Հոդված 11
Հոդված 11
1. Միության մաքսային տարածք ներմուծված և «Ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգին համապատասխան բաց թողնված ոսկերչական և այլ իրերը պետք է համապատասխանեն հարգորոշմանը, տարրալուծմանը և հարգադրոշմմանը ներկայացվող պահանջներով սահմանված հարգերին:
Ոսկերչական և այլ իրերի հարգորոշմանը, տարրալուծմանն ու հարգադրոշմմանը ներկայացվող պահանջները հաստատվում են Հանձնաժողովի խորհրդի կողմից:
Սույն կետի առաջին պարբերությունում նշված՝ ոսկերչական և այլ իրեր, նշված պահանջներին համապատասխան, ենթակա են այն անդամ պետության հարգադրոշմով հարգադրոշմման, որի տարածք են դրանք ներմուծվել՝ բացառությամբ սույն հոդվածի 4-րդ կետով նախատեսված դեպքերի:
2. Միության մաքսային տարածք ներմուծված և «Ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգին համապատասխան այդ անդամ պետության տարածքում բաց թողնված ոսկերչական և այլ իրեր, որոնց նկատմամբ գործում են անդամ պետությունների և Միության անդամ չհանդիսացող պետության հարգադրոշմների փոխադարձ ճանաչում նախատեսող միջազգային պայմանագրերը, մյուս անդամ պետության տարածք վաճառելու (իրացնելու) համար տեղափոխելու ժամանակ ենթակա են այն անդամ պետության հարգադրոշմով հարգադրոշմման, որի տարածքից այդպիսի իրերը տեղափոխվել են:
3. Անդամ պետության տարածքում պատրաստված ոսկերչական և այլ իրերը պետք է համապատասխանեն սույն հոդվածի 1-ին կետի երկրորդ պարբերությունում նշված պահանջներով սահմանված հարգերին, ունենան անվանանիշի և այն անդամ պետության հարգադրոշմի դրոշմվածքները, որի տարածքում այդ ոսկերչական և այլ իրերը պատրաստվել են՝ բացառությամբ սույն հոդվածի 4-րդ կետով նախատեսված դեպքերի:
4. Պարտադիր հարգորոշման, տարրալուծման և հարգադրոշմման ենթակա չեն՝
ա) տարատեսակ ձևերով ներկայացված պետական պարգևները, մետաղադրամները, ոսկերչական և այլ կենցաղային իրերի մնացորդները.
բ) ոչ թանկարժեք մետաղներից պատրաստված գրիչների՝ թանկարժեք մետաղներից գրչածայրերը.
գ) մակագրության համար նախատեսված՝ թանկարժեք մետաղներից թիթեղները կամ գրքերի, ալբոմների, թղթապանակների և նմանատիպ իրերի թանկարժեք մետաղներից կազմերը.
դ) պատմական և հնագիտական նշանակություն ունեցող ոսկերչական և այլ իրեր, հայրենական և արտասահմանյան արտադրության զտարկված թանկարժեք մետաղների ձուլակտորները, թանկարժեք մետաղների բնակտորները, թերթավոր ոսկին, թերթավոր արծաթը, պլատինից, ոսկուց, պալադիումից և (կամ) արծաթից՝ իրերի վրա դրվագազարդման եղանակով կատարված մանր նախշադրվագները և մանր զարդարանքները, թանկարժեք մետաղներից պատրաստված գիտական, արտադրական, բժշկական նպատակներով օգտագործվող սարքերը, լաբորատոր սպասքները և այլ իրեր:
5. Միության անդամ չհանդիսացող պետություններ արտահանելու համար նախատեսված՝ անդամ պետության տարածքում արտադրված ոսկերչական և այլ իրեր ենթակա չեն հարգորոշման, տարրալուծման և հարգադրոշմման այն դեպքում, երբ դա նախատեսված է այն անդամ պետության օրենսդրությամբ, որի տարածքում այդպիսի իրերը պատրաստվել են:
6. Մեկ անդամ պետության տարածքում հարգադրոշմով հարգադրոշմված ոսկերչական և այլ իրերի մյուս անդամ պետության տարածք տեղափոխման դեպքում դրանք ենթակա չեն լրացուցիչ հարգորոշման, տարրալուծման և հարգադրոշմման:
7. Ոսկերչական և այլ իրերի պատրաստման (արտադրության) գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը պետք է ունենան անվանանիշ, որի դրոշմվածքը զետեղվում է դրանց կողմից պատրաստվող բոլոր ոսկերչական և այլ իրերի վրա:
8. Համապատասխան թանկարժեք մետաղի համար սահմանված նվազագույն հարգից ցածր հարգ ունեցող ոսկերչական և այլ իրեր, ինչպես նաև ոչ թանկարժեք մետաղների օգտագործմամբ պատրաստված իրերը ենթակա չեն հարգադրոշմման ու իրացման՝ որպես ոսկերչական և այլ իրեր: Այդպիսի իրերը չպետք է ունենան այնպիսի դրոշմի դրոշմվածք, որոնք իրենց արտաքին տեսքով հիշեցնում են այնպիսի հարգադրոշմների դրոշմվածքներ կամ թանկարժեք մետաղների հարգերի նշաններ, որոնք չեն համապատասխանում այն թանկարժեք մետաղների համաձուլվածքին, որոնցից այդպիսի իրերը պատրաստված են: Սույն հոդվածի 1-ին կետի երկրորդ պարբերությունում նշված՝ հարգորոշմանը, տարրալուծմանը և հարգադրոշմմանը ներկայացվող պահանջներով ոսկերչական և այլ իրեր պատրաստելիս կարող են նախատեսվել ոչ թանկարժեք մետաղների օգտագործման դեպքեր:
9. Մեկ անդամ պետության տարածքում հարգադրոշմով հարգադրոշմված ոսկերչական և այլ իրերի՝ մյուս անդամ պետության տարածք տեղափոխելու դեպքում դրանք կարող են կամավոր ներկայացվել այն անդամ պետության լիազորված մարմին (կազմակերպություն), որի տարածք նշված իրերը տեղափոխվել են՝ հարգորոշում, տարրալուծում և հարգադրոշմում իրականացնելու համար, եթե դա նախատեսված է այն անդամ պետության օրենսդրությամբ, որի տարածք են տեղափոխվել ոսկերչական և այլ իրեր:
10. Ոսկերչական և այլ իրերի հարգորոշումը, տարրալուծումը և հարգադրոշմումը, ինչպես նաև անվանանիշերի հաշվառման (ռեեստրի) վարումն իրականացվում են անդամ պետության՝ դրա համար լիազորված մարմնի (կազմակերպության) կողմից: Անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում որպես ոսկերչական և այլ իրերի հարգորոշում, տարրալուծում և հարգադրոշմում իրականացնելու, ինչպես նաև անվանանիշերի հաշվառման (ռեեստրի) վարում իրականացնելու համար լիազորված մարմինը կարող է հանդես գալ որպես անդամ պետության՝ թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի արտադրության, օգտագործման և շրջանառության ոլորտում նորմատիվ իրավական կարգավորման համար լիազորված մարմին (այսուհետ՝ նորմատիվ իրավական կարգավորման համար լիազորված մարմին):
Անվանանիշերի ծածկագրերը յուրաքանչյուր տարի սահմանվում են անդամ պետությունում՝ հարգորոշման, տարրալուծման և հարգադրոշմման համար լիազորված մարմնի (կազմակերպության) կողմից կամ նորմատիվ իրավական կարգավորման համար լիազորված մարմնի կողմից, ու դրանց վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացվում է այդ անդամ պետության ոսկերչական և այլ իրեր պատրաստողներին, ինչպես նաև եռամսյակը մեկ ներկայացվում է նորմատիվ իրավական կարգավորման համար լիազորված մյուս անդամ պետությունների մարմիններ և հարգորոշման, տարրալուծման և հարգադրոշմման համար լիազորված մարմիններ (կազմակերպություններ):
11. Սույն համաձայնագրին համապատասխան՝ հարգադրոշմով հարգադրոշմման ենթակա ոսկերչական և այլ իրերի վաճառքը (իրացումը) առանց այդպիսի դրոշմների դրոշմվածքների արգելվում է:
12. Արծաթյա ոսկերչական և այլ իրեր, որոնք պատրաստվել են անդամ պետության տարածքում և որոնց նկատմամբ այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան հարգադրոշմումն իրականացվում է կամավոր հիմունքներով, կարող են տվյալ անդամ պետության տարածքում վաճառվել (իրացվել) այդպիսի իրերի վրա անվանանիշի դրոշմվածքի առկայության դեպքում: Այդպիսի իրերը, մյուս անդամ պետության տարածք վաճառքի (իրացման) համար տեղափոխելիս, ենթակա են այն անդամ պետության հարգադրոշմով հարգադրոշմման, որի տարածքից այդպիսի իրերը տեղափոխվել են:
13. Այն անդամ պետության իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, որի տարածք մյուս անդամ պետության տարածքից տեղափոխվել են ոսկերչական և այլ իրեր, իրենց անդամ պետության՝ նորմատիվ իրավական կարգավորման համար լիազորված մարմին են ներկայացնում այդպիսի իրերի տեղափոխման մասին տեղեկատվությունը:
14. Նորմատիվ իրավական կարգավորման համար լիազորված այն անդամ պետության մարմինը, որի տարածք են տեղափոխվել ոսկերչական և այլ իրեր, ապահովում է նորմատիվ իրավական կարգավորման համար լիազորված այն անդամ պետության մարմնին ոսկերչական և այլ իրեր ստանալու մասին տեղեկացումը, որի տարածքից տեղափոխվել են այդպիսի իրերը: Տեղեկատվության կազմը և դրա փոխանակման կարգը համաձայնեցվում են այդ լիազորված մարմինների (կազմակերպությունների) կողմից:
15. Անդամ պետություններից մեկի կողմից ոսկերչական և այլ իրերի ծագման իսկության հսկողության ու շրջանառության բոլոր փուլերում դրանց շարժի հաշվառման ոլորտում տեղեկատվական համակարգ ներդնելու դեպքում ոսկերչական և այլ իրերի նույնականացման կարգը, դրանց վերաբերյալ տեղեկատվությունը, այդպիսի տեղեկատվական համակարգ դրա փոխանցման կարգը և ժամկետները սահմանվում են Հանձնաժողովի կողմից: