Անցնել բովանդակությանը

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵԳԻՊՏՈՍԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԵՎ ԱԶԳԱԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ, ԲԺՇԿԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԴԵՂԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Համաձայնագիրընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵԳԻՊՏՈՍԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԵՎ ԱԶԳԱԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ, ԲԺՇԿԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԴԵՂԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը և Եգիպտոսի Արաբական Հանրապետության առողջապահության և ազգաբնակչության նախարարությունը (այսուհետ` Կողմեր),

ցանկանալով զարգացնել երկկողմ հարաբերություններն առողջապահության, բժշկագիտության և դեղագործության բնագավառում,

հաշվի առնելով ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող առողջապահական խնդիրների լուծմանն ուղղված համատեղ ջանքերի կարևորությունն իրենց ազգաբնակչության առողջական վիճակի բարելավման համար,

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

ՀՈԴՎԱԾ 1

Կողմերը կխթանեն համագործակցությունն առողջապահության, բժշկագիտության և դեղագործության բնագավառում` Կողմերի համար առաջնահերթ համարվող ոլորտներում փորձի փոխանակման միջոցով:

ՀՈԴՎԱԾ 2

Կողմերն առաջնահերթ թեմաներով կկազմակերպեն փորձագետների պատվիրակությունների աշխատանքային այցելություններ` նպատակ ունենալով առավել ամբողջական տեղեկություն ստանալ երկու երկրների առողջապահական համակարգերի և դեղագործության վերաբերյալ և բարելավել իրենց աշխատողների մասնագիտական կրթության ու գիտահետազոտական աշխատանքների մակարդակը:

Կողմերը փոխհամաձայնությամբ որոշված ամսաթվից 30 օր առաջ միմյանց պետք է հայտնեն փորձի փոխանակման նպատակով առաջարկված փորձագետների անունները, կոչումները, մասնագիտությունները և թեմաները: Ժամանման մասին ուղարկող Կողմն ընդունող Կողմին պետք է տեղեկացնի դրանից ամենաքիչը 15 օր առաջ:

ՀՈԴՎԱԾ 3

Կողմերը կօժանդակեն իրենց երկրների բժշկագիտական միությունների միջև համագործակցությունը:

Կողմերը միմյանց կհրավիրեն` մասնակցելու երկու երկրներում անցկացվող խորհրդաժողովներին:

ՀՈԴՎԱԾ 4

1. Կողմերը կաջակցեն բժշկական գիտահետազոտական ինստիտուտների միջև ուղղակի համագործակցությանը` գիտական նյութերի և բժշկական փաստաթղթերի փոխանակման, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմաների վերաբերյալ համատեղ հետազոտական ծրագրերի միջոցով:

Ինստիտուտների ղեկավարների կողմից ստորագրված համաձայնագրերը կկիրառվեն տվյալ երկրի իրավասու մարմինների կողմից հաստատվելուց հետո` ներպետական օրենսդրությանը համապատասխան:

2. Կողմերը կօժանդակեն հիվանդանոցների միջև ուղղակի համագործակցությունը` հիմնված նրանց միջև անմիջական շփումների վրա:

ՀՈԴՎԱԾ 5

1. Կողմերը փոխադարձաբար կնպաստեն բժշկական ամսագրերի, առողջապահական ուսուցողական նյութերի փոխանակմանը:

2. Կողմերը միմյանց կուղարկեն առողջապահական վիճակագրական տվյալներ և համաճարակաբանական հաշվետվություններ վարակիչ հիվանդությունների վերաբերյալ:

3. Կողմերը, խնդրանքի դեպքում, կփոխանակեն տեղեկություններ առողջապահական օրենսդրության մասին և կուղարկեն նմանատիպ պաշտոնական փաստաթղթեր:

4. Կողմերը կիրականացնեն իրենց երկրների մասնագետների, ներառյալ բժիշկներն ու բուժքույրերը, փոխանակումներ:

ՀՈԴՎԱԾ 6

1. Թերապևտիկ և վիրաբուժական անհետաձգելի դեպքերում որևէ Կողմի տարածքում ժամանակավորապես գտնվող մյուս երկրի քաղաքացիներին ընդունող Կողմը, տվյալ երկրի քաղաքացիների համար գործող կարգին համապատասխան, պետք է ապահովի բժշկական խնամքով, մինչև որ հիվանդի վիճակը թույլ տա նրան տեղափոխել իր երկիր:

2. Կողմերը կարող են ախտորոշման և բուժման նպատակով հիվանդներ ուղարկել մյուս Կողմին: Դրա հետ կապված ծախսերը կվճարի ուղարկող Կողմը:

3. Կողմերից մեկի քաղաքացու` մյուս Կողմի տարածքում մահվան դեպքում Կողմերը կապահովեն անվճար դատաբժշկական ծառայություններ: Դիակի տեղափոխման հետ կապված ծախսերը կվճարի մահացածի ընտանիքը:

ՀՈԴՎԱԾ 7

Սույն Համաձայնագրի 2-րդ հոդվածի շրջանակներում ճամփորդող փորձագետների համար ուղարկող Կողմը իր վրա կվերցնի երկու մայրաքաղաքների միջև ճամփորդական ծախսերը:

Ընդունող Կողմը իր վրա կվերցնի երկրի ներսում տրանսպորտի, հյուրանոցի և օրվա կեցության ծախսերը:

ՀՈԴՎԱԾ 8

Կողմերը կստեղծեն երեքական անձից բաղկացած աշխատանքային խմբեր, որոնք կղեկավարվեն առողջապահության նախարարության ղեկավար ներկայացուցչի կողմից:

Սույն Համաձայնագրի շրջանակներում բոլոր աշխատանքները կիրականացվեն և դրանց մասին պարբերաբար նախարարություններին կզեկուցվեն (6 ամիսը մեկ անգամ) միայն աշխատանքային խմբերի միջոցով:

ՀՈԴՎԱԾ 9

Առողջապահության երկու նախարարությունների միջև համագործակցությանը վերաբերող բոլոր նախկին համաձայնագրերը և հուշագրերը կդադարեցնեն իրենց գործողությունը սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու օրվանից սկսած:

ՀՈԴՎԱԾ 10

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի երկու երկրների ներպետական օրենսդրությամբ նախատեսված բոլոր անհրաժեշտ ընթացակարգերի ավարտման մասին վերջին ծանուցման օրվանից սկսած:

ՀՈԴՎԱԾ 11

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ կմնա 5 տարի, որից հետո կարող է ինքնաբերաբար երկարաձգվել ևս 5 տարով, եթե Կողմերից որևէ մեկը դիվանագիտական ուղիներով գրավոր չծանուցի Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու մասին: Այդ դեպքում գործողության դադարեցումը ուժի մեջ կմտնի ծանուցման օրվանից 6 ամիս անց:

Կատարված է Երևան քաղաքում 1997 թվականի մայիսի 10-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, արաբերեն և անգլերեն, ընդ որում բոլոր տեքստերը հավասարազոր են: Մեկնաբանության տարաձայնության դեպքում կգերակայի անգլերեն տեքստը:

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1999 թվականի դեկտեմբերի 12-ից:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։