Հոդված 5. ԱՌևՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Հոդված 5. ԱՌևՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
1. Առևտրի իրականացման վայրերում առուվաճառքն իրականացնում են իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի:
2. Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց թույլատրվում է առուվաճառք իրականացնել միայն գյուղատնտեսական արտադրանքի շուկաներում, ավտոտրանսպորտային միջոցների շուկաներում, կենդանիների շուկաներում և տոնավաճառներում (վերնիսաժներում): Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց արգելվում է իրականացնել վաճառք սույն օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ և 12-րդ մասերի, 14-րդ մասի «ա» և «բ» ենթակետերով նշված ապրանքների, ինչպես նաև համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա սննդամթերքի:
3. Առևտրի իրականացման վայրերում սննդամթերքի և ոչ պարենային ապրանքների, ինչպես նաև գյուղատնտեսական արտադրանքի վաճառքը պետք է կատարվի ըստ ապրանքախմբերի տարանջատված մեկուսամասերում:
3.1. Երկու հարյուր քառակուսի մետրից ավելի մակերես ունեցող առևտրի իրականացման վայրերում կաթնամթերք ապրանքախմբի (արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 04 ապրանքային խմբին դասվող) տարանջատված մեկուսամասերում կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչով կաթնամթերքը պետք է ապահովված լինի առանձնացված սպառողական դարակաշարով (հատվածով) և «պարունակում է կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչ» հատուկ տեսակի նշումով՝ ընթեռնելի և տեղադրված տեսանելի վայրում։
4. Առևտրի կենտրոնները, սպառողական ապրանքների, գյուղատնտեսական արտադրանքի և կենդանիների շուկաները պետք է ապահովված լինեն`
ա) ձեռքի սայլակներով և մինչև ավտոկանգառ դրանց տեղաշարժն ապահովող ուղիներով.
բ) իրենց հատկացված հողատարածքի սահմաններում գործող ավտոկանգառով.
գ) օրենսդրությանը համապատասխան կառուցված կենցաղային հարմարություններով և սանիտարական հանգույցով, վճարովի կամ անվճար հասարակական զուգարաններով: Առևտրի իրականացման վայրերը պետք է ապահովված լինեն մուտքի մոտակայքում տեղակայված վճարովի կամ անվճար հասարակական զուգարանների առկայության մասին տեղեկացնող, ինչպես նաև գտնվելու տեղի վերաբերյալ նշում պարունակող ցուցանակով.
դ) տեսակը հաստատված և ստուգաչափված ստուգիչ չափման միջոցներով:
4.1. Բացի սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված պայմաններից, կենդանիների շուկաները պետք է լինեն ցանկապատված, այցելուների և տրանսպորտային միջոցների համար նախատեսված առանձին մուտքերով, փոխադրամիջոցների անիվների ախտահանման համապատասխան հարմարություններով, կենդանիների բեռնման և բեռնաթափման հարթակով, իսկ 25 հազար և ավելի բնակչություն ունեցող բնակավայրերում տեղակայված շուկաները պետք է ունենան նաև տարբեր տեսակի և սեռահասակային խմբերի կենդանիների համար նախատեսված կացատեղեր` ճաղազատված տարածքներով, ցանցավոր հատակներով և ցուցատախտակով, որի վրա նշվում են կենդանու տեսակը, հասակը, սեռը, թույրը (գույնը) և գույքային համարը, ապահովված լինեն լվացող, ցողարկող և ախտահանող սարքերով, կերերի և ջրի մատակարարման հարմարություններով, կոյուղատար առվակներով կամ խողովակաշարերով և գոմաղբապահեստարաններով:
5. Գյուղատնտեսական արտադրանքի շուկաներում արգելվում է ոչ պարենային ապրանքների վաճառքը (բացառությամբ վաճառքի համար անհրաժեշտ փաթեթավորման և տարայավորման ապրանքների): Գյուղատնտեսական արտադրանքի շուկաներում արգելվում է կենդանի կենդանիների վաճառքը:
6. Գյուղատնտեսական արտադրանքի շուկաների տարածքում գործող առևտրի օբյեկտների գործունեության վրա չեն տարածվում սույն հոդվածի 5-րդ մասի պահանջները:
Նշված առևտրի օբյեկտներում արգելվում է վաճառել սույն օրենքի 9-րդ հոդվածի 12-րդ մասում նշված ապրանքները:
7. Սպառողական ապրանքների շուկաներում արգելվում է գյուղատնտեսական արտադրանքի վաճառքը:
8. Սպառողական ապրանքների շուկաների տարածքում գործող առևտրի օբյեկտների գործունեության վրա չեն տարածվում սույն հոդվածի 7-րդ մասի պահանջները:
9. Առևտրի իրականացման վայրը պետք է ապահովված լինի Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած պահանջները բավարարող ցուցանակով:
10. Առևտրի իրականացման վայրի կազմակերպչի կողմից սույն օրենքի 3.1-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով ներդրված և շահագործվող համակարգչային տեղեկատվական տվյալների շտեմարանին (այդ թվում` յուրաքանչյուր վաճառատեղի հսկիչ դրամարկղային մեքենաների տվյալներին) Հայաստանի Հանրապետության հարկային մարմնին հասանելիության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
11. Բացի սույն հոդվածով սահմանված պահանջներից, ավտոտրանսպորտային միջոցների շուկաները պետք է բավարարեն Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած այլ պահանջները:
(5-րդ հոդվածը խմբ., լրաց. 17.06.08 ՀՕ-119-Ն, լրաց. 21.08.08 ՀՕ-138-Ն, 29.04.08 ՀՕ-40-Ն, փոփ. 13.11.15 ՀՕ-126-Ն, 21.12.17 ՀՕ-267-Ն, լրաց. 20.01.21 ՀՕ-65-Ն, 04.03.22 ՀՕ-40-Ն)
(հոդվածը 05.03.25 ՀՕ-63-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում նույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երեսուներորդ օրը)