Հոդված 2. ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 2. ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Սույն օրենքի իմաստով առևտրի հիմնական հասկացություններն են`
վաճառող` առուվաճառքի պայմանագրով սպառողներին ապրանք իրացնող իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր.
(պարբերությունն ուժը կորցրել է 27.02.07 ՀՕ-130-Ն)
առևտրի օբյեկտ` գույքային համալիր (հողամաս, շենք, կառույց), որն օգտագործվում է ապրանքների առուվաճառքի համար.
սպառողական ապրանքների շուկա` առևտրի իրականացման վայր, որտեղ իրականացվում է սննդամթերքի և ոչ պարենային ապրանքների առուվաճառք.
ոչ պարենային ապրանքներ` բնակչության նյութական և կուլտուր-կենցաղային պահանջների բավարարման նպատակով վաճառքի համար նախատեսված կուլտուր-կենցաղային և տնտեսական նշանակության, թեթև արդյունաբերության և այլ արտադրանք.
արտադրատեխնիկական նշանակության ապրանքներ` տնտեսավարող սուբյեկտների կողմից օգտագործման նպատակով նախատեսված ապրանքներ, որոնք հիմնականում ներկայացվում են տեխնոլոգիական սարքավորումների, մեքենաների, վառելիքահումքային ապրանքների տեսքով.
գյուղատնտեսական արտադրանքի շուկա` առևտրի իրականացման վայր, որտեղ իրականացվում է կենդանական ծագում ունեցող մթերքի, բույսերի, բուսական արտադրանքի (այսուհետ` գյուղատնտեսական արտադրանք) և սննդամթերքի առուվաճառք.
ավտոտրանսպորտային միջոցների շուկա՝ առևտրի իրականացման վայր, որտեղ իրականացվում է ավտոտրանսպորտային միջոցների առուվաճառքը.
կենդանիների շուկա` առևտրի իրականացման վայր, որտեղ իրականացվում է կենդանի կենդանիների առուվաճառք.
շրջիկ առևտրի կետեր` ապրանքների պահման և մանրածախ առևտրի, ինչպես նաև ծառայությունների մատուցման համար համապատասխան սարքավորումներով ապահովված միայն ավտոմոբիլներ և (կամ) դրանց կցորդներ.
հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առևտրի կետ` օրենսդրությամբ սահմանված կարգով հատկացված վայրերում քաղաքաշինական և տեխնիկական անվտանգության նորմերին համապատասխան կառուցված` հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի վաճառքի օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման մշտակա (ստացիոնար) կայան.
շրջիկ առևտուր` առևտրի օբյեկտներից դուրս` շրջիկ առևտրի կետերի միջոցով իրականացվող վաճառք.
շրջածախ առևտուր` առևտրի օբյեկտներից դուրս, վաճառողի հանձնարարությամբ, աշխատողի կողմից սպառողի տանը, հիմնարկներում, կազմակերպություններում, տրանսպորտում կամ փողոցում գնորդի հետ անմիջական շփմամբ իրականացվող մանրածախ առևտուր.
բացօթյա առևտուր` առևտրի օբյեկտներից, այդ թվում` հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առևտրի կետերից և առևտրի իրականացման վայրերից դուրս` օրենսդրությամբ թույլատրված ապրանքների առևտուր.
դիլեր` կազմակերպության արտադրանքի իրացման ցանցի մեջ մտնող և նրա գործակալը հանդիսացող` արտադրանքի մանրածախ առևտրով զբաղվող վաճառող.
դիստրիբյուտոր` արտադրական կազմակերպություններին շուկայում ներկայացնող վաճառող, որն արտադրական կազմակերպությունների հետ կնքված մատակարարման պայմանագրով մեծածախ ձեռքբերումների հիման վրա իրականացնում է իրացման գործունեություն.
առևտրի իրականացման վայրի կազմակերպիչ` սույն օրենքով սահմանված դեպքերում առևտրի իրականացման վայրի կազմակերպման իրականացման իրավունք ձեռք բերած և առևտրի իրականացման վայրի աշխատանքը կազմակերպող, սույն օրենքով սահմանված պարտավորություններ կամ իրավունքներ ունեցող իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր.
առևտրի կենտրոն` առևտրի իրականացման վայրի կազմակերպչի կողմից որպես մեկ ամբողջություն տիրապետվող և կառավարվող` մեկ ամբողջական շենքում կամ իրար հետ մշտակա (ստացիոնար) անցուղիներով կապված շենքային համալիրում տեղաբաշխված առևտրի, հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համախումբ, որտեղ նախատեսված են նաև այլ ծառայությունների համար տարածքներ.
ցուցահանդես-վաճառք` իրավաբանական անձի և (կամ) անհատ ձեռնարկատիրոջ կողմից իրենց սեփականության իրավունքով պատկանող կամ վարձակալված տարածքում կամ իրավասու մարմնի կողմից սահմանված վայրում առուվաճառքի պայմանագրերի կնքման և տարածաշրջանային, միջտարածաշրջանային և միջպետական տնտեսական կապերի ձևավորման նպատակով կազմակերպվող միջոցառում.
տոնավաճառ (վերնիսաժ)` հատկացված վայրում շաբաթ, կիրակի և օրենքով սահմանված տոնական օրերին կազմակերպվող շուկայական միջոցառում, որտեղ առուվաճառքն իրականացնում են իրավաբանական և ֆիզիկական անձինք.
առևտրի իրականացման վայր` առևտրի իրականացման վայրի կազմակերպչի կողմից որպես մեկ ամբողջություն տիրապետվող և կառավարվող` առանձնացված, կառուցապատված և կահավորված, երկու և ավելի վաճառատեղ ունեցող տարածք, որտեղ կարող են նախատեսվել նաև հանրային սննդի և այլ ծառայությունների համար տարածքներ.
առևտրի իրականացման վայրի վաճառատեղ` առուվաճառքի պայմանագրով գործարքներ կատարելու համար օգտագործվող տեղ.
խանութ` առևտրական գործունեության իրականացման համար նախատեսված` հատուկ սարքավորված շենք, շինություն կամ դրա մաս, որն ունի առևտրական դահլիճ.
կրպակ` առևտրական գործունեության իրականացման համար նախատեսված շինություն, որը չունի առևտրական դահլիճ.
վաճառատեղ (վաճառասեղան)` սույն օրենքի իմաստով առևտրի իրականացման վայրում առևտուր իրականացնելու համար մեկ և ավելի վաճառողներին օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրված գույք (սեղան).
(պարբերությունն ուժը կորցրել է 21.12.17 ՀՕ-267-Ն)
արտաքին առևտրի ոլորտում սահմանափակման ենթակա ապրանքներ՝ ապրանքներ, որոնց նկատմամբ արտաքին առևտրի դեպքում կարող են կիրառվել սահմանափակումներ և (կամ) արգելքներ՝ բնակչության անվտանգության ու առողջության պահպանության կամ բարելավման, բնության ու շրջակա միջավայրի, պատմական, հնէաբանական ու մշակութային արժեքների, ներքին շուկայի, ընդերքի ու տեղական արտադրության, կենդանիների և բույսերի պաշտպանության նպատակով: Արտաքին առևտրի ոլորտում սահմանափակումների և արգելքի ենթակա ապրանքների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական մարմինը.
մեկանգամյա լիցենզիա՝ լիցենզիա, որը տրվում է արտաքին առևտրային գործունեության մասնակցին արտաքին տնտեսական գործարքի հիման վրա, որի առարկան է հանդիսանում լիցենզավորման ենթակա ապրանքը, և որը իրավունք է տալիս սահմանված քանակով տվյալ ապրանքի արտահանման և (կամ) ներմուծման համար.
գլխավոր լիցենզիա՝ լիցենզիա, որը արտաքին առևտրային գործունեության մասնակցին իրավունք է տալիս լիցենզավորման ենթակա առանձին տեսակի ապրանք արտահանելու և (կամ) ներմուծելու համար՝ լիցենզիայով նախատեսված քանակով.
բացառիկ լիցենզիա՝ արտաքին առևտրային գործունեության մասնակցին ապրանքի առանձին տեսակի արտահանման և (կամ) ներմուծման բացառիկ իրավունք տվող լիցենզիա.
կշռափաթեթավորում՝ ապրանքատեսակի գնման (վաճառքի), սանիտարահիգիենիկ նորմերի, որակական հատկությունների, ամբողջականության ապահովման, ինչպես նաև կշռող սարքի օգտագործմամբ իրականացվող առևտրային գործարքների ժամանակ օգտագործելու նպատակով իրականացվող փաթեթավորում:
(2-րդ հոդվածը փոփ., խմբ., լրաց. 27.02.07 ՀՕ-130-Ն, լրաց. 21.08.08 ՀՕ-138-Ն, խմբ., փոփ., լրաց. 11.09.12 ՀՕ-176-Ն, լրաց. 19.12.12 ՀՕ-252-Ն, 17.12.14 ՀՕ-229-Ն, խմբ. 13.11.15 ՀՕ-126-Ն, փոփ. 21.12.17 ՀՕ-267-Ն, խմբ. 24.01.20 ՀՕ-83-Ն, լրաց. 20.01.21 ՀՕ-65-Ն, փոփ. 24.03.21 ՀՕ-142-Ն, լրաց. 17.04.20 ՀՕ-226-Ն)
(հոդվածը 27.05.21 ՀՕ-227-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի 01.01.2022 թվականին)