում է ավտոտրանսպորտային միջոցների առուվաճառքը.

կենդանիների շուկա` առևտրի իրականացման վայր, որտեղ իրականացվում է կենդանի կենդանիների առուվաճառք.

շրջիկ առևտրի կետեր` ապրանքների պահման և մանրածախ առևտրի, ինչպես նաև ծառայությունների մատուցման համար համապատասխան սարքավորումներով ապահովված միայն ավտոմոբիլներ և (կամ) դրանց կցորդներ.

հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետ` օրենսդրությամբ սահմանված կարգով հատկացված վայրերում քաղաքաշինական և տեխնիկական անվտանգության նորմերին համապատասխան կառուցված` հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքի օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման մշտակա (ստացիոնար) կայան.

շրջիկ առևտուր` առևտրի օբյեկտներից դուրս` շրջիկ առևտրի կետերի միջոցով իրականացվող վաճառք.

շրջածախ առևտուր` առևտրի օբյեկտներից դուրս, վաճառողի հանձնարարությամբ, աշխատողի կողմից սպառողի տանը, հիմնարկներում, կազմակերպություններում, տրանսպորտում կամ փողոցում գնորդի հետ անմիջական շփմամբ իրականացվող մանրածախ առևտուր.

բացօթյա առևտուր` առևտրի օբյեկտներից, այդ թվում` հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերից և առևտրի իրականացման վայրերից դուրս` օրենսդրությամբ թույլատրված ապրանքների առևտուր.

դիլեր` կազմակերպության արտադրանքի իրացման ցանցի մեջ մտնող և նրա գործակալը հանդիսացող` արտադրանքի մանրածախ առևտրով զբաղվող վաճառող.

դիստրիբյուտոր` արտադրական կազմակերպություններին շուկայում ներկայացնող վաճառող, որն արտադրական կազմակերպությունների հետ կնքված մատակարարման պայմանագրով մեծածախ ձեռքբերումների հիման վրա իրականացնում է իրացման գործունեություն.

առևտրի իրականացման վայրի կազմակերպիչ` սույն օրենքով սահմանված դեպքերում առևտրի իրականացման վայրի կազմակերպման իրականացման իրավունք ձեռք բերած և առևտրի իրականացման վայրի աշխատանքը կազմակերպող, սույն օրենքով սահմանված պարտավորություններ կամ իրավունքներ ունեցող իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր.

առևտրի կենտրոն` առևտրի իրականացման վայրի կազմակերպչի կողմից որպես մեկ ամբողջություն տիրապետվող և կառավարվող` մեկ ամբողջական շենքում կամ իրար հետ մշտակա (ստացիոնար) անցուղիներով կապված շենքային համալիրում տեղաբաշխված առևտրի, հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համախումբ, որտեղ նախատեսված են նաև այլ ծառայությունների համար տարածքներ.

ցուցահանդես-վաճառք` իրավաբանական անձի և (կամ) անհատ ձեռնարկատիրոջ կողմից իրենց սեփականության իրավունքով պատկանող կամ վարձակալված տարածքում կամ իրավասու մարմնի կողմից սահմանված վայրում առուվաճառքի պայմանագրերի կնքման և տարածաշրջանային, միջտարածաշրջանային և միջպետական տնտեսական կապերի ձևավորման նպատակով կազմակերպվող միջոցառում.

տոնավաճառ (վերնիսաժ)` հատկացված վայրում շաբաթ, կիրակի և օրենքով սահմանված տոնական օրերին կազմակերպվող շուկայական միջոցառում, որտեղ առուվաճառքն իրականացնում են իրավաբանական և ֆիզիկական անձինք.

առևտրի իրականացման վայր` առևտրի իրականացման վայրի կազմակերպչի կողմից որպես մեկ ամբողջություն տիրապետվող և կառավարվող` առանձնացված, կառուցապատված և կահավորված, երկու և ավելի վաճառատեղ ունեցող տարածք, որտեղ կարող են նախատեսվել նաև հանրային սննդի և այլ ծառայությունների համար տարածքներ.

առևտրի իրականացման վայրի վաճառատեղ` առուվաճառքի պայմանագրով գործարքներ կատարելու համար օգտագործվող տեղ.

խանութ` առևտրական գործունեության իրականացման համար նախատեսված` հատուկ սարքավորված շենք, շինություն կամ դրա մաս, որն ունի առևտրական դահլիճ.

կրպակ` առևտրական գործունեության իրականացման համար նախատեսված շինություն, որը չունի առևտրական դահլիճ.

վաճառատեղ (վաճառասեղան)` սույն օրենքի իմաստով առևտրի իրականացման վայրում առևտուր իրականացնելու համար մեկ և ավելի վաճառողներին օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրված գույք (սեղան).

(պարբերությունն ուժը կորցրել է 21.12.17 ՀՕ-267-Ն)

արտաքին առևտրի ոլորտում սահմանափակման ենթակա ապրանքներ՝ ապրանքներ, որոնց նկատմամբ արտաքին առևտրի դեպքում կարող են կիրառվել սահմանափակումներ և (կամ) արգելքներ՝ բնակչության անվտանգության ու առողջության պահպանության կամ բարելավման, բնության ու շրջակա միջավայրի, պատմական, հնէաբանական ու մշակութային արժեքների, ներքին շուկայի, ընդերքի ու տեղական արտադրության, կենդանիների և բույսերի պաշտպանության նպատակով: Արտաքին առևտրի ոլորտում սահմանափակումների և արգելքի ենթակա ապրանքների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական մարմինը.

մեկանգամյա լիցենզիա՝ լիցենզիա, որը տրվում է արտաքին առևտրային գործունեության մասնակցին արտաքին տնտեսական գործարքի հիման վրա, որի առարկան է հանդիսանում լիցենզավորման ենթակա ապրանքը, և որը իրավունք է տալիս սահմանված քանակով տվյալ ապրանքի արտահանման և (կամ) ներմուծման համար.

գլխավոր լիցենզիա՝ լիցենզիա, որը արտաքին առևտրային գործունեության մասնակցին իրավունք է տալիս լիցենզավորման ենթակա առանձին տեսակի ապրանք արտահանելու և (կամ) ներմուծելու համար՝ լիցենզիայով նախատեսված քանակով.

բացառիկ լիցենզիա՝ արտաքին առևտրային գործունեության մասնակցին ապրանքի առանձին տեսակի արտահանման և (կամ) ներմուծման բացառիկ իրավունք տվող լիցենզիա:

(2-րդ հոդվածը փոփ., խմբ., լրաց. 27.02.07 ՀՕ-130-Ն, լրաց. 21.08.08 ՀՕ-138-Ն, խմբ., փոփ., լրաց. 11.09.12 ՀՕ-176-Ն, լրաց. 19.12.12 ՀՕ-252-Ն, 17.12.14 ՀՕ-229-Ն, խմբ. 13.11.15 ՀՕ-126-Ն, փոփ. 21.12.17 ՀՕ-267-Ն, խմբ. 24.01.20 ՀՕ-83-Ն, լրաց. 20.01.21 ՀՕ-65-Ն)

(2-րդ հոդվածը 17.04.20 ՀՕ-226-Ն օրենքի 1-ին հոդվածի լրացմամբ ուժի մեջ կմտնի 01.01.2022 թվականին:)

(հոդվածը 24.03.21 ՀՕ-142-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի 07.06.2021 թվականին)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։