Հոդված 3
Հոդված 3
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը (այսուհետ՝ Հանձնաժողով) կոնսենսուսով հաստատում է հսկիչ նշաններով դրոշմավորման ենթակա բնական մորթուց և դրա մասերից պատրաստված ապրանքների ցանկը, որոնք միմյանց կարված են հագուստի տեսքով և «Հագուստ, հագուստի պարագաներ և այլ արտադրատեսակներ բնական մորթուց» ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ապրանքային դիրքին համապատասխան դասվում են բնական մորթուց մուշտակների շարքին (այսուհետ՝ Ցանկ)։
2. Ապրանքները Ցանկում ներառելու մասին որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից հետո 180 օրացուցային օրը լրանալուց ոչ շուտ։ Ապրանքը Ցանկից հանելու մասին որոշումն ուժի մեջ է մտնում «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 1-ին հավելվածի 16-րդ կետով նախատեսված կարգով։
3. Կողմերը կարող են իրականացնել Կողմի օրենսդրությամբ նախատեսված և Ցանկում չներառված ապրանքների դրոշմավորումը այդ Կողմի օրենսդրությամբ սահմանված կարգով։
4. Հսկիչ նշաններով դրոշմավորվում են Ցանկում ներառված, Միության մաքսային տարածք ներմուծված (այսուհետ՝ Միության տարածք) և (կամ) Միության տարածքում արտադրված ապրանքները՝ բացառությամբ սույն հոդվածի 6-րդ կետով նախատեսված դեպքերի։
Թույլատրվում է Ցանկում ներառված ապրանքների դրոշմավորումը հսկիչ նշաններով՝ Միության տարածքի սահմաններից դուրս։
5. Ցանկը հաստատելու և (կամ) փոփոխելու մասին որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից սկսած.
ա) արգելվում է Ցանկում նշված ապրանքների ձեռքբերումը, պահպանումը, օգտագործումը, տրանսպորտային փոխադրումը և վաճառքը իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից Միության անդամ պետությունների տարածքում՝ առանց հսկիչ նշանների կամ ապրանքների վրա սահմանված կարգի խախտումներով զետեղված հսկիչ նշաններով, բացառությամբ այն ապրանքների տրանսպորտային փոխադրման և սույն Համաձայնագրի 6-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան սահմանված մասնագիտացված պահեստային շինություններում պահպանման, որոնց ցանկը սահմանում է Հանձնաժողովը,
բ) Ցանկում ներառված ապրանքների ձևակերպումը «վերաներմուծում» և «բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով իրականացվում է այդ ապրանքների վրա հսկիչ նշանների առկայության դեպքում՝ բացառությամբ սույն հոդվածի 6-րդ կետով նախատեսված դեպքերի։
Դրոշմավորումը կարող է իրականացվել ներքին սպառման համար ապրանքների բացթողումից հետո՝ սույն Համաձայնագրի 6-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան սահմանված մասնագիտացված պահեստային շինություններում։ Ապրանքների բացթողումից հետո դրանց դրոշմավորում անցկացնելու դեպքում այն անձը, որի օգտագործման, տիրապետման կամ տնօրինման տակ գտնվում են ներմուծված ապրանքները, պարտավոր է 30 օրվա ընթացքում իրականացնել տվյալ ապրանքների դրոշմավորումը և այդ ապրանքների բացթողումն իրականացրած մաքսային մարմին ուղարկել զետեղված հսկիչ (նույնականացման) նշանների մասին տվյալները։
6. Ցանկում ներառված ապրանքների՝ հսկիչ նշաններով դրոշմավորմանը ներկայացվող պահանջները չեն տարածվում հետևյալի վրա.
ա) ապրանքների տրանսպորտային փոխադրում՝ դրանք Միության մաքսային տարածքի սահմաններից դուրս արտահանելու դեպքում,
բ) ապրանքների տրանսպորտային փոխադրում՝ մաքսային հսկողության ներքո,
գ) փորձարկումների անցկացման համար նախատեսված ապրանքների փորձանմուշների ու նմուշների տրանսպորտային փոխադրում և պահպանում՝ տեխնիկական նորմավորման և ստանդարտացման բնագավառում տեխնիկական նորմատիվ իրավական ակտերի պահանջներին համապատասխանությունը գնահատելու նպատակով՝ տեխնիկական նորմատիվ իրավական ակտերով սահմանված անհրաժեշտ քանակներով,
դ) միջազգային ցուցահանդեսների և տոնավաճառների կազմակերպիչների և մասնակիցների կողմից Միության մաքսային տարածք որպես նմուշներ և ցուցանմուշներ ներմուծված ապրանքներ,
ե) դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հաստատությունների, օտարերկրյա պետությունների պաշտոնական այլ ներկայացուցչությունների, միջազգային կազմակերպությունների, միջպետական կազմավորումների ներկայացուցչությունների կամ մարմինների կողմից պաշտոնեական օգտագործման համար նախատեսված ապրանքներ,
զ) Կողմի օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված օտարերկրյա անհատույց (մարդասիրական) օգնություն հանդիսացող ապրանքներ,
է) մանրածախ առևտրի շրջանակներում ձեռքբերված և գնորդների կողմից վաճառողներին վերադարձված ապրանքների տրանսպորտային փոխադրում և պահպանում, որոնք իրականացվում են Կողմի օրենսդրությամբ սահմանված կարգով՝ ապրանքների վերադարձը հաստատող փաստաթղթերի առկայության պայմանով,
ը) անմաքս առևտրի խանութներում ապրանքների իրացում (վաճառք),
թ) մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքների պահպանում՝ մաքսային հսկողության գոտիներում, ժամանակավոր պահպանման պահեստներում և մաքսային պահեստներում,
ժ) ապրանքների պահպանում և օգտագործում՝ դրանք արտադրողների կողմից։ Ապրանքներ արտադրողներին համարժեք են դառնում այն իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, որոնք իրականացնում են Միության մաքսային տարածք ներմուծված կամ դրա տարածքում ձեռքբերված ապրանքների փաթեթավորումը (վերափաթեթավորումը)՝ սպառողական տարայում (փաթեթվածքում),
ժա) անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց հետ կնքված պայմանագրերի հիման վրա ապրանքների կոմիսիոն (հանձնուրդային) առևտուր իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից ապրանքների պահպանում, որն իրականացվում է Կողմի օրենսդրությամբ նախատեսված կարգով՝ նախքան այդ ապրանքները վաճառքի համար առաջարկելը, այդ թվում՝ նախքան դրանք վաճառքի վայրում ներկայացնելը, դրանց նմուշները ցուցադրելը կամ վաճառքի վայրում դրանց մասին տվյալներ տրամադրելը,
ժբ) բռնագանձված, կալանքի տակ գտնվող, բռնագրավված կամ այլ ձևով պետության եկամուտի վերածված ապրանքների և այնպիսի ապրանքների ձեռքբերում, պահպանում, օգտագործում, տրանսպորտային փոխադրում և վաճառք, որոնց վրա բռնագանձումը տարածվում է չկատարված հարկային պարտավորության, չվճարված տույժերի հաշվին,
ժգ) պետական կարիքների համար ներմուծվող կամ արտադրվող ապրանքներ,
ժդ) անձնական օգտագործման համար ներմուծված և մանրածախ առևտրի շրջանակներում ձեռքբերված ապրանքների տրանսպորտային փոխադրում, պահպանում և օգտագործում ֆիզիկական անձանց կողմից։